Սիրո բնույթ (գիտափորձ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սիրո բնույթ», ամերիկացի հոգեբան, Վիսկոնսինի համալսարանի պրոֆեսոր (1930-1974), Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ (1958) Հարրի Հարլոույի գիտափորձը։ Անցկացվել է Վիսկոնսին նահանգի համալսարանական լաբորատորիայում 1950-ական թվականների երկրորդ կեսին։ Ժամանակակիցներն այս գիտափորձը համարում էին դաժան և էթիկայի նորմերից դուրս, քանի որ դրա արդյունքում բացահայտված ճշմարտությունը մեծապես անդրադարձել է երեխաների դաստիարակության մոտեցման վրա [1]:

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ տարիներին շատերը կարծում էին, որ երեխայի նկատմամբ կապվածության ցուցադրությունն ընդամենը հուզական ժեստ է, պոռթկում, որը ոչ մի օգուտ չունի։ Ջոն Ուութսոնը և այլ հոգեբաններ նույնիսկ հաստատում էին, որ չափազանց շատ խնամքը կարող է հանգեցնել հոգեբանական շեղումների և հիվանդությունների [2]: Իսկ փոքրիկի «սերը» մոր նկատմամբ համարում էին միայն կենսաբանական պահանջմունքների դրսևորում, սնվելու անհրաժեշտություն։ Հարլոուն կարծում էր, որ հոգեկանի ձևավորման և նորմալ զարգացման համար այդքանը բավարար չէ։ Ըստ նրա՝ երեխաների կայուն հոգեկանի ձևավորման բանալին շոշափողական շփման, մտերմության և հարմարավետության զգացումն է[1]։

Իր վարկածները հաստատելու համար նա սկսեց ուսումնասիրել կապվածությունը՝ երևույթ, որն առաջին հերթին հնարավոր չէ չափել և գնահատել։

Գիտափորձի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիկիների (շիմպանզե, մակակ) օգտագործումը գիտական հետազոտություններում սովորական երևույթ էր համարվում։ Ենթադրվում էր, որ կաթանասունների այդ տեսակը նմանություններ ունի մարդու ինտելեկտի և նյարդային համակարգի կառուցվածքի հետ։

Իր գիտափորձի անցկացման համար Հարլոուն ընտրեց մակակ-ռեզուսների ձագերին, քանի որ համոզված էր, որ այդ պրիմատների փոխհարաբերությունները մայրության ասպարեզում հիշեցնում են մարդկային շփման ձևերը [3] Արխիվացված 2017-12-19 Wayback Machine: Փոքրիկ կապիկների կյանքի առաջին վեց-տասներկու ժամերին նրանց վերցնում էին մայրերից և դնում մեկուսացված վանդակներում։ Ընդհանուր առմամբ հավաքել էին ավելի քան 60 կենդանի[2]։ Հետազոտողը նկատեց, որ մակակները սկսեցին կապվածության նշաններ դրսևորել վանդակի հատակին դրված խավե սրբիչների նկատմամբ։ Ձագերը գրկում, սեղմում էին ծածկոցները, փաթաթվում դրանց մեջ։ Երբ կտորները վերցնում էին, ձագերը բուռն արձագանքում էին, գոռում [4]:

Առաջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորվել են առաջին երկու խմբերը չորսական մակակներով։ Նրանց համար պատրաստել էին երկու տեսակի սուրոգատ մայր՝ մեկը մետաղալարից, իսկ մյուսը ծածկել էին կտորով և էլեկտրական լամպ դրել, որպեսզի տաքացնի։ Առաջին խմբի վանդակում տեղադրել էին մետաղալարե կերակրող «մայր» (այն դեպքում, երբ փափուկն առանց շշի էր), իսկ մյուս խմբում՝ ընդհակառակը։ Անկախ նրանից, թե որտեղ էր գտնվում կերակրման աղբյուրը, բոլոր կապիկները ավելի շատ ժամանակ էին անցկացնում փափուկ և տաք իրի մոտ[2]։

Երկրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ Հարրի Հարլոուն փոխեց հայեցակարգը։ Տարբեր խմբերում կար մեկական սուրոգատ։ Երկու «կապիկ-մայրերին» էլ կերակրելու համար կցել էին կաթի շիշ։ Ձագերը միանման էին սնվում և կշռում, սակայն նրանց վարքագիծը տարբերվում էր։ Առաջին խմբի (մետաղալարե սարքերով) հետազոտվողների մոտ նկատվում էր փորլուծություն, որը, ըստ Հարլոուի, վկայում էր նյարդային լարվածության մասին։ Նրանք իրենց «մայրիկի» հետ ավելի քիչ ժամանակ էին անցկացրել, քան երկրորդ խումբը։ Հոգեբանը նրանց վարքագծում նկատեց նաև աուտիզմի նշաններ. կենդանիները նստում էին հատակին, կծկվում, օրորվում հետ ու առաջ։ Այդ արդյունքներն արդեն հիմք էին տալիս ենթադրելու, որ երեխային անհրաժեշտ է ոչ միայն սնունդ[2]։

Երրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ քայլը մակակների վրա վախի ազդեցության ուսումնասիրությունն էր։ Ստեղծվել էր հրեշի նմանակ, որը բարձր ձայն էր արձակում և կտրուկ շարժումներ անում։ Հոգեբանն ուսումնասիրում էր, թե ինչպես իրենց կպահեն կապիկի ձագերը սթրեսային իրադրություններում, և ինչպիսին է մոր դերը նրան սփոփելու հարցում։ Բոլոր հետազոտվողները վտանգի դրսևորման ժամանակ աղաղակներով և խուճապահար վազում էին փափուկ «մոր» մոտ։ Կտորին դիպչելը հանգստացնում էր փոքրիկներին, որոշները նույնիսկ ավելի խիզախ էին դառնում և հետագայում ագրեսիվություն դրսևորում «հրեշի» նկատմամբ[2]։

Չորրորդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապվածության ուժգնությունը չափելու համար հոգեբանը պատրաստեց «չար մայրերի»։ Նրանց փափուկ և տաք էին նախորդների պես, սակայն այս անգամ նրանց հոգատար համարել չէր կարելի։ Նրանցից մեկն այնքան ինտենսիվ էր շարժվում, որ փոքրիկի ատամները դիպչում էին իրար, երկրորդը շատ ուժեղ փչում էր փոքրիկի վրա, երրորդը ուժեղ ձայներ էր արձակում, իսկ չորրորդը մետաղյա ներկառուցված շերտ ուներ, որը հրում էր կապիկին։ Նույնիսկ բռնության այդպիսի դրսևորումներից հետո փոքրիկ մակակները վերադառնում էին սուրոգատների մոտ և կարծես ներողություն խնդրելով աղերսական ձայներ արձակում[3]։

Մեկուսացման ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարլոուն եզրակացրեց, որ փոքրիկ մակակների մեկուսացումը կյանքի առաջին 90 օրերի ընթացքում չի անդրադառնում նրանց հետագա զարգացման վրա, իսկ ավելի երկար ժամանակով մեկուսացումը կարող է անդառնալի հոգեկան խանգարումներ առաջացնել։ Նույնը վերաբերում է նաև մարդկանց։ Այդպիսի ժամանակահատվածը հավասար է մարդկային կյանքի վեց ամսվա[4]։

Արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարլոուն ասել է.

Փսիխոպաթոլոգիայի մեր հետազոտությունում մենք դարձել էինք սադիստ և փորձում էինք ստեղծել աննորմալություն [5]:

Մակակներին հասակակիցների հետ շփվելու հնարավորությունից զրկելով և նրանց թողնելով սուրոգատ մոր հետ միայնակ՝ հետազոտողն ուսումնասիրել է կապիկների վարքի շեղումները մեծանալուց հետո։ Նրանք արդեն չէին կարողանում նորմալ հարաբերվել իրենց տեսակի ուրիշ պրիմատների հետ։ Կենդանիները ագրեսիվություն էին դրսևորում՝ հատկապես էգերը արուների հետ հարաբերություններում [6] Արխիվացված 2017-12-19 Wayback Machine: Հարլոույի հետազոտվողները իրենց սերունդների հետ չէին կարողանում շփվել։ Շատերը պարզապես արհամարհում էին իրենց ձագերին, կային նաև առավել դաժան շփման դեպքեր. կծում, ծեծում և գետնին քարշ էին տալիս իրենց ձագերին, սպանում նրանց։

Հետազոտությունը համոզիչ կերպով ապացուցում է, որ լիարժեք զարգացման համար երեխային իր ծնողներից հարկավոր է ոչ միայն սնունդ, այլև ջերմություն, ֆիզիկական կոնտակտ և շփում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Հարրի Հարլոուն հասկանում էր, որ անդառնալի վնաս է տվել կապիկներին, սակայն երբեք չի փոշմանել գիտափորձն անցկացնելու համար։ Նրա համար ավելի կարևոր էր մարդկանց օգուտ տալը։ Աշխատության հրատարակումից հետո մանկապարտեզներում փոփոխություններ կատարվեցին։ Երեխաների նկատմամբ սկսեցին ավելի ուշադիր լինել, դաստիարակները սկսեցին նրանց ավելի շատ գրկել և օրորել, ավելի շատ խոսել նրանց հետ։ Փոփոխություններ մտան նաև մանկական ապրանքների արտադրության մեջ. սկսեցին օգտվել «կենգուրուներից», որոնցով գրկում և տեղափոխում էին երեխաներին[5]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լրագրող և գրող Դեբորա Բլյումը իր աշխատանքներից մեկում այսպես է արտահայտվել.
Harry’s research tells us that love is work.

Թարգմանություն։ «Հարրի հետազոտությունը մեզ ցույց է տալիս, որ սերն աշխատանք է»[3]։

No experiment could have better demonstrated the depth and strength of a baby’s addiction for her parent.

Թարգմանություն։ «Ոչ մի ուրիշ գիտափորձ չէր կարող ավելի լավ ցուցադրել ծնողից երեխայի ունեցած կախվածության խորությունն ու ուժը»[3]։

Learning to love, Harry liked to say, is really about learning to live.

Թարգմանություն։ «Սիրել սովորելը, ինչի մասին ուզում էր խոսել Հարրին, նշանակում է սովորել ապրել»[3]։ Նա այդ աշխատանքն անվանել է նաև «լուռ հեղափոխություն»[3]։

  • Լորեն Սլեյթերն իր «Բացել Սքիների արկղը» գրքում գրել է[5].
Թարգմանություն։ «Շատ հզոր և դրական բան կա այն ամենում, ինչը Հարլոուն տվել է մեզ. հստակ գիտակցում, որ որքան էլ իջնենք էվոլյուցիայի աստիճաններով, մեր պահանջմունքներն ավելի բարդ են, քան միայն քաղցը, որ մենք ամեն գնով ձգտում ենք մտերմության և միշտ մեր տեսած առաջին դեմքը համարելու ենք ամենահաճելին»:
  • Ռոջեր Ֆոուտուսը, ով ուսումնասիրում էր պրիմատներին և միաժամանակ հանդես գալիս կենդանիների իրավունքների պաշտպանությամբ, համառոտ դիտարկում է արել[5].
Թարգմանություն։ «Ցանկացած հետազոտող, ով պատրաստ է իր կենդանիներին զոհել հանուն գիտության, աչքի է ընկնում կասկածելի բարոյականությամբ»:
  • Ուիլյամ Մեյսոնը, ով 1960-ականներին աշխատում էր Հարրի Հարլոուի հետ, կարծում էր, որ ճիշտ չէ կենդանիներին տառապանք պատճառելը, սակայն, այդուհանդերձ, հասկանում էր նաև դրա պատճառները[5]։
  • Բիոէթիկայի պրոֆեսոր Պիտեր Սինգերը իր «Կենդանիների ազատագրումը։ Գլուխ 2. Հետազոտության գործիքներ» աշխատությունում վրդովված գրում է[6].
Թարգմանություն։ «Շատ փորձեր մեծ ցավ են պատճառում, և դրա հետ մեկտեղ բացակայում է մարդկանց և մյուս կենդանիներին էականորեն օգնելու անգամ հեռավոր հեռանկարը։ Այդպիսի գիտափորձերը առանձին դեպքեր չեն, այլ հանդիսանում են հսկայական արդյունաբերության մի մաս»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Роджер Хок | 40 исследований, которые потрясли психологию (2003)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Harry F. Harlow | The Nature of Love (1958)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Deborah Blum | Love at Goon Park: Harry Harlow and the Science of Affection (2002)
  4. Harry F. Harlow | Love in Infant Monkeys (1959)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Лорин Слейтер | Открыть ящик Скиннера (2007)
  6. Singer P. | Animal Liberation (1975)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]