Սիմփսոնի գործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմփսոնի գործ
Թվական1994 թվականի հունիս - 1995 թվականի հոկտեմբերի 3
ՎայրԼոս Անջելես
Կասկածյալ(ներ)Օ․ Ջեյ Սիմփսոն
Մեղադրանքսպանություն
Դատավճիռարդարացում

Սիմփսոնի գործ (բնօրինակ փաստաթղթերում՝ անգլ.՝ People vs. Simpson՝ «Ժողովուրդն ընդդեմ Սիմփսոնի»), Օ․ Ջեյ Սիմփսոնի դատը (անգլ.՝ O. J. Simpson

Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ և դերասան Օ․ Ջեյ Սիմփսոնը մեղադրվում էր իր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն-Սիմփսոնի (անգլ.՝ Nicole Brown Simpson) և նրա ընկերոջ՝ Ռոնալդ Գոլդմանի (անգլ.՝ Ronald Goldman) սպանության մեջ[1][2]։ Դա ամենաերկարատև դատական հետաքննությունն է եղել Կալիֆոռնիայի պատմության մեջ (ավելի քան 9 ամիս)[3], որտեղ այդ տիպի հանցագործությունները պատժվում են մահապատժով։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղադրյալը 1977 թվականից հանդիպել է Նիկոլ Բրաունի հետ՝ դեռևս առաջին կնոջ հետ ամուսնացած ժամանակ։ Նոր կնոջ հետ հարաբերությունները օրինական գրանցել են մի քանի տարի հետո՝ 1985 թվականին, իսկ 1992 թվականին Օ․ Ջեյը և Նիկոլը բաժանվել են։

Հայտնի է, որ 1989 թվականին Նիկոլը դիմել է ոստիկանություն, «քանի որ Օ․ Ջեյը պատրաստվում էր նրան սպանել»։ Ոստիկանության կարգախմբի ժամանելու պահին Նիկոլը ծեծված էր։ Հետո նա հետ է վերցրել իր մեղադրանքը, և արդյունքում իշխանությունները չեն կարողացել պատասխանատվության ենթարկել ամուսնուն։

Կրկնակի սպանությունը կատարվել է 1994 թվականի հունիսի 12-ի ուշ երեկոյան Սիմփսոնների նախկին տանը։ Ավելի վաղ Սիմփսոնը Նիկոլի հետ ներկա է եղել իրենց ութամյա դստեր՝ Սինդիի դպրոցական միջոցառմանը (վերջինս իր հնգամյա եղբոր՝ Ջասթինի հետ սպանության պահին եղել է երկրորդ հարկում՝ մանկական ննջասենյակում)։

Այդ երեկո մարզիկի նախկին կին Նիկոլը ընթրել է ռեստորանում։ Նա, ըստ հետաքննության, այնտեղ մոռացել է իր ակնոցը, և նրա ծանոթ մատուցող Ռոնալդ Գոլդմանը այն տարել է Նիկոլի տուն։ ԵՆթադրվում է, որ այդ ժամանակ նրանք սիրեկաններ են եղել։

Երկուսն էլ դանակահարվել են գերմանական արտադրության մասնագիտական դանակով, որը մեղադրյալը գնել էր ողբերգությունից երեք շաբաթ առաջ։ Կնոջ գլուխը համարյա ամբողջությամբ պոկված էր իրանից, դեմքն այլանդակված էր, իսկ տղամարդու վզին, կրծքավանդակին և փորին հասցվել էին բազմաթիվ մահացու հարվածներ[4]։

Հունիսի 13-ին՝ ժամը 12։10-ին, Նիկոլի հարևանուհին, անհանգստանալով ակիտա-ինու ցեղատեսակի շան անդադար հաչոցից, մոտեցել է տանը և հայտնաբերել սպանվածների դիակները։ Արձանագրվել է, որ շունն առավել ինտենսիվ հաչել է երեկոյան ժամը 11-ի մոտակայքում։

Հարցաքննության ժամանակ կասկածյալն ասել է, որ սպանության պահին (հունիսի 12-ին՝ ժամը 22։00-23։00-ին) եղել է հանցագործության վայրից 3 200 մ հեռու։

Նույն օրվա երեկոյան դեպի հանցագործության վայրը տանող արահետի վրա հայտնաբերվել են արյան հետքեր, որոնց արյան խումբը համապատասխանել է Սիմփսոնի արյան խմբին, իսկ նրա այգում գտնվել է աջ ձեռքի արյունոտ ձեռնոց (ձախը գտնվել է հանցագործության վայրում)։

Հետապնդում և ձերբակալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաբանները մեղադրյալին համոզել են հանձնվել ոստիկանությանը հունիսի 17-ի առավոտյան ժամը 11։00-ին։ Մոտ հազար լրագրող էր հավաքվել ոստիկանության բաժնի շինության մոտ, բայց կասկածյալը չի ներկայացել։ Օ․ Ջեյ Սիմփսոնի հանձնվելու այս անհաջող փորձից հետո Ռոբերտ Քարդաշյանը կարդացել է կասկածյալի՝ ԶԼՄ-ների համար գրված նամակը[5][6]։ Այս նամակը հետագայում շատերի կողմից մեկնաբանվել է որպես հրաժեշտի հաղորդագրություն նախքան ինքնասպանությունը[7]։

Այսպիսով, Սիմփսոնը չի հանձնվել իշխանություններին։ Հենց այդ օրը՝ հունիսի 17-ին, Սիմփսոնը և նրա ընկեր Էլ Կոուլինգսը փորձել են գաղտնի հեռանալ քաղաքից։ Ժամը 2-ին ոստիկանությունը խուզարկություն է հայտարարել Սիմփսոնի նկատմամբ։

18։50-ից հեռուստատեսության ուղիղ եթերով ցուցադրվել է հետապնդումը։ Սիմփսոնին չեն ձերբակալել, քանի որ նա իր գլխին ատրճանակ էր պահել և սպառնում էր ինքնասպանություն գործել։ Ժամեր անց, երբ Սիմփսոնը մոտացել է իր մոր տանը, ոստիկանությանը հաջողվել է համոզել նրան դուրս գալ մեքենայից, և բերման է ենթարկվել 20։45-ին (փաստացի իր մոր տանը)։

Հունիսի 18-ին նրան տեղափոխել են կենտրոնական թաղամասի տղամարդկանց բանտի մենախուց, որտեղ պահվել է մինչև դատը։

Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի հունվարի 23-ին Լոս Անջելեսում սկսվել է դատը, որից առաջ Սիմփսոնը հայտարարել էր, թե կվճարի «500 հազար դոլար այն մարդուն, ով կգտնի իր նախկին կնոջ իրական մարդասպանի հետքը»։

Մեղադրողի կողմից գործընթացի ժամանակ ելույթ է ունեցել 9 հոգի (մեկ այլ աղբյուր հայտնում է, որ տեսություն կատարելու 24 շաբաթների ընթացքում գործին ներգրավվել է 58 վկայի ցուցմունք[8])՝ թաղամասի դատախազի տեղակալ Մարսիա Քլարկի գլխավորությամբ[9]։

Սկզբում մեղադրողի կողմից ելույթ ունեցավ վարորդ Ալան Փարկը, որին Սիմփսոնը հունիսի 12-ի չարաբաստիկ օրը կանչել է իր տուն, որպեսզի նա իրեն տանի օդանավակայան (Սիմփսոնը պատրաստվում էր Չիկագո գնալ)։ Վարորդը պատմեց, որ նա մոտեցել է Սիմփսոնի տանը 22։22-ին, բայց ոչ ոք չի բացել դուռը։ Սակայն Փարկը չի ցանկացել հեռանալ առանց պատվերը կատարելու և շարունակել է անընդհատ դուռը զանգել՝ հուսալով, որ ինչ-որ մեկը կբացի։ Այդպես շարունակվել է մինչև երեկոյան 11-ը։ Հենց այդ ժամանակ վարորդը տեսավ, թե ինչպես է տան մյուս կողմից ներխուժող քայլվածքով մոտենում մի տղամարդ, որի դեմքը նա չկարողացավ տեսնել։

Մեղադրանքի եզրակացություն․ այդ ամբողջ ընթացքում Սիմփսոնը ոչ թե քնած էր, այլ գտնվում էր Բանդի-դրայվում, որտեղ էլ կատարել է հանցագործությունը։ Սակայն պաշտպանող կողմը միանգամից առաջ բերեց այդ մեղադրանքի հակափաստարկները։ Սպանությունը տեղի է ունեցել 22։15-ին, իսկ 22։20 Սիմփսոնի հարևանները նրա Ռոլս Ռոյս մակնիշի ավտոմեքենան տեսել են տան կողքի կայանատեղիում։ Դրանից հետո, Սիմփսոնի հարևան Կատո Կելինայի խոսքերով, 21։00-21:37 նրանք Սիմփսոնի հետ գնացել են համբուրգեր գնելու։ Բացի այդ, պաշտպանող կողմը իր ձեռքերում ուներ ևս մեկ ապացույց․ 22։00-22։10 ընկած ժամանակահատվածում Սիմփսոնը հեռախոսազանգ է ունենցել իր սիրուհի Փոլ Բարբերեի հետ։ Եվ չնայած այդ ժամանակ նա տանը չէր, բայց հեռախոսային կայանը ֆիքսել է այդ զանգը։

Դատախազության կարծիքով Սիմփսոնի դեմ չափից շատ ապացույցներ կային, բայց երդվյալ ատենակալներն արդարացնող վճիռ են կայացրել բազմաթիվ դատավարական խախտումների և այդ տարիներին ԴՆԹ թեստերի հանդեպ անվստահության պատճառով։ Դատավճռի հրապարակումից հետո՝ մամլո ասուլիսի ժամանակ, դատախազ Ջիլ Գարսետին ամփոփել է[10]

Շատ հուզական գործընթաց էր։ Եվ թվում է, թե երդվյալ ատենակալների որոշումը թելադրված էր հենց զգացմունքներով, այլ ոչ թե սթափ մտքով։

Ռասայական կողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն, որ մեղադրվողը սևամորթ էր, իսկ զոհերը՝ սպիտակամորթ, ի սկզբանե գործին տվել է ռասայական շեշտադրություն[11]։

Պաշտպանող կողմը պնդում էր, թե տեղի է ունեցել ոստիկանության դավադրություն «ռասիստական համոզմունքների պատճառով»։ Լոս Անջելեսի ոստիկանությունը նման համբավ է վաստակել Ռոդնի Քինգին դաժանորեն ձերբակալելուց հետո։ Ձերբակալության մեջ ներգրավված ոստիկանության ծառայողներին արդարացնելուց հետո քաղաքում բռնկվել է «1992 թվականի անկարգությունը»։

1995 թվականի հոկտեմբերի 3-ին՝ գործընթացի ավարտի օրը, դատավարությանը չմասնակցող բնակչության շրջանում անցկացված հարցման համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիների 73%-ը համաձայն է եղել մեղադրանքի հետ, իսկ 27%-ը` դեմ։ Վիճակագրությունն արտացոլում է այն ժամանակվա սպիտակ մեծամասնության և գունավոր փոքրամասնության հարաբերակցությունը։ Այլ աղբյուրներ պնդում են[8], որ նույնիսկ մինչ այն պահը, երբ պաշտպանությունը մեծապես խաթարել է հասարակության վստահությունը մեղադրանքի դիրքորոշման մեջ, միայն սպիտակամորթ քաղաքացիների 60%-ը և աֆրոամերիկացիների 12%-ն է վստահ եղել մեղադրյալի մեղսավորության մեջ, իսկ ավելի ուշ հասարակական կարծիքը հակված էր արդարացնելու մեղադրյալին։

Դատական նիստի ժամանակ 12 երդվյալ ատենակալներից սևամորթ էր 8 կին և 1 տղամարդ, լատինոամերիկացի՝ 1 հոգի, իսկ սպիտակամորթ՝ միայն 2 կին։

Փաստաբաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում մեղադրյալին պաշտպանում էր Ռոբերտ Շապիրոն[12][13][14], հետո՝ Ջոննի Քոքրանը[15][16][17][18][19]։

«Ոստիկանական դավադրության» վարկածից բացի, Սիմփսոնի փաստաբաններն առաջ քաշեցին կոլումբիական նարկոմաֆիայի մասին վարկածը, ըստ որի՝ իբր, մտադիր էր հաշվեհարդար տեսնել Նիկոլի ընկերուհու՝ Ֆեյ Ռեզնիկի նկատմամբ։ Վերջինս, ըստ փաստաբանների, պարտք է եղել թմրավաճառներին, և նրանք պատվիրել են սպանել իրեն։ Սակայն քանի որ նույն տարիքի երկու կին ապրում էին նույն տանը, մարդասպանը շփոթել է սպանության օբյեկտը։

Ռոբերտ Քարդաշյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Սիմփսոնի և Ռոնալդ Գոլդմանի սպանությունից հետո Օ․ Ջեյ Սիմփսոնը ապրել է Քարդաշյանների տանը։ Քարդաշյանին նկատել են Օ․ Ջեյի պայուսակը կրելիս այն օրը, երբ վերջինս ժամանել է Չիկագո։ Դատախազը կարծում էր, որ ճամպրուկում կարող էին գտնվել Սիմփսոնի ենթադրյալ սպանությունից արյունոտված իրերը կամ սպանության բուն գործիքը, բայց այդ մեղադրանքն այդպես էլ չի ապացուցվել։ Մի քանի ամիս անց պայուսակի ստուգումը նույնպես որևէ հստակություն չի մտցրել[5]։

Քարդաշյանը թարմացրել է իր փաստաբանի արտոնագիրը՝ օգնելու Սիմփսոնի հիմնական փաստաբաններին, բայց վերջինիս նախաձեռնությամբ նա դարձել է մարզիկի գլխավոր պաշտպանը[5][7]։

Սիմփսոնի գործի ավարտից որոշ ժամանակ հետո Քարդաշյանը կասկած է հայտնել Սիմփսոնի անմեղության վերաբերյալ․ դա հանգեցրել է Կալիֆոռնիայում գործի քննության դադարեցմանը[7]։

Այս դեպքը ժամանակավորապես փչացրել է նրանց ընկերական հարաբերությունները, սակայն Քարդաշյանի մահից որոշ ժամանակ առաջ նրանք նորից մտերմացել էին, իսկ նրա մահից հետո Օ․ Ջեյն ասել է[6]

Ռոբը կողքիս էր այն ժամանակ, երբ ես ամենից շատ դրա կարիքն ունեի։

Գործընթացից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդարացման վճռի հրապարակման օրը՝ 1995 թվականի հոկտեմբերի 3-ը, լրագրողների կարծիքով, «ամբողջ սևամորթ Ամերիկայի համար տոն» է դարձել։

1997 թվականին Սիմփսոնը տանուլ է տվել նույն մեղադրանքներով քաղաքացիական դատը և մահացած Ռոն Գոլդմանի ընտանիքին վճարել 33․5 միլիոն դոլար։ Դատավորական մեկնաբանությունը[20]՝

Սա հասարակության կողմից ամենադատապարտելի արարքն է։ Կալիֆոռնիայի քրեական օրենքի համաձայն՝ նա պատժվում է մահապատժով կամ ցմահ ազատազրկմամբ՝ առանց ներման իրավունքի։

2007 թվականին կասկածյալը հրատարակեց «Եթե ես դա արած լինեի» (անգլ.՝ If I Did It)) գիրքը, որը, շատերի կարծիքով, «Սիմփսոնի կրկնակի սպանություն կատարելու խոստովանությունն է»[21]։

Սիմփսոնի գործին է նվիրված «Ամերիկյան կրիմինալ պատմություն» հեռուստասերիալ-անթոլոգիայի առաջին եթերաշրջանը, որը հեռարձակվել է 2016 թվականի փետրվարին։

Սիմփսոնի գործին է նվիրված նաև «Գրիֆինների ընտանիքը» մուլտսերիալի 7-րդ եթերաշրջանի 9-րդ սերիան, որը հեռարձակվել է 2009 թվականի մարտի 15-ին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Confusion for Simpson kids 'far from over'». USA Today. 1997 թ․ փետրվարի 12. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. «The O. J. Simpson Trial: The Jury». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  3. «O. J. SIMPSON». Tru TV. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. ДЕЛО О-ДЖЕЙ СИМПСОНА
  5. 5,0 5,1 5,2 Некролог Роберта Кардашяна в The Guardian, Лондон
  6. 6,0 6,1 CNN Некролог Роберта Кардашяна, 1 октября, 2003 год.
  7. 7,0 7,1 7,2 «Court TV News, Роберт Шмидт, 21 октября 1996 года». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  8. 8,0 8,1 «ДЕЛО О-ДЖЕЙ СИМПСОНА: - Право - gazeta.zn.ua». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  9. Великая резня. 1994(չաշխատող հղում)
  10. «РЕКОРДЫ СИМПСОНА». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
  11. «Седьмой Канал // «О. Джей» Симпсон может провести остаток своих дней в тюрьме». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  12. Mydans, Seth (1994 թ․ հունիսի 16). «Lawyer for O. J. Simpson Quits Case». The New York Times. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
  13. Newton, Jim (1994 թ․ սեպտեմբերի 9). «Power Struggle In The Simpson Camp, Sources Say -- Shapiro, Cochran Increasingly Compete For Limelight In Case». Los Angeles Times. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
  14. «Simpson Expected To Shuffle Legal Team, Demote Lead Attorney». New York Daily News. 1995 թ․ հունվարի 2. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
  15. «Simpson Team Taking Aim at DNA Laboratory». The New York Times. 1994 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5-ին.
  16. «List of the evidence in the O.J. Simpson double-murder trial:». USA Today. 1996 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5-ին.
  17. «Race factor tilts the scales of public opinion». USA Today. 1997 թ․ փետրվարի 5. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 5-ին.
  18. «Jury unanimous: Simpson is liable». CNN. 1997 թ․ փետրվարի 4. Վերցված է 2008 թ․ հունիսի 16-ին.
  19. «Court: Simpson Still Liable For $33.5M Judgment». NBC5.com. 2008 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 16-ին.
  20. «Симпсон признан убийцей и заплатит 33.5 миллиона долларов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
  21. Правосудие над О’Джей Симпсоном 13 лет спустя

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]