Սերգեյ Մելքումյան
Սերգեյ Մելքումյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1931[1] Ճարտար, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հուլիսի 17, 2020 (88 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան[1] |
Ալմա մատեր | ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (1956)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր[1] (1973) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Երեխա(ներ) | Միքայել Մելքումյան և Անահիտ Մելքումյան |
Սերգեյ Ավանեսի Մելքումյան (նոյեմբերի 10, 1931[1], Ճարտար, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 17, 2020), հայ աշխարհագետ։ Աշխարhագրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1977)։ Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Մելքումյանը ծնվել է 1931 թվականի նոյեմբերի 10-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար (Գյունե Ճարտար)։ 1939 թվականին ընդունվել և 1951 թվականին գերազանցությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ 1951-1956 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետի տնտեսական բաժինը և ստացել տնտեսագետ-աշխարհագետի մասնագիտություն։
Աշխատանքային գործունեությունը սկսել է ԽՍՀՄ նավթարդյունաբերության Երևանի գործակալությունում՝ որպես տնտեսագետ-պլանավորող։ Այնուհետև երկար տարիներ աշխատել է Հայաստանի Ժողտնտխորհի համակարգում ավագ տնտեսագետի ու պլանային վարչության պետի պաշտոններում։ 1963-1970 թվականներին աշխատել է Երևանի քարի ու սիլիկատների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում առաջատար ինժեների, սեկտորի վարիչի ու տեխնիկատնտեսական հետազոտությունների բաժնի պետի պաշտոններում։ 1970 թվականին աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանում դոցենտի պաշտոնում, իսկ 1975 թվականից աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ նախ պրոֆեսորի, այնուհետև մինչև այժմ տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչի պաշտոններում[2]։
Մելքումյանը 1990-ական թվականների սկզբներից Արցախ-Հայաստան կուսակցության նախագահն է։
Գիտական աշխատություններ և ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Մելքումյանը ավելի քան 260 գիտական աշխատանքների, այդ թվում ավելի քան 30 ծավալուն մենագրությունների, բուհական դասագրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։ Նա իր գիտական հետազոտությունները սկսել է դեռևս ուսանողական տարիներին, երբ պատրաստել և ՈՒԳԸ նիստերում կարդացել է մի շարք հետաքրքիր զեկուցումներ, որոնք արժանացել են մրցանակների։ Մելքումյանի գիտական հետազոտությունների շրջանակները լայն են, դրանք ընդգրկում են բնական պայմանների ու ռեսուրսների տնտեսական գնահատման, դրանց խնայողաբար, նպատակային, համալիր օգտագործման, ՀՀ արտադրողական ուժերի տեղաբաշխման, հեռանկարային զարգացման, տնտեսական կապերի կատարելագործման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ու անկախության ամրապնդման հիմնահարցերը։ Ծանրակշիռ է նրա գիտական ուսումնասիրությունները ՀՀ ազգային գլխավոր հարստության՝ բնական քարանյութերի խնայողաբար ու համալիր օգտագործման հիմնահարցերի բնագավառում։
Պրոֆեսոր Մելքումյանն առաջինն է նախաձեռնել և գիտականորեն բազմակողմանի ուսումնասիրել, Հայաստանի արտաքին տնտեսական կապերի կատարելագործման հիմնախնդիրները, բարդ աշխատանքը, որը որպես թեկնածուական թեզ պաշտպանել է 1964 թվականին։ Այս աշխատանքի արդյունքները ամփոփվել են «Հայաստանի արտաքին տնտեսական կապերը» մենագրությունում, որը մինչև այժմ էլ միակն է[փա՞ստ] և վերահրատարակվել է մի քանի անգամ։
ՀՀ արտաքին տնտեսական կապերին վերաբերող նրա գրքերը մի քանի անգամ արժանացել են ԽՍՀՄ «Գիտելիք» ընկերության դիպլոմների։ ՀՀ արտաքին կապերի կատարելագործման վերաբերյալ նրա գիտական արդյունքները ընդունվել և օգտագործվել են տնտեսական գերատեսչություններում։ Մելքումյանը նաև առաջինն է նախաձեռնել, բազմակողմանի ուսումնասիրել Հանրապետության բնական քարանյութերի տնտեսական գնահատման և ռացիոնալ օգտագործման հիմնախնդիրները, գիտականորեն մշակել դրանց նպատակային օգտագործման ուղիները։
Հենց այդ հույժ կարևոր հարցերի գիտական բազմակողմանի ուսումնասիրություններն էլ հանդիսացել են Ս.Մելքումյանի «Հայաստանի բնական քարանյութերի համալիր օգտագործման հիմնախնդիրները» խորագրով դոկտորական թեզի համար, որը նա պաշտպանել է 1973 թվականին, որի համար նրան շնորհվել է աշխարհագրական գիտությունների դոկտորի աստիճան, Հայաստանի բնական քարանյութերի տնտեսական գնահատման և դրանց ռացիոնալ օգտագործման հիմնավորումները Մելքումյանն այն աստիճանի համոզիչ ու փայլուն է վերլուծել պաշտպանության ժամանակ, որ նրա առաջին ընդդիմախոս, Մոսկվայի Ս. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Ռուսաստանի դաշնության գիտության վաստակավոր գործիչ Յու. Սաուշկինը բարձր գնահատելով այն, ասել է.
Այդ գրքից 50-ական օրինակներ ձեռք են բերել Վաշինգտոնի Կոնգրեսի և Լոնդոնի Թագավորական գրադարանները։ Լայն ճանաչում է ստացել նաև պրոֆռսոր Մելքումյանի Индустрия камня Армении մենագրությունը։
Մելքումյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ առաջին անգամ կազմվել է ԽՍՀՄ բնական քարանյութերի արդյունահանման և վերամշակման ձեռնարկությունների տեխնիկատնտեսական ցուցանիշների ժողովածուներ[3], որոնք բարձր են գնահատվել ԽՍՀՄ պետպլանի կողմից և արժանացել Բայբակովի / Պետպլանի այն ժամանակվա նախագահի/ մրցանակին։
Պրոֆեսոր Մելքումյանի գիտական հետազոտությունների մյուս բնագավառը Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնական պայմանների ու ռեսուրսների տնտեսական գնահատման, սոցիալ-տնտեսական զարգացման, անկախության ամրապնդման հիմնախնդիրների ուսումնասիրությունն է։ Ղարաբաղյան ազատագրական պայքարի հենց սկզբից հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով, որոնցում վառ պատկերացում է տվել մեր այժմյան սերնդին Արցախ-Ղարաբաղ աշխարհի պատմական, սոցիալ-տնտեսական, բնակչության, բնակավայրերին վերաբերող խնդիրների մասին։ 1990-ական թվականներին նա հրատարակել է «Լեռնային Ղարաբաղ», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ծավալուն մենագրությունները, որոնցում հեղինակը շատ հանգամանորեն լուսաբանել է Արցախ-Ղարաբաղի, նրա վարչական շրջանների, բոլոր բնակավայրերի բնական ռեսուրսների, պատմական, քաղաքական առանձնահատկությունների, տնտեսության ճյուղերի արդի վիճակի, հեռանկարային զարգացման հնարավորությունների հիմնավորումները։ ԼՂՀ-ին վերաբերող այս մենագրությունները եզակի են և լայնորեն ընդունված։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ծավալուն մենագրությունը արժանացել է ԼՂՀ կառավարության պետական, Եղիշեի անվան մրցանակի։ Յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում հեղինակի հայրենի գյուղի՝ Ճարտարին նվիրված «Ճարտար» մենագրությունը[4], որը հայրենագիտական մեծ ներդրում է։ Պրոֆեսոր Մելքումյանը մշտապես այցելում է ԼՂՀ, շրջում նրա բոլոր շրջանները, շարունակում իր տնտեսական հետազոտությունները և ժամանակ առ ժամանակ հանդես գալիս հոդվածներով, ներկայացնում ԼՂՀ ղեկավարությանը կոնկրետ առաջարկություններ հանրապետության տնտեսական զարգացման խնդիրների վերաբերյալ։ Նա մշտապես կապված է Արցախի պետական համալսարանի հետ, ակտիվ մասնակցում է կադրերի պատրաստմանը, Երևանից դասախոսական խմբեր տանում այնտեղ մասնագիտական դասախոսություններ կարդալու, փորձի փոխանակման, համապատասխան գրականությամբ օգնելու և այլ բնագավառներում։ Մելքումյանը բազմաբեղուն գիտա-մանկավարժական գործունեության հետ միասին, բազմիցս մասնակցել և զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Տաշքենդում, Բիշքեկում, Բաքվում, Ռիգայում, Բեռլինում, Ռոստոկում և այլուր։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տնտեսագիտական և աշխարհագրական մասնագիտությունների գծով ուսանողությանը հանրահայտ են Մելքումյանի «Ընդհանուր տնտեսական աշխարհագրություն»[5], «Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և սոցիալական աշխարհագրություն» բուհական դասագրքերը, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրություն» դպրոցական դասագիրքը։ Նրա կողմից առաջինն է կազմվել ԼՂՀ վարչական քարտեզը։ Տպագրության մեջ է նաև Մելքումյանի «ՀՀ բնական պայմանների ու ռեսուրսների տնտեսական գնահատումն ու շրջակա միջավայրի պահպանության հիմնա խնդիրները» գիտագործնական նշանակություն ունեցող մենագրությունը։
Գիտամանկավարժական բեղուն գործունեության համար Մելքումյանն արժանացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ոսկե հուշամեդալի։ Գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ Մելքումյանը նաև ակտիվ քաղաքական, հասարակական գործիչ է։ Ղարաբաղյան ազատագրական պայքարի հենց սկզբից նա իր համախոհների հետ ստեղծել է «Արցախ-Հայաստան» կուսակցությունը, որը մեծ աշխատանքներ է կատարել իր հայրենի Արցախին այդ դժվարին տարիներին բազմակողմանի օգնություն ցույց տալու, ինչպես նաև արտասահմանյան դիվանագիկական աշխատողներին Ղարաբաղյան ազատագրական պայքարի, անկախության հռչակման խնդիրների վերաբերյալ ճշգրիտ պատկերացում տալու համար։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դուստր՝ տնտեսագիտության դոկտոր Անահիտ Մելքումյան
- Որդի՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 397.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 94։
- ↑ Թռչունյան, Արմեն; Մելքումյան, Սերգեյ Ավանեսի (1999). Տնտեսական աշխարհագրություն։ Բուհական ուսումնական ձեռնարկ. Զանգակ-97. ISBN 9789993020554.
- ↑ Մելքումյան, Սերգեյ; Ռաշիդյան, Սուրեն (2003). Ճարտար. Զանգակ-97. ISBN 9789993027195.
- ↑ Մելքումյան, Սերգեյ Ավանեսի (2005). Ընդհանուր տնտեսական աշխարհագրություն. Տնտեսագետ. ISBN 9789993077435.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Մելքումյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 397)։ |