Սիգրիդ Հյերտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիգրիդ Հյերտեն
շվեդ.՝ Sigrid Hjertén
SigridHjerten.jpg
Ծնվել էհոկտեմբերի 27, 1885(1885-10-27)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրSundvall parish, Սունդսվալ, Վեստերնորլանդ, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[2]
Վախճանվել էմարտի 24, 1948(1948-03-24)[1][2][3][4][5][6] (62 տարեկանում)
Մահվան վայրՍալտսյոբադեն, Շվեդիա[2]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[7]
ԿրթությունՄատիսի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի և տեքստիլ նկարիչ
Ոճէքսպրեսիոնիզմ
Թեմաներգեղանկարչություն
ԱմուսինԻսահակ Գրյունևալդ[8]
ԶավակներԻվան Գրյունևալդ
Sigrid Hjertén Վիքիպահեստում

Սիգրիդ Հյերտեն (շվեդ.՝ Sigrid Hjertén, հոկտեմբերի 27, 1885(1885-10-27)[1][2][3][4][5][6], Sundvall parish, Սունդսվալ, Վեստերնորլանդ, Շվեդիա, Շվեդ-նորվեգական միություն[2] - մարտի 24, 1948(1948-03-24)[1][2][3][4][5][6], Սալտսյոբադեն, Շվեդիա[2]), շվեդ նկարչուհի: Համարվում է շվեդական մոդեռնիզմի հիմնական դեմքերից մեկը, նկարչությամբ զբաղվել է շուրջ 30 տարի, մասնակցել 106 ցուցահանդեսների: Մահացել է շիզոֆրենիայի բարդությունների պատճառով կատարված անհաջող լոբոտոմիայից հետո:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգրիդ Հյերտենը ծնվել է 1885 թվականին, Սունդսվալում: Սովորել է Ստոկհոլմի համալսարանի արվեստի, արհեստների և դիզայնի քոլեջում, որտեղ ստացել է նկարչության ուսուցչի մասնագիտություն: 1909 թվականին արվեստի ստուդիայի երեկույթներից մեկում Հյերտենը հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ քսանամյա Իսահակ Գրյունևալդին, ով Փարիզում սովորում էր Անրի Մատիսի մոտ: Գրյունևալդը համոզել է Հյերտենին, որ նրա կոչումը նկարչուհի լինելն է, և 1909 թվականին Հյերտենը ընդունվել է Մատիսի ակադեմիա: Այդ ժամանակ ասում էին, որ նա դարձել էր Մատիսի ամենասիրելի աշակերտուհիներից մեկը, նրա գույնի նուրբ զգացողության շնորհիվ[9]:

1910-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրի Մատիսի մոտ սովորելիս Հյերտենը զարմանում էր, թե ինչպես են նա և Պոլ Սեզանը վերաբերվում գույներին: Իր նկարներում նա փորձում էր հասնել նույն էֆեկտին՝ օգտագործելով հակապատկեր գունային դաշտեր և պարզեցված ուրվագծեր, որպեսզի պատկերը հնարավորինս արտահայտիչ դառնա: Հյերտենը ձգտում էր գտնել ձևեր և գույներ, որոնք կարող են հույզեր փոխանցել: Նրա աշխատանքներըը ավելի սերտ կապեր ունեն գերմանացի այնպիսի էքսպրեսիոնիստների հետ, ինչպիսիք են Էռնստ Լյուդվիգ Կիրխները, քան ֆրանսիացիների հետ, ովքեր նախընտրում են գծերի նրբագեղ խաղը:

Մեկուկես տարի սովորելուց հետո Հյերտենը վերադառնում է Շվեդիա և 1912 թվականին մասնակցում Ստոկհոլմում կազմակերպված խմբակային ցուցահանդեսին, որն էլ նրա առաջին մասնակցությունն էր, որպես նկարիչ: Հաջորդ տասը տարիների ընթացքում Սինգրիդը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների ինչպես Շվեդիայում, այնպես էլ արտերկրում, մասնավորապես 1915 թվականին Բեռլինում, որտեղ լավ ընդունելության է արժանացել: Սիգրիդ Հյերտենը երկու այլ նկարիչների հետ միասին 1918 թվականին Ստոկհոլմի Լիլևալս պատկերասրահում մասնակցել է նաև էքսպրեսիոնիստական Expressionist Exhibition ցուցահանդեսին: Այնուամենայնիվ, ժամանակի քննադատները ոգևորված չէին նրա արվեստով:

Հյերտենի աշխատանքներում առանձնացվում են զարգացման մի քանի փուլեր: Մատիսի ազդեցությունը հիմնականում սահմանափակվում է 1910-ական թվականներով: Այս տասնամյակի ընթացքում Հյերտենը ստեղծել է ինտերիերի և պատուհանից տեսարանների բազմաթիվ նկարներ, նախ Կորնհամնստորգ հրապարակի տանից, այնուհետև Կատարինավեգեն փողոցում գտնվող տանից: Նրա ամուսինը՝ Իսահակ Գրյունևալդը, որդին՝ Իվանը, ինչպես նաև Սիգրիդը, նկարներում հաճախ դառնում էին բախումների մասնակիցներ: Այդ ժամանակ Հյերտենը ծանոթացավ շիզոֆրենիայով տառապող Էռնստ Յուսեֆսոնի հետ: Նրա ստեղծագործությունները որոշակի ազդեցություն ունեցան Հյերտենի վրա:

Ateljéinterior[խմբագրել | խմբագրել կոդը]

Ateljéinteriör-ը («Նկարիչների արվեստանոց» 1916) ցույց է տալիս, թե որքան վճռական է եղել Հյերտենը իր ժամանակի համար: Նկարում նա պատկերված է որպես նկարչուհի, կին և մայր, տարբեր անհատականություններ տարբեր աշխարհներում: Հյերտենը նստած է բազմոցին, երկու նկարիչների իր ամուսնու ՝ Իսահակ Գրյունևալդի և, հավանաբար, Էյնար Իոլինի միջև, ովքեր նրա գլխավերևում խոսում են միմյանց հետ: Հյերտենի մեծ կապույտ աչքերը նայում են հեռուն: Առաջին պլանում պատկերված է սևազգեստ մի կին, ով հենված է մի տղամարդու, հավանաբար նկարիչ Նիլս ֆոն Դարդելի վրա: Որդին՝ Իվանը, վեր է բարձրանում աջ անկյունում: Ետին պլանում կարելի է տեսնել Հյերտենի նկարներից մեկը` Zigenarkvinna-ը («Գնչուհին»): Ateljéinteriör-ը և Den röda rullgardinen-ը («Կարմիր վարագույրը», 1916) մարտահրավեր արտահայտող նկարներ են, որոնք վերջին տարիներին առաջ են բերում նոր մեկնաբանություններ` հիմք ընդունելով ժամանակակից գենդերային քաղաքականության ուսումնասիրությունները, որոնք բացահայտում են նկարչի անձնական կյանքի նոր կողմերը:

Ateljéinteriör 1916 - Սիգրիդ Հյերտենի ամենանշանավոր գործերից մեկը, Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարան

1920-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-1932 թվականներին Իերտինը իր ընտանիքի հետ բնակվում էր Փարիզում և ճամփորդում ֆրանսիական գյուղերում և իտալական Ռիվիերայում՝ որոնելով բնօրինակներ: Հյերտենի նկարներում հարաբերական ներդաշնակության շրջան էր, և ցուցահանդեսների քանակը պակասեց: Ամուսինը հաճախ այցելում էր Ստոկհոլմ, որտեղ փայլուն կարիերա էր անում: 1920-ականների վերջին Հյերտենն ավելի հաճախ էր տառապում տարբեր հոգեսոմատիկ հիվանդություններով՝ դժգոհելով մենությունից: Ժամանակի ընթացքում նրա աշխատանքներում նկատվում է լարվածության աճ, որը հասավ իր գագաթնակետին և հիվանդությունը պատճառ դարձավ, որ Հյերտենը դադարեցնի նկարչությամբ զբաղվելը: 1920-ականների վերջին, Ֆրանսիայում մենավոր կյանքի ընթացքում նրա նկարներում հայտնվեցին ցուրտ և մուգ երանգներ: Կրկնվող անկյունագծային նրբագծերը նպաստում էին նկարներում լարվածության ավելացմանը: 1930-ական թվականներին ի հայտ եկան նոր մոտիվներ, որոնք բնութագրվում էին մռայլ երանգներով, կուտակվող ամպերով և լքվածության զգացողությամբ:

1930-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին Հյերտենը որոշեց վերադառնալ Ստոկհոլմ, բայց հավաքների ժամանակ կորցրեց գիտակցությունը: Հասնելով Շվեդիա՝ նա ժամանակավորապես տեղավորվեց Բեկոմբերգի հոգեբուժարանում` շիզոֆրենիայի ախտանիշներով: Ժամանակ առ ժամանակ նկարչի վիճակը բարելավվում էր, իսկ հաջորդ երկու տարիներին՝ 1932-1934 թվականներին, նրա ստեղծագործական տաղանդը բացահայտվեց առավելագույն ուժով: Նա աշխատում էր մոլագարի նման՝ փորձելով նկարներում արտահայտել իր գերծանրաբեռնված զգացողությունները: Ամեն օր Հյերտենը մեկ նկար էր նկարում՝ ստեղծելով իր կյանքի գեղարվեստական ժամանակագրությունը, ինչպես նշված է շվեդական «Paletten» ամսագրին տված հարցազրույցում:

Որոշ նկարներ սարսափազդու էին, իսկ մյուսներից ճառագայթում էին ջերմությունն ու ներդաշնակությունը: 1934 թվականին Հյերտենը ընտանիքի հետ ճամփորդում է Եվրոպայի հարավում, որտեղ շարունակում է նկարել: 1935 թվականին, քննադատները, վերջապես, ընդունեցին նրա տաղանդը, երբ Գյոթեբորգում կայացավ Գրյունևալդի հետ համատեղ նրա ցուցահանդեսը: Այնուամենայնիվ, ժամանակակից քննադատների մեծ մասը բացասական և նույնիսկ արհամարհական էին արտահայտվում Հյերտենի նկարների մասին, շատերը գրում էին վիրավորական գրախոսականներ: Նրա նկարները կոչում էին «ապուշություն», «անհեթեթություն», «սարսափազդու» և «խեղման արդյունք»: Միայն 1936 թվականին Հյերտենը հասարակական ճանաչում ստացավ և անհատական ցուցահանդես կազմակերպեց Ստոկհոլմում գտնվող Արքայական թագավորական ակադեմիայում: «1936 թվականին նրա շուրջ 500 աշխատանքները դիտելուց հետո քննադատները միակարծիք էին, ցուցահանդեսը գնահատվեց որպես սեզոնի առավել ուշագրավ միջոցառումներից մեկը, իսկ Սիգրիդ Յորթենը ճանաչվեց, որպես Շվեդիայի ամենահայտնի և յուրօրինակ ժամանակակից նկարիչներից մեկը: Այսպիսով, նա ճանաչում ստացավ, բայց շատ ուշ»: Իսահակ Գրյունևալդը, որը շատ սիրուհիներ ուներ, ամուսնալուծվեց Հյերտենից և կրկին ամուսնացավ: Նա և իր նոր կինը մահացել են 1946 թվականին ավիավթարի հետևանքով:

1930-ականների վերջին Հյերտենը տառապում էր հոգեկան հիվանդության սրացումից, նրան ախտորոշեցին շիզոֆրենիա և տեղավորեցին Բեկոմբերգի հոգեբուժարանում, որտեղ էլ նկարիչն անցկացրեց իր կյանքի մնացած մասը: 1938 թվականից հետո նա սկսեց քիչ նկարել, իսկ 1948 թվականին՝ կատաղության պահին հիվանդանոցի անձնակազմի աշխատակիցների վրա հարձակվելուց հետո, կատարված անհաջող բժշկական միջամտության հետևանքով, նա մահացավ:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիգրիդ Հյերտենի ստեղծած նկարների ընդհանուր քանակը 500-ից ավելին է: Նա թողել է նաև շատ էսքիզներ, ջրաներկ աշխատանքներ և գծանկարներ: Հյերտենը ամբողջ կարիերայի ընթացքում ստիպված էր պայքարել իր ժամանակի նախապաշարմունքների դեմ: Նրա ստեղծագործությունները շատ անհատական էին թվում այն դարաշրջանի համար, որում դրանք ստեղծվել էին, երբ նկարիչների մտքերը զբաղված էին գույնի և ձևի ընտրության հարցերով: Մարդու հանդեպ նրա հետաքրքրությունը հաճախ դրսևորվում էր դրամատիկ, նույնիսկ թատերական կոմպոզիցիայով, մինչդեռ գույնի նկատմամբ նրա մոտեցումները հուզական և տեսական էին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gunnarsson, Annika. Sigrid Hjertén(շվեդ.) // Moderna museet - boken / ed. Cecilia Widenheim et al.. — Stockholm: Moderna museet, 2004. — ISBN 91-7100-724-5.
  • Katarina Borgh Bertorp. Sigrid Hjertén: l'hértière de Matisse du Grand Nord: heir of Matisse from the Far North. — Paris: Centre Culturel Suédois, 1997.
  • Goldman, Anita. I själen alltid ren: Om Sigrid Hjertén. — Stockholm: Natur & Kultur, 1995. — ISBN 91-27-05485-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]