Սերգեյ Օկոև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Օկոև
Ծնվել էմայիսի 3, 1957(1957-05-03) (66 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի
ՔաղաքացիությունՎրաստան Վրաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ-էնդոկրինոլոգ, մանրանկարիչ
ԾնողներԳրիգորի Օկոև, Մերի Աբովյան

Օկոև Սերգեյ Գրիգորիի (մայիսի 3, 1957(1957-05-03), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ-էնդոկրինոլոգ, մանրանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Օկոևը ծնվել է Թբիլիսիում, բժիշկ Օկոևների ընտանիքում։ Հայրը՝ Գրիգորի Օկոևը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը[1]։

1973-79 թթ․ Սերգեյ Օկոևը սովորել է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ ստանալով վիրաբույժի որակավորում։ 1985 թվականին ավարտել է կլինիկական օրդինատուրան էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ։ Օկոևը զբաղվում է պրոֆեսիոնալ մանրանկարչությամբ և երկու տասնամյակից ավել համատեղում է բժշկությունը մանրանկարչության հետ։ Նկարում է մագաղաթի, փայտի, կիսաթանկարժեք քարերի, մետաղի, ապակու և այլ նյութերի վրա, օգտագործում է հայկական բնական ներկեր, այդ թվում և որդան կարմիր։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականից զբաղվում է կիրառական և դեկորատիվ արվեստով՝ մանրանկարչական տարբեր ժանրերը, այդ թվում զարդանախշ, մանրանկար, դիմանկար համադրելով փայտի, մետաղի, քարի հետ։ Այս շրջանում Օկոևը ստեղծել է հարյուրից ավել արվեստի գործեր, այդ թվում փայտե հավկիթը «Հայկական այբուբեն»-ի և 12 հայ մեծ արվեստագետների դիմանկարների վերարտադրությամբ, «Աքիլեսի հաղթանակը Հեկտորի դեմ» փայտե սամշիթե զարդատուփը, «Լավաշ թխողները» զարդատուփը օբսիդիանից և այլ գործեր։

Երկրորդ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Օկոև

Իր ստեղծագործական գործունեության երկրորդ փուլում Օկոևը սկսել է աշխատել մագաղաթի վրա՝ կիրառելով նրբաթերթ ոսկի և բնական ներկեր՝ պատրաստված միջնադարյան բաղադրատոմսերով։ Նա հավասար վարպությամբ ստեղծում է մանրանկար պատկերներ և կատարում կալիգրաֆիկ աշխատանքներ։ Իր պատկերազարդումներում Օկոևը հարազատ է մնացել մանրանկարչության դասական ավանդույթներին, որոնք հաջողությամբ համադրում է ժամանակակից թեմատիկայի և լուծումների հետ։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 Երևանի Մատենադարանում, 15-րդ դարի ֆրանսիական գլուխգործոց «Դուքս Դե Բերիի ժամագիրքը» ձեռագրի եզակի կրկնօրինակի բացառիկ ցուցադրում, ինչպես նաև «Իմ Հայաստան» և «Հիշողություն Ֆրանսիայի մասին» շարքի մանրանկարների ցուցադրություն (Երևան)։
  • 2005 «Ակադեմիա» պատկերասրահ (Երևան)։
  • 1992-1998 «Մկրտչյան» պատկերասրահ[2], մշտական ցուցադրություն (Երևան)։
  • 1990-1998 աշխատանքների ցուցադրություն ՆյուՅորքում, Լոս Անջելեսում, Դելիում։
  • 2008 «Դուքս Դե Բերիի» ժամագրքի 412 էջից կազմված ձեռագրի կրկնօրինակով մասնակցել է «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ 2008»-ի մրցանակաբաշխությանը արվեստի ոլորտում։

Օկոևի աշխատանքները տեղ են գտել բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Դուքս Դե Բերիի ժամագիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2009 թթ.-ին Երևանի Մատենադարանում տեղի է ունեցել Սերգեյ Օկոևի անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել է նկարչի կողմից վերարտադրված ֆրանսիական միջնադարյան ձեռագրության կոթող՝ «Դուքս Դե Բերիի ժամագիրքը»[3] ձեռագրի նույնքան շքեղ կրկնօրինակը (ֆր.՝ Les Tres Riches Heures du duc de Berry) Ժամագիրքը համարվում է ֆրանսիական մանրանկարչության գլուխգործոցն ու համաշխարհային պատմության ընթացքում ստեղծված ձեռագրերի թագավորը[4], որն իր գեղարվեստական և պատմամշակութային արժեքով համեմատելի է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» գեղանկարի հետ[5]։

Ժամագիրքը, որ ստեղծվել է 80 տարվա ընթացքում (15-րդ դար), պահպանվում է Փարիզից դեպի հյուսիս շուրջ 60 կմ հեռավորության վրա գտնվող Շանտիլյե թանգարան-ամրոցում և ներառում է 65 մեծ և 64 փոքր մանրանկար, 1000-ից ավելի զարդանախշ, և գոթական տառերով կատարված կալիգրաֆիա։ Ժամագրքի վրա աշխատել է 5 նկարիչ Ժան, Պոլ, Հերման Լիմբուրգ եղբայրները, Բարտելեմյու դ’Էյք։ Այս աշխատանքը Սերգեյ Օկոևը կատարել է 8 տարվա ընթացքում։

Ժամագրքի այս եզակի վերարտադրությունը բարձր գնահատականի է արժանացել թե' հայազգի և թե' այլազգի մասնագետների կողմից (այդ թվում Կանադայից, Բելգիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ–ից, ինչպես նաև Լուվրի փորձագետների կողմից)։

...շքեղ ժամագրքի նկարազարդ էջերի կրկնօրինակը` կատարված Սերգեյ Օկոյևի կողմից` զարմանք և հիացմունք են հարուցոմ։ Դրանք դարձան Մատենադարանի բացառիկ ցուցադրություններից մեկը` վկայելով հեղինակի գեղարվեստական բարձր ճաշակի, բացառիկ նվիրումի և վարպետության մասին։ Հուսով ենք, որ տաղանդավոր արվեստագետը կխիզախի կրկնօրինակել մաշտոցյան Մատենադարանի հայերեն ձեռագրաֆոնդի գանձերից մեկը, որը նմանօրինակ բացառիկ ցուցադրության առիթ կհանդիսանա։
- Հրաչ Թամրազյան, Մատենադարանի տնօրեն

Աշխատանքներ ու հեղինակային գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փայտե հավկիթ, զարդանախշ պատվանդանի վրա, լաքապատ մանրանկարչությամբ։ Դիմացից ներկայացնում է Գրիգոր Խանջյանի «Հայկական այբուբեն» կտավից մի հատված, իսկ ետևի մասում «Հայ 12 մեծերը» դիմանկարներն են։ Հարթ մակերեսի վրա արված բնօրինակի փոքրացված չափերով վերարտադրությունը (30 սմ բարձրությամբ, 18 սմ տրամագծով), օվալաձև մակերեսի վրա պատկերվել է այնպես, որ տարբեր անկյուններից պահպանվել է նկարի համամասնությունը։ Աշխատանքը համադրում է մանրանկարչության երեք տարբեր ժանրեր՝ մանրանկար, դիմանկար և զարդանախշեր։
  • «Ղարաբաղի կանայք», մանրանկարչություն մագաղաթի վրա. ջրաներկ, ակրիլ (10 x 15 սմ, հեղինակային աշխատանք)։
  • «Լավաշ թխողները», օբսիդիանից զարդատուփ(3 x 8.5 x 4.5 սմ, հեղինակային աշխատանք)։ Օգտագործվել է կիրառական և դեկորատիվ արվեստում կիսաթանկարժեք քարի մակերևույթի վրա ներկի նստեցման բացառիկ տեխնոլոգիա։
  • «Աքիլեսի հաղթանակը Հեկտորի դեմ», փայտյա սամշիթե զարդատուփ, (19 x 9.5 x 7 սմ)։
  • Ծիրանափող «Դուդուկ», ծիրանի փայտ, մանրանկարչություն սադաֆի իմիտացիայի բացառիկ տեխնոլոգիայով, 41 սմ երկարությամբ։
  • Փայտե դեկորատիվ գդալներ, նկարազարդված հայկական ազգային տարազներով, կենցաղային պատկերներով, զարդանախշերով (25 սմ երկարությամբ, հեղինակային աշխատանք)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ինստիտուտը ներկայումս գլխավորում է Ս․Օկոևի ավագ եղբայրը` դոկտոր-պրոֆեսոր Գեորգի Օկոևը(չաշխատող հղում)
  2. «Մկրտչյան պատկերասրահ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  3. Ժամագիրքը առցանց
  4. Восхитительный шедевр из глубины веков Արխիվացված 2013-05-01 Wayback Machine (ռուս.)
  5. Ֆրանսիայի ամրոցները(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]