Սերժ Սյունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերժ Սյունի
Ծնվել էօգոստոսի 14, 1930(1930-08-14) (93 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար

Սերժ Լևի Սյունի (անգլ.՝ Serj Syuni (Suni), օգոստոսի 14, 1930(1930-08-14), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ դաշնակահար, կոմպոզիտոր։

Լև Տեր-Օգանովի որդին է, կոմպոզիտոր, խմբավար Գրիգոր Սյունու թոռը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերժ Սյունին ծնվել է 1930 թվականի օգոստոսի 14-ին Նյու Յորքում, երաժիշտ-մանկավարժ Լև Տեր-Օգանովի և Սեդա Սյունու ընտանիքում[1]։ Որպես դաշնակահար՝ մենահամերգով հանդես է եկել 17 տարեկանում Նյու Յորքում, ապա՝ ԱՄՆ-ի այլ քաղաքներում։ 1954-1960 թվականներին սովորել է Ջուլիարդի երաժշտական բարձրագույն դպրոցում։ 1960 թվականին վարել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացումը (Նյու Յորք, տեղի հայ առաջնորդարանի նախաձեռնությամբ)։

Համերգային ծրագրում ընդգրկված են եղել Յոհան Սեբաստիան Բախի մի մինոր տոկկատը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սոլ մաժոր, Լյուդվիգ վան Բեթհովենի 21-րդ դո մաժոր, Սերգեյ Պրոկոֆևի 3-րդ, Պաուլ Հինդեմիթի սոնատները, Ֆերենց Լիստի «Պետրարկայի սոնետները», «Մեֆիստո վալսը», Կլոդ Դեբյուսիի պրելյուդներից, Ֆրեդերիկ Շոպենի պոլոնեզներից, վալսերից և այլ գործեր։

Հեղինակել է դաշնամուրային պիեսներ, երգեր, խմբերգեր։ Նրա դաշնամուրի տոկկատն ատոնալ երաժշտության նմուշ է՝ այդ ժանրին համապատասխան ռիթմական հստակ և զորեղ կառուցվածքով, որտեղ նկատելի է հայկական շունչը։

Դասավանդել է Նյու Յորքի երաժշտական քոլեջում։ Եղել է Լոնգ Այլենդի կոմպոզիտորների միության անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։