Սենտ Շապել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սենտ Շապել
Szensapel.jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակԿապելլա և secularized church?
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունSaint-Germain-l'Auxerrois?[1]
ՏարածաշրջանՍիտե կղզի
Հասցե4 boulevard du Palais, 75001 Paris
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՓարիզի արքեպիսկոպոսություն
Մասն էsaintes chapelles?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[2]
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետPierre de Montreuil?
Ճարտարապետական ոճRayonnant?
Հիմնադրված1246
Բարձրություն75,75 մետր
sainte-chapelle.monuments-nationaux.fr

Սենտ Շապել (ֆր.՝ Sainte Chapelle, բառացի՝ Սուրբ կապելլա), գոթական ժամատուն Փարիզում՝ Սիտե կղզում՝ Թագավորական նախկին պալատի տարածքում։ Կառուցվել է Լյուդովիկոս IX-ի կողմից 1242-1248 թվականներին։ Ունի վիտրաժային համեմատաբար ամբողջական համալիր՝ պահպանված 13-րդ դարից, և համարվում է գոթական ոչ մեծ չափերի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին կապելլա

Լուի IX Սուրբը կառուցել է տվել կապելլան խաչակիրների՝ Կոստանդնուպոլիս կատարած արշավանքներից բերված սրբազան մասունքների պահպանման համար։ Դրանցից գլխավորը «Փշե պսակն էր՝ ողողված Քրիստոսի արյամբ», որին տիրանալը պետք է ամրացներ Ֆրանսիական թագավորության դիրքերը քրիստոնեական աշխարհում։ 1239 թվականին Լյուդովիկոսը ձեռք է բերել պսակը՝ որոշ տվյալներով լատինական կայսր Բալդուին II-ին վճարելով 135,000 լիվր, ավելի ճիշտ՝ Բալդուին II-ը այն գրավադրել է Վենետիկում, որտեղ էլ այն փրկագնել է Լուի IX Սուրբը։ 1239 թվականի օգոստոսին Փշե պսակը բերվել է Փարիզ, ուր հետո ավելի ուշ հանգրվանել են Փրկչի խաչը, Լոնգինի նիզակը և Հին ու Նոր կտակարանների այլ մասունքներ։

Նման կարգի սուրբ մասունքների համար հարկավոր էր արժանավայել շինություն, և Սուրբ Նիկոլայի թագավորական հին մատուռի տեղում կառուցվում է նոր եկեղեցի։ Այն կառուցվել է ռեկորդային կարճ ժամանակահատվածում՝ 1242-1248 թվականներին հավանաբար Պիեռ դե Մոնտրիեի ղեկավարությամբ, որը գոթիկայի նշանավոր վարպետներից մեկն էր։ Սենտ Շապելի համար որպես նախօրինակ է ծառայել Սեն Ժերմեն պալատը, որը սրբազան մասունքների պահպանման ժամանակավոր վայրն էր մինչ Սենտ Շապելի օծումը։ Շինությունը գանձարանի համար արժեցել է 40,000 լիվր, որը երեք անգամ ավելի էժան էր Փշե պսակից։ Մատուռի հիմնադրման ճշգրիտ թվականը հայտնի չէ, սակայն հայտնի է նրա օծման թվականը՝ 1248 թվականի ապրիլի 26։

Իր բազմադարյան պատմության ընթացքում եկեղեցին մի քանի անգամ վերանորոգվել է։ Մասնավորապես, 15-րդ դարի վերանորոգման աշխատանքների արդյունքում փոխվել են սրաձողը, արևմտյան կողմի շրջանաձև վիտրաժը։

Լինելով թագավորական իշխանության ու կրոնի խորհրդանիշ՝ կապելլան խիստ տուժել է Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Թալանվել են գույքը և սրբազան որոշ մասունքներ, ջարդվել են տիմպանը և սայրը։ Երգեհոնը տեղափոխվել է Սեն Ժերմեն լ'Օսերրուա եկեղեցի։ Արձանների մեծ մասը փրկվել է ֆրանսիացի հնագետ Ալեքսանդր Լենուարի կողմից և ներկայումս գտնվում է Սենտ Շապել եկեղեցում։ Թալանի արդյունքում սրբազան մասունքների մի մասն անհետացել է, իսկ պահպանված որոշ մասունքներ գտնվում են Ֆրանսիայի ազգային գրադարանում։ Փշե պսակը գտնվում է Փարիզի Աստվածամոր տաճարում։

1803 թվականին Սենտ Շապելի վիտրաժները, որոնք գտնվել են երկու մետր բարձրության վրա, հանվել են, իսկ շինությունը վերածվել է արխիվային պահոցի։ Հանված վիտրաժները կա՛մ վաճառվել, կա՛մ ոչնչացվել են։ Պահպանված վիտրաժների մի մասը գտնվում է թանգարաններում․ «երեք մեդալիոնը» գտնվում է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում, վիտրաժների մի մասը՝ Փարիզի Կլյունի և Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարաններում։

Շինության վերականգնողական մեծ աշխատանքներ են կատարվել 1837 թվականին, որոնք ղեկավարել են ճարատարապետներ Վիոլե լը Դյուկը, Ֆելիքս Լուի Ժակ Դյուբանը և Լասյուսը։ Կապելլան և 13-րդ դարից պահպանված վիտրաժներն ամբողջությամբ վերանորոգվել են, բացի այդ տեղադրվել է փայտե նոր սայր, որը 15-րդ դարի սայրի ճշգրիտ կրկնօրինակն է։

2008 թվականին սկսվել է յոթ վիտրաժների վերանորոգման աշխատանքը, որը շարունակվել է մոտ հինգ տարի։ Աշխատանքների արժեքը կազմել է 10 միլիոն եվրո։

Հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ կապելլայի մանրակերտը

Երկմակարդակ Սուրբ կապելլան չափերով մեծ չէ․ երկարությունը 36 մ է, լայնությունը՝ 17մ, բարձրությունը՝ 42,5 մ։ Շինությունը միանավ է, որը հենվում է յոթանկյուն աբսիդի վրա։ Ներքին երկու նավերը միևնույն չափերն ունեն՝ 33 մ երկարություն և 10,7 մ լայնություն։ Արտաքինից հիմքի խստությունն ու կոնտրֆորսների հզորությունը հակադրվում են շինության վերին մասի թեթևությանը, որը պսակված է 33,25 մ բարձրությամբ փայտե սրաձողով։ Այսպիսով, շինության ամբողջական բարձրությունը 75,75 մ է։ Սրաձողը պատրաստվել է 19-րդ դարում․ այն 15-րդ դարի սրաձողի ճիշտ կրկնօրինակն է։

Արտաքին բաց սրահը, որը միացնում է կապելլան պալատին, տանում է դեպի վերին կապելլա, որը Սուրբ Խաչ անունով է օծված և նախատեսված է եղել թագավորի ու նրա շրջապատի մարդկանց համար։ Հենց այստեղ՝ աբսիդի խորքում տեղադրված շքեղ զարդարված տարածքում, պահպանվել են մասունքներ, որոնք գնել էր Լյուդովիկոս Սուրբը։ Ներքին մատուռը, որն օծված է սուրբ Մարիամ Աստվածածնի անունով, նախատեսված է եղել պալատականների, պալատական գվարդիայի համար։

Ներքին կապելլա
Հատված Վերին կապելլայի վիտրաժից

Եռանավ ներքին կապելլայի պատերը՝ ցածր հենասյուներով (6,6 մ), զարդարված են երեքնուկի տեսքով կամարազարդ նախշերով և 12 առաքյալներին պատկերող մեդալիոններով։ Սյուների վրա կապույտ ֆոնին զինանշանային շուշաններ են, որոնց հերթագայում են Կաստիլիայի աշտարակները՝ ի պատիվ Լյուդովիկոս Սուրբի մոր՝ Բլանկա Կաստիլացու։ Նեղ սյուներն իրենց վրա են պահում գրություններով սյուներ, որոնք պատկերում են աստղազարդ երկինքը։ Գետնի տապանաքարերը մատնանշում են եկեղեցու գանձերի պահապանների և Սենտ Շապելի հոգևոր առաջնորդների թաղման վայրը։

Վերին կապելլան, որի սյուների բարձրությունը 20,6 մ է, նախատեսված է փառաբանված մասունքերի պահպանման համար և աչքի է ընկնում անկրկնելի շքեղությամբ։ Կոնտրֆորսների հզորությունը գրեթե չի զգացվում՝ շնորհիվ խմբերի բաժանված ինը ոչ մեծ սյուների։ Սյուներին մարգարեների արձաններն են։ Սակայն վերին կապելլայի գլխավոր զարդը վիտրաժներն են։ Դրանք ունեն 600 մ² մակերես․ դրանց երկու երրորդը 13-րդ դարի վիտրաժային արվեստի նմուշներ են։ Վիտրաժներում գերիշխում են կարմիրն ու կապույտը, ինչով էլ առանձնանում են արևմտյան կողմում գտնվող 15-րդ դարի շրջանաձև վիտրաժից։ Վիտրաժները աստվածաշնչյան տեքստերի հիման վրա են արված և ներկայացնում են մարդկության պատմությունը՝ աշխարհի արարումից մինչև Հիսուս Քրիստոսի խաչելությունը։

Վիտրաժային ամեն պատուհան բաժանված է նետաձև կամարների և «կարդացվում է» ձախից աջ և ներքևից վերև։ 15 վիտրաժները հյուսիսային պատից ժամսլաքի ուղղությամբ դասավորված են հետևյալ հերթականությամբ․

Նավի երկարությամբ տեղադրված առաջին չորս և վերջին չորս վիտրաժները կազմված են սլաքանման չորս կամարներից, իսկ մնացածները ձևավորում են զույգ կամարներ։ Արևմտյան կողմի շրջանաձև վիտրաժը նվիրված է Հովհաննեսի Հայտնությանը։

Սենտ Շապել եկեղեցու վիտրաժների գեղեցկությունը գնահատելու համար խորհուրդ է տրվում այնտեղ այցելել արևոտ օր․ այդ դեպքում հատկապես լավ կներկայանան մատուռի երկրորդ հարկի վիտրաժները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM — 1994.
  2. base Mérimée (фр.)ministère de la Culture, 1978.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]