Սիբիրյան կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիբիրական կատու
Տեսակկատվի ցեղատեսակ
ԲնաշխարհՌուսաստան Ռուսաստան

Սիբիրական կատու, կիսաերկար բուրդ ունեցող կատուների ցեղատեսակ։ Սիբիրական կատուն ունի երկար, հաստ և տաք բուրդ, որից խոնավություն չի թափանցում և որը հրաշալի կերպով պաշտպանում է ցրտից։ Լինում է տարբեր գույների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիբիրական կատու
7 շաբաթական Սիբիրական կատու

Սիբիրական կատվին նման կատուների մասին առաջին հիշատակումները եղել են 16-րդ դարում։ Այն ժամանակ նրանց անվանում էին բուխարա։ Նրանց կարելի էր հանդիպել Ռուսական կայսրությունում։

Ճշգրիտ տվյալներ չկան, թե երբ են նրանք հայտնվել Սիբիրում։ Այդ ժամանակ Սիբիրի բնիկները հիմնականում վարում էին քոչվորական կյանք։ Սակայն Սիբիրում կային նաև խոշոր բնակավայրեր, որտեղ նստակյաց կյանք վարող բնակչությունը պահում էր խոշոր եղջերավոր անասուններ, կատուներ, շներ։ Սիբիրի գաղութացման ժամանակ ռուս բնակիչներն իրենց հետ ընտանի կենդանիներ բերեցին, իսկ կրծողների դեմ պայքարելու համար` կատուներ։ Բուխարսկի կատուները Սիբիրում հայտնվեցին առևտրականների հետ միասին, որոնք գալիս էին միջինասիական երկրներից։ Այդ ժամանակ այդ երկրների հետ Սիբիրը գտնվում էր ակտիվ առևտրական կապերի մեջ։ Հնարավոր է, որ անգորական, սիբիրական և պարսկական կատուներն ունեցել են ընդհանուր ասիական արմատներ։ Ռուս առևտրականներն իրենց հերթին ապրանքների հետ միասին տեղափոխել են նաև երկարամազ սիբիրական կատուներին[1]։

Սիբիրական կատուն, որպես ցեղատեսակ, ձևավորվել է Ուրալյան շրջանում։ Եղանակային դաժան պայմանները, շատ ձյունը, ուժեղ ցրտերը և քամիներն ազդել են կատվի մոտ երկար, հաստ բրդի առկայության վրա, որը պաշտպանում է կատվին ցրտից։ Սիբիրական կատուները լայնորեն տարածված են Ռուսաստանի եվրոպական մասի հյուսիսում, երկրի կենտրոնական և արևմտյան հատվածներում։

Տեսակի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիբիրական կատու (էգ)
Սիբիրական կատու (արու)
Մոխրագույն երանգավորմամբ Սիբիրական կատու` պարսկական ֆենոտիպով

Լինում են միջին կամ մեծ չափերի, հրաշալի ֆիզիկական ունակություններով, նրանք շատ փափուկ են։ Սիբիրական կատուները մեծանում են դանդաղ` հասունության հասնելով 5 տարեկանում, էգերն ավելի փոքր են, քան արուները։ Միջին քաշը կազմում է արուների դեպքում 6-9, իսկ էգերի դեպքում` 3,5-7 կգ։

Գլուխը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի ձևը սեղանակերպ է` կլորացված ծայրերով, միջինից մեծ չափերի, ներդաշնակ է մարմնի հետ։ Գլուխն ավելի լայն է գանգի վերին մասում և նեղանում է կլորացված դնչի հատվածում։ Ականջները չափով միջինից մինչև մեծ են, կլոր, փոքր-ինչ թեքված դեպի առաջ։ Ականջի հետևի հատվածում մազերը կարճ են և բարակ։ Ականջների կեսից սկսած մազերը դառնում են ավելի երկար և ծածկում ականջի հիմնական մասը։

Սիբիրական կատուն ունի մեծ աչքեր` գրեթե կլոր։ Աչքերի միջև հեռավորությունն ավելի մեծ է, քան աչքերի երկարությունը։ Աչքի գույնը կապված չէ մազի գույնի հետ։ Դունչը կլոր է։ Գլխի վերին հատվածը գրեթե հարթ է։

Մարմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինն ունի միջին երկարություն, ուժեղ է և մկանոտ։ Ունի տակառանման որովայն։ Այն մեծ քաշ ունենալու տպավորություն է թողնում, սակայն իրականում այն տարիքի հետ անցնում է։ Ոտքերը միջին երկարության են։ Հետևի ոտքերը փոքր-ինչ ավելի երկար են դիմացի ոտքերից։ Թաթերը կլորավուն են և մեծ` մատների միջև աղվամազ ծածկույթով։ Պարանոցը կլորավուն է, ամուր, մկանոտ։ Ոսկորները պինդ են։ Մկանային համակարգն ամուր է, ուժեղ։

Հիպոալերգենություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիբիրական կատուների հիպոալերգեն հատկության մասին մարդկան հայտնի է արդեն 10 տարի։ Չնայած ոչ բավականաչափ գիտական տվյալներին` այս ցեղատեսակի կատու ունեցողները պնդում են, որ Սիբիրական կատուները կարող են ալերգիայով տառապող շատ մարդկանց համար անվնաս լինել։ Քանի որ բոլոր ցեղատեսակների էգ կատուներն ավելի քիչ են Fel d1 արտադրում, քան արու կատուները, ալերգիայով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում պահել էգ կատուների։ 2010 թվականին կատվի թքի և մազերի ավելի քան 300 օրինակներ ուսումնասիրելով` պարզվել է, որ Fel d1-ի քանակությունը թքի մեջ կազմում է 0.08-27 մկգ/մլ, իսկ մորթու մեջ` 5-1300 մկգ։

Հայտնաբերվել է, որ ավելի շատ Fel d1-ի մակարդակ կա արծաթագույն բրդով Սիբիրական կատուների մոտ[2]։

Մորթի` երկարություն, գույն, պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ցեղատեսակի կատուների մոտ մորթու երկարությունը կազմում է միջինից մինչև երկար։ Վզի և կրծքավանդակի ներքևի հատվածի մազերն ավելի հաստ են և կարճ։ Հասուն կենդանիների մոտ առկա են բրդատակի աղվամազեր, որոնք հաստանում են ձմռանը։ Մազերը կարող են լինել մինչև գանգուր, սակայն ալիքաձև մազերը ցեղատեսակը բնութագրող հատկանիշ չեն համարվում։

Գույներից անընդունելի են շոկոլադագույն, մանուշակագույն, դարչնագույն երանգները և դրանց համադրությունները սպիտակի հետ։ Ընդունելի են կատուների համար բոլոր ավանդական գույները` ինչպես սպիտակի համադրությամբ, այնպես էլ առանց սպիտակի։ Սպիտակի յուրաքանչյուր քանակություն ընդունելի է։ Հագեցած գույնը և հստակ պատկերը ցանկալի են, սակայն երկրորդական։

Հայտնի մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատվին կարելի է հանդիպել ռուսական գեղանկարչության մեջ` հարյուրավոր տարիների հնություն ունեցող կտավներում։ Սա նրան առանձնացնում է այն ցեղատեսակներից, որոնք ձևավորվել են սելեկցիայի արդյունքում։

Վոնդա Մակինթայրի Enterprise the First Adventure գրքում Սիբիրական կատուն ներկայացված է որպես Սպոքի զարմիկ Սթիվենի ընտանի կատու։

Սիբիրական կատուն հիշատակվում է ռուսական հեքիաթներում, օրինակ` Ալեքսանդր Աֆանասևի ստեղծագործության մեջ հանդիպում է Կոտոֆեյ Իվանովիչ անունով կատուն։

Սիբիրական կատու է պահում Ռուսաստանի վարչապես Դմիտրի Մեդվեդևը, ինչպես նաև ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը[3]։

2016 թվականին նկարահանված Nine Lives ֆիլմում նկարահանված կատուն նույնպես Սիբիրական ցեղատեսակի է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Лесной кот(ռուս.) // Википедия. — 2017-03-26.
  2. «Siberian Allergen Levels». SiberianResearch.com. Siberian Research Inc. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  3. «Siberian». Cats 101. Season 2. Սերիա 2. նոյեմբերի 14, 2009.