Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աբբայություն
Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայություն
ֆր.՝ Saint-Savin-sur-Gartempe
Abbaye Saint-Savin-sur-Gartempe 2006-07-10 3.jpg
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Հիմնադրման թվական11-րդ դար
Շինարարության սկիզբ11-րդ դար

Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայություն (ֆր.՝ Saint-Savin-sur-Gartempe), բենեդիկտյան աբբայություն Ֆրանսիայում: Ճանաչում է ձեռք բերել 11-13-րդ դարերի իր ինքնատիպ և լավ պահպանված ֆրեսկոներով: Հայտնի է որպես «Ռոմանական Սիքստինյան կապելլա»[1]: Սեն Սավեն սյուր Գարտամպի ֆրեսկոները ռոմանական որմնանկարների ամենամեծ և ամենաբնորոշ համալիրն են Ֆրանսիայում[2]: Աբբայությունն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում:

Սեն Սավեն սյուր Գարտամպը գտնվում է ժամանակակից Վյեն դեպարտամենտի տարածքում՝ Սեն Սավեն քաղաքում (Պուատիեից 25 կմ արևելք)՝ Գարտամպ գետի ափին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբբայության արևելյան կողմ
Տեսքը վերևից

Համաձայն տեղի եկեղեոցական ավանդության՝ 5-րդ դարում Մակեդոնիայից Գարտամպ գետի մերձակայքում գտնվող Սավեն և Կիպրիան են եկել երկու եղբայր՝ խուսափելով քրիստոնյաների նկատմամբ հալածանքներից: Այստեղ նրանք նահատակվել են և շրջանում ընդունվել որպես սրբեր:

Երբ 9-րդ դարում հայտնաբերվել են նահատակների մասունքները, նրանց գերեզմանի վրա Կառլոս Մեծի հրամանով աբբայություն է հիմնվել, որը ստացել է սուրբ Սավենի անունը: Եկեղեցու հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ, քանի որ աբբայության գրադարանի պատմական փաստաթղթերի մեծ մասը ոչնչացել է կրոնական պատերազմների շրջանում: 9-րդ դարում կառուցվել է եկեղեցական առաջին համալիրը՝ կարոլինգյան ոճով:

1010 թվականին Պուատուի և Ակվիտանիայի կոմսուհի Օմոդն առատ նվիրաբերություն է կատարել աբբայությանը, ինչը թույլ է տվել սկսելու ժամանակակից տաճարի շինարարությունը: Տաճարի կառուցումը շարունակվել է 1040-1090 թվականներին Օդոնի և Ժերվեի աբբաների ղեկավարությամբ: 13-րդ դարում Թուլուզի կոմս Ալֆոնս դե Պուատիեն՝ Լուի IX Սուրբի եղբայրը, մեծ գումար է հատկացրել աբբայության ընդարձակման և նոր շինությունների կառուցման համար: 15-րդ դարում կառուցվել է զանգակատունը:

Հարյուրամյա պատերազմի ժամանակ աբբայությունը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել, սակայն նրան վնաս են բերել 15-րդ դարի կրոնական պատերազմները Ֆրանսիայում. 1562 և 1568 թվականներին աբբայությանը վնաս են հասցրել հուգենոտները: Տաճարը վնասմանը նպաստել են նաև Սեն Սավենի՝ 16-րդ դարավերջի և 17-րդ դարասկզբի աբբաները, որոնցից շատերն ավելի շատ մտահոգվել են եկամուտներով, ոչ թե շինությունների պահպանմամբ: 1600 թվականին աբբաներից մեկի ցուցումով քանդվել է 12-13-րդ դարի շինությունների մի մասը և վաճառվել դրանց շինանյութ հանդիսացած քարը:

1640 թվականին Լյուդովիկոս 13-րդի հրամանով հեռացվել է աբբայության հերթական անարժան ղեկավարը, և Սեն Սավենում հաստատվել են Նույանե վանքի մի խումբ հոգևորականներ: Այս հանգամանքը վերջ է տվել աբբայության անկմանը: 1640-1692 թվականներին վանքը վերակառուցվել է. Սուրբ Մավրի միաբանության հոգևորականները մեծ ներդրում են ունեցել Սեն Սավենի ֆրեսկոների պահպանման գործում: Միևնույն ժամանակ նրանք հին խորանները փոխարինել են նորերով: Այս նույն ժամանակաշրջանում քանդված շինությունների տեղում կառուցվել են առանձին շինություններ:

Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում Սեն Սավենը, ինչպես երկրի այլ վանքեր, փակվել է: Աբբայության բնակելի տարածքներն օգտագործվել են մասնավոր անձանց կողմից, իսկ կլուատրը վերածվել է հեղափոխականների տոնակատարության վայրի: Աբբայության եկեղեցին դարձել է սովորական ծխական եկեղեցի:

19-րդ դարի կեսերին գիտակցվել է Սեն Սավենի ֆրեսկոների նշանակությունը. դրանք արդեն այդ ժամանակ մասամբ սկսել էին քանդվել: Դրանց պահպանման գործում անգնահատելի դերակատարություն է ունեցել Պրոսպեր Մերիմեն, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Ֆրանսիայի պատմական հուշարձանների գլխավոր վարիչի պաշտոնը: Նրա ցուցումով 1836 թվականին ձեռնարկվել են հուշարձանի փրկությանն ուղղված շտապ միջոցառումներ: 1840 թվականին եկեղեցին փակվել է, խնամքով վերականգնվել են ֆրեսկոները, և կատարվել են մի շարք աշխատանքներ՝ ուղղված դրանց պահպանմանը: 1849 թվականին աշխատանքներն ավարտվել են, իսկ ֆրեսկոները՝ փրկվել: Վերականգնվել է նաև տաճարի զանգակատունը:

20-րդ դարի 60-ական թվականներին եկեղեցում կատարվել են վերականգնողական լրացուցիչ աշխատանքներ: 1893 թվականին Սեն Սավեն սյուր Գարտամպ աբբայությունն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: 1990 թվականին աբբայության շինություններում տեղակայվել է «Որմնանկարչության միջազգային կենտրոնը»:

Եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական նավ

Եկեղեցին ունի լատինական խաչի տեսք, ինչը սովորական է ռոմանական ոճի եկեղեցիների համար: Խորանի հատվածն ուղղված է արևելքին: Եկեղեցին ունի մոտ 76 մ երկարություն, զանգակատան բարձրությունը 77 մ է, տրանսեպտի երկարությունը՝ 31 մ: Տրանսեպտի հարավային թևը կարճ է հյուսիսայինից, քանի որ այն հենվում է մենաստանի շենքին: Կենտրոնական նավի երկարությունը 42 մ է, լայնությունը՝ 17 մ, բարձրությունը՝ ևս 17 մ: Կենտրոնական նավն առանձնացված է 15 մ բարձրությամբ սյուներով, որոնք բարձրանում են մինչև կամար: Կենտրոնական նավի արևելյան վեց տրավեները ծածկված են հարթ գերաններով, իսկ արևմտյան երեք տրավենները մասնատված են կամարներով:

Սյուները նրակազարդված են պաստելային գույներով, ինչը ներդաշնակ է ինտերիերին: Կողմնային նավերը՝ խաչաձև գերաններով, իրենց լայնությամբ չեն զիջում կենտրոնականին և նրան գրեթե հավասար են իրենց բարձրությամբ: Կենտրոնական նավը գրեթե ամբողջությամբ պատկերազարդված է և հենվում է պատերի կիսասյուներին: Եկեղեցու կենտրոնական նավն ուղղակիորեն լուսավորված չէ. լույսն ընկնում է միայն կողմնային պատուհաններից, սակայն նրանց լավ դասավորվածությունն ապահովում է լիարժեք լուսավորություն:

Տրանսեպտի և կենտրոնական նավի հատման կետում կան զանգվածեղ չորս սյուներ, որոնք պահում են կամարը, որոնց վրա քառակուսի աշտարակն է: Այդ սյուներին են հարում դեամբուլատորի ծայրերը, իսկ կից կառուցված են տարբեր չափերի շրջանաձև հինգ կապելլաներ: Եկեղեցին ունի երկու կրիպտե, որոնցից մեկն աբսիդի տակ է, մյուսը՝ դեամբուլատորի:

Զանգակատունը գտնվում է մուտքից կենտրոն ուղղությամբ, ունի սանդղային 9 թռիչք:

Որմնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեսկոներ

Ֆրեսկոները, որոնցով ճանաչված է եկեղեցին, ստեղծվել են 11-13-րդ դարերում: Կիրառվել են քիչ քանակությամբ գույներ. հիմնական գույնը դեղին օքրան է, իսկ կարմիր օքրան և կանաչը տարբեր չափաբաժիններով խառնված են սպիտակ և սև ներկերին: Ոչ մեծ քանակությամբ առկա է նաև երկնագույնը, որն այդ ժամանակ շատ թանկարժեք է եղել:

Որմնակարներով են պատված կենտրոնական նավի սյուները, նարտեքսը և կրիպտեն: Կենտրոնական նավի ֆրեսկոները երկու շարքով են, կրիպտեի որմնանկարներն առավել մանրակրկիտ են: Ֆրեսկոները ստեղծել են տեղի գեղանկարչական դպրոցի մի քանի վարպետներ: Ոճի բնորոշ առանձնահատկություններից է տարբեր մասշտաբների կերպարների հարթ պատկերումը. երբեմն կերպարների ոտքերն ու գլուխը շրջված են տարբեր կողմեր, ինչի պատճառով նրանց դիրքերն անբնական են թվում:

Ֆրեսկոները ներկայացնում են դրվագներ Հին Կտակարանի պատմություններից՝ մարդու արարումը, ջրհեղեղին և Նոյին նվիրված ամբողջական շարք, Բաբելոնի աշտարակաշինությունը, Աստծու հայտնությունն Աբրահամին, Աբրահամի թաղումը, Հովսեփի օրհնությունը Հակոբի կողմից, Հովսեփի գերեվաճառությունը, անցումը Կարմիր ծովով և այլն:

Որմնանկարներ Նոյի և համաշխարհային ջրհեղեղի շարքից:

Meister von Saint-Savin-sur-Gartempe 001.jpg
Saint-savin arche noah1.jpg
Saint-savin gott und noah1.jpg
Աստված կանչում է Նոյին Նոյյան տապան Նոյն ընտանիքի հետ դուրս է գալիս տապանից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Список Всемирного наследия ЮНЕСКО»։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-16-ին։ Վերցված է 2009-09-05 
  2. Российский общеобразовательный портал(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]