Սեջոնգ (հանգըլ՝ 세종), պաշտոնապես՝ Հատուկ ինքնավարությամբ Սեջոնգ քաղաք (հանգըլ՝ 세종특별자치시), նախկինում հայտնի որպես՝ Յոնգի (հանգըլ՝ 연기), քաղաք Հարավային Կորեայում, նախատեսվող վայր է ավելի քան մեկուկես տասնյակ նախարարությունների և այլ պաշտոնական հաստատությունների համար։
2007 թվականի սկզբին Կորեայի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացրել ստեղծել հատուկ վարչական շրջան, որտեղ կարելի է տեղավորել 9 նախարարություն և 4 ազգային գործակալություն, որոնք ներկայումս գտնվում են մայրաքաղաք Սեուլում։ Այդ շրջանը նախատեսվում է ստեղծել Հարավային և Հյուսիսային Չունգչոնգ նահանգների տարածքից։ Ծրագիրն առաջացել է նախորդ նախագահ Նո Մու Հյոնի՝ Հարավային Կորեայի մայրաքաղաքն այս տարածաշրջան տեղափոխելու անհաջող փորձից հետո[1]։
Ծրագրվող քաղաքն իր անունը ստացել է ի պատիվ Չոսոն դինաստիայի կառավարիչ, կորեական հանգըլ այբուբենի ստեղծող Սեջոնգ Մեծի[2]։ Համաձայն նախագծի՝ ենթադրում է, որ քաղաքում ապրելու է մոտ կես միլիոն բնակիչ[3]։
Քաղաքի ստեղծման նախագիծը Կորեայի Հանրապետության Ազգային ժողովում բուռն քննարկումների պատճառ է հանդիսացել։ 2009 թվականի սեպտեմբերին վարչապետ Չոն Ունչ Հանը հայտարարել է, որ Սեջոնգ քաղաքի ստեղծման նախագիծը «տնտեսագետի տեսանկյունից ոչ անարդյունավետ է»[4]։ Ավելի քան հազար գիտնականներ և քաղաքական գործիչներ՝ ներառյալ նախկին երեք վարչապետներն արտահայտվեցին նախագծի վերանայման օգտին[5]։ Հանրապետության նախագահ Փակ Կըն Հյեն, որը նախկին նախագահ Լի Մյոն Բակի հակառակորդ է, նրա հետ նաև բոլոր ընդդիմադիր կուսակցություններն ու Չունգչոնգ տարածաշրջանի բնակիչների մեծ մասը դեմ են արտահայտվում Սեուլից Սեջոնգ կառավարական հաստատությունների տեղափոխմանը։ Ծրագրի հակառակորդները կարծում են, որ քաղաքում առաջին հերթին կզարգանա զվարճանքի արդյունաբերությունը, քանի որ այնտեղ գործող վարչական հաստատությունների աշխատակիցները կտրված կլինեն իրենց ընտանիքներից։