Սկոպուս լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկոպուս լեռ
Տեսակլեռ
Երկիր Իսրայել
Վարչատարածքային միավորԵրուսաղեմ
ԼեռնաշղթաՀուդայի լեռներ
Բարձրությունը ծովի մակարդակից826 մետր

Սկոպուս լեռ (եբրայերեն՝ הַר הַצּוֹפִים‎ (Հար հա-Ցոֆիմ), անգլ.՝ Mount Scopus, արաբերեն՝ راس المشارف‎, (Ռաս ալ-Մուշարիֆ)), Երուսաղեմի հյուսիս-արևելքում գտնվող Ձիթենյաց լեռան հյուսիսային գագաթը։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 826 մետր (2710 ֆուտ1948 թվականի արաբա-իսրայելական պատերազմի արդյունքում Սկոպուս լեռը դարձավ ՄԱԿ-ի կողմից պահպանվող օբյեկտ հորդանանյան տարածքում, որը գրավվել էր մինչև Վեցօրյա պատերազմը (1967)։ Այսօր Սկոպուս լեռը գտնվում է Երուսաղեմ քաղաքի վարչական տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկոպուս լեռան լանջերից և գագաթից տեսարան է բացվում դեպի Երուսաղեմ, այդ իսկ պատճառով էլ այն համարվել է ռազմավարական նշանակության օբյեկտ դեռևս հնադարյան ժամանակներից, քանի որ օգտագործվել է որպես հենակետ քաղաքի վրա հարձակվելու համար։ Մ. թ. ա. 66 թվականին այստեղ է տեղակայվել XII հռոմեական լեգեոնը[1]։ Այնուհետև, մ. թ. ա. 70 թվականին Սկոպուս լեռը ռազմավարական հենակետ է ծառայել և օգտագործվել քաղաքի պաշարման նպատակով XII, XV և V լեգեոնների կողմից (X լեգիոնի դիրքերը գտնվել են Ձիթենյաց լեռան վրա)[2]։ 1099 թվականին Սկոպուս լեռը որպես ռազմավարական հենակետ օգտագործվել է խաչակիրների կողմից։

Ժամանակակից դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին, երբ բրիտանացիները դադարեցրեցին անվտանգության ապահովումը տարածաշրջանում, Սկոպուս լեռան վրա գտնվող հրեական շրջափակված գոտին ավելի կտրվեց հրեական Երուսաղեմի հիմնական տարածքներից։ Դեպի հիվանդանոց և համալսարանական թաղամաս մուտքը ապահովվում էր մեկ մղոն երկարությամբ նեղ ճանապարհով, որն անցնում էր արաբական Շեյխ Ջարրա գյուղի միջով։ Արաբ դիպուկահարների կրակոցները այդ տարածքում սովորական երևույթ էին, այդ երթուղին հաճախ ականապատվում էր ճանապարհային ականներով։ Երբ հիվանդանոցի սննդամթերքի պաշարները սպառվեցին, բժիշկներից և նրանց օգնականներից բաղկացած զինված խումբը դուրս եկավ շրջափակված հիվանդանոցի տարածքից և հաձակման ենթարկվեց։ Այս իրադարձությունը հայտնի դարձավ որպես «Հադասսայի բժշկական անձնակազմի կոտորած»[3]։

1948 թվականի նոյեմբերի 30-ի հրադադարի համաձայնագրի համաձայն Երուսաղեմը բաժանվեց Արևելյան և Արևմտյան մասերի, Իսրայելը վերահսկում էր քաղաքի արևմտյան մասը, իսկ Հորդանանը` արևելյանը։ Սահմանին ստեղծվել էին մի քանի ապառազմականացված գոտու «չեզոք տարածքներ», որոնցից մեկը Սկոպուս լեռան վրա[4]։ Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ իսրայելական ապառազմականացված գոտում գտնվող համալսարանի և հիվանդանոցի համար երկու շաբաթը մեկ մթերապաշար բերող խմբերը պարբերաբար պահպանվում էին հորդանանյան ռազմական ստորաբաժանումների կողմից[5]։

1949 թվականի ապրիլին Իսրայելի և Հորդանանի միջև կնքված հրադադարի համաձայնագրի VIII հոդվածը կոչ էր անում կողմերին[6] վերականգնել «Սկոպուս լեռան վրա գտնվող մշակութային և հումանիտար հաստատությունների գործունեությունը և թույլատրել անվճար ու ազատ մուտք սրբավայրեր, մշակութային հաստատություններ, Ձիթենյաց լեռան վրա գտնվող գերեզմանոց, «Լատրուն» պոմպակայան, ապահովել Հին քաղաքի էներգամատակարարումը և երկաթուղու շահագործումը Երուսաղեմում»[6]։ 1958 թվականի հունվարին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆրենսիս Ուրրուտիան փորձում էր համոզել Հորդանանին պահպանել VIII հոդվածի պահանջները, բայց ապարդյուն[5]։

1958 թվականի մայիսին հորդանանցի զինվորականները կրակ բացեցին իսրայելական պարեկախմբի վրա, սպանելով ՄԱԿ-ի սպային և չորս իսրայելցի ոստիկանների։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Դագ Համարշոլդի օգնական Ռալֆ Բանչը, այնուհետև ինքը Դագ Համարշոլդը այցելեցին Երուսաղեմ և Ամման, որպեսզի լուծում գտնեն, բայց նրանց այցելությունները հաջողությամբ չպսակվեցին[5]։ 1948 թվականի հուլիսի 7-ին Սկոպուս լեռան մասին կնքված համաձայնագրով սահմանվեց ապառազմականացված գոտի լեռան շրջակայքում և զինադադարի պայմանների կատարման հսկողությունը դրվեց Միավորված ազգերի կազմակերպության վրա։

Ալ-Իսսավիում հրեաներին պատկանող երկու տարածքներ, որոնք հայտնի են որպես «Գան Շլոմիտ» (Սալոմոնսի այգիներ), 1934 թվականին ձեռք է բերվում տիկին Վ. Ֆ. Սալոմոնսի կողմից և 1937 թվականին վաճառվում «Gan Shlomit Company, Ltd.» ընկերությանը[7]: Չնայած այն հանգամանքին, որ այս հողատարածքը ցանկապատված էր, ընդհարումներ տեղի ունեցան, երբ ցանկապատի մյուս կողմում բնակվող արաբները ցանկացան հողը վարել, հավաքել ձիթապտուղները և նորոգել մոտակա տները։ Արաբներին թույլատրվում էր աշխատել ցանկապատից ոչ ավելի քան 50 մետր հեռավորության վրա, հակառակ դեպքում պահանջվում էր իսրայելական ոստիկանության թույլտվությունը[7]։

Գոյություն ունեին ապառազմականացման համաձայնագրի երկու տարբերակ, մեկը ստորագրված էր հորդանանյան տեղական հրամանատարի կողմից, իսկ մյուսը տեղական իսրայելական հրամանատարի։ Այսպիսով քարտեզի երկու տարբերակները Սկոպուս լեռան շրջանում տեղի ունեցող բազմաթիվ միջադեպերի պատճառ էին հանդիսանում[8]։

1967 թվականի հունիսին, երբ Վեցօրյա պատերազմի ընթացքում իսրայելական բանակը գրավեց Արևելյան Երուսաղեմը, Սկոպուս լեռը դարձավ Իսրայելի տարածքի մի մասը։

Հրեական համալսարանին նվիրման արարողություն 1925 թվականին

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի Հրեական համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկոպուս լեռան վրա Հրեական համալսարանի մասնաշենքի կառուցումը սկսվեց 1918 թվականին «Gray Hill» անշարժ գույքի գործակալությունից ձեռք բերված հողատարածքի վրա։ Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1925 թվականին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ[9]։

Սըր Պատրիկ Գեդդեսի կողմից մշակված նախագծով նախատեսվել էր համալսարանի շենքը կառուցել լեռան լանջին, միաժամանակ տեղ հատկացնելով գմբեթավոր մեծ վեցանկյուն դահլիճին, որը պետք է նման լիներ Դավթի խոշոր աստղին[10]։

Այդ նախագիծը չիրականացավ, սակայն Գեդդեսը մշակեց համալսարանական գրադարանի նախագիծը, որտեղ այսօր Հրեական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն է Սկոպուս լեռան վրա[10]։ 1947 թվականին համալսարանը դարձավ լուրջ գիտահետազոտական և ուսումնական կենտրոն հումանիտար և բնական գիտությունների, բժշկության, կրթության և գյուղատնտեսության բնագավառում, ուներ ազգային գրադարան, սեփական տպարան և մեծահասակների կրթական կենտրոն։ Համալսարանում սովորում էին 1000 ուսանողներ և աշխատում 200 դասախոսներ[9]։

Երուսաղեմի բրիտանական ռազմական գերեզմանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի բրիտանական գերեզմանոցը (Երուսաղեմի ռազմական գերեզմանոց) համարվում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված Բրիտանական կայսրության զինվորների ռազմական գերեզմանոց Իսրայելի տարածքում։ Գերեզմանոցը գտնվում է Սկոպուս լեռան վրա, այնտեղ թաղված են 2515 զոհված զինվորականներ։ Անհայտ զինվորի հուշարձանը նվիրված է Եգիպտոսում զոհված 3300 իսրայելցի զինվորականներին։ Ընդհանուր առմամբ Երուսաղեմի բրիտանական գերեզմանոցում հավերժացվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված 5815 զինվորականների հիշատակը։

«Հադասսայի» հիվանդանոց (Սկոպուս լեռ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադասսայի բուժքույրական դպրոցի շինարարություն, 1934 թ.

1939 թվականին կանանց «Հադասսա» սիոնիստական կազմակերպությունը ճարտարապետ Էրիխ Մենդելսոնի նախածով Սկոպուս լեռան վրա կառուցված շենքում հիվանդանոց բացեց։ 1948 թվականին, երբ հորդանանցիները գրավեցին Արևելյան Երուսաղեմը և փակեցին Սկոպուս լեռ տանող ճանապարհը, հիվանդանոցը այևս չէր կարող գործել։ 1960 թվականին այլ վայրերում կլինիկաներ բացելուց հետո, կազմակերպությունը բժշկական կենտրոն բացեց Երուսաղեմի Էյն Քարեմ շրջանում։ 1948 թվականի ապրիլի 13-ին Սկոպուս լեռան վրա գտնվող «Հադասսա» հիվանդանոց դեղորայք և բուժանձնակազմին տեղափոխող քաղաքացիական պարեկախումբը հարձակման ենթարկվեց արաբական ուժերի կողմից, որի արդյունքում զոհվեցին 78 հրեաներ, հիմնականում բժիշկներ և բուժքույրեր։

Նիկանորայի քարանձավ և Իսրայելի ազգային պանթեոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկանորի քարանձավը համարվում է Երուսաղեմում Սկոպուս լեռան վրա գտնվող հնագույն քարանձավ գերեզմանոց։ Քարանձավի պեղումների ընթացքում հայտնաբերվել է դամբարան գրությամբ «Նիկանոր դռան վարպետ»։ Քարանձավը գտնվում է Երուսաղեմի հրեական համալսարանի Բուսաբանական այգում Սկոպուս լեռան ստորոտում։

Նիկանորի քարանձավում նախատեսվում էր կազմակերպել սիոնիստական շարժման ազգային պանթեոն, բայց հանգամանքների բերումով (Իսրայելի անկախացումից հետո Սկոպուս լեռան տարածքը դարձավ Հորդանանի տիրույթով շրջափակված անկլավ) այդ նախագիծը չիրականացավ։ Նիկանորի քարանձավում թաղված են միայն երկու սիոնիստական առաջնորդներ, Լեոն Պինսկերը և Մենահեմ Ուսիշկինը։ 1948 թվականից հետո քաղաքի արևմտյան մասում Հերցլի լեռան վրա ստեղծվեց ազգի առաջնորդների գերեզմանատունը։

Իսրայելի ազգային բուսաբանական այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկոպուս լեռան վրա գտնվող Հրեական համալսարանի Բուսաբանական այգին ստեղծվել է 1931 թվականին։ Այն համարվում է բուսաբան Ալեքսանդր Էյգի գիտական և կրթական գործունեության արդյունքը։ Այս այգում է գտնվում իսրայելական վայրի բույսերի ամենամեծ հավաքածուներից մեկը։ Էյգը սահմանեց Իսրայելի կենդանական աշխարհի պահպանման պայմանները, ըստ դրանց բնակության վայրի և իր աշակերտների ու կոլեգաների հետ համատեղ ստեղծեց ոչ մեծ ավազաբլուրներ, գետափեր, փոքրիկ միջերկրածովյան անտառներ, տնկելով տեղական բուսատեսակներ։ Սիրիայի, Թուրքիայի, Իրաքի և Լիբանանի տնկարաններից հավաքելով տարբեր բուսատեսակներ, նա բերեց 350 մայրիի տնկիներ։ Այդ աշխատանքները շարունակվեցին բուսաբաններ Թուվի Կուշնիրի և Կլարա Չենի կողմից։

1947 թվականին այգի տեղափոխվեց Բիբլիական կենդանաբանական այգին, որը ստեղծվել էր հատուկ այդ նպատակով։ Պատշաճ խնամքի բացակայության պատճառով կենդանիների մեծ մասը չկարողացավ գոյատևել Անկախության համար պատերազմի ընթացքում։ 1950 թվականին, երբ հասան հարաբերությունների կարգավորման, կենդանաբանական այգին սկսեց սննդամթերք ստանալ։

Սկոպուս լեռան վրա գտնվող այգին 19 տարուց ավելի գտնվում էր լքված և բարձիթողի վիճակում։ 1980 թվականին որոշում կայացվեց այգու վերականգնման վերաբերյալ։ Այգին բացվեց 1988 թվականին և այդ ժամանակից ի վեր այն համարվում է գիտական և կրթական կենտրոն, ինչպես նաև հանգստյան գոտի։

Բեցալել (ակադեմիա)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բեցալել» արվեստի ակադեմիան իրենից ներկայացնում է գեղարվեստի իսրայելական ազգային ակադեմիան, որը հիմնադրվել է 1906 թվականին Պաղեստինում, նկարիչ Բորիս Շացի կողմից։ «Բեցալել» արվեստի ակադեմիան գտնվում է Երուսաղեմում, Սկոպուս լեռան վրա և այնտեղ տարեկան սովորում են շուրջ 1500 ուսանողներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rome and Jerusalem; The Clash of Ancient Civilizations. Martin Goodman p.13
  2. "The Jewish Wars" Josephus v 81 and 82
  3. Larry Collins and Dominique Lapierre, O Jerusalem!, 1972, pp.284-285, Simon & Schuster, New York ISBN 0-671-66241-4.
  4. Mideastweb.org
  5. 5,0 5,1 5,2 Encyclopedia Judaica, "Jerusalem," vol. 9, pp. 1497, Keter, Jerusalem, 1978
  6. 6,0 6,1 UN Doc S/1302/Rev.1 of April 3, 1949 Արխիվացված 2009-09-16 Wayback Machine Hashemite Jordanian Kingdom Israel Armistice Agreement
  7. 7,0 7,1 Unispal.un.org Արխիվացված 2012-02-24 Wayback MachineUnispal.un.org Արխիվացված 2012-02-24 Wayback Machine Report of the Firing Incident of May 26, 1958 on Mount Scopus UN Doc S/4030 17 June 1958
  8. Domino.un.org Արխիվացված 2007-02-12 Wayback Machine Report of the Firing Incident of May 26, 1958 on Mount Scopus, 17 June 1958
  9. 9,0 9,1 The Hebrew University of Jerusalem - History
  10. 10,0 10,1 Hadassah Magazine Արխիվացված 2005-05-06 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]