Սերգեյ Սոլոմկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Սոլոմկո
Ծնվել էօգոստոսի 10 (22), 1867
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 2, 1928(1928-02-02) (60 տարեկան)
Մահվան վայրՍենտ Ժենևիև դը Բուա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ, նկարազարդող, հագուստ ձևագծող և գծանկարիչ
Թեմաներգեղանկարչություն[1], Russian painting?[1], ջրաներկ[1], իլյուստրացիա[1] և theatrical costume?[1]
 Sergey Solomko Վիքիպահեստում

Սերգեյ Սոլոմկո (օգոստոսի 10 (22), 1867, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 2, 1928(1928-02-02), Սենտ Ժենևիև դը Բուա), ռուս նկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ։

Կյանքի և գործունեության վաղ շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանդիպում»

Սերգեյ Սոլոմկոն ծնվել է 1867 թվականի օգոստոսի 10 (22)-ին Սանկտ Պետերբուրգում։ Սերում էր Չերնիգովյան շրջանի ազնվական ընտանիքից։ Հայրը նույնպես կոչվում էր Սերգեյ Սոլոմկո (1835—1897), ով գնդապետ էր և ծառայում էր Մեծ իշխան Կոստանդին Նիկոլաևիչին ու Օլգա Զանադվորովայային։ Նկարչի մանկությունն անցել է Կոստանդինյան պալատում, որ գտնվում է Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու, Ստրելնա գյուղում։ Ավարտել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանը (1883–1887), իսկ 1887-88 թվականներին ազատ ունկնդիր է եղել Սանկտ Պետերբուրգի Գեղանկարչության Կայսերական ակադեմիայում։ 1880-ական թվականներից սկսում է մասնակցել կերպարվեստին նվիրված մի շարք ամսագրերի պատրաստման աշխատանքներին՝ որպես նկարիչ։ Նրա այդ շրջանի առաջին հանրահայտ աշխատանքները հրապարակվեցին 1888 թվականին «Север» (Հյուսիս) ամսագրում։ Միաժամանակ աշխատակցում էր նաև «Нива» (Նիվա) և «Արվեստի աշխարհ» ամսագրերին։ Պատկերազարդել է նաև Ա.Ս. Սուվորինի հրատարակությամբ լույս տեսած Պուշկինի («Քարե հյուրը» (1895), «Ջրահեղձը» (1895), «Հեքիաթ Սալթան արքայի մասին» (1896), «Բախչիսարայի շատրվանը» (1897)), Չեխովի «Կաշտանկա» (1892), Գոգոլի «Մեռած հոգիներ» և այլ ստեղծագործություններ։ Սերգեյ Սոլոմկոն նկարներ էր ստեղծում նաև թատերական զանազան ներկայացումների ժամանակ բեմը զարդարելու համար։ Ստեղծել է նաև գեղեցիկ բացիկներ՝ հին ռուսական ավանդազրույցների թեմաներով։ 1900-ական թվականներին նրա հռչակը հասավ գագաթնակետին և մեծացավ նրա աշխատանքների պահանջարկը։ Դրան նպաստեցին ոչ միայն պատմական թեմաներով նկարները (ջրաներկով) և գրքերի պատկերազարդումները, այլև ոսկերչական աշխատանքների ու հագուստների համար կատարած պատկերները։ Սոլոմկոն նաև մոդելներ կազմեց Ճենապակու Կայսերական գործարանի համար։ 1903 թվականին նա հին ռուսական տարազների էսքիզներ գծեց՝ Ձմեռային պալատում անցկացվելիք պարահանդեսի համար։

Գործունեությունը Ֆրանսիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը ներկայացնող պատկեր՝ Առաջին աշխարհամարտում տառապած ժողովուրդներին նվիրված «Նահատակված Ազգեր» փոստային բացիկների շարքից:

1910 թվականից մշտական բնակության տեղափոխվեց Փարիզ, սակայն Ֆրանսիայում էլ ապրելով շարունակեց մեծապես մասնակցել Ռուսաստանի մշակութային կյանքին՝ հաճախակի մասնակցելով ցուցահանդեսների։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Փարիզում տեղի ունեցավ հաշտության միջազգային կոնֆերանս, որը տևեց 1919 թվականի հունվարից մինչև 1920 թվականի հունվարը։ Կոնֆերանսը հրավիրել էին հաղթանակած պետությունները՝ պարտված պետությունների հետ հաշտության պայմանագիր մշակելու և ստորագրելու նպատակով։ Այդ շրջանում Փարիզում տպագրվեց «Նահատակված Ազգեր» փոստային բացիկների շարքը, որոնք բոլորը կատարեց Սերգեյ Սոլոմկոն։ Բացիկների պատկերներում խորհրդանշական ձևով ներկայացված էին եվրոպական այն երկրներն ու ազգերը, որոնք ամենաշատն էին տուժել 1-ին աշխարհամարտում։ Բելգիայի, Լեհաստանի, Սերբիայի հետ մեկտեղ ներկայացված էր նաև Հայաստանը՝ մոր և մանկան պատկերով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • В. Л. Модзалевский Малороссийский родословник. Т. 4. — Киев, 1914. — С. 705.
  • Незабытые могилы. Российское зарубежье: некрологи 1917—1997 в 6 томах. Том 6. Книга 2. Скр — Ф. М.: «Пашков дом», 1999. — С. 109.
  • Сергей Соломко: иллюстрированный каталог почтовых открыток. Издательство Ильи Лапина в Париже. — Киров: Издательский дом "Крепостновъ", 2013.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սոլոմկո» հոդվածին։