Սյուզաննա Տամիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյուզաննա Տամիմ
Բնօրինակ անունարաբ․՝ سوزان تميم‎‎
Ծնվել էսեպտեմբերի 23, 1977(1977-09-23)
Բեյրութ, Լիբանան
Երկիր Լիբանան
Մահացել էհուլիսի 28, 2008(2008-07-28)[1] (30 տարեկան)
Դուբայի Էմիրություն, ԱՄԷ
Ժանրերփոփ և Արաբական փոփ երաժշտություն
Մասնագիտությունդերասանուհի և երգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլRotana Music Group?
Կայքsuzantamim.jeeran.com

Սյուզաննա Տամիմ (արաբ․՝ سوزان تميم‎‎ , սեպտեմբերի 23, 1977(1977-09-23), Բեյրութ, Լիբանան - հուլիսի 28, 2008(2008-07-28)[1], Դուբայի Էմիրություն, ԱՄԷ), լիբանանցի երգչուհի, ով Արաբական աշխարհում մեծ ճանաչում էր ձեռք բերել` 1996 թվականին շահելով չորս տարին մեկ անգամ տեղի ունեցող Studio El Fan հեռուստաշոուի գլխավոր մրցանակը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզաննա Տամիմը ծնվել է Լիբանանի սուննի մուսուլմանական ընտանիքում։ 1996 թվականին, շահելով Studio El Fan հեռուստաշոուի գլխավոր մրցանակը, նա սկսեց հաջողությամբ հանդես գալ փոփ երաժշտության և դասական արաբական երգի բնագավառներում։ Նրա վերջին երաժշտական ալբոմը թողարկվել է 2002 թվականին՝ Rotana Records-ի կողմից և կոչվում էր «Saken Alby»: 2006 թվականի նրա «Lovers» սինգլը նվիրված էր Լիբանանի սպանված վարչապետ Ռաֆիկ Հարիրիին։

Սյուզաննա Տամիմի մասնավոր կյանքի մասին պտտվում էին զանազան մռայլ ասեկոսեներ։ 2000-ական թվականներին, իր հայտնիության գագաթնակետին, երգչուհին լքել էր իր ամուսնուն` Ալի Մուզաննարին և ամուսնացել պրոդյուսեր Ադել Մաթուքի հետ, ով դարձել էր նրա մենեջերը։ Որոշ ժամանակ անց, տանը ատրճանակից հրաձգություն կատարելուց հետո, նա Լիբանանից փախուստի դիմելով, մեկնել էր Եգիպտոս, որից հետո դադարել էր երևալ հասարակության մեջ։ Ամուսինը նրան դատի էր տվել` մեղադրելով խարդախության, յուրացման և անվանարկման մեջ։

Համաձայն մամուլի տեղեկատվության, Եգիպտոսում Սյուզաննա Տամիմն ամուսնացել էր քիքբռնցքամարտիկի հետ, ում հետ ծանոթացել էր Լոնդոնում, զուգահեռաբար կապեր պահպանելով եգիպտական ազդեցիկ գործարար և սենատոր, Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի որդու ընկերոջ` Հիշամ Թալաաթ Մուստաֆայի հետ, ով հանդիսանում էր Շարմ էլ Շեյխում գտնվող և միջազգային ճանաչում ունեցող բազմաթիվ հյուրանոցների սեփականատերը։ Քանի որ 2007 թվականին արդեն Սյուզաննա Տամիմն այլևս չէր երևում հասարակական շրջանակներում, ենթադրվում էր, որ նա ապրում էր Դուբայի կենտրոնական Ջումեյրահ շքեղ թաղամասում։

Սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հուլիսի 28-ին, Սյուզաննա Տամիմին հայտնաբերել են Դուբայ-Մարինա շրջանում գտնվող շքեղ առանձնատանը` կտրված կոկորդով[2][3][4]։ Մահվան պահին նա արդեն շուրջ 18 ամիս ամուսնացած էր անգլո-իրաքյան քիքբռնցքամարտի չեմպիոն Ռիյադ Ալ-Ազզավիի հետ[5][6]։

2008 թվականի սեպտեմբերի 2-ին, Կահիրեում ձերբակալվել է սպանության պատվիրատուն` Հիշամ Թալաաթ Մուստաֆան[7]։ Հետաքննությունը պարզել էր, որ նա սպանությունը պատվիրել էր իր թիկնապահին` ոստիկանության հատուկ ծառայությունների նախկին սպա Մոհսեն ալ-Սուկկարիին[8]։ 2009 թվականի մայիսի 21-ին, Հիշամ Թալաաթ Մուստաֆան և Մոհսեն ալ-Սուկկարին մեղադրվեցին սպանության համար, դատապարտվելով մահապատժի` կախաղանի միջոցով[9][9][10][11][11][12]։ Սակայն շատերը չէին հավատում, որ Հիշամ Թալաաթ Մուստաֆան կենթարկվի մահապատժի, ենթադրելով, որ միլիարդատերին կփրկի իր բարձր դիրքը։ Այնուամենայնիվ, 2010 թվականի մարտի 4-ին, Եգիպտոսի գերագույն սահմանադրական դատարանը որոշում կայացրեց կրկնել դատական գործընթացը։ Երկրորդ անգամ Մուստաֆան դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, իսկ ալ-Սուկկարին` ցմահ բանտարկության[11][13][14]։

Հիշամ Թալաաթ Մուստաֆայի հարազատները Սյուզաննա Տամիմի հարազատներին առաջարկել են 1 միլիարդ 100 միլիոն դոլար` չբողոքելու համար։ Այդ գումարն ստանալուն պես, երգչուհու հարազատներն իրավունք ունեն ներելու մարդասպանին։ Համաձայն դատաքննության, սպանությունն իրագործելու համար, Մուստաֆան, ալ-Սուկկարիին վճարել էր երկու միլիոն դոլար[15]։

Չնայած Եգիպտոսի գլխավոր դատախազությունը արգելել էր մամուլում լուսաբանել սպանության հանգամանքներն ու դատաքննության ընթացքի մասին տեղեկությունները, այնուամենայնիվ այդ հրամանը անտեսելու համար փակվել է թերթերից մեկի խմբագրությունը[16], իսկ հինգ լրագրողների, մեղադրանքներ են առաջադրվել` դատաքննության փուլում այն լուսաբանելու համար[17]։

Սյուզաննա Տամիմի մարմինը Դուբայից տեղափոխվել է Բեյրութ և 2008 թվականի օգոստոսի 4-ին հուղարկավորվել այնտեղ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://news.bbc.co.uk/2/hi/middle_east/7533064.stm
  2. «Troubled Lebanese singer murdered in Dubai». Аль-Арабия. 2008 թ․ հուլիսի 30. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  3. Agarib, Amira (30 Հուլիս 2008). «Lebanese singer found dead». Khaleej Times. Galadari Printing and Publishing Co. L.L.C. Վերցված է 12 Մարտ 2013-ին.(չաշխատող հղում)
  4. «Lebanese singer 'killed in Dubai'». BBC New Middle East. 30 Հուլիս 2008. Վերցված է 12 Մարտ 2013-ին.
  5. Riyadh Al-Azzawi exclusive interview with "Sunday Times" about the Suzanne Tamim affair
  6. «Troubled Lebanese singer murdered in Dubai». Alarabiya. 2008 թ․ հուլիսի 30. Վերցված է 2008 թ․ հուլիսի 30-ին.
  7. «Egyptian lawmaker arrested in death of pop singer». Associated Press. 2008 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
  8. «Egyptian tycoon Hisham Talaat Moustafa has been arrested and charged over the murder of Lebanese pop star Suzanne Tamim». BBC World News. 09-02-2008. accessed 09-02-2008
  9. 9,0 9,1 «Death sentence for Egyptian businessman behind Tamim murder». Arabian Business. 2009 թ․ մայիսի 21. Վերցված է 2009 թ․ մայիսի 21-ին.
  10. «Death sentences for Suzanne Tamim murderers». BBC News. 2009 թ․ մայիսի 21.
  11. 11,0 11,1 11,2 «Egyptian tycoon jailed for murdering Lebanese singer». BBC News. 2010 թ․ հոկտեմբերի 28.
  12. «Egyptian tycoon, ex-cop face execution». CNN. 2009 թ․ հունիսի 25. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
  13. Александров, Николай (2010 թ․ սեպտեմբերի 28). «Убившего певицу миллиардера спасли от повешения». utro.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  14. Los Angeles Times article
  15. «Egyptian businessman Hesham Talaat Moustafa charged over murder of Suzan Tamim». ArabianBusiness.com. 2008 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 3-ին.
  16. Ulrike Putz (2008 թ․ օգոստոսի 20). «Der Tod einer Prinzessin». Der Spiegel (German). accessed 08-20-2008
  17. «Journalists charged for breaching Tamim murder trial gag». Arabian Business. 2008 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.