Սթիվեն Քրեյն (գրող)
Սթիվեն Քրեյն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1871[1][2][3][4][5][6][7][8] |
Ծննդավայր | Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Վախճանվել է | հունիսի 5, 1900[1][2][3][4][5][6][7][8] (28 տարեկանում) |
Վախճանի վայր | Բադենվայլեր[9] |
Մասնագիտություն | գրող, լրագրող, բանաստեղծ, բեյսբոլիստ, վիպասան և սցենարիստ |
Լեզու | անգլերեն[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Սիրաքյուսի համալսարան և Claverack College? |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | The Red Badge of Courage? |
Զավակներ | Cheryl Crane? |
Stephen Crane Վիքիպահեստում |
Սթիվեն Քրեյն (անգլ.՝ Stephen Crane, նոյեմբերի 1, 1871[1][2][3][4][5][6][7][8], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ - հունիսի 5, 1900[1][2][3][4][5][6][7][8], Բադենվայլեր[9]), ամերիկացի բանաստեղծ, արձակագիր, լրագրող, իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ, ամերիկյան պոեզիայում վերլիբրի հիմնադիր: Մեծ ազդեցություն է գործել անգլիալեզու մշակույթի վրա:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրեյնը ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում: Հայրը, որ մեթոդիստ քահանա էր, մահացավ, երբ տղան 10 տարեկան էր: 1888 թվականին ավարտելով դպրոցը՝ Սթիվենը ուսումը շարունակեց Լաֆայետ քոլեջում, այնուհետև՝ Սիրակուզ քաղաքի համալսարանում: Պատանության տարիներին նա զբաղվում էր լրագրողական աշխատանքով, բեյսբոլ էր խաղացում: Գրել սկսել է 15 տարեկանից:
1891 թվականին Սթիվենը զրկվեց նաև մորից: Նա տեղափոխվեց Նյու Յորք, սենյակ վարձեց մի աղքատ թաղամասում, աշխատանքի ընդունվեց թերթերից մեկի խմբագրությունում որպես լրագրող: Ակնարկագրի նրա վարպետությունը շատ շուտով նկատեցին բոլորը: Նա ձեռնամուխ եղավ իր առաջին մեծ գործի ստեղծմանը: Դա վիպակ էր նյույորքյան կահավորված սենյակների կենվորների կյանքի մասին: Քրեյնի «Փողոցային աղջիկ Մեգգին» գիրքը պատմում էր մի երիտասարդ բանվորուհու մասին, որին իր մտերիմների սառցե անտարբերությունը հասցնում է մարմնավաճառության: Հրատարակիչներից բազմապատիկ մերժում ստանալով՝ Քրեյնը վիպակը տպագրեց իր սեփական միջոցներով, Ջոնսթոն Սմիթ կեղծանունով: Գիրքն այնքան էլ լավ չէր վաճառվում, բայց լավն այն էր, որ հավանության էր արժանացել ազդեցիկ գրողներ Հեմլին Գարլանդի և Ուիլյամ Դին Հոուելսի կողմից: Վերջինս իր գրախոսության մեջ շեշտեց, որ ուրիշ ոչ մի գրողի դեռևս չի հաջողվել այդքան տպավորիչ պատկերել կարիքի ճակատագրական զորությունը: Գրքի մասին լույս տեսան բազմաթիվ այլ գրախոսություններ ևս, մեծ հետաքրքրություն առաջացավ՝ նպաստելով հեղինակի համբավի տարածմանը: Նրա նոր ծանոթների մեջ էին ճանաչված այնպիսի գրողներ, ինչպիսիք են Մարկ Տվենը, Ֆրեսիս Բրեթ Հարտը... Այդ նույն ժամանակաշրջանում Քրեյնը, ոգեշնչված Էմիլի Դիքինսոնի ստեղծագործություններով, որոնց նոր-նոր էր ծանոթացել, սկսում է բանաստեղծություններ գրել: «Սև հեծյալները և այլ տողեր» ժողովածուում ի մի բերված նրա բանաստեղծությունները պոետի թափառումների, փիլիսոփայական ու կրոնական թեմաներով նրա խորհրդածությունների մասին են: Ուոլտ Ուիթմենից հետո երկրորդը լինելով՝ Քրեյնը կիրառում է ազատ ոտանավորի՝ վերլիբրի տեխնիկան՝ յուրովի մի նոր շունչ հաղորդելով դրան: Այս առումով հարկ է նշել, որ ոճի տեսակետից Քրեյնն ու Ուիթմենը հակոտնյաներ են: Քրեյնի բանաստեղծություններին բնորոշ են լակոնիզմը, աֆորիզմային դիպուկությունը, դառը հեգնանքը, զուսպ զգացմունքայնությունը:
Բանաստեղծություններից բացի, Քրեյնը այդ նույն ժամանակաշրջանում գրում է իրեն համաշխարհային հռչակ պարգևած «Խիզախության ալ նշանը» վեպը, որն առ այսօր համարվում է ԱՄՆ քաղաքացիական պատերազմի մասին գրված լավագույն վեպը: Այս ստեղծագործության՝ 1894 թվականին լույս տեսած ամսագրային տարբերակը արժանացավ ընթերցողների ջերմագին, հիացական ընդունելությանը, իսկ գրքային տարբերակը, որը հրատարակվեց 1895 թվականին, հռչակի հետ մեկտեղ զգալի ֆինանսական միջոցներ բերեց նրան: Այդ նույն տարում Քրեյնը մեկնեց ԱՄՆ արևմտյան նահանգներով և Մեքսիկայով ճամփորդության, որի արդյունքում ստեղծեց լրագրային ակնարկների մի ամբողջ շարք, ինչպես նաև՝ բարձրարժեք այնպիսի պատմվածքներ, ինչպիսիք են «Կապույտ հյուրանոցը», «Թե ինչպես հարսնացուն Ելլո Սքայ եկավ»-ը: Մեկ տարի անց հրատարակեց իր «Մեգգի» վիպակի երկրորդ տարբերակը՝ մասնակիորեն չափավորելով բարոյախոսական հրայրքը և մեղմացնելով երկախոսությունները: 1896 թվականի վերջին Քրեյնը մեկնեց Կուբա: 1897 թ. հունվարի 2-ին այն նավը, որով նա ճամփորդում էր, ջրասուզվեց, և Քրեյնը հրաշքով կարողացավ ափ հասնել: Հետագայում այս պատմությունը իր արտացոլումը գտավ «Մակույկը բաց ծովում» պատմվածքում: Այդ նույն տարում լույս տեսան «Ջորջի մայրը» և «Երրորդ մանուշակը» վեպերը, որոնցից առաջինը անառակաբարո զավակի և կրոնավախ մոր հարաբերությունների աստիճանական խզման իրապաշտական պատմությունն է, իսկ երկրորդում ռոմանտիկ գույներով պատկերված են նյույորքցի նկարիչ զույգի սիրային զգացմունքները: Այս վեպերին հաջորդեց պատմվածքների «Փոքրիկ զորագունդը» ժողովածուն:
1897 թվականին Քրեյնը մեկնում է թուրքա-հունական պատերազմի դաշտ, որտեղից ռեպորտաժներ էր ուղարկում ամերիկյան մի շարք թերթերի: Երբ ռազմական գործողություններն ավարտվեցին, նա մեկնեց Անգլիա և բնակություն հաստատեց այնտեղ: Նրա նոր մտերիմների թվում էին գրողներ Հենրի Ջեյմսը, Ջոզեֆ Քոնրադը, Հերբերթ Ուելսը: 1898 թվականին լույս տեսավ Քրեյնի ,,Մակույկը բաց ծովում» և արկածային այլ պատմվածքներ,, գիրքը, իսկ հաջորդ տարում՝ բանաստեղծությունների «Բարի պատերազմ» ժողովածուն, որտեղ ներառված իմպրեսիոնիստական ճեպանկարներով ու փիլիսոփայական բանաստեծություններով նա, իր իսկ բնորոշմամբ, պատերազմ է հայտարարում պատերազմին:
Գրողի կյանքի վերջին տարիները մռայլվեցին թոքախտի պատճառով; Բայց նա հարկադրված էր, անտեսելով հիվանդությունը, լարված աշխատել, քանի որ մեծ պարտքեր ուներ, և պարտատերերը հանգիստ չէին տալիս նրան: Իրար ետևից լույս տեսան «Ակտիվ ծառայության մեջ» վեպը, հոգեբանական պատմվածքների երեք ժողովածուներ՝ «Հրեշը» և այլ պատմվածքներ,,, «Վերքեր անձրևի տակ», «Ուիլոմվիլյան պատմություններ»: 1900 թվականին Քրեյնն այլևս ի վիճակի չէր գրելու և հիմնականում թելադրում էր իր վերջին պատմվածքները և «Օ՛Ռուդի» վեպը, որը նրա մահից հետո ավարտի հասցրեց Ռ. Բարրը:
Քրեյնը մահացավ 1900 թվականի հունիսի 5-ին գերմանական Բադենվայլեր կուրորտային քաղաքում, որտեղ տարիներ անց այդ նույն հիվանդության պատճաեով իր մահկանացուն կնքեց մեկ այլ նշանավոր գրող ևս՝ Անտոն Չեխովը: Ապրելով ընդամենը ոչ լրիվ 29 տարի, ստեղծագործելով մեկուկես տասնամյակից էլ կարճ մի ժամանակահատվածում՝ մեծատաղանդ գրողը իր և հետագա սերունդներին հանձնեց բարձրարժեք երկերով հագեցած, գրական հարուստ ժառանգություն, որն ամփոփվում է տասներկու հատորներում:
Սթիվեն Քրեյնի գրական ժառանգության ճակատագիրը կարելի է քիչ թե շատ բարեհաջող համարել: Նրա ստեղծագործությունները այսօր էլ մեծ ժողովրդականություն են վայելում, հրատարակվում բազմամիլիոնանոց տպաքանակներով, թարգմանվում աշխարհի շատ ու շատ ժողովուրդների լեզուներով: Ամենից հաճախ և առավել մեծ տպաքանակներով հրատարակվում է ,,Խիզախության ալ նշանը,, վեպը: Բայց Քրեյնը եղել և մնում է նաև կարճ պատմվածքի անգերազանցելի վարպետ, ումից դասեր են քաղել Հեմինգուեյը, Ֆոլքները, Դրայզերը: Քրեյնի ,,Մակույկը բաց ծովում,, և ,,Կապույտ հյուրանոցը,, պատմվածքները ընդգրկված են բոլոր ժամանակների ամերիկյան լավագույն պատմվածքների ցանկում: Իսկ որպես բանաստեղծ նա իր նորարական շնչով ու ոգով ասես նախանշել է անգլիալեզու պոեզիայի զարգացման ուղին առնվազն մի ամբողջ հարյուրամյակի համար: Իրենց ստեղծագործության վրա նրա ազդեցությունը խոստովանել են Կարլ Սանդբերգը, Ուիլյամ Կարլոս Ուիլյամսը, Թոմաս Սթերնս Էլիոթը: Անվանի բանաստեղծ Ջոն Բերիմանը լույս է ընծայել Սթիվեն Քրեյնի կյանքի պատմությունն ամփոփող իր գիրքը:
![]() |
Քրեյնը, անկասկած, մեր սերնդի լավագույն գրողն է: - Հերբերթ Ուելս
|
![]() |
Սթիվեն Քրեյնի ստեղծագործություններից «Մակույկը բաց ծովում» և «Չշրջած դեմքը» պատմվածքները հայերեն թարգմանությամբ լույս են տեսել 1989 թվականին Երևանի պետական համալսարանի հրատարակչության կողմից տպագրված «19-րդ դարի ամերիկյան պատմվածք» ժողովածուում (այստեղ «Մակույկը բաց ծովում» պատմվածքը ներկայացված է «Փոքրիկ առագաստանավը» վերնագրով):
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Crane, Stephen. 1972. The Complete Poems of Stephen Crane. Ed. Joseph Katz. Ithaca: Cornell University Press. 0-8014-9130-4.
- Crane, Stephen. 1993. The Open Boat and Other Stories. New York: Courier Dover Publications. 0-486-27547-7.
- Crane, Stephen. 1895. The Red Badge of Courage. New York: D. Appleton & Company.
- Bassan, Maurice. 1967. "Introduction". Stephen Crane: A Collection of Critical Essays. Englewood Cliffs, N.J.: Prentice-Hall, Inc.
- Beer, Thomas. 1926. Stephen Crane (New York: Knopf)
- Beer, Thomas. 1972. Stephen Crane: A Study in American Letters. New York: Knopf. 0-374-90519-3.
- Benfey, Christopher. 1992. The Double Life of Stephen Crane. New York: Knopf. 0-394-56864-8.
- Bergon, Frank. 1975. Stephen Crane's Artistry. New York: Columbia University Press. 0-231-03905-0.
- Berryman, John. 1962. Stephen Crane. New York: Meridian.
- Bloom, Harold. 1996. Stephen Crane's The Red Badge of Courage. New York: Chelsea House Publishers. 978-0-585-25371-8.
- Bloom, Harold. 2002. Stephen Crane. New York: Chelsea House Publishers. 0-7910-6345-3.
- Cavitch, Max. 2008. "Stephen Crane's Refrain." ESQ, Vol. 54. 33-53.
- Cazemajou, Jean. 1969. Stephen Crane. Minneapolis: University of Minnesota Press. 0-8166-0526-2.
- Conrad, Joseph. 1967. "His War Book". Stephen Crane: A Collection of Critical Essays. Ed. Maurice Bassan. Englewood Cliffs, N.J.: Prentice-Hall, Inc.
- Davis, Linda H. 1998. Badge of Courage: The Life of Stephen Crane. New York: Mifflin. 0-89919-934-8.
- Delbanco, Nicholas. The Art of Youth: Crane, Carrington, Gershwin and the Nature of First Acts. New York: Houghton 2013
- Gibson, Donald B. 1988. The Red Badge of Courage: Redefining the Hero. Boston: Twayne Publishers. 0-8057-7961-2.
- Gibson, Donald B. 1968. The Fiction of Stephen Crane. Carbondale: Southern Illinois University Press.
- Gullason, Thomas A. 1961. "Thematic Patterns in Stephen Crane's Early Novels". Nineteenth-Century Fiction, Vol. 16, No. 1. Berkeley: University of California Press.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 International Music Score Library Project — 2006.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Babelio
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 BD Gest'
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 9,0 9,1 9,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118522620 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Каменные сны Стивена Крейна
- Стихи Стивена Крейна в переводе Анатолия Кудрявицкого На сайте переводчика.
- Биографический очерк о Стивене Крейне
- Экранизации Стивена Крейна на сайте imdb.com
- Stephen Crane's collected journalism at The Archive of American Journalism
- The Stephen Crane Society
- The Red Badge of Courage Site
- Stephen Craneի գործերը «Գուտենբերգ» նախագծում
- "Syracuse and a Civil War Masterpiece," by Rick Burton
- SS Commodore Wreck Site
- Սթիվեն Քրեյն Internet Movie Database կայքում
|