Jump to content

Սիրահայաց Սուրբ Աստվածածին վանք (Չնքուշ)

Սիրահայաց Սուրբ Աստվածածին վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՉնքուշ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ
38°12′35″N 39°17′06″E / 38.209722222222°N 39.285°E / 38.209722222222; 39.285

Սիրահայաց Սուրբ Աստվածածին եկեղեցի, 1561 թվականին հիմնադրված հայկական վանք Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Չնքուշի գավառակի Չնքուշ գյուղի մոտ, Եփրատ գետի ձախ ափին[1]։

Վանքը հիմնադրվել է 1561 թվականին։ Ըստ հայ ազգագրագետ Գարեգին Սրվանձտյանցի «Թորոս Աղբար» աշխատության, վանքի հիմնադիրը մոտակա բնակավայր Ջերմուկից փախստական դարձած Պողոս վարդապետն է[2], որն այստեղ է տեղափոխել նաև առաջնորդարանը։ Նախորդ առաջնորդարանը հաճախ ենթարկվում էր ավազակային հարձակումների, իսկ Չնքուշում այն պաշտպանված էր և գտնվում էր տեղի հայ համայնքապետի հովանու ներքո։ Վանքը նշանավորվել է հաջոդ վանահայր Մարտիրոս Չնքուշեցու օրոք (1593-1632), որը հիմնել է Չնքուշի վարդապետանոցը: Մարտիրոս վարդապետն աշակերտել է նշանավոր վարդապետ և եկեղեցական գործիչ Պետրոս Կարկառեցուն (1552-1608): Չնքուշում զարգացել է նաև գրչությունը, որը նշանավորվել է հատկապես 16-րդ դարավերջի գրիչ Գասպարի գործերով:

17-19-րդ դարերում վանքը ընդարձակվել և բարեկարգվել է, շրջապատվել է պարսպով։ 1698 թվականին Երուսաղեմի հայոց պատրիարք դարձած Մինաս Ամդեցին իր եղբորորդի Հովհաննես Բ-ին նշանակել է վանքի առաջնորդ։ 1593-1680 թվականներին այստեղ գործել է վանական համալսարան, որը տվել է մի շարք նշանավոր հոգևորականներ, այդ թվում՝ Երուսաղեմի պատրիարքներ Աստվածատուր Գ-ն և Եղիազար Ա Այնթափցին, որը 1682-1691 թվականներին եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։

18-րդ դարում վանքը բարեկարգել են առաջնորդներ Նիկողայոսը և Գասպարը։ Առաջինը կառուցել է նոր սրահ, դարպասներ և առաջնորդարան, իսկ երկրորդը վերանորոգել է վանքի պատերն ու կառուցել ջրաղաց։ Հովհաննես Գ-ն կառուցել է ուխտավորների համար կացարաններ ու ջրամբար։

19-րդ դարում վանքն արդեն ամրացված էր Բաղդասար Տիգրանակերտցու (1836-1841, 1847-1863) կողմից, որը 1841 թվականին նաև վերակառուցել է վանքի գլխավոր եկեղեցին։

1895 թվականին համիդյան ջարդերի ժամանակ վանքը ենթարկվել է ավերածությունների և թալանի։ 1908 թվականին Դիարբեքիրի թեմի առաջնորդը վերստին օծել է եկեղեցին, սակայն ամբողջական վերականգնում այդպես էլ չի իրականացվել։ 1909 թվականին վանքը կրկին թալանվել է։

1915 թվականի հայոց ցեղասպանության ժամանակ զոհվել է վանքի վերջին առաջնորդ հայր Եղիա Ղազանջյանը։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրահայաց Սուրբ Աստվածածին վանքը բաղկացած էր գլխավոր եկեղեցուց, հարավային մատուռ-զանգակատնից, մոտ 30 խցերից և առաջնորդարանի շենքից՝ իր մեջ ներառող թանգարանային սրահից, ջրաղացից, ներքին բակային շատրվանից, արտաքին աղբյուրներից և վանքի պատերից դուրս գտնվող դամբարանից։

Եկեղեցին եռախորան, խաչաձև կառույց էր՝ բեմով և 1841 թվականին կառուցված գլխավոր խորանով։ Այն նվիրված էր Աստվածածնին, իսկ երկրորդական խորանները նվիրված էին Սուրբ Մինասին և Սուրբ Գևորգին։ Մատուռ-զանգակատունը նվիրված էր Սուրբ Գրիգոր Լուսավորչին։

Վանքը բռնագրավվել է հայոց ցեղասպանությունից հետո։ 2008 թվականի դրությամբ նրա բոլոր բնակելի ու օժանդակ կառույցները վերացած էին, եկեղեցին կանգուն էր, սակայն վթարային վիճակում։ Արձանագրվել են կամայական ավերումներ և կրող հատվածների վնասումներ։ Վանքի գանձերից փրկվել է միայն Սուրբ Մինասի արծաթապատ աջը, որն այսօր գտնվում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց մայր տաճարի գանձատանը[3]։ Չնայած բոլոր երկրաշարժերին ու գանձագողերին, Սիրահայաց Սուրբ Աստվածածին վանքը դեռ կանգուն է՝ շնորհիվ նաև հայ քարաշեն վարպետների[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «ՉՆՔՈՒՇ». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2011-02-15. Վերցված է 2025-02-02-ին.
  2. ↑ Sargsyan, Anoush. «Չնքուշի ձեռագրական ժառանգությունը, Լրաբեր Հասարակական Գիտությունների, 2016, no. 1 . pp. 308-319». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. ↑ «Le monastère de la Sainte-Mère de Dieu à la Belle Vue». www.collectif2015.org (անգլերեն). Վերցված է 2025-02-02-ին.
  4. ↑ «"Mahalleler kalmadı, kiliseler yok oluyor"». Agos (թուրքերեն). 2022-12-10. Վերցված է 2025-02-02-ին.