Սերունդների հաջորդականություն
Սերունդների հաջորդականություն, օրգանիզմների բազմացման եղանակով տարբերվող սերունդների օրինաչափ հերթափոխությունը։ Կենդանական աշխարհում տարբերում են առաջնային և երկրորդային սերունդների հաջորդականություն։ Առաջնային սերունդների հաջորդականությունը (հատուկ է բազմաթիվ նախակենդանիների) սեռական սերնդի հերթափոխությունն է ոչ սեռական բջիջներով բազմացող սերնդով։ Օրինակ, ֆորամինիֆէրների հերթագայող սերունդները ներկայացված են սեռական և անսեռ անհատներով՝ գամոնտներով և ագամոնտներով։ Գամոնտները կորիզի բազմակի բաժանման հետևանքով առաջացնում են գամնաներ, որոնք զույգ-զույգ զուգավորվելով առաջացնում են զիգոտ։ Վերջինս վերաճում է ագամոնայի և շիզոգոնիայի հետևանքով սկիզբ դնում ագամետների՝ ապագա ագամոնտների։ Մեյոզը տեղի է ունենում ագամետների առաջացումից առաջ, այդ պատճառով սեռական սերունդը հապլոիդ է, զիգոտը և ագամոնտները՝ դիպլոիդ։ Երկրորդային սերունդների հաջորդականությունը հանդիպում է երկու ձևով։ Սեռական բազմացման տարբեր ձևերի հերթափոխությունը, օրինակ, բնականոն սեռական պրոցեսը կուսածնությամբ, կոչվում է հետերոգոնիա (հատուկ է տրեմատոդներին՝ որոշ կլոր որդերի, անվակիրների և հոդվածոտանիների), իսկ սեռական բազմացման հերթագայումը անսեռ բազմացմամբ, բազմաբջիջ վեգետատիվ մարմինների կամ լայնակի կիսման միջոցով, մետագենեզ (հատուկ է թաղանթավորներին և սցիֆոիդհիդրոիդ աղեխորշավորներին, որոնց սեռական սերունդը ազատ լողացող մեդուզաներ են, իսկ անսեռը՝ հաճախ գաղութներ առաջացնող նստակյաց պոլիպներ)։
Բուսական աշխարհում սերունդների հաջորդականություն ասելով սովորաբար հասկանում են զարգացման ցիկլերում դիպլոիդ և հապլոիդ փուլերի հերթագայումը։ Տիպիկ սերունդների հաջորդականությունը հատուկ է այն բույսերին, որոնց՝ դիպլոիդ, և՝ հապլոիդ փուլերը բազմաբջիջ են։ Առաջինից (անսեռ սերունդ կամ սպորոֆիտ) գոյանում են սպորանգիումները, որտեղ մեյոզի հետևանքով առաջանում են սպորներ, իսկ երկրորդից (սեռական սերունդ կամ գամետոֆիտ)՝ գամետանիումներ, որտեղ առանց ռեդուկցիոն բաժանման առաջանում են գամետներ։ Սպորոֆիտը զարգանում է զիգոտից, իսկ գամետոֆիտը՝ սպորներից։ Որոշ բույսերի (ուլվա, դիկտիոտ ջրիմուռներ) սպորոֆիտը և գամետոֆիտը միանման են զարգացած, մյուսների մոտ գերակշռում է գամետոֆիտը (որոշ գորշ ջրիմուռեր, մամռանմաններ) կամ սպորոֆիտը (լամինարիաներ, պտերանմաններ, սերքնավոր բույսեր)։ Օրինակ, մամռանմանների սպորոֆիտը աճում է գամետոֆիտի վրա, պտերանմանների գամետոֆիտն ապրում է ինքնուրույն, իսկ սերմնավոր բույսերինը զարգանում է սպորոֆիտի վրա։ Բազմաթիվ կանաչ, հնարավոր է նաև որոշ կարմիր ջրիմուռների միայն զիգոտն է դիպլոիդ, իսկ սիֆոնային, դիատոմային և որոշ գորշ ջրիմուռների (ինչպես նաև կենդանիների հսկայական մեծամասնությունը) միայն գամետներն են հապլոիդ։ Այս օրգանիզմներին, չնայած կորիզի փուլերի հերթափոխությանը, փաստորեն հատուկ չէ սերունդների հաջորդականությանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 345)։ |