Սիրիահայ մամուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական մամուլը Սիրիայում ձևավորվել է դարերի ընթացքում 1868-1877 թվականին թուրքերեն հրատարակվել է «Ֆռաթ» («Եփրատ», Հալեպ) Եռօրյա թերթը, որը արաբերենի, թուրքերենի հետ ունեցել է նաև հայատառ թուրքերենի բաժին։ 1918 թվականից ցայսօր տպագրվել են շուրջ 150 անուն հայերեն պարբերականներ, մեծ մասը՝ Հալեպում։

Տեղի առաջին հայերեն պարբերականը «Աղբյուր» (1913-1914) խմորատիպ ամսաթերթն է։ Կարևոր հրատարակություններից են ՌԱԿ-ի Կիլիկիայի շրջանի վարչության «Հայ ձայն» (1918-1922, 1919 թվականից՝ Ադանա) քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթը, ՍԴՀԿ-ի Հալեպի մասնաճյուղի «Եփրատ» (1919) հասարակական-քաղաքական շաբաթաթերթը, ՍԴՀԿ-ի Սիրիայի շրջանի պաշտոնական «Սուրիական մամուլ» (1922-1927) ազգային, հասարակական-քաղաքական, մշակութային օրաթերթը, ՌԱԿ-ի «Եփրատ» (1927-1949) գրական, քաղաքական պաշտոնաթերթը, կրոնական, կրթական, գիտական «Նոր ավետաբեր» (1927-1934) Երկշաբաթաթերթը, ազգային, գրական «Նայիրի» (1941 թվականից, նախապես՝ պարբերագիրք, 1952 թվականից՝ Բեյրութում) շաբաթաթերթը, ՀՅԴՍիրիայի շրջանի պաշտոնական «Արևելք» (1946-1963) հասարակական-քաղաքական-գրական-գեղարվեստական օրաթերթը, «Նոր Մարաշ» (1946-1961) ամենամյա հանդեսը, քաղաքական, գրական «Սուրիա» (1946-1960) անկախ օրաթերթը, կրոնական «Լրատու» (1964-1980) շաբաթաթերթը, արվեստի, գրականության և գիտության «Մշակույթ» (1967, 1970, 1972) պարբերագիրքը և այլն։ Ներկայումս Հալեպում հրատարակվում են Հալեպի հայ ազգային ծերանոցի խնամակալության «Հայ ծերանոց» (1952 թվականից) եռամսյա տեղեկատու հանդեսը, գրական, գեղարվեստական, պատմաբանասիրական «Գեղարդ» (1975 թվականից) տարեգիրքը, Բերիո թեմի ազգային առաջնորդարանի պաշտոնական «Գանձասար» (1978 թվականից, 1978-1981 թվականներին՝ «Պարբերաթերթ», 1982-1991 թվականին՝ «Օշական») կրոնական, հասարակական, մշակութային շաբաթաթերթը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։