Սերգեյ Հախվերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Հախվերդյան
Սերգեյ Հախվերդյան.JPG
Ծնվել էսեպտեմբերի 27, 1946(1946-09-27) (72 տարեկան)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԱշխատավայրԳորիսի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ

Սերգեյ Հախվերդյան (սեպտեմբերի 27, 1946(1946-09-27), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, պատմական գիտությունների դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Գեղամի Հախվերդյանը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Գորիս քաղաքում։ Սովորել է Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո 1964-1968 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։ Ուսանողական տարիներին անդամակցել է հայրենասիրական ՀԵՄ ընդհատակյա կազմակերպության աշխատանքներին, ակտիվորեն մասնակցել 1965 թվականին Հայոց Մեծ եղեռնի հիշատակին նվիրված ցույցերին։ Սովորել է ասպիրանտուրայում, ծառայել Խորհրդային բանակում։ Ունի սպայական կոչում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985-1995 թվականներին եղել է Գորիսի երկրագիտական թանգարանի տնօրեն։ Նրա օրոք թանգարանը ձեռք է բերել ու ֆոնդավորել հարյուրավոր հնագիտական, ազգագրական արժեք ներկայացնող ցուցանմուշներ։ 1992-1995 թվականներին աշխատել է Գորիսի «Սյունիք» և «Տաթև» համալսարաններում, աշխատակցել Գորիսի քաղաքապետարանի «Բանբեր Գորիսի» խմբագրակազմին։ 1993-1996 թվականներին եղել է «Ազգ» օրաթերթի սյունիքյան թղթակիցը, ստորագրել տասնյակ հոդվածներ, որոնք լուսաբանել են Գորիս քաղաքի ռազմական առօրյան, հասարակական-քաղաքական կյանքը։ 1989 թվականին Գորիսի քաղաքապետարանի պատվերով ձեռնարկել է գրելու «Գորիսի պատմությունը»: Գիրքը լույս է տեսել 1996 թվականին։ 1996 թվականին կրկին հրավիրվել է աշխատելու Գորիսի ԲՈՒՀ-ական մասնաճյուղում, ակտիվորեն զբաղվել պատմագիտությամբ։ Պրոֆեսոր Գ. Գրիգորյանի հետ հեղինակել է 2001 թվականին հրատարակված «Սյունիքի պատմություն» դասագիրքը։, 2005 թվականին՝ «Գորիսի ամփոփ պատմություն» գիրքը, 2007 թվականին՝ հրատարակվել է «Պատմագիտական նոթեր. Սյունիք» գիրքը, ուր ամփոովել են հեղինակի գիտական հոդվածները։ Նա 30 գիտական հոդվածների հեղինակ է։ 2008 թվականին ՀՀ ԲՈՀ-ի կողմից նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։

Հախվերդյանը ղեկավարում է ԳՊՀ պատմության և իրավագիտության ամբիոնը։ Արժանացել է ՀՊՃՀ ռեկտորի վաստակագրի, Գորիսի քաղաքապետարանի շնորհակալագրի, Սյունիքի մարզպետարանի կողմից՝ « Ակսել Բակունցի» հուշամեդալի։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հախվերդյանը Ռուբեն գրական կեղծանունով, ուսանողական տարիներից սկսած զբաղվել է գրական գործունեությամբ։ Նրա պատմվածքները տպագրվել են հանրապետական, մարզային մամուլում, ժողովածուներում, հնչել ռադիոյով։ 2009 թվականին լույս է տեսել « Բարի արև- բարև» գիրքը, ուր ամփոփած են հեղինակի 20 պատմվածքներ։

Aquote1.png «Բացարձակապես իրար նման 2 շենք Գորիսում չեք գտնի: Նայելով այդ տների պատուհանների կամարներին, քիվերին, պարակալներին, ողջ արտաքին տեսքի լուծումներին՝ իսկույն կարելի է եզրակացնել, թե տանտերն ինչ խավի ու ճաշակի մարդ է եղել: Սակայն նույնիսկ ոչ հարուստ բնակչի պատկանած ցածրահարկ տունը կարող է դիտողին հրամցնել ճարտարապետական գեղեցիկ լուծումներ և ձևեր: Գորիսեցին, հարուստ, թե աղքատ, սրբատաշ պատը չի սիրել՝ համարելով, որ այն պակաս արտահայտիչ կարող է լինել: Սրբատաշ միայն 1-2 շենք կա՝ հնուց մնացած, որոնք թեպետ խիստ նախշազարդ են, բայց և չձգող: Սրբատաշ քարն օգտագործվել է միայն շենքի անկյուններում, կամարներում կամ գոտիներում: Իսկ ահա ճեղքված որձաքարից շարած պատերի կարանները մի առանձին տեսք և շուք են տալիս ողջ շինությանը: Մուգ որձաքարը անկանոն շրջանագծերով գրկող վառ սպիտակ կարանները հեռվից այն տպավորությունն են թողնում, որ կարծես շենքը հագել է հովազի մորթի: Կարանների շաղախն արվել է տեղական բարձրորակ կրից և մանր մաղած գետավազից, ընդհանուր շինանյութը եղել է տեղական՝ անսպառ որձաքարը, կիրը և ավազը: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Գորիսի կամարակալ մեծ և փոքր դարպասները: Գորիսի տները սկզբնապես ունեցել են տախտակյա տանիքներ և դա, ինչպես պնդում են տարեց մարդիկ, թույլ էր տալիս ձեղնահարկում երկար ժամանակ ապահով պահել չոր լավաշ հաց»:
  • Հատված Ս. Հախվերդյանի«Գորիսի ամփոփ պատմություն» գրքից՝ Երևան, « Զանգակ-97»,2005 թ էջ 187:
Aquote2.png
Aquote1.png Սյունիքի հեթանոսական շրջանի, մասնավորապես երաժշտության, վիպերգության մասին վկայում է Մովսես Խորենացին: Պատմահոր գրի առած ավանդազրույցներն ու առասպելները հայտնի են գողթան երգեր անունով: Գողթն գավառը, որի մի մասն էր կազմում Արևիքը (ներկայիս Մեղրին), մտնում էր Սյունիքի մեջ: Խորենացին իր առասպելների մեծ մասը բառացի գրի է առել գողթան երգիչներից: Դրանք հայ բանաստեղծության հնագույն շրջանի մարգարիտներն են: Գուսանական արվեստը Սյունիքում վաղուց ի վեր զարգացած էր և դրա ավանդները շարունակվում են առ այսօր: Գուսանների ելույթներն, ըստ էության, տոնական ներկայացումներ էին, որոնց մասնակցում էին պարուհիներ: Խնջույքների ժամանակ հանդես եկող դերասանուհի-պարուհիները կոչվում էին վարձակներ: Երկրորդ դարում Բակուր Սյունեցու կազմակերպած խնջույքում վարձակ Նազենիկի մասին գրել է Խորենացին: Նազենիկը անչափ գրավիչ էր, գեղեցիկ և երգում էր «ձեռամբ», այսինքն՝ ելույթ էր ունենում մնջախաղով:
  • Հատված Գր. Գրիգորյանի, Ս. Հախվերդյանի «Սյունիքի պատմություն» գրքից՝ Երևան, «Հրազդան», 2001, էջ 61-62
Aquote2.png
Aquote1.png Ամնեն ինչ հասկացա՝ գիշերողները շատ վաղ հեռացել են՝ իրենց հետ տանելով հորս սիրելի, հուշեր արթնացնող ռազմաավարային ծածկոցը: Ես կամացուկ քայլեցի հետ, զգուշորեն հանվեցի ու պառկեցի: Երազս փշրվեց, ձի քշելը մտքիցս թռավ: Ես որոշեցի շուկայում անպայման փնտրել ու գտնել ադրբեջանցիներին (հայրս հազիվ թե ինքը դա աներ):

Եթե դեմքերը չհիշեմ, ապա կգտնեմ կարմրամաշկ ձին ու վարդագույն, սպիտակ երիզագծերով ծածկոցը: Կգտնեմ ու հետ կբերեմ, չնայած արդեն դեն նետելու քրջակտոր էր, և եթե հորս համառությունը չլիներ, ապա վաղուց լաթի կտորներ էին դարձել: Ես ինձ տղամարդ զգալով՝ ուզում էի ինչ-որ կերպ հասկացած լինել հորս տարօրինակ սերը ռազմաավարային գերմանական ծածկոցի նկատմամբ, որը մի կոր ու չոր նստատեղով աթոռի հետ որպես պատերազմի հուշ հանգրվանել էր մեր տանը: Իսկ եթե չգտա՝ կիրակին կիրակի չի լինի ոչ ինձ, ոչ հորս համար:

  • Հատված Ս.Հախվերդյանի « Բարի արև- բարև» պատմվածքների գրքից՝ Երևան, « Զանգակ-97»,2009 թ էջ 89:
Aquote2.png


Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու տղա, մեկ աղջիկ և հինգ թոռ։ Աղջիկը՝ Նազելի Հախվերդյանը հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է, աշխատում է Գորիսի պետական համալսարանում՝ որպես հոգեբանության դասախոս: Կինը՝ Լենա Հայրապետյանը ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի է[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԳՊՀ Պատմության և իրավագիտության ֆակուլտետ
  • Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղ
  • «Զանգեզուր» թիվ 17 (7330),10.12.2009 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]