Սիմոն Էվոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Էվոյան
ԾննդավայրՀաղպատ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1943
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ՄասնագիտությունԲոլշևիկ
ԿուսակցությունԽՄԿԿ

Սիմոն Էվոյան (, Հաղպատ, Ալավերդու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1943), բոլշևիկ հեղափոխական, Հաղպատի կոմբջջի կազմակերպիչներից մեկը, եղել է Լոռու «Չեզոք գոտում» խորհրդային կարգերի նախապատրաստման ու կազմակերպման ակտիվ մասնակիցներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոռու մարզի Հաղպատ գյուղում։

1900 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս։

1905 թվականին ընդունվել է բոլշևիկյան կազմակերպության շարքերը։ Ակտիվորեն մասնակցել է Թիֆլիսում և Կովկասում ապստամբական ու գործադուլային շարժումներին։ Ավելի ուշ հանդիսացել է ՌՍԴԲՊ(բ) Կովկասյան Երկրային կոմիտեի քարոզիչ-կազմակերպիչը Բորչալուի գավառում։ Եղել է Հաղպատի, Շահալի Էլյարի, Մղարթի, Ջալալօղլու կոմբջիջների ակտիվ կազմակերպիչներից մեկը։ Ակտիվորեն ներգրավված է եղել Հաղպատի գյուղացիության և Ալավերդու բանվորների շրջանում բոլշևիկյան քարոզչության ու կուսակցական կազմակերպական աշխատանքներում։

1905 և 1906 թթ Ալավերդում և Հաղպատում անցկացված Ալավերդու շրջանի բոլշևիկյան կուսակցական առաջին և երկրորդ կոնֆերանսների ակտիվ կազմակերպիչ։ Մտերիմ է եղել Ստեփան Շահումյանի հետ։ Մի քանի անգամ ձերբակալվել և դատապարտվել է ցարական իշխանությունների որոշմամբ։

1917 թվականին փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Ալավերդու նորընտիր Բանվորների Դեպուտատների Սովետի նախագահ։

1921 թվականի փետրվարի 6-ին Լոռու գավառի առաջին շրջանի կուսակցական կոմիտեի արտակարգ նիստում որոշվում է կենտրոնացնել ունեցած մարդկային և ռազմական ռեզերվները, սկսել պարտիզանական ջոկատների ձևավորումը Լոռում խորհրդային կարգեր հաստատելու, Վրաստանի Հանրապետությունից անջատելու և Խորհրդային Հայաստանին միացնելու նպատակով։ Սիմոն Էվոյանը ընտրվում է Ալավերդու հեղափոխական կոմիտեի նախագահ։

1921 թվականի փետրվարի 11-ին Լոռում վրացական տիրապետության դեմ սկսված ռազմական գործողությունների մասնակից է ու Լոռում բոլշևիկյան կարգեր հաստատելուց հետո նշանակվել է Ալավերդու շրջանի առաջին կոմիսար։

Հետագայում կուսակցական ու պետական տարբեր պաշտոններ է վարել։ Եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, վարել է բազմաթիվ կուսակցական ու պետական պաշտոններ, եղել է Հայկական ՍՍՀ կենտգործոկոմի և ՀԿԿ կենտկոմի անդամ։

Վախճանվել է 1943 թվականին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հին բոլշևիկների հիշողություններ», Հայաստանի Պետական Հրատարակչություն, Երևան, 1959 թ.