Սյուզաննա Սոլտեր
Սյուզաննա Սոլտեր անգլ.՝ Susanna M. Salter | ||
Սոլտերը 1887 թվականին | ||
| ||
---|---|---|
1887 թվականի ապրիլի 4 - 1888 | ||
Կուսակցություն՝ | Prohibition Party? | |
Կրթություն՝ | Կանզաս նահանգի համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | մարտի 2, 1860 | |
Ծննդավայր | Բելմոնտ, Օհայո, ԱՄՆ | |
Վախճանի օր | մարտի 17, 1961 (101 տարեկան) | |
Վախճանի վայր | Նորման, Օկլահոմա, ԱՄՆ | |
Թաղված | Argonia | |
Քաղաքացիություն | ԱՄՆ | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Susanna Madora Kinsey | |
Սյուզաննա Մադորա Սոլտեր (անգլ.՝ Susanna Madora Salter), ի ծնե Քինսի (Kinsey), մարտի 2, 1860, Բելմոնտ, Օհայո, ԱՄՆ - մարտի 17, 1961, Նորման, Օկլահոմա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Ժուժկալության շարժման ակտիվիստ, Արգոնիայի քաղաքապետ (1887-1888)։
Առաջին կին քաղաքապետը Միացյալ Նահանգներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուզաննա Սոլտերը ծնվել է 1860 թվականի մարտի 2-ին Օհայո նահանգի Բելմոնտի շրջանի Լամայրա չներառված տարածքում[1][2]։ Նրա ծնողները՝ Օլիվերն ու Թերիսա Քինսիները, Անգլիայից քվակեր գաղութարարների հետնորդներն էին[1]։
Երբ Սյուզաննան դարձել է 12 տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Կանզաս, որտեղ նրանք բնակություն են հաստատել 80 ակր տարածք ունեցող Սիլվեր Լեյքի ագարակում։ Ութ տարի անց նա ընդունվել է Կանզասի գյուղատնտեսական քոլեջ (այժմ՝ Կանզասի համալսարան)[2]։ Քանի որ նա ավագ դպրոցներում անցել է նախնական պատրաստություն, այդ իսկ պատճառով բաց է թողել սկզբնական դասընթացները։ Սակայն քոլեջը առողջական խնդիրների պատճառով այդպես էլ չի ավարտել[3]։
Ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս ուսանողական տարիներին Սյուզաննան ծանոթացել է սկսնակ փաստաբան և Կանզասի նախկին փոխնահանգապետ Մելվիլ Սոլտերի որդու՝ Լյուիս Սոլտերի հետ։ Շուտով նրանք ամուսնացել և տեղափոխվել են նոր հիմնադրված Արգոնիա քաղաք։ Այնտեղ Սյուզաննան աշխատել է կանանց քրիստոնեական միությունում՝ Սթափության և արգելքի կուսակցության համար[Նշում 1]։ Այդ ժամանակ էլ Սոլթերը ծանոթացել է Քերի Նեյշնի հետ, որը հայտնի է որպես հակաալկոհոլային շարժման ակտիվիստուհի[3]։
1883 թվականին[Նշում 2] ծնվել է Սոլտերի առաջին երեխան, որին ծնողներն անվանել են Ֆրենսիս։ Ընդհանուր առմամբ՝ զույգն ունեցել է 9 երեխա[4]։
Այն բանից հետո, երբ Արգոնիան 1885 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ, Սյուզաննայի հայրն ընտրվել է նրա առաջին քաղաքապետ[5], իսկ Լյուիսն սկսել է աշխատել նրա վարչակազմում[1][2]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյուզաննա Սոլտերը 1887 թվականի ապրիլի 4-ին ընտրվել է Արգոնիայի քաղաքապետ[2]։ Նրա հաղթանակն ընտրություններում անսպասելի էր, քանի որ Սոլտերի թեկնածությունն առաջադրվել էր մի խումբ տղամարդկանց կողմից որպես կատակ, որպեսզի ապացուցեն, որ կինն ի վիճակի չէ նման պաշտոն ստանձնելու[6][7]։ Սյուզաննան իր հերթին մինչև ընտրատեղամասերի բացումը գլխի չի ընկել, որ թեկնածուների ցուցակում է[6]։ Իմանալով այդ մասին՝ Սոլտերը համաձայնել է ընտրվելու դեպքում քաղաքապետ դառնալ։ Նրա խոսքերից հետո Կանանց քրիստոնեական միությունը սթափության համար նրան ճանաչել է որպես նախընտրելի թեկնածու[Նշում 3][7]։ Բացի այդ, Հանրապետական կուսակցության նախագահը կուսակիցների պատվիրակություն է ուղարկել Սոլտերի տուն[2], իսկ ավելի ուշ հայտարարել է, որ հանրապետականները պատրաստ են աջակցել նրան ընտրություններում[6]։
Ընտրություններում Սյուզաննայի հաղթանակը, որը նրան Միացյալ Նահանգներում առաջին կին քաղաքապետ է դարձրել[8], բազմաթիվ քննարկումների առիթ է դարձել և իր հետ բերել է մամուլի ուշադրությունը[5]։ Առաջին քաղաքային նիստերից մեկում ներկա է եղել Նյու Յորքից ժամանած թղթակիցը, որը Սոլտերին դրական է բնութագրել որպես ղեկավար։ Կին քաղաքապետի ընտրության մասին լուրը տարածվել է Արգոնիայի սահմաններից դուրս, մասնավորապես այն հրապարակվել է Շվեդիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության թերթերում[2]։ Սոլտերն սկսել է աջակցության բազմաթիվ նամակներ ստանալ կանանց շարժման՝ ֆեմինիզմի գործիչներից[3]։
1887 թվականի աշնանը Սյուզանին հրավիրել են միավորման կանանց ընտրական իրավունքի կոնվենցիային։ Նա այնտեղ ներկա էր Սյուզան Բ․ Էնթոնիի, Ռեյչել Ֆոսթեր Էյվերիի, Հենրի Բլեքուելի և կնոջ՝ Լյուսի Սթոունի հետ[8]։
Ծառայության մեկ տարվա ընթացքում Սոլտերը ստացել է ընդամենը մեկ դոլար աշխատավարձ։ Մեկ տարի պաշտոնավարելուց հետո Սոլտերը պաշտոնում չի կարողացել վերընտրվել[5]։
Հրաժարականից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Սոլտերը լքել է քաղաքապետի պաշտոնը, նա իր ընտանիքի հետ մինչև 1893 թվականը շարունակել է ապրել Արգոնիայում, որից հետո նրա ամուսինը հող է ձեռք բերել Օկլահոմա նահանգի Ալվե քաղաքում գտնվող Չերոկի հողատարածքում[2]։ Տասը տարի ապրելով Ալվեում՝ նրանք տեղափոխվել են Օգաստա (նույն նահանգում) որտեղ Լյուիսը զբաղվել է իրավական գործունեությամբ և հիմնել «Headlight» թերթը[1]։ Որոշ ժամանակ անց ամուսինները տեղափոխվել են Կարմեն քաղաք։ 1916 թվականին ամուսնու մահից հետո Սյուզանը տեղափոխվել է Նորման[2], որտեղ նրա կրտսեր երեխան կրթություն է ստացել Օկլահոմայի համալսարանում[1]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1961 թվականի մարտի 17-ին Նորմանում՝ 101 տարեկանում։ Թաղվել է Արգոնիայում՝ Լյուիսի կողքին[3]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1933 թվականին՝ դեռ Սոլտերի կենդանության օրոք, Արգոնիայի հրապարակում տեղադրվել է բրոնզե հուշատախտակ, որը նրան արժանին է մատուցել որպես առաջին կին քաղաքապետ[1]։
Այն տունը, որտեղ քաղաքապետ եղած ժամանակ ապրել էր Սոլտերը, 1971 թվականի սեպտեմբերին ներառվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նշումներ
- ↑ Այդ երկու կազմակերպություններն էլ պնդում էին ալկոհոլային խմիչքների արգելքի մասին։
- ↑ Այլ տվյալներով՝ 1882 թվականին։
- ↑ Այդ ժամանակ կանզասցի կանայք տեղական ընտրություններում քվեարկելու իրավունք ունեին։
- Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Susanna Madora Salter -- First Woman Mayor by Monroe Billington, Autumn 1954». www.kancoll.org. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Susanna Madora Salter» (անգլերեն). Emily Taylor Center for Women & Gender Equity. 2013 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Susanna M. Salter: The first woman mayor in the United States» (անգլերեն). The Vintage News. 2017 թ․ ապրիլի 16. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Susanna Madora (Kinsey) Salter (1860-1961) | WikiTree FREE Family Tree». www.wikitree.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Paul D. Buchanan The American Women's Rights Movement: A Chronology of Events and of Opportunities from 1600 to 2008. — Branden Books, 2009. — 256 с. — ISBN 9780828321600
- ↑ 6,0 6,1 6,2 Weatherford, 2012, էջ 240
- ↑ 7,0 7,1 Travis M. Andrews (2017 թ․ ապրիլի 7). «America's first female mayor was elected 130 years ago. Men nominated her as a cruel joke». The Washington Post.
- ↑ 8,0 8,1 «Susanna Madora Salter» (անգլերեն). National Women's History Museum. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «National Register of Historic Places». National Park Service.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Weatherford, Doris Women in American Politics: History and Milestones. — SAGE Publishing, 2012. (անգլերեն).
- Paul D. Buchanan. The American Women’s Rights Movement: A Chronology of Events and of Opportunities from 1600 to 2008. — Branden Books, 2009. — ISBN 9780828321600 (անգլերեն).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզաննա Սոլտեր» հոդվածին։ |
|
- Մարտի 2 ծնունդներ
- 1860 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- Մարտի 17 մահեր
- 1961 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի ամերիկացիներ
- 20-րդ դարի ամերիկացի կանայք
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի երկարակյացներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ամերիկացիներ անգլիական սերմամբ
- Կանանց իրավունքների ակտիվիստներ
- Կին ակտիվիստներ