Սիլոսացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անասնակերի սիլոսացում Մեծ Բրիտանիայում

Սիլոսացում, կերերի պահածոյացում անօդ պայմաններում։ Հյութալի կերերի կուտակման առավել տարածված ձև է։ Հայտնի է Եվրոպայում XVIII դարից։ Ռուսաստանում կիրառվել է XIX դարերի վերջերից։ Սիլոսացման ժամանակ կերային զանգվածում օդի թափանցումը կանխելով դադարում է աերոբ մանրէների և բորբոսասնկերի զարգացումը, իսկ կաթնաթթվային մանրէների կենսագործունեության հետևանքով առաջացած կաթնաթթուն կերը թթվեցնելով (pH-ի լավագույն մեծությունը՝ 4,2) ճնշում է անաերոբ նեխման, կարագաթթվային և այլ պրոցեսները։ Կաթնաթթվային մանրէների սնման աղբյուրը շաքարն է, որի պարունակությամբ էլ որոշվում է կերի սիլոսացման ունակությունը։ Գործնականում տարբերում են հեշտ սիլոսացվող բույսեր (եգիպտացորեն, արևածաղիկ, միամյա և բազմամյա հացազգի խոտաբույսեր, դրանց խառնուրդը բակլազգիների հետ, կերի կաղամբը, արմատապտուղներն), դժվար սիլոսացվող բույսեր (բակլազգի խոտաբույսեր, կարտոֆիլ) և չսիլոսացվող բույսեր (եղինջ, լոլիկ, դդում)։ Սիլոսացման պրոցեսը կարգավորում են սիլոսացման ունակությանը համապատասխան հումքի ընտրությամբ։ Ոչ ցանկալի մանրէաբանական պրոցեսները կանխելու նպատակով դժվար սիլոսացվող զանգվածի վրա ավելացնում են քիմիական տարբեր նյութեր։ Սիլոսացվող զանգվածում շաքարի ավելցուկը խմորվում է շաքարասնկերով։ Այս դեպքում անօգուտ կորչում է կերի չոր նյութի զգալի մասը։ Այդ պրոցեսը կարելի է կանխել զանգվածի խոնավության նվազեցմամբ։ Հումքի խոնավությունը 75%-ից չպետք է գերազանցի, իսկ ջերմաստիճանը՝ 35 - 37 °C։ Բուսական հումքի մանրացումը (սիլոսային կառույցները լցնելուց առաջ) առաջացնում է առատ բջջահյութի անջատում, որի հետևանքով կաթնաթթվային մանրէներն ավելի լավ են օգտագործում ածխաջրերը, և կաթնաթթվի կուտակումն արագ է ընթանում։ Մանրացրած զանգվածն ավելի հեշտ է խառնել այլ կերերի հետ, հանել պահեստարաններից և բաշխել կենդանիներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։