Սերգեյ Շերվինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Շերվինսկի
Ծնվել էհոկտեմբերի 28 (նոյեմբերի 9), 1892
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 30, 1991(1991-07-30) (98 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ և Պոլիվանովյան գիմնազիա
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, թարգմանիչ և արվեստագետ
Ծնողներհայր՝ Վասիլի Շերվինսկի
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան

Սերգեյ Շերվինսկի (հոկտեմբերի 28 (նոյեմբերի 9), 1892, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 30, 1991(1991-07-30), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, թարգմանիչ, արվեստագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Շերվինսկին ծնվել է 1892 թվականին Մոսկվայում, մեծ հայտնություն վայելող բժշկի՝ Վասիլի Դմիտրևիչ Շերվինսկու բազմազավակ ընտանիքում։ Կրթությունը ստացել է Պոլիվանովյան գիմնազիայում, որը այն տարիներին Մոսկվայի լավագույն վարժարաններից մեկն էր։ Հետագայում Շերվինսկին ուսումը շարունակեց Մոսկվայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժնում և միաժամանակ հաճախում էր նաև արվեստի պատմության դասերին։ Արդեն 1914 թվականին Շերվինսկին արժանացավ ակադեմիկ Բուսլաևի անվան համալսարանական մրցանակի իր «Մոսկովյան Կրեմլի ճարտարապետությունը» աշխատության համար։ Այդ մրցանակն էլ ավելի խրախուսեց պատանուն շարունակելու իր քայլերը արվեստագետ դառնալու ճանապարհին։ Համալսարանը ավարտելուց հետո Շերվինսկին առաջարկ ստացավ նույն համալսարանում աշխատելու, սակայն սկիզբ առավ առաջին համաշխարհային պատերազմը, և երիտասարդի ծրագրերը տակնուվրա եղան։ Նա պետք է ընտրեր կա՛մ պատերազմյան տարիներին անհաղորդ մնալ եվրոպական արվեստին և կենտրոնացնել ուշադրությունը ռուսական արվեստի կողմը և կա՛մ էլ առհասարակ փոխել հետաքրքրությունների շրջանակը։ Շերվինսկին ընտրեց երկրորդը և իր ուշադրությունը սևեռեց գրականության և գեղարվեստական թարգմանության վրա։

Գրական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականին Շերվինսկին կատարեց իր առաջին քայլերը որպես բանաստեղծ և թարգմանիչ և նույն այդ թվականին Վալերի Բրյուսովի խմբագրությամբ «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիայում լույս տեսան հայ գրականությունից նրա առաջին թարգմանությունները։ Թարգմանել է նաև Սոֆոկլեսի, Էվրիպիդեսի, Վերգիլիոսի, Գյոթեի ստեղծագործությունները, ինչպես նաև արաբական միջնադարյան պոեզիա։ Արդեն 1920-ական թվականներին լույս տեսան Շերվինսկու առաջին բանաստեղծական շարքերը՝ «Ֆեոդոսյան սոնետներ», «Բախչիսարայ», «Կոկտեբելյան բանաստեղծություններ»։ Շարքերի բանաստեղծություններից շատերը հեղինակի ճանապարհորդական հուշերի մարմնավորումն են։ Այս և այլ շարքերը տեղ գտան «Բանաստեղծություններ նվիրված Իտալիային» (1924) և «Տարբեր տարիների բանաստեղծություններ» (1984) ժողովածուներում, իսկ արդեն հետմահու լույս տեսավ Շերվինսկու «Բանաստեղծություններ - Հուշեր» (1997) ժողովածուն։ Նշենք նաև, որ Շերվինսկին հանդես է եկել որպես արձակագիր և դեռևս 1933 թվականին լույս տեսավ նրա «Օսթ-Հնդկաստան» արկածային պատմավեպը, որի գործողությունները տեղի են ունենում 17-րդ դարում՝ Հոլանդիայի և նրա գաղութների տարածքում։ Այս վեպը ևս ճանաչում բերեց հեղինակին և նրա գրական ժառանգության արժեքավոր մասնիկներից մեկն է։ Անդրադառնալով Շերվինսկու գրական գործունեությանը՝ հարկ է նշել, որ նրա գրչին են պատկանում նաև մի շարք գրականագիտական աշխատություններ, ինչպիսիք են «Ռիթմ և իմաստ. Պուշկինի պոետիկայի ուսուցմանը կից», «Թատրոնի շուրջ», «Արևելքը արևմուտքում»։ Այս գործերի միջոցով ծանոթանում ենք Շերվինսկի-գրականագետի, ով, ուսումնասիրելով անցյալի ու իր ժամանակի տեսակետները, ներկայացնում է սեփական կարծիքը այս կամ այն հարցի շուրջ։

Սերգեյ Շերվինսկին և հայ մշակույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս բանաստեղծ և թարգմանիչ Սերգեյ Շերվինսկին հազար ու մի թելերով կապված է Հայաստանին։ Նա ծանոթացավ հայ գրականությանը դեռևս երիտասարդ տարիքում, երբ ստանձնեց հայ հեղինակների որոշ բանաստեղծությունների թարգմանությունները, որոնք լույս տեսան Վալերի Բրյուսովի խմբագրությամբ հանրահայտ «Հայաստանի պոեզիան» անթոլոգիայում։ Շերվինսկու կապը հայ գրականությանը շարունակվեց նաև հետագա տարիներին և տևեց մոտ կես դարից ավելին։

Սերգեյ Շերվինսկին Հայաստանին նվիրված բանաստեղծությունների և հայ գրականության ու հայ մշակույթի մասին արժեքավոր հոդվածների հեղինակ է։ Բացի այդ նրա գրչին են պատկանում նաև հայ գրականության բազմաթիվ ստեղծագործությունների թարգմանություններ։ Տարբեր տարիներին արված թարգմանություններում ( նա թարգմանել է այնպիսի հեղինակների ինչպիսիք են Սայաթ-Նովան, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Վահան Տերյանը, Խաչատուր Աբովյանը և այլն) Շերվինսկին ձգտում էր հնարավորինս մոտ մնալ բնագրին և թարգմանական տարբերակում պահպանել բնագրի ոճական և գեղարվեստական առանձնահատկությունները, այդ պատճառով թարգմանական տեքստում հաճախ են հանդիպում տառադարձված բառեր։

Հարկ է առանձնացնել նաև հայ հերոսական էպոսի՝ «Սասունցի Դավիթի» Շերվինսկու թարգմանությունը, որը նախաձեռնվեց էպոսի 100 ամյակի առիթով։ Սերգեյ Շերվինսկին գլխավորեց էպոսի թարգմանության աշխատանքը, որը կատարվում էր նաև այլ թարգմանիչների օգնությամբ, ինչպիսիք են՝ Կոնստանտին Լիպսկերովը, Վլադիմիր Դերժավինը և Ալեքսանդր Կոչետկովը։ Թարգմանական տարբերակում հաջողվեց վերստեղծել բնագրի հայկական էպիկական պատմելաձևը, պահպանել ժողովրդական կենդանի լեզուն, ինչպես նաև էպոսի գաղափարագեղարվեստական հարստությունը։ Դժվար է սահմանել այդ թարգմանության արժեքը և բավ է միայն ասել, որ տպագրվելով 1939 թվականին, այն մինչ օրս մնում է հայ հերոսական էպոսի համահավաք տեքստի միակ ռուսերեն թարգմանությունը։ Հայ գրականությանը և հայ մշակույթին ռուս ընթերցողի ծանոթության հարցում մեծ նշանակություն ունեցավ նաև Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի թարգմանությունը։ Այս վեպը համարվում էր գրեթե անթարգմանելի իր տարբեր, երբեմն անգամ անհամատեղելի ոճերի, ինչպես նաև արձակի և չափածոյի համադրության պատճառով, սակայն, ըստ քննադատների, Շերվինսկու կողմից թարգմանությունը արվել է հանճարեղ վարպետությամբ։ Անցած դարի 40-ական թվականներին արված այս թարգմանությունը բազմիցս վերահրատարակվել է, բայցև մինչ օրս աբովյանական վեպի միակ ռուսերեն թարգմանությունն է։ Անդրադառնանք նաև Հայաստանին նվիրված բանաստեղծական շարքին։ Թե՛ այդ շարքի բանաստեղծություններում և թե՛ «Ինչպես ես առաջին անգամ տեսա Հայաստանը» հոդվածում, Շերվինսկուն հաջողվել է վերստեղծել 1920-ական թվականների Երևանի պատկերը։ Շերվինսկու այս բանաստեղծությունները առավելապես գրավում են ընթերցողին իրենց պատկերների գունառատությամբ և բանաստեղծական լեզվի կատարելությամբ, որը հատկապես աչքի է ընկնում համեմատությունների և մակդիրակի կապակցությունների առատությամբ։

Հայ գրականության և մշակույթի մասին Շերվինսկու հոդվածները, այն է՝ «Ծանոթությունից դեպի հարազատություն», «Լեգենդ կոչվելու իրավունքը», «Թումանյան-լիրիկ», «Ազգայինի սահմաններից դուրս», «Ավետիք Իսահակյան», «Մհերը Սասունից», «Ընտրյակ Իսահակյանը» և «Սարյանի արհեստանոցում», մեծ արժեք են ներկայացնում գրաքննադատության համար։ Այդ հոդվածները ներառում են խորաթափանց դիտարկումներ ու արժանի գնահատականներ հայ բանահյուսության և գրականության վերաբերյալ և բացահայտում են դրանց գաղափարագեղարվեստական առանձնահատկությունները։ Առավել արժեքավոր են «Սասունցի Դավիթ» էպոսի, Ավետիք Իսահակյանի քնարերգության և Հովհաննես Թումանյանի ու այլ գրականությունների առնչության բնութագրերը։ Այդ դատողությունները հարստացնում են հայ քննադատական միտքը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ ավանդ թողնելով ինչպես հայ-ռուսական գրական և մշակութային հարաբերություններում, այդպես էլ, առհասարակ ռուս գրականության ու գրականագիտության մեջ՝ 1991 թվականի հուլիսի 30 ին Սերգեյ Շերվիսնկին մահացավ 99 տարեկան հասակում։ «Ափսոս, որ ես այլևս վաթսուն և կամ յոթանասուն տարեկան չեմ։ Ես կարող էի ամեն բան նորից սկսել»,- ասում էր Շերվիսնկին և այդ բառերում ամփոփվում է նրա ողջ էությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1] [2] [3] [4]