Սենյակ
| Ենթակատեգորիա | interior space, հաստատություն, artificial physical structure | |
|---|---|---|
| Մասն է | artificial physical structure, շենք | |
| Միանում է | connecting corridor | |
| Նպաստող գործոն | interior architecture | |
| Կազմված է | wall, Առաստաղ | |
Սենյակ, շենքում կամ նավի վրայի կառույցի ներսում գտնվող փակ տարածություն։ Սենյակը սովորաբար սահմանափակված է լինում պատերով և այնտեղ հնարավոր է մտնել միայն դռան կամ այլ բաժանարար կառույցի միջոցով։ Մուտքը սենյակը կապում է միջանցքի, մեկ այլ սենյակի կամ արտաքին տարածքի հետ։ Սենյակը սովորաբար բավականաչափ ընդարձակ է, որպեսզի մի քանի մարդ կարողանա ազատ տեղաշարժվել այնտեղ։ Սենյակի չափերը, կահավորանքը, կահույքը և երբեմն նաև շենքում, նավում կամ գնացքում դրա գտնվելու վայրը համապատասխանեցվում են վերջինիս ներսում իրականացվող գործունեությանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն սենյակների օգտագործումը թվագրվում է առնվազն մ.թ.ա. մոտ 2200 թվականին՝ մինչև Մինոյան քաղաքակրթության մշակույթների ժամանակաշրջանը, երբ Սանտորինիի Ակրոտիրի հնավայրում կատարված պեղումները որոշ կառույցների ներսում բացահայտել են հստակ սահմանազատված սենյակներ[1][2]։
Վաղ կառույցներում հնարավոր է եղել տարբերակել սենյակների տարբեր տեսակներ՝ ննջասենյակներ, խոհանոցներ, լոգասենյակներ, պահարաններ, ընդունելության սենյակներ և այլ հատուկ նշանակության տարածքներ։ Վերոհիշյալ Ակրոտիրիի պեղումները ցույց են տվել, որ սենյակները երբեմն կառուցվել են միմյանց վրա և միացված են եղել աստիճաններով, իսկ լոգասենյակները համալրված են եղել ալաբաստրե հարմարանքներով, ինչպիսիք են լվացարանները, լոգարանները և զուգարանները։ Դրանք բոլորը միացված են եղել կերամիկական խողովակներից կազմված բարդ երկակի ջրամատակարարման համակարգի, որը նախատեսված է եղել առանձին ձևով՝ սառը և տաք ջրի համար[2]։ Հին Հռոմում կառուցապատումը հասել է մեծ բարդության՝ ներառելով սենյակների բազմազան տեսակներ, այդ թվում՝ փակ տարածքում լողանալու համար նախատեսված սենյակների ամենավաղ օրինակներից մի քանիսը։ Անասազիների քաղաքակրթությունն ունեցել է սենյակների կառուցվածքների վաղ շրջանի բարդ զարգացած համակարգ, որը, հավանաբար, եղել է Հյուսիսային Ամերիկայում կառուցված սենյակների ամենահին օրինակներից, մինչդեռ Կենտրոնական Ամերիկայի մայաները դեռևս մեր թվարկության առաջին դարերում ունեցել են սենյակների բավական զարգացած դասավորություններ։ Չինաստանում, առնվազն Հան դինաստիայի վաղ շրջանում (մոտավորապես մ.թ.ա. 200 թվականից), ի հայտ են եկել բազմամակարդակ, բազմաթիվ սենյակներով բարդ շենքեր, հատկապես կրոնական և հասարակական նպատակներով։ Այս կառույցներն ունեցել են բազմաթիվ սենյակներ և դրանց միջև գտնվող ուղղահայաց հաղորդակցություններ։
Սենյակների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքային սենյակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ սենյակներ հատուկ նախագծված են եղել տնային տնտեսության աշխատանքներին ծառայելու համար (օրինակ՝ խոհանոցները, մառանները և բանջարեղենի պահեստները)։ Դրանք նախատեսված են եղել սննդի պատրաստման և պահպանման համար։ Տնային գրասենյակը կամ աշխատասենյակը կարող է օգտագործվել տնային գործերի հետ կապված փաստաթղթերի կամ արտաքին աշխատանքային գործունեության համար։ Որոշ աշխատանքային սենյակներ անվանվել են ըստ իրենց նշանակության. օրինակ՝ կարի սենյակն օգտագործվում է կարուձևի համար, իսկ լվացքատունը՝ լվացքը լվանալու և արդուկելու համար։
Այլ սենյակներ նախատեսված են եղել հարմարավետությունն ու մաքրությունը ապահովելու համար, օրինակ՝ զուգարանն ու լոգասենյակը, որոնք կարող են համատեղվել մեկ սենյակում կամ գտնվել առանձին սենյակներում։ Դրանց հանրային համարժեքը զուգարանն է, որը սովորաբար ներառում է զուգարանակոնք և ձեռքերը լվանալու հարմարանքներ, բայց սովորաբար չունի ցնցուղ կամ լոգարան։ Ցնցուղներ առկա են միայն մարզական կամ ջրային համալիրներում․ սովորաբար դրանք ունենում են նաև հանդերձարաններ։
17-19-րդ դարերում նման պայմաններ իրենց թույլ տվող մարդկանց տներում այդ հարմարությունները տեղադրվել են առանձին տարածքներում։ Խոհանոցը առանձնացված է եղել տան հիմնական հատվածից կամ հետագայում տեղադրվել է նկուղում՝ հրդեհի վտանգը նվազեցնելու և տաք ամիսներին խոհարարության ընթացքում առաջացող ջերմությունն ու հոտը տան հիմնական հատվածից հեռու պահելու համար[3]։ Զուգարանը, որը հաճախ ընդամենը հասարակ փոսային զուգարան է եղել, տեղադրված է եղել տան արտաքին հատվածում գտնվող առանձին կառույցում՝ հոտն ու միջատներին տնից հեռու պահելու համար։
Հասարակական սենյակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակի ընթացքում առանձնացվել են սենյակների տարբեր տեսակներ, որոնց հիմնական նպատակը այլ մարդկանց հետ շփվելն ու ժամանակ անցկացնելն է եղել։
Անցյալ դարերում շատ մեծ տներում հաճախ եղել է մեծ դահլիճ։ Այն այդպես է կոչվել իր մեծ չափերի պատճառով՝ անկախ նրանից, թե որքան շքեղ է եղել այն։ Սկզբնապես դա հասարակական նշանակության սենյակ է եղել և, ամենայն հավանականությամբ, գտնվել է ազնվական կալվածքի գլխավոր տանը։ Այդ սենյակում հանդիպել են այն մարդկանց, որոնք գործ են ունեցել տեղի կալվածատիրոջ կամ նրա ընտանիքի հետ։ Քանի որ այն հանդիսացել է տան ամենամեծ սենյակը, այն օգտագործվել է նաև մեծ խնջույքների ժամանակ որպես ճաշասենյակ, իսկ սեղանները հեռացնելու և երաժշտություն ապահովելու դեպքում վերածվել է պարասրահի։ Դրան կից կամ տան մեկ այլ հատվածում եղել է հյուրասենյակ, որն ավելի մասնավոր տարածք է և նախատեսված է եղել տանտիրոջ ընտանիքի ու նրանց ընկերների զրույցների համար։ Հանգստի սենյակը, հյուրասենյակը կամ հյուրասրահը նախատեսված է եղել հյուրեր ընդունելու և ժամանցի համար։ Տղամարդկանց ճաշակին համապատասխան ձևավորված նման սենյակը հնարավոր է, որ կոչվել են տղամարդու անկյուն։ Ավելի հին ժամանակներում առանձին սենյակ ունենալ ցանկացող տղամարդիկ օգտագործում են կաբինետը։ Որոշ մեծ տներ ունեցել են ժամանցի համար նախատեսված հատուկ սենյակներ, այդ թվում՝ գրադարան, տնային կինոթատրոն, բիլիարդի սենյակ, խաղասենյակ կամ երաժշտական սենյակ։

Ննջասենյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ննջասենյակը այն սենյակն է, որտեղ գտնվում է մահճակալը, և որի հիմնական նշանակությունը քնելն է։ Գլխավոր ննջասենյակը կարող է ունենալ կից լոգասենյակ։ Հյուրասենյակը ննջասենյակ է, որը հիմնականում նախատեսված է գիշերակացով հյուրերի համար։ Մանկասենյակը նորածինների կամ փոքր երեխաների համար նախատեսված ննջասենյակ է։ Այն կարող է առանձին լինել խաղասենյակ, որտեղ պահվում են երեխաների խաղալիքները։
Ննջասենյակները կարող են օգտագործվել նաև այլ նպատակներով։ Մեծ տանը այդ գործառույթների համար կարող են նախատեսված լինել առանձին սենյակներ, օրինակ՝ հագնվելու սենյակ՝ հագուստը փոխելու համար (այդպիսի սենյակներ հանդիպում են նաև հագուստի խանութներում և այնպիսի հաստատություններում, որտեղ մարդիկ հագուստը փոխելու կարիք ունեն, բայց գիշերելու կարիք չունեն)։ Թյուդորների ժամանակաշրջանում ննջասենյակը կարող էր ունենալ առանձին փոքր սենյակ՝ աղոթելու և առանձնանալու համար։ Այս ճարտարապետական գաղափարը պահպանվել է պահարանների ձևով[3]։

Միացյալ Թագավորությունում շատ տներ կառուցված են այնպես, որ ունենան փոքր պահեստային սենյակ, որը հեշտությամբ կարելի է տարբերել մյուս սենյակներից, քանի որ այն ավելի փոքր է։ Այս սենյակների փոքր չափերը սահմանափակում են դրանց օգտագործման հնարավորությունները, ուստի դրանք սովորաբար օգտագործվում են որպես փոքր ննջասենյակ մեկ անձի համար, փոքր երեխաների ննջասենյակ կամ պահեստային սենյակ։ Որոշ նման սենյակներ կարող էին նախատեսված լինել նաև տանը բնակվող սպասավորի համար։ Ավանդաբար, և հատկապես մինչև 1930-ական թվականները Բրիտանիայի գյուղական տներում ու ավելի մեծ արվարձանային տներում, այս սենյակները նախատեսված են եղել արկղերի, սնդուկների, ճամփորդական պայուսակների և նման իրերի պահեստավորման համար, այլ ոչ թե որպես ննջասենյակ[4]։ Իռլանդիայում աստիճանավանդակի շրջադարձի հատվածում հարկերի միջև ավելացված փոքր սենյակը կոչվում է հանգրվան[5][6]։ Նման սենյակները կարող են ավելացվել որպես ընդարձակումներ և երբեմն օգտագործվել կամ վերափոխվել այլ նպատակներով, օրինակ՝ որպես խոհանոց կամ լոգասենյակ[7][8]։
Հիվանդասենյակը հատուկ նշանակության սենյակ է, որը երբեմն այնքան փոքր է, որ այնտեղ տեղավորվում է միայն մեկ մահճակալ։ Այն նախատեսված է ընտանիքի հիվանդ անդամին հարմարավետ խնամելու և նրան տան մյուս բնակիչներից առանձնացնելու համար՝ հիվանդությունից ապաքինվելու ընթացքում։
Բազմաֆունկցիոնալ սենյակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր տներում սենյակների մեծ մասը բազմաֆունկցիոնալ են եղել։ Մեկսենյականոց բնակարանում, ընդհանուր բնակարանում կամ ստուդիա բնակարանում մեկ հիմնական սենյակը կարող է ծառայել գրեթե բոլոր նպատակներին, սովորաբար՝ բացառությամբ զուգարանի և լոգասենյակի։ Բազմաֆունկցիոնալ սենյակների տեսակներից է մեծ ընդհանուր սենյակը, որտեղ խոհանոցի, ճաշասենյակի և հյուրասենյակի միջև պատերի ու դռների մեծ մասը հանված է՝ ստեղծելով մեկ մեծ, բաց տարածք։
Որոշ վայրերում տիկնոջ բուդուարը միաժամանակ ննջասենյակ էր և փոքրաթիվ ընկերների ընդունելության վայր։ Այլ վայրերում բուդուարը ննջասենյակից առաջ գտնվող նախասենյակ էր։
Կից լոգասենյակով սենյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կից լոգասենյակով սենյակը սենյակի տեսակ է, որն ունի առանձին մասնավոր տարածք, անձնական լոգասենյակ և ընդհանուր խոհանոցից օգտվելու հնարավորություն[9]։ Լոգասենյակը սովորաբար ներառում է ցնցուղ, լվացարան և զուգարանակոնք։ Կից լոգասենյակով սովորաբար նշանակում է, որ տարածքը մասնավոր է, հատկապես ուսանողական կացարանների դեպքում։ Ուսանողների համար նախատեսված նման սենյակները պետք է ապահովեն սովորելու համար անհրաժեշտ տարածք և հանգիստ միջավայր[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Oxford Dictionaries (2013)
- 1 2 «Archaeological Site of Akrotiri». Travel to Santorini: Santorini Island Guide. Marinet Ltd. Վերցված է 23 November 2009-ին.
- 1 2 Lane, Megan (2011-04-12). «The story of our rooms». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-07-11-ին.
- ↑ Oxford English Dictionary 3rd Ed. (2003)
- ↑ «Full Glossary for Dubliners». www.cliffsnotes.com. CliffsNotes. Վերցված է 17 November 2023-ին.
- ↑ Morash, Christopher (2023). «The North Inner City». Dublin. Cambridge University Press. էջեր 142–163. doi:10.1017/9781108917810.008. ISBN 978-1-108-91781-0. Վերցված է 17 November 2023-ին.
- ↑ «Housing (Gaeltacht) (Amendment) Bill, 1953—Second Stage. – Dáil Éireann (14th Dáil) – Wednesday, 25 Feb 1953 – Houses of the Oireachtas». www.oireachtas.ie (անգլերեն). Houses of the Oireachtas. 25 February 1953. Արխիվացված է օրիգինալից 11 April 2024-ին. Վերցված է 17 November 2023-ին.
- ↑ «Building description | Dublin City Council». www.dublincity.ie (անգլերեն). 16 March 2023. Վերցված է 17 November 2023-ին.
- ↑ Sharp, Kay; Walker, Harriet (2003). «A microbiological survey of communal kitchens used by undergraduate students». International Journal of Consumer Studies (անգլերեն). 27 (1): 11–16. doi:10.1046/j.1470-6431.2003.00282.x. ISSN 1470-6431.
- ↑ Hubbard, Phil (2009-01-01). «Geographies of studentification and purpose-built student accommodation: Leading separate lives?». Environment and Planning A. 41 (8): 1903–1923. Bibcode:2009EnPlA..41.1903H. doi:10.1068/a4149. S2CID 146790480.