Սկանդինավյան մոդել
Սկանդինավյան մոդել (տարածված են նաև Շվեդական մոդել, Հյուսիսեվրոպական մոդել, Հյուսիսեվրոպական սոցիալ-դեմոկրատիա տարբերակները[1][2]), Հյուսիսային Եվրոպայի երկրների՝ Դանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի սոցիալ-տնտեսական մոդել։
Չնայած, որ հյուսիսեվրոպական երկրների մեջ կան էական տարբերություններ, նրանք բոլորը ունեն ընդհանուր որոշակի գծեր։ Դրանց թվում են սոցիալական պետություն կատեգորիան, որը կոնկրետ ուղղված է ինդիվիդուալ ինքնավարության բարձրացմանը, սոցիալական մոբիլությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև տնտեսության կայունությունը։ Սկանդինավյան մոդելը, սոցիալական պետության մյուս մոդելներից, տարբերվում է աշխատուժի բարձր մասնակցությամբ (համընդհանուր զբաղվածություն), գենդերային հավասարությամբ, էգալիտար և համընդհանուր սոցիալական պաշտպանությամբ, ռեսուրսների բաշխվածության բարձր մակարդակով[3]։
Սկանդինավյան մոդելին բնորոշ է համընդհանուր բարեկեցությունը, ինչպես նաև անհատականության լայն դրսևորումը։ Մոդելի հեղինակը համարվում է Էրստա Շկոնդալ համալսարանի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Լարս Տրագարդը։ Տրագարդը մոդելը անվանել է նաև «պետական ինդիվիդուալիզմ»[4]։ Շատ հաճախ այս մոդելը անվանում են սոցիալիստական, իսկ որոշ տեսաբաններ էլ մոդելը անվանում են «կապիտալիստական սոցիալիզմ»։ Սկանդինավյան մոդելը, որպես այդպիսին, կարելի է բնութագրել որպես «ոսկե միջին»։ Մոդելը ոչ կապիտալիստական է և ոչ էլ սոցիալիստական՝ փորձելով համադրել երկու ուղղությունների հաջողված ասպեկտները[5]։ 2013 թվականին The Economist-ը հայտարարել է, որ Հյուսիսային Եվրոպայի երկրները ունեն կառավարման ամենաարդյունավետ համակարգը[4]։
Հյուսիսային երկրներից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ տնտեսական և սոցիալական մոդելները, որոնք կարող են միմյանցից էականորեն տարբերվել։ Հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներ վերջին 20 տարիներում էլ ավելի են զարգացրել իրենց տնտեսություններին բնորոշ լիբերալ-շուկայական մեխանիզմները։ Շվեդիայում, վերջին տասնամյակի ընթացքում, նեոլիբերալ քաղաքականությունը և պետական հատվածի դերի կրճատումը հանգեցրել են ՏՀԶԿ անդամ երկրների շարքում բնակչության անհավասար աճի ամենաբարձր ցուցանիշներին[6]։ Սակայն, Շվեդիան սոցիալական հավասարության տեսանկյունից զբաղեցնում է առաջին հորիզոնականներից մեկը[7]։
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«The Nordic Model — Embracing globalization and sharing risks» հրապարակման մեջ համակարգը բնորոշվում է հետևյալ առանձնահատկություններով[8]։
- Սոցիալական պաշտպանության զարգացած համակարգ, ինչպես նաև անվճար կրթության և առողջապահական ծառայությունների հասանելիության բարձր մակարդակ[8]։
- Թոշակային պետական համակարգեր[8]։
- Կոռուպցիայի ցածր մակարդակ[8]։ 2012 թվականին Transparency International-ի կոռուպցիայի դեմ պայքարի ինդեքսում, Հյուսիսային Եվրոպայի բոլոր հինգ երկրները աշխարհի 176 երկրների շարքում եղել են առաջին 11 հորիզոնականներում[9]։
- Աշխատավորների մեծ տոկոս, ովքեր անդամակցում են արհմիություններին։ 2010 թվականին արհմիությունների անդամ են եղել Ֆինլանդիայի աշխատավորների 69,9 %-ը, Շվեդիայի աշխատավորների 68,3 %-ը և Նորվեգիայի աշխատավորների 54,8 %-ը։ Համեմատության համար ԱՄՆ-ում արհմիությունների անդամ են աշխատավորների 11,3 %-ը, Մեքսիկայում՝ 12,9 %-ը[10]։
- Գործատուների, արհմիությունների և կառավարության միջև փոխգործակցություն, ընդորում սոցիալական այս գործընկերները պայմանավորվում են համագործակցության շրջանականների շուրջ, որոնք շատ հաճախ կարող են օրենսդրական ամրագրում չունենալ։
- Գործազրկության բարձր նպաստներ և հնարավորություն ժամկետից շուտ թոշակի գնալու։ 2001 թվականին Դանիայում գործազրկության նպաստը կազմել է միջին աշխատավարձի 90 %-ը, Շվեդիայում՝ 80 %-ը։ Համեմատության համար Նիդերլանդներում այն կազմում է 75 %, իսկ Գերմանիայում՝ 60 %:
- Ի տարբերություն ՏՀԶԿ անդամ այլ երկրների, Դանիայում, Շվեդիայում և Նորվեգիայում առողջապահության և կրթական ոլորտներում կատարվող ներդրումները զգալիորեն շատ են[11]։
- Սեփականության իրավունքի պաշտպանություն և բիզնեսի վարման դյուրին համակարգ[12]։
- Ազատ առևտրին խոչընդոտող հանգամանքների ցածր մակարդակ[12]։ Այն համադիր է ռիսկերի կոլեկտիվ բաշխման հետ (սոցիալական ծրագրեր, աշխատանքի շուկայի ինստիտուտներ), որը պաշտպանում է շուկան ռիսկերից, որոնք կապված են տնտեսական բաց հարաբերությունների հետ[8]։
- 2011 թվականի տվյալներով ընդհանուր հարկային բեռը (ՀՆԱ-ից տոկոսներով) Շվեդիայում (51,1 %), Դանիայում (46 % )[13], և Ֆինլանդիայում (43,3 %) հանդիսանում է աշխարհում ամենաբարձրերից մեկը։ Ի տարբերություն այս երկրների, Գերմանիայում այն կազմում է 34,7 %, Կանադայում՝ 33,5 %, իսկ Իռլանդիայում՝ 30,5 %:
Մոդելի զարգացման միտում[խմբագրել | խմբագրել կոդը]
1990-2005 թվականներին նկատվել է համասկանդինավյան միտում՝ սոցիալական նպաստներ ստացող անձանց թվի կրճատման հարցում[14]։ 1990-2005 թվականներին Դանիայում սոցիալական նպաստներ ստացող անձանց թիվը 235,2 հազարից կրճատվել է 179,3 հազարի, Նորվեգիայում 178,3 հազարից հասել է 150,6 հազարի, իսկ Շվեդիայում՝ 339,4 հազարից 271,6 հազարի[14]։ 18 տարեկանից բարձր բնակչության շրջանում սոցիալական նպաստներ ստացող քաղաքացիների թիվը նույնպես կրճատվել է։ Այսպես, Դանիայում 5,8 %-ից կրճատվել է 4,3 %, Իսլանդիայում՝ 2,6 %-ից 2,4 %, Նորվեգիայում՝ 5,3 %-ից՝ 4,2 %, իսկ Շվեդիայում՝ 5 %-ից 3,8 %[14]։ Բացառություն է կազմում միայն Ֆինլանդիան, որտեղ սոցիալական նպաստներ ստացողների թիվը 1990-2005 թվականներին 255,6 հազարից հասել է 279, 6 հազարի, իսկ տոկոսային հաշվարկով 5,9 %-ից հասել է 6,7 %-ի[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Nik Brandal, Øivind Bratberg, Dag Einar Thorsen. The Nordic Model of Social Democracy. Palgrave Macmillan, 2013. ISBN 1137013265
- ↑ Swedish Government Resisting Calls for Saab Rescue. ThinkProgress, 2009
- ↑ Esping-Andersen, G. (1991). The three worlds of welfare capitalism. Princeton, NJ: Princeton University Press.
- ↑ 4,0 4,1 The secret of their success. The Economist. 2nd Feb 2013.
- ↑ Jerry Mander (24 July 2013). «There Are Good Alternatives to US Capitalism, But No Way to Get There.» Archived 2017-10-20 at the Wayback Machine. Alternet. Retrieved 27 July 2013.
- ↑ Swedish riots rage for fourth night. The Guardian 23 May 2013.
- ↑ Higgins, Andrew (26 May 2013). «In Sweden, Riots Put an Identity in Question.» The New York Times. Retrieved 29 June 2013.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Torben M. Andersen, Bengt Holmström, Seppo Honkapohja, Sixten Korkman, Hans Tson Söderström, Juhana Vartiainen. The Nordic Model — Embracing globalization and sharing risks
- ↑ «CPI 2012 table»։ Transparency International։ Վերցված է 2013-04-23(չաշխատող հղում)
- ↑ «Trade Union Density» OECD StatExtracts. 2010. Accessed: 3 May 2013.
- ↑ OECD. Growing Unequal? Income Distribution and Poverty in OECD Countries. Organisation for Economic Co-Operation and Development. 2008. p. 232, p. 233
- ↑ 12,0 12,1 «Index of Economic Freedom»։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-13-ին։ Վերցված է 2017-11-06
- ↑ «Skattetrykket»։ Danish Ministry of Taxation։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-06-24
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-08-ին։ Վերցված է 2017-11-06