Jump to content

Սեմ Հյուսթոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմ Հյուսթոն
անգլ.՝ Sam Houston[1]
Դիմանկար
Ծնվել էմարտի 2, 1793(1793-03-02)[2][3][4]
ԾննդավայրՌոքբրիջ շրջան, Վիրջինիա[5][1][6][…]
Մահացել էհուլիսի 26, 1863(1863-07-26)[2][3][4] (70 տարեկան)
Մահվան վայրՀանթսվիլ, Տեխաս, Ամերիկայի համադաշնային նահանգներ[1]
ԳերեզմանOakwood Cemetery[7]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Տեխասի Հանրապետություն
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնբապտիստություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
ԱմուսինMargaret Lea Houston?[6] և Dianna Rogers?[8][9]
Ծնողներհայր՝ Maj. Samuel Houston?[10]
Զբաղեցրած պաշտոններԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, Տեխաս նահանգի նահանգապետ, President of the Republic of Texas?, Governor of Tennessee?, President of the Republic of Texas?, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր, ԱՄՆ սենատոր և ԱՄՆ սենատոր
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ԵրեխաներTemple Lea Houston?[6], Andrew Jackson Houston?[6], Nancy "Nannie" Elizabeth Morrow?[10][6] և Sam Houston, Jr.?[10][6]
Ստորագրություն
Изображение автографа
 Sam Houston Վիքիպահեստում

Սամուել Հյուսթոն (անգլ.՝ Sam Houston, մարտի 2, 1793(1793-03-02)[2][3][4], Ռոքբրիջ շրջան, Վիրջինիա[5][1][6][…] - հուլիսի 26, 1863(1863-07-26)[2][3][4], Հանթսվիլ, Տեխաս, Ամերիկայի համադաշնային նահանգներ[1]), ամերիկացի գեներալ և պետական գործիչ, ով նշանակալի դեր է խաղացել Տեխասի հեղափոխության ընթացքում։ Նա եղել է Տեխասի Հանրապետության առաջին և երրորդ նախագահ և առաջին երկու անհատներից մեկն է, ով ներկայացրել է Տեխասը ԱՄՆ Սենատում։ Նա զբաղեցրել է Թենեսիի վեցերորդ նահանգապետի և Տեխասի յոթերորդ նահանգապետի պաշտոնը՝ լինելով միակ անձը, ով ընտրվել է երկու տարբեր նահանգների նահանգապետ ԱՄՆ-ում։

Հյուսթոնը ծնվել է Վիրջինիա նահանգի Ռոքբրիջ շրջանում, սակայն դեռահաս տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Թենեսի նահանգի Մերիվիլ քաղաք։ Ավելի ուշ նա փախել է տնից և շուրջ երեք տարի ապրել չերոկիների[11] հետ ՝ ձեռք բերելով «Ագռավ» մականունը։ Նա մասնակցել է գեներալ Էնդրյու Ջեքսոնի հրամանատարության ներքո 1812 թվականի պատերազմում, իսկ դրանից հետո, 1818 թվականին, նշանակվել է փոխգործակալ՝ վերահսկելու չերոկիների տեղափոխումը Թենեսիից դեպի Արկանզասի տարածք։ Ջեքսոնի և այլոց աջակցության շնորհիվ Հյուսթոնը 1823 թվականին ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ։ Նա վճռականորեն աջակցում էր Ջեքսոնի նախագահի թեկնածությանը, և 1827 թվականին ընտրվել է Թենեսիի նահանգապետ։ 1829 թվականին առաջին կնոջից բաժանվելուց հետո, Հյուսթոնը հրաժարական տվեց նահանգապետի պաշտոնից և կրկին տեղափոխվեց Արկանզասի տարածք՝ ապրելու չերոկիների հետ։

Հյուսթոնը բնակություն հաստատեց Տեխասում 1832 թվականին։ Գոնսալեսի ճակատամարտից հետո նա օգնեց կառավարել Տեխասի ժամանակավոր կառավարությունը և ընտրվեց որպես Տեխասի բանակի բարձրագույն պաշտոնյա։ Նա ղեկավարեց Տեխասի բանակը Սան Հասինտոյի ճակատամարտում, որը վճռորոշ հաղթանակ ապահովեց Տեխասի անկախության պատերազմի ընթացքում՝ ընդդեմ Մեքսիկայի։ Պատերազմից հետո, 1836 թվականին, Հյուսթոնը հաղթեց Տեխասի նախագահական ընտրություններում։ Նա լքեց պաշտոնը 1838 թվականին՝ պաշտոնավորման ժամկետի սահմանափակումների պատճառով, սակայն 1841 թվականին վերընտրվեց նախագահ։ Հյուսթոնը կարևոր դեր խաղաց Տեխասի՝ ԱՄՆ-ին միանալու գործում, որը տեղի ունեցավ 1845 թվականին, և 1846-ին ընտրվեց ԱՄՆ Սենատում՝ ներկայացնելու Տեխասը։ Նա միացավ Դեմոկրատական կուսակցությանը և աջակցեց նախագահ Ջեյմս Ք. Փոլքի կողմից մղվող Մեքսիկա-ամերիկյան պատերազմին։

Նրա գործունեությունը Սենատում նշանավորվեց միասնության գաղափարների պաշտպանությամբ և ընդդիմությամբ ինչպես Հյուսիսի, այնպես էլ Հարավի ծայրահեղականների նկատմամբ։ Նա կողմ քվեարկեց 1850 թվականի փոխզիջմանը, որը կարգավորեց Մեքսիկա-ամերիկյան պատերազմի և Տեխասի միացման հետևանքով առաջացած տարածքային վեճերը։ Հյուսթոնը ողջ կյանքի ընթացքում ստրուկներ ուներ։ Նա դեմ քվեարկեց 1854 թվականի Կանզաս-Նեբրասկա օրենքին՝ կարծելով, որ դրանով այն կխորացնի ստրկության հարցը։ Այդ օրենքին դեմ լինելու պատճառով նա հեռացավ Դեմոկրատական կուսակցությունից։ 1856 թվականին Հյուսթոնը անհաջող փորձ ունեցավ նախագահական ընտրություններում Ամերիկյան կուսակցությունում, ինչպես նաև 1860 թվականին նախագահական ընտրություններում՝ որպես Սահմանադրական միության կուսակցության թեկնածու։ 1859 թվականին նա ընտրվեց Տեխասի նահանգապետ։ Այդ պաշտոնավորման ընթացքում նա ընդդիմացավ Տեխասի դուրս գալուն Միության կազմից որոշմանը և փորձեց կանխել նահանգի միացումը Ամերիկայի Համադաշնությանը, սակայն անհաջող։ 1861 թվականին նրան ստիպեցին հրաժարվել պաշտոնից, իսկ երկու տարի անց՝ 1863 թվականին, նա մահացավ։ Հյուսթոնի անունը մեծ պատվով հիշատակվում է բազմաթիվ ձևերով, և նրա անունով է կոչվել Հյուսթոն քաղաքը, որը ԱՄՆ-ի չորրորդ խոշորագույն քաղաքն է։

Սամ Հյուսթոնի ծննդավայրի հուշատախտակը Վիրջինիա նահանգի Ռոքբրիջ շրջանում

Սամուել Հյուսթոնը ծնվել է Վիրջինիա նահանգի Ռոքբրիջ շրջանում 1793 թվականի մարտի 2-ին՝ Սամուել Հյուսթոնի և Էլիզաբեթ Փաքսթոնի ընտանիքում։ Հյուսթոնի ծնողները ծագումով շոտլանդացի և իռլանդացի ներգաղթյալներ են, որոնք հաստատվել էին գաղութային Ամերիկայում 1730-ական թվականներին[12], այդ թվում՝ նրա մեծ պապը՝ Ջոն Հյուսթոնը[13]։ Հյուսթոնի հայրը ծագում էր Ուլստերցի շոտլանդացիներից և Հյուսթոն բարոնետներից, որոնք Շոտլանդիայում [14][Ն 1][Ն 2] հիմնել էին Հյուսթոն Կլանը։ Սամուել Հյուսթոնը ժառանգել էր Թիմբեր Ռիջ գաղութային տնտեսությունը և առանձնատունը Վիրջինիա նահանգի Ռոքբրիջ շրջանում, որտեղ աշխատում էին ստրկացված աֆրիկյան ամերիկացիներ։ Ամերիկյան հեղափոխական պատերազմի ժամանակ նրա հայրը՝ կապիտան Հյուսթոնը, ծառայել է Մորգանի հրաձգային բրիգադում որպես ֆինանսական պատասխանատու[14]։ Նա նաև ծառայել է Վիրջինիայի աշխարհազորում, ինչը պահանջում էր սեփական միջոցների ծախսում և ընտանիքից երկար ժամանակ հեռու մնալ։ Դրա հետևանքով պլանտացիան և ընտանիքի ֆինանսական վիճակը վատթարացան[13]։

Նա ուներ հինգ եղբայր և երեք քույր[12]. Փաքսթոն, Ռոբերթ, Ջեյմս (ամուսնացած է Փեյշենս Բիլսի հետ), Ջոն, Ուիլյամ (ամուսնացած է Մերի Բոլի հետ), Իզաբելա, Մերի (ամուսնացած է Մեթյու Ուոլիսի հետ) և Էլիզա (ով ամուսնացել է Սամուել Մուրի հետ)[16]։

Նրա հայրը՝ ավագ Սամուելը, նախատեսում էր վաճառել Թիմբեր Ռիջ-ը[Ն 3] և տեղափոխվել արևմուտք՝ Թենեսի, որտեղ հողն ավելի մատչելի էր, սակայն նա մահացավ 1806 թվականին։ Նրա մայրը՝ Էլիզաբեթը, շարունակեց այդ ծրագիրը՝ ընտանիքը տեղափոխելով Բլաունթ շրջանի վարչական կենտրոն Մերիվիլ քաղաքի մոտ։ Այդ ժամանակ Թենեսին դեռևս համարվում էր ամերիկյան սահմանագիծ[18][19], և նույնիսկ Նեշվիլի նման խոշոր քաղաքները զգոն էին բնիկ ամերիկացիների հարձակումների նկատմամբ։ Նրա զարմիկները ապրում էին Թենեսիի[20] արևելակենտրոնական շրջանում[12]։ Երբ նրանք ժամանեցին, Էլիզաբեթը սկսեց հողի մաքրման գործընթացը, կառուցեց տուն և տնկեց մշակաբույսեր։ Նրա ավագ երեխաները՝ Փաքսթոնը, Իզաբելլան և Ռոբերթը, մահացան Թենեսի տեղափոխվելուց մի քանի տարի անց։ Էլիզաբեթը հույսը դրել էր Ջեյմսի և Ջոնի վրա որեսզի ղեկավարեն Մերիվիլում խանութը, մշակեն ֆերման և հսկեն կրտսեր երեխաներին[17]։

Հյուսթոնը թեթև բնավորություն ուներ և սիրում էր փախչել տանից Ամերիկյան սահմանը ուսումնասիրելու համար։ Նա հակասություն ուներ իր մոր՝ պրեսբիտերյան հավատքի կողմից քարոզվող դժոխքի և անեծքի գաղափարների հետ և հետաքրքրված չէր դպրոցով։ Սակայն հետաքրքրված էր իր հոր գրադարանով՝ ընթերցելով դասական հեղինակների, օրինակ՝ Վերգիլիոսի գործերը, ինչպես նաև ավելի ժամանակակից հեղինակների, այդ թվում՝ Ջեդիդայա Մորզի[21] աշխատանքները։

Նա չէր հետաքրքրվում հողագործությամբ և ընտանեկան խանութի աշխատանքով՝ 16 տարեկանում նա լքեց ընտանիքը և սկսեց ապրել չերոկի ցեղի հետ, որի առաջնորդն էր Ջոն Ջոլին ( չերոկիերեն անունը՝ Ահուլուդեգի, նաև գրվում է որպես Օոլուոտեկա[19][18]) Հիուասի կղզում[22]։ Հյուսթոնը մտերմացավ Ջոլիի հետ, սովորեց չերոկիերեն և ցեղում հայտնի դարձավ որպես «Ագռավ»[23] մականմամբ։ Ջեյմս Լ. Հեյլիի խոսքերով՝ նա գնահատում էր բնիկ ամերիկացիների[24] «ազատ և անկեղծ հոգևոր արտահայտումը»։ 1812 թվականին նա հեռացավ ցեղից և վերադարձավ Մերիվիլ, որտեղ 19 տարեկանում աշխատանքի ընդունվեց որպես միասենյականոց դպրոցի[25] ուսուցիչ։ Ավելի ուշ նա հաճախեց Փորթերի ակադեմիա, որտեղ ուսանեց Իսահակ Լ. Անդերսոնի՝ Մերիվիլի քոլեջի[26] հիմնադրի ղեկավարությամբ։

Կենսագրող Ջոն Հոյթ Ուիլյամսի խոսքով՝ Հյուսթոնը մոտ չէր իր ծնողներին կամ քույր-եղբայրներին և հազվադեպ էր հիշատակում նրանց իր հետագա կյանքում[12]։ Սակայն, ըստ Հեյլիի, նա հետաքրքրված էր իր կրտսեր եղբոր և քույրերի բարօրությամբ, երբ ապրում էր Հիուասի կղզում։ Նա զգում էր, որ ընտանքի[24] մնացած անդամները օգտագործում էին նրան։

1812 թվականի պատերազմ և հետևանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1812 թվականին Հյուսթոնը զորակոչվեց ԱՄՆ բանակ, որն այդ ժամանակ ներգրավված էր 1812 թվականի պատերազմում Բրիտանիայի և նրա բնիկ ամերիկացի դաշնակիցների[27] դեմ։ Նա շատ լավ տպավորություն թողեց 39-րդ հետևակային գնդի հրամանատար Թոմաս Հարթ Բենթոնի վրա և 1813 թվականի վերջում ստացավ սպայի կոչում։ 1814 թվականի սկզբին 39-րդ գունդը ընդգրկվեց գեներալ Էնդրյու Ջեքսոնի զորքերի կազմում, որոնց խնդիրն էր կանգնեցնել Մասկոգի (կամ «Քրիք») ցեղի մի մասի հարձակումները Հին Հարավ-Արևմուտքում[28]։ Հյուսթոնը ծանր վիրավորվեց Հորսշու Բենդի ճակատամարտում, որը Քրիք պատերազմի վճռորոշ ճակատամարտն էր։ Չնայած բանակում գտնվող բժիշկները կարծում էին, որ նա չի ապրի, Հյուսթոնը վերականգնվեց Մերիվիլում և այլուր։ Թեև 1812 թվականի պատերազմի ավարտից հետո շատ սպաներ կորցրին իրենց պաշտոնները բանակում կրճատումների պատճառով, Կոնգրեսական Ջոն Ռիայի[29] աջակցությամբ Հյուսթոնը կարողացավ պահել իր կոչումը և ստացավ լեյտենանտի կոչում[19]։

1817 թվականի սկզբին Հյուսթոնին նշանակեցին գործավարական պաշտոն Նեշվիլում, որտեղ ծառայում էր բանակի Հարավային բաժանմունքի հրամանատարի գլխավոր օգնականի ենթակայությամբ։ Տարվա վերջին Ջեքսոնը նրան նշանակեց որպես փոխգործակալ՝ զբաղվելու չերոկիների տեղահանությամբ Արևելյան Թենեսիից[30]։ 1818 թվականի փետրվարին նա խիստ նախատինք ստացավ ԱՄՆ-ի պատերազմի քարտուղար Ջոն Ք. Քալհունից, երբ հանդիպման ժամանակ չերոկի առաջնորդների հետ հագել էր բնիկ ամերիկյան հագուստ և այս միջադեպը դարձավ սկիզբ երկարատև թշնամանքի, որը շարունակվեց մինչև Քալհունի մահը 1850 թվականին[31]։ Զայրացած Քալհունի հետ միջադեպից և իր գործունեության նկատմամբ սկսված հետաքննությունից՝ Հյուսթոնը 1818 թվականին լքեց բանակը։ Չնայած դրան, նա շարունակում էր համագործակցել կառավարության հետ որպես չերոկիների կապավոր և 1818 թվականին օգնեց նրանց մի մասին վերաբնակվել Արկանզասի տարածքում[32]։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական ծառայությունը թողնելուց հետո Հյուսթոնը սկսեց իրավաբանություն սովորել Նեշվիլում՝ դատավոր Ջեյմս Թրիմբլի մոտ։ Շուտով նա ստացավ փաստաբան լինելու արտոնագիր և բացեց իրավաբանական գրասենյակ Թենեսի նահանգի Լեբանոն քաղաքում։ Նահանգապետ Ջոզեֆ ՄակՄինի աջակցությամբ Հյուսթոնը 1819 թվականին ընտրվեց Նեշվիլի շրջանի դատախազ։ Նա նաև նշանակվեց Թենեսիի աշխարհազորի[19][33] գեներալ-մայոր։ Իր խորհրդատուների նման, Հյուսթոնը անդամակցում էր Դեմոկրատ-հանրապետական կուսակցությանը, որը 1812 թվականի պատերազմից հետո հաջորդ տասնամյակի ընթացքում գերիշխում էր թե՛ նահանգային, թե՛ ազգային քաղաքականությունում։ 1820 թվականի ԱՄՆ մարդահամարի արդյունքում Թենեսին ստացավ երեք լրացուցիչ տեղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, և Ջեքսոնի ու ՄակՄինի աջակցությամբ Հյուսթոնը 1823 թվականի ընտրություններում առանց մրցակցության հաղթեց Թենեսիի 9-րդ կոնգրեսական ընտրաշրջանում[34]։ Կոնգրեսում իր առաջին կարևոր ելույթում Հյուսթոնը հանդես եկավ հօգուտ Հունաստանի անկախության ճանաչման, որը պատերազմի մեջ էր Օսմանյան կայսրության[35] դեմ՝ անկախություն ձեռք բերելու համար։

Հյուսթոնը վճռականորեն աջակցում էր Ջեքսոնիբ 1824 թվականի նախագահական ընտրություններում, որտեղ պայքարում էին Դեմոկրատ-հանրապետական կուսակցության չորս հիմնական թեկնածուներ։ Քանի որ ոչ ոք չկարողացավ ստանալ քվեների մեծամասնությունը, Ներկայացուցիչների պալատը անցկացրեց լրացուցիչ ընտրություն, որում հաղթեց Ջոն Քուինսի Ադամսը[36]։ Ժամանակի ընթացքում Ջեքսոնի կողմնակիցները միավորվեցին՝ ձևավորելով Դեմոկրատական կուսակցությունը, մինչդեռ Ադամսի համախոհները դարձան Ազգային հանրապետական կուսակցություն։ Ջեքսոնի աջակցությամբ 1827 թվականին [37] Հյուսթոնը ընտրվեց Թենեսիի նահանգապետ։ Նահանգապետ Հյուսթոնը աջակցոմ էր ներքին ենթակառուցվածքների բարելավումներին, օրինակ՝ ջրանցքների կառուցմանը և ձգտում էր նվազեցնել հողի գինը հանրային տարածքներում բնակվող հողագործների համար։ Բացի այդ, Հյուսթոնը մեծապես աջակցեց Ջեքսոնի հաջողված քարոզարշավին 1828 թվականի նախագահական ընտրություններում[38]։

1829 թվականի հունվարին Հյուսթոնը ամուսնացավ Էլիզա Ալենի հետ՝ Թենեսիի Գալաթին քաղաքից հարուստ պլանտատոր Ջոն Ալենի դստեր հետ։ Նրանք շատ վաղ ամուսնալուծվեցին, հնարավոր է՝ որովհետև Էլիզան սիրահարված էր այլ տղամարդու[39]։ 1829 թվականի ապրիլին, ամուսնալուծությունից հետո, Հյուսթոնը հրաժարվեց Թենեսիի նահանգապետի պաշտոնից։ Որոշ ժամանակ անց՝ պաշտոնից հեռանալուց հետո, նա ուղևորվեց Արկանզասի տարածք՝ վերամիավորվելու չերոկիների[40] հետ։

Քաղաքական աքսոր և հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1829[41] թվականի կեսերին Հյուսթոնը կրկին միացավ Ահուլուդեգիի չերոկինների խմբին։ Նրա կառավարման փորձի և նախագահ Ջեքսոնի հետ կապի շնորհիվ մի քանի տեղացի ամերիկացի ցեղեր խնդրեցին Հյուսթոնին միջնորդել վեճերի լուծման և իրենց պահանջները Ջեքսոնի վարչակազմին[42] փոխանցելու հարցում։ 1829 թվականի վերջում չերոկիները Հյուսթոնին իրենց ցեղի անդամ ճանաչեցին և ուղարկեցին Վաշինգտոն` մի քանի խնդիրների[43] շուրջ բանակցելու համար։ Հյուսթոնը Միսիսիպի գետից արևելք մնացած չերոկիների տեղահանման[44] ժամանակ փորձեց նրանց սնունդ մատակարարել, բայց անհաջողության մատնեց։ Երբ Հյուսթոնը 1832 թվականին վերադարձավ Վաշինգտոն կոնգրեսական Ուիլյամ Սթանբերը հայտարարեց, որ 1830 թվականին Հյուսթոնը կեղծ հայտ էրր ներկայացրել սնունդ մատակարերելու համար` համագործակցելով Ջեքսոնի վարչակազմի հետ։ 1832 թվականի ապրիլի 13-ին, երբ Սթանբերին հրաժարվեց պատասխանել Հյուսթոնի նամակներին, Հյուսթոնը նրան ծեծեց ձեռնափայտով[45]։ Դրանից հետո Ներկայացուցիչների պալատը դատական գործ հարուցեց նրա դեմ։ 106 կողմ և 89 դեմ ձայներով պալատը նրան դատապարտեց, իսկ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Էնդրյու Սթիվենսոնը պաշտոնապես հանդիմանեց Հյուսթոնին[19]։ Դաշնային դատարանն էլ նրան պարտադրեց վճարել 500 դոլար տուգանք[46]։

Տեխասի Հեղափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեներալ Սեմ Հյուսթոն

1832 թվականի կեսերին Հյուսթոնի ընկերները՝ Ուիլյամ Հ. Ուարթոնը և Ջոն Օսթին Ուարթոնը, նրան նամակ գրեցին որպեսզի համոզեն նրան, որ նա ճանապարհորդի դեպի Մեքսիկային պատկանող Տեխաս նահանգ, որտեղ ամերիկացի վերաբնակիչների շրջանում աճող[47] անկարգություններ կային։ Մեքսիկայի կառավարությունը հրավիրել էր ամերիկացիներին բնակություն հաստատելու՝ Տեխասի սակավամարդ շրջանում, սակայն վերաբնակիչներից շատերը, այդ թվում՝ Ուարթոնները, դժգոհ էին մեքսիկական իշխանությունից։ Հյուսթոնը 1832 թվականի դեկտեմբերին անցավ Տեխաս, և կարճ ժամանակում նրան Տեխասում[48] հող հատկացվեց։ Հյուսթոնը ընտրվեց ներկայացնելու Նակոգդոչեսը Տեխասի 1833 թվականի համագումարը, որը հրավիրվել էր Մեքսիկային նահանգի կարգավիճակ ստանալու համար (այն ժամանակ Տեխասը Կոաուիլա և Տեխաս նահանգի մի մասն էր)։ Հյուսթոնը խիստ աջակցում էր նահանգին կարգավիճակ[49] ստանալու համար և նախագահում էր հանձնաժողովը, որը մշակեց առաջարկվող նահանգի սահմանադրությունը։ Համագումարից հետո Տեխասի առաջնորդ Ստեֆեն Ֆ. Օսթինը Մեքսիկայի կառավարությանը ներկայացրեց նահանգի կարգավիճակ ստանալու խնդրանքը, սակայն չկարողացավ համաձայնության գալ նախագահ Վալենթին Գոմես Ֆարիասի հետ։ 1834 թվականին Անտոնիո Լոպես դե Սանտա Աննան ստանձնեց նախագահի պաշտոնը, ընդունեց նոր լիազորություններ և ձերբակալեց Օսթինին[50]։ 1835 թվականի հոկտեմբերին Տեխասի հեղափոխությունը սկսվեց Գոնսալեսի ճակատամարտով, որը փոքր բախում էր Տեխասի ուժերի և մեքսիկական բանակի միջև։ Ճակատամարտից կարճ ժամանակ անց Հյուսթոնը ընտրվեց խորհրդատվական ժողովի անդամ, որը Տեխասի առաջնորդների[51] համաժողովն էր։

Օսթինի և այլոց հետ միասին Հյուսթոնը օգնել է կազմակերպել 1836 թվականի համագումարը, որտեղ Տեխասի Հանրապետությունը անկախ հռչակեց Մեքսիկայից։ Նոյեմբերին Հյուսթոնը և պատգամավորների մեծամասնությունը քվեարկեցին մի բանաձևի օգտին, որը կոչ էր անում Տեխասի նահանգին կարգավիճակ տալ և վերականգնել Մեքսիկայի 1824 թվականի սահմանադրությունը։ Հյուսթոնին նշանակեցին գեներալ-մայոր և Տեխասի բանակի[19][27] բարձրագույն հրամանատար, բայց այս պաշտոնը ամբողջական վերահսկողություն չտվեց այն աշխարազորային զորամասերի վրա, որոնք կազմում էին Տեխասի բանակը[52]։ Հյուսթոնը օգնեց կազմակերպել 1836 թվականի համագումարը, որտեղ Տեխասի Հանրապետությունը հռչակվեց անկախ Մեքսիկայից և նրան նշանակեցին գլխավոր հրամանատար։ Անկախության հռչակումից անմիջապես հետո համագումարը ստացավ օգնության խնդրանք Ուիլյամ Բ. Թրավիսից, ով Ալամոյի մոտ Սանտա Աննայի կողմից պաշարված տեխասյան ուժերի հրամանատարն էր։ Համագումարը հաստատեց Հյուսթոնի հրամանատարությունը Տեխասի բանակի վրա և ուղարկեց նրան Թրավիսի զորքերին օգնության, սակայն մինչև Հյուսթոնը կարողացավ հավաքել իր զորքերը Գոնսալեսում, Ալամոն գրավեցին։ Մեքսիկական բանակը, փորձելով վախեցնել տեխասյան ուժերին, սպանեց Ալամոյի բոլոր պաշտպաններին։ Այդ պարտության լուրը վրդովվեցրեց շատ տեխասցիների և հանգեցրեց Հյուսթոնի բանակի որոշ անդամների դասալքությանը[53]։ Ունենալով մոտ 350 զինվոր՝ Հյուսթոնի բանակը թվապես զիջում էր Սանտա Աննայի ուժերին։ Նա նահանջեց դեպի արևելք՝ անցնելով Կոլորադո գետը[54]։


Չնայած ժամանակավոր կառավարությունը, ինչպես նաև իր շատ ենթականեր, կոչ էին անում Հյուսթոնին հարձակվել մեքսիկական բանակի վրա, նա շարունակեց նահանջը դեպի արևելք՝ հայտարարելով իր զինվորներին, որ իրենք «Տեխասի միակ բանակն են այս պահին․․․ Մեզանից շատ քչերն են մնացել և եթե պարտվենք, Տեխասի ճակատագիրը կվճռվի[55][Ն 4]»: Սանտա Աննան բաժանեց իր ուժերը և, վերջապես, 1836 թվականի[57] ապրիլի կեսերին հասավ Հյուսթոնին։ Նրա մոտ 1350 զինվորներից բաղկացած զորքը շրջապատեց Հյուսթոնի 783 հոգանոց զորքը մառանում, սակայն, փոխանակ անմիջապես հարձակվելուն, Սանտա Աննան կարգադրեց իր զորքերին վրաններ դնել։ Ապրիլի 21-ին Հյուսթոնը հրամայեց հարձակվել մեքսիկական բանակի վրա՝ սկսելով Սան Հասինտոյի ճակատամարտը։ Տեխասցիները արագորեն ջախջախեցին Սանտա Աննայի զորքը, թեև Հյուսթոնի ձին սպանվեց, երբ նա ձիու վրա էր հենց, և պատահական գնդակը[19][58] ջախջախեց Հյուսթոնի կոճը։ Սան Հասինտոյի ճակատամարտից հետո տեխասյան ջոկատներից մեկը գերեվարեց Սանտա Աննային[59]։ Վերջինս ստիպված եղավ ստորագրել Վելասկոյի պայմանագիրը, որը հաստատեց հրադադար երկու կողմերի միջև և սահմանեց Տեխասի անկախության նախնական քայլերը։ Հյուսթոնը կարճ ժամանակով մնաց բանակցությունների համար, ապա վերադարձավ Միացյալ Նահանգներ՝ իր վնասված[60] կոճի բուժման նպատակով։

Տեխասի նախագահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեխասի Հանրապետությունը Տեխասի Հեղափոխությունից հետո

Սան Հասինտոյի ճակատամարտում տարած հաղթանակը Հյուսթոնին հերոս դարձրեց շատ տեխասցիների մոտ, և նա հաղթեց 1836 թվականի Տեխասի նախագահական ընտրություններում՝ հաղթելով Սթիվեն Ֆ. Օսթինին (ում պատվին հետագայում Օսթին քաղաքը կկոչվեր) և Հենրի Սմիթին։ Հյուսթոնը պաշտոնը ստանձնեց 1836 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամանակավոր նախագահ Դեյվիդ Ջ. Բերնետի[61] հրաժարականից հետո։ Նախագահական ընտրությունների ժամանակ Տեխասից ընտրողների մեծամասանությունը հայտնեցին իրենց ցանությունը Տեխասը ԱՄՆ-ին միանալու գաղափարին։ Մինչդեռ Հյուսթոնը ստիպված էր նոր կառավարություն ձևավորել, կարգի բերել երկրի ֆինանսական համակարգը և կարգավորել հարաբերությունները Մեքսիկայի հետ։ Նա որպես փոխնախագահ ընտրեց Միրաբոու Լամարին, որպես պաշտպանության քարտուղար՝ Թոմաս Ջեֆերսոն Ռասկին, որպես ֆինանսների քարտուղար՝ Սմիթին, որպես ծովային ուժերի քարտուղար՝ Սամուել Ռոդս Ֆիշերին, որպես գլխավոր դատախազ՝ Ջեյմս Քոլինսուորթին, և որպես պետքարտուղար՝ [62][Ն 5]Օսթինին։ Հյուսթոնը փորձեց կարգավորել հարաբերությունները Մեքսիկայի հետ և, չնայած օրենսդիր մարմնի որոշ դիմադրությանը, կազմակերպեց Սանտա Աննայի[64] ազատ արձակումը։ ԱՄՆ նախագահ Էնդրյու Ջեքսոնը մտահոգված էր ստրկատիրական և ազատ նահանգների միջև հավասարակշռությունը խախտելու պատճառով, ուստի նա չցանկացավ միանալ Տեխասին, սակայն իր պաշտոնավարման վերջին օրը ճանաչեց[65] Տեխասի դիվանագիտական կարգավիճակը։ Քանի որ ԱՄՆ-ը հրաժարվում էր Տեխասը միացնելուց, Հյուսթոնը սկսեց համագործակցություն փնտրել Մեծ Բրիտանիայի հետ. այս ջանքերի շրջանակում նա կոչ արեց դադարեցնել ստրուկների ներմուծումը Տեխաս[66]։

1837 թվականի սկզբին կառավարությունը տեղափոխվեց նոր մայրաքաղաք՝ Հյուսթոն քաղաք, որը նրա անունով էր կոչվել՝ որպես երկրի առաջին նախագահ[67]։ 1838 թվականին Հյուսթոնը հաճախ հակասություններ էր ունենում Կոնգրեսի հետ, օրինակ՝ չերոկի ցեղի հետ պայմանագրի և հողի գրանցման մասին օրենքի վերաբերյալ[68]։ Նա նաև ստիպված եղավ ճնշել Կորդովայի ապստամբությունը, որը նպատակ ուներ Մեքսիկայի օգնությամբ և Կիկապու ցեղի[19] աջակցությամբ Տեխասը վերադարձնել Մեքսիկայի վերահսկողության տակ։ Տեխասի սահմանադրությունը արգելում էր նախագահներին կրկին ընտրվել, ուստի Հյուսթոնը 1838 թվականի ընտրություններին չէր մասնակցում և պաշտոնը թողեց 1838 թվականի վերջում։ Նրան փոխարինեց Միրաբո Բ. Լամարը, ով Բերնետի հետ միասին ղեկավարում էր Տեխասի այն քաղաքական գործիչների խումբը, որոնք ընդդիմանում էին Հյուսթոնին[69]։ Լամարի վարչակազմը պաշտոնանկ արեց Հյուսթոնի նշանակած պաշտոնյաներից շատերին, սկսեց պատերազմ չերոկիների դեմ և նոր մայրաքաղաք հիմնեց Օսթինում[70]։ Այդ ընթացքում Հյուսթոնը զբաղվեց իրավաբանական գործունեությամբ և համահիմնադրեց հողային ընկերություն՝ Սաբին քաղաքը[71] զարգացնելու նպատակով։ 1839 թվականին նա ընտրվեց Տեխասի Ներկայացուցիչների պալատում՝ Սան Ավգուստին շրջանի ներկայացուցիչ[72]։

Հյուսթոնը 1841 թվականի Տեխասի նախագահական ընտրություններում հաղթեց Բերնետին՝ ստանալով ձայների[73] մեծամասնությունը։ Նա պետքարտուղար նշանակեց Էնսոն Ջոնսին, ֆինանսների քարտուղար՝ Էյսա Բրիգամին, պաշտպանության քարտուղար՝ Ջորջ Վաշինգտոն Հոկլիին, իսկ գլխավոր դատախազ[74]՝ Ջորջ Ուիթֆիլդ Թերրելին։ Հանրապետությունը կանգնած էր լուրջ ֆինանսական դժվարությունների առջև. մի դեպքում Հյուսթոնը ստիպված եղավ բռնագրավել մի ամերիկյան նավ, որը տեղափոխում էր տեխասցի զինվորներին, քանի որ կառավարությունը չէր կարող վճարել նավի կապիտանին[75]։ Լամարի նախաձեռնած Սանտա Ֆեի արշավը և այլ գործողություններ սրել էին Տեխասի ու Մեքսիկայի միջև լարվածությունը, և պարբերաբար կեղծ լուրեր էին շրջանառվում, որ Սանտա Աննան կարող է ներխուժել Տեխաս[76]։ Հյուսթոնը շարունակեց բարեկամական հարաբերություններ հաստատել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ՝ հուսալով, որ նրանց ազդեցությունը կխթանի ԱՄՆ-ին Տեխասը[77] միացնելու որոշում կայացնելու հարցում։ Այդ ընթացքում ԱՄՆ նախագահ Ջոն Թայլերի վարչակազմը Տեխասի միացումը դարձրեց իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, և 1844 թվականի ապրիլին Տեխասը և ԱՄՆ-ը ստորագրեցին միացման պայմանագիր, սակայն Կոնգրեսում բավարար աջակցություն չլինելու պատճառով ԱՄՆ Սենատը հունիսին[78] մերժեց այն։

1844 թվականի նախագահական ընտրություններում Վիգերի թեկնածու Հենրի Քլեյը և դեմոկրատ Մարտին Վան Բյուրենը երկուսն էլ դեմ էին Տեխասի միացմանը։ Սակայն Վան Բյուրենի դիրքորոշումը խանգարեց նրան, և նա պարտվեց Ջեյմս Ք. Փոլկին՝ Հյուսթոնի հին ընկերոջը։ Ընդհանուր ընտրություններում Փոլկը հաղթեց Քլեյին, ինչը միավորման կողմնակիցներին տվեց ժողովրդական մանդատ։ Մինչդեռ, Հյուսթոնի նախագահական պաշտոնավարումն ավարտվեց 1844 թվականի դեկտեմբերին, և նրան փոխարինեց Էնսոն Ջոնսը։ Իր պաշտոնավարման վերջին օրերին Թայլերը, օգտվելով Փոլկի հաղթանակից, համոզեց Կոնգրեսին ընդունել Տեխասի միացման առաջարկը։ Տեխասի միացումը ԱՄՆ-ին արագ ընդունելու համար Թայլերը առաջարկեց բավականին նպաստավոր պայմաններ, որը թույլ էր տալիս նահանգին պահպանել իր հանրային հողերի վերահսկողությունը, թեև պարտավոր էր մուծել իր պետական պարտքը[79]։ Տեխասի համագումարը 1845 թվականի[80] հուլիսին ընդունեց այդ առաջարկը, և 1845 թվականի դեկտեմբերի 29-ին Տեխասը պաշտոնապես դարձավ ԱՄՆ-ի 28-րդ նահանգը։

ԱՄՆ-ի Սենատոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկա-ամերիկյան պատերազմ և հետևանքներ (1846–1853)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ Նահանգները 1849թ-ի, Տեխասի հողային պահանջների ամբողջական տարածքով

1846 թվականի փետրվարին Տեխասի օրենսդիր մարմինը Հյուսթոնին և Թոմաս Ջեֆերսոն Ռուսկին ընտրեց որպես Տեխասի առաջին երկու ԱՄՆ սենատորներ։ Հյուսթոնը որոշեց միանալ Դեմոկրատական կուսակցությանը որտեղ իր շատ հին քաղաքական դաշնակիցներն էին, այդ թվում՝ նախագահ Փոլկը[81]։ Որպես Տեխասի նախկին նախագահ՝ Հյուսթոնը միակ նախկին օտարերկրյա պետության ղեկավարն է, որը աշխատել էր ԱՄՆ Կոնգրեսում։ Նա նաև առաջին մարդն էր, որը որպես նահանգի նահանգապետ ընտրվել էր ԱՄՆ Սենատում մեկ այլ նահանգի կողմից։ 2018 թվականին Միթ Ռոմնին դարձավ երկրորդը[82]։ Ուիլյամ Վ. Բիբը հասել էր նույն նվաճմանը՝ հակառակ կարգով։

Խախտելով Սենատի ավանդույթը, ըստ որի նոր ընտրված սենատորները պետք է զերծ մնան ելույթներից, Հյուսթոնը 1846 թվականի սկզբին ակտիվորեն պաշտպանում էր Օրեգոնի տարածքի միացմանը։ 1846 թվականին կնքված Օրեգոնի պայմանագրով Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը համաձայնվեցին բաժանել Օրեգոնի տարածքը[83]։ Միևնույն ժամանակ, Փոլկը հրամայեց գեներալ Զաքարի Թեյլորին ԱՄՆ բանակը տանել դեպի Ռիո Գրանդե, որը Վելասկոյի պայմանագրով սահմանվել էր որպես Տեխասի և Մեքսիկայի սահման։ Սակայն Մեքսիկան պնդում էր, որ իրական սահմանը Նուեսես գետն է։ Թեյլորի ստորաբաժանման և մեքսիկական բանակի միջև բախումից հետո, 1846 թվականի ապրիլին սկսվեց Մեքսիկա-ամերիկյան պատերազմը։ Սկզբում Հյուսթոնը աջակցում էր Փոլկի պատերազմական քաղաքականությանը, բայց 1847 թվականին[84] նրանց միջև տարաձայնություններ առաջացան։ Երկու տարվա մարտերից հետո ԱՄՆ-ը հաղթեց Մեքսիկային և Գուադալուպե-Իդալգոյի պայմանագրով, ձեռք բերեց Մեքսիկական հանձնում կոչվող տարածքները։ Մեքսիկան նաև համաձայնվեց ճանաչել Ռիո Գրանդեն որպես Տեխասի[85] և Մեքսիկայի սահման։

Պատերազմից հետո, ստրկության տարածման շուրջ վեճերը խորացրին բաժանումը։ Ի տարբերություն իր հարավցի գործընկերների, Հյուսթոնը քվեարկեց 1848 թվականի Օրեգոնի մասին օրենքի օգտին, որով Օրեգոնի տարածքը կազմակերպվում էր որպես ազատ տարածք։ Պաշտպանելով իր որոշումը՝ ստեղծելու ստրկությունն արգելող տարածք, Հյուսթոնը հայտարարեց. «Ես կլինեի վերջին մարդը, ով կցանկանար որևէ վնաս հասցնել Հարավին, բայց չեմ կարծում, որ մենք բոլոր իրավիճակներում արդարացված ենք, երբ ստրկության հարցը վերարծարծում ենք[86]»։ Նա քննադատեց և՛ աբոլիցիոնիստներին, և՛ դեմոկրատական Կալհունի կողմնակիցներին՝ համարելով նրանց ծայրահեղականեր, որոնք փորձում էին քայքայել միությունը[87]։ Նա աջակցեց 1850 թվականի Համաձայնությանը, որը լուծում էր ստրկության հարցը տարածքներում։ Այս համաձայնագրով Կալիֆորնիան ընդունվեց որպես ազատ նահանգ, Կոլումբիայի շրջանում արգելվեց ստրկավաճառությունը, ընդունվեց խստացված փախստական ստրուկների մասին օրենք, ինչպես նաև ստեղծվեցին Յուտայի և Նյու Մեքսիկոյի տարածքները։ Տեխասը հրաժարվեց Նյու Մեքսիկոյի որոշ տարածքային պահանջներից, սակայն պահեց Էլ Պասոն, իսկ ԱՄՆ-ն իր վրա վերցրեց Տեխասի մեծ պետական պարտքը[88]։ Հյուսթոնը փորձեց ստանձնել Դեմոկրատական կուսակցության թեկնածությունը 1852 թվականի նախագահական ընտրություններում, սակայն չկարողացավ իր նահանգից դուրս լայն աջակցություն ստանալ։ Ի վերջո, 1852 թվականի Դեմոկրատական ազգային համագումարը որպես փոխզիջումային թեկնածու առաջադրեց Ֆրանկլին Փիրսին, ով հետագայում հաղթեց ընտրություններում[89]։

Փիրսի և Բյուքենայի վարչակազմերը (1853-1859)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյութոն, 1859թ.

1854 թվականին սենատոր Սթիվեն Ա. Դուգլասը գլխավորեց Կանզաս-Նեբրասկա օրենքի ընդունումը, որը ձևավորեց Կանզասի և Նեբրասկայի տարածքները։ Օրենքը նաև չեղարկեց Միսսուրիի փոխզիջումը, որը արգելում էր ստրկությունը 36°30′ հյուսիսային լայնությունից վեր գտնվող տարածքներում։ Հյուսթոնը քվեարկեց օրենքի դեմ, մասնավորապես այն պատճառով, որ կարծում էր՝ դա կհանգեցնի բնիկ ամերիկացիների հողերի զանգվածային կորստի։ Նա նաև կանխատեսում էր, որ օրենքը կսրի ստրկության[90] վերաբերյալ հակամարտությունները։ Հակադրվելով Կանզաս-Նեբրասկա օրենքին՝ Հյուսթոնը դուրս եկավ Դեմոկրատական կուսակցությունից[91]։ 1855 թվականին նա սկսեց հրապարակայնորեն կապվել Ամերիկյան կուսակցության հետ, որը ներկայացնում էր նատիվիստական և միության կողմնակից «Know Nothing» շարժման[92] քաղաքական թևը։ Քանի որ Ուիգական կուսակցությունը փլուզվել էր Կանզաս-Նեբրասկա օրենքից հետո, «Know Nothing» կուսակցությունը և ստրկության դեմ պայքարող Հանրապետական կուսակցությունը դարձան երկու հիմնական քաղաքական շարժումներ[93]։ Հյուսթոնի կապը կուսակցության հետ պայմանավորված էր իր մտահոգություններով, քանի որ կաթոլիկ ընտրողների ազդեցության աճել էր. չնայած նա դեմ էր կաթոլիկներին պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքին, նա ցանկանում էր արտագաղաղթածների քաղաքացիություն ստանալու ժամկետը երկարացնել մինչև 21 տարի[94]։ Նա նաև աջակցում էր կուսակցության դիրքորոշմանը բնիկ ամերիկացիների առանձին նահանգ ստեղծելու վերաբերյալ և արժևորում նրա միության պաշտպանող դիրքորոշումը[95]։

1856 թվականին Հյուսթոնը փորձեց առաջադրվել որպես «Know Nothing» կուսակցության նախագահի թեկնածու, սակայն կուսակցությունը ի վերջո առաջադրեց նախկին նախագահ Միլլարդ Ֆիլմորին։ Հյուսթոնը հիասթափված էր թե՛ թեկնածուի ընտրությամբ, թե՛ կուսակցության ծրագրով, քանի որ կուսակցությունը չէր քննադատում Կանզաս-Նեբրասկա օրենքը։ Սակայն, ի վերջո, նա որոշեց աջակցել Ֆիլմորի թեկնածությանը։ Չնայած դրան, Ամերիկյան կուսակցությունը պառակտվեց ստրկության հարցի շուրջ, և 1856 թվականի նախագահական ընտրություններում հաղթեց դեմոկրատ Ջեյմս Բյուքենանը։ Ընտրություններից հետո Ամերիկյան կուսակցությունը փլուզվեց, և Հյուսթոնը մնացած տարիներին չանդամակցեց որևէ ազգային քաղաքական կուսակցության Սենատում[96] իր պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում։ 1857 թվականի Տեխասի նահանգապետի ընտրություններում դեմոկրատները առաջադրեցին Հարդին Ռիչարդ Ռաննելսին, ով աջակցում էր Կանզաս-Նեբրասկա օրենքը և քննադատում էր Հյուսթոնի գործունեությունը։ Ի պատասխան, Հյուսթոնը հայտարարեց իր թեկնածությունն ընտրություններում, սակայն Ռաննելսը հաղթեց նրան ձայների մեծամասնությամբ[97]։ Սա Հյուսթոնի քաղաքական կարիերայի[98] միակ ընտրական պարտությունն էր։ Նահանգապետական ընտրություններից հետո Տեխասի օրենսդիր մարմինը մերժեց Հյուսթոնի վերանշանակումը Սենատում։ Չնայած հորդորներին, որ նա անհապաղ հրաժարական տա, Հյուսթոնը շարունակեց պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը 1859 թվականի[99] սկզբին։

Տեխասի նահանգապետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեմ Հյուսթոն, 1861թ.

Հյուսթոնը 1859 թվականի նահանգապետական ընտրություններում մրցեց Ռաննելսի դեմ։ Օգտվելով Ռաննելսի չսիրված լիլելուց և տեղյակ չլինելուց նահանգային խնդիրների մասին, օրինակ՝ բնիկ ամերիկացիների հարձակումների պատճառը, Հյուսթոնը հաղթեց ընտրություններում և ստանձնեց պաշտոնը 1859 թվականի[100] դեկտեմբերին։ 1860 թվականի ընտրություններում Հյուսթոնը և Ջոն Բելը հանդիսանում էին նորաստեղծ Սահմանադրական միության կուսակցության նախագահական թեկնածության երկու հիմնական հավակնորդները, որը հիմնականում կազմված էր հարավցի ունիոնիստներից։ 1860 թվականի Սահմանադրական միության համագումարի առաջին քվեարկության ժամանակ Հյուսթոնը փոքր տարբերությամբ զիջեց Բելին, սակայն երկրորդ քվեարկության արդյունքում Բելը հաղթեց[101]։ Այնուամենայնիվ, Հյուսթոնի տեխասցի աջակիցները 1860 թվականի ապրիլին նրան նախագահական թեկնածու առաջադրեցին։ Մյուս կողմնակիցները փորձեցին ազգային քարոզարշավ սկսել, բայց 1860 թվականի օգոստոսին Հյուսթոնը հայտարարեց, որ չի առաջադրվի։ Նա հրաժարվեց աջակցել մնացած նախագահական թեկնածուներին[102]։ 1860 թվականի վերջում Հյուսթոնը քարոզարշավ անցկացրեց իր հարազատ նահանգում՝ կոչ անելով տեխասցիներին դիմադրել նրանց, ովքեր կողմ էին անկախացմանը, եթե հանրապետական թեկնածու Աբրահամ Լինքոլնը հաղթեց ընտրություններում[103]։

1860 թվականի նոյեմբերին Աբրահամ Լինքոլնի հաղթանակից հետո մի քանի հարավային նահանգներ անկախացան ԱՄՆ-ից և ձևավորեցին Ամերիկայի համադաշնային նահանգները[104]։ 1861 թվականի փետրվարի 1-ին Տեխասի քաղաքական համագումարը քվեարկեց ԱՄՆ-ից անկախանալու օգտին, և Հյուսթոնը հայտարարեց, որ Տեխասը կրկին անկախ հանրապետություն է, բայց նա հրաժարվեց ճանաչել նույն համագումարի իրավասությունը՝ Տեխասը Համադաշնությանը միացնելու վերաբերյալ։ Երբ Հյուսթոնը հրաժարվեց երդվել հավատարմության երդում Համադաշնությանը, օրենսդիր ժողովը հայտարարեց, որ նահանգապետի պաշտոնը թափուր է։ Չնայած Հյուսթոնը չճանաչեց իր պաշտոնազրկման օրինականությունը, նա չփորձեց ուժ կիրառել պաշտոնում մնալու համար և մերժեց դաշնային կառավարության օգնությունը՝ իր հեռացումը կանխելու նպատակով։ Նրա իրավահաջորդ Էդուարդ Քլարքը երդվեց 1861 թվականի[105] մարտին, Հյութունը գրել է.

Սիրելի հայրենակիցներ, ձեր իրավունքների և ազատությունների անունից, որոնք, իմ համոզմամբ, ոտնահարվել են, ես հրաժարվում եմ տալ այս երդումը։ Տեխասի ազգային ինքնության անունից, որը դավաճանվել է այս համագումարի կողմից, ես հրաժարվում եմ տալ այս երդումը։ Տեխասի Սահմանադրության անունից ես հրաժարվում եմ տալ այս երդումը։ Իմ սեփական խղճի և արժանապատվության անունից, որոնք այս համագումարը կփորձի նվաստացնել՝ ինձ իր առաջ կանգնեցնելով և իմ թշնամիների ոխին զոհ դարձնելով, ես հրաժարվում եմ տալ այս երդումը։ Ես մերժում եմ այս համագումարի իրավասությունը՝ խոսելու Տեխասի անունից։ Ես բողոքում եմ ... այս համագումարի բոլոր գործողությունների և որոշումների դեմ և հայտարարում եմ դրանք անվավեր[106]։

1861 թվականի ապրիլի 19-ին նա ասաց ամբոխին.

Թույլ տվեք ասել, թե ինչ է սպասվում։ Հսկայական հարստության և հարյուր հազարավոր կյանքերի զոհաբերումից հետո դուք կարող եք ձեռք բերել Հարավի անկախությունը, եթե Աստված ձեր դեմ չլինի, բայց ես կասկածում եմ դրանում։ Թեև ես ձեզ պես հավատում եմ նահանգների իրավունքների գաղափարին, բայց Հյուսիսը վճռական է պահպանելու այս Միությունը։ Նրանք այնքան տաքարյուն մարդիկ չեն, որքան դուք, քանի որ ապրում են ավելի սառը կլիմայում։ Բայց երբ նրանք սկսում են շարժվել որոշակի ուղղությամբ, առաջ են ընթանում հաստատուն ուժգնությամբ և համառությամբ, և այն, ինչից ես վախենում եմ, այն է, որ նրանք կճնշեն Հարավը[107]։

Պատմաբան Ռանդոլֆ Քեմփբելի համաձայն՝

Հյուսթոնը հնարավոր ամեն ինչ արեց, որպեսզի կանխի անկախացումը և պատերազմը, սակայն նա հավատարիմ էր Տեխասին և Հարավին։ Հյուսթոնը հրաժարվեց Միացյալ Նահանգների առաջարկած զորքերից, որոնք պետք է Տեխասը պահեին Միության կազմում, և 1861 թվականի մայիսի 10-ին հայտարարեց, որ կկանգնի Համադաշնության կողքին պատերազմի ընթացքում[98]։

Թոշակի անցնել և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսթոնի գերեզմանը Հանսթվիլում, Տեխաս

Պաշտոնից հեռանալուց հետո Հյուսթոնը վերադարձավ իր տուն՝ Գալվեստոն[108]։ Հետագայում նա հաստատվեց Տեխաս նահանգի Հանսթվիլ քաղաքում, որտեղ ապրում էր մի կառույցում, որը հայտնի է որպես Steamboat House։ Քաղաքացիական պատերազմի կեսերին Հյուսթոնը շատ Տեխասի առաջնորդների կողմից մերժվեց, սակայն շարունակում էր կապ պահպանել Համադաշնության սպա Էշբել Սմիթի և Տեխասի նահանգապետ Ֆրեսնսիս Լյուբբոքի հետ։ Նրա որդին՝ Սեմ Հյուսթոն կրտսերը, քաղաքացիական պատերազմի ժամանակ ծառայում էր Համադաշնության բանակում, բայց Շայլոյի ճակատամարտից[109] վիրավոր տուն վերադարձավ։ 1863 թվականի ապրիլին Հյուսթոնի առողջական վիճակը կտրուկ վատթարացավ, ինչը հանգեցրեց նրա մահվանը 1863 թվականի հուլիսի 26-ին՝ 70 տարեկան հասակում[110]։

Գերեզմանաքարի վրա փորագրված է․

Խիզախ զինվոր։ Անվախ պետական գործիչ։
Հոյակապ բանախոս՝ իրական հայրենասեր։
Հավատարիմ ընկեր, նվիրված քաղաքացի։
Սիրող ամուսին ու հայր։
Հավատարիմ քրիստոնյա՝ ազնիվ մարդ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1829 թվականի հունվարին Թենեսի նահանգի նահանգապետ Սեմ Հյուսթոնը ամուսնացավ 19-ամյա Էլիզա Ալենի հետ։ Ամուսնությունը տևեց ընդամենը 11 շաբաթ։ Ո՛չ Հյուսթոնը, ո՛չ էլ Էլիզան երբեք չպատճառաբանեցին իրենց բաժանման պատճառը, սակայն Էլիզան հրաժարվեց հաստատել ամուսնալուծությունը և Հյուսթոնը հրաժարական տվեց նահանգապետի պաշտոնից և երեք տարի[19][27] բնակվեց իր չերոկի ընտանիքի հետ։ 1830 թվականի ամռանը Հյուսթոնը ըստ չերոկինների արարողությամբ ամուսնացավ Դիաննա Ռոջերսի (երբեմն հիշատակվում է որպես Տիանա) հետ, որը շոտլանդացի առևտրականի առաջնորդ Ջոն «Կրակե դժոխք» մականմամբ Ռոջերսի (1740–1833) և Ջենի Դյուի (1764–1806) դուստրն էր, չերոկի ցեղի առաջնորդ Ջոն Ջոլիի քույրն էր։ Արարողությունը համեստ էր, քանի որ Դիաննան երկրորդ անգամ էր ամուսնանում նա այրի էր և ուներ երկու երեխա՝ Գաբրիել (ծնված՝ 1819 թ.) և Ջոաննա (ծնված՝ 1822 թ.)։ Հյուսթոնը նրան առաջին անգամ հանդիպել էր, երբ նա դեռ 10 տարեկան էր, և տարիներ անց Դիանայի գյուղ վերադառնալով՝ զարմացել էր նրա գեղեցկությամբ։ Նրանք մի քանի տարի ապրեցին միասին։ Թենեսիի հասարակությունը դատապարտեց այս ամուսնությունը, քանի որ քաղաքացիական օրենքով Հյուսթոնը դեռևս համարվում էր Էլիզա Ալենի օրինական ամուսինը։ 1832 թվականին Դիաննան հրաժարվեց ուղեկցել Հյուսթոնին Տեխաս, այնուհետև նորից ամուսնացավ։ Նա մահացավ 1838 թվականին թոքաբորբից[111]։ Ուիլ Ռոջերսը նրա հեռավոր եղբորորդին էր[112]։

1837 թականին, երբ դարձավ Տեխասի Հանրապետության նախագահ, նա կարողացավ համոզել շրջանային դատարանի դատավորին, որպեսզի բաժանվի Էլիզա Ալենից[113]։

1839 թվականին նա գնել էր մի ձի, որը դարձավ ամերիկյան քառորդ ցեղատեսակի հիմնադիր արուներից մեկը՝ Կոպրբոթոմ անունով։ Նա պահեց այդ մինչև ձին մահը 1860 թվականին[114][115][116]։

1840 թվականի մայիսի 9-ին 47-ամյա Հյուսթոնը երրորդ անգամ ամուսնացավ։ Նրա կինը՝ Մարգարետ Մոֆետ Լիան, 21-ամյա երիտասարդ էր Ալաբամա նահանգի Մարիոն քաղաքից, պլանտատորների դուստրը։ Նրանք ունեցան ութ երեխա, այդ թվում՝ Սեմ Կրտսերը, Էնդրյուն և Թեմփլը։ Մարգարետը լավ ազդեցություն ուներ իր բավակնին մեծ ամուսնու վրա և համոզեց նրան թողնել խմելը։ Չնայած Հյուսթոնները բազմաթիվ տներ ունեին, բայց մայն մեկը պահպանեցին որպես սեփականություն, «Cedar Point»-ն էր (1840–1863) «Trinity Bay»-ում։

1833 թվականին Հյուսթոնը մկրտվեց կաթոլիկ եկեղեցում՝ համապատասխանելու Մեքսիկայի գործող օրենքին, որը պահանջում էր կաթոլիկ լինել Կոաուիլա և Տեխաս նահանգում[117] հողատարածք ունենալու համար։ Մկրտությունը տեղի ունեցավ Տեխասի Նակոգդոչես քաղաքում՝ Ադոլֆուս Ստեռնի տան հյուրասենյակում։ 1854 թվականին Մարգարետը արդեն 14 տարի էր, ինչ փորձում էր Հյուսթոնին դարձի բերել բապտիստական եկեղեցի։ Ջորջ Վաշինգտոն Բեյնսի օգնությամբ Մարգարետը կարողացավ համոզել Հյուսթոնին մկրտվել, և Հյուսթոմը համաձայնվեց։ Հարևան համայնքներից բազմաթիվ մարդիկ եկան Տեխասի Ինդեպենդենս քաղաք՝ միջոցառմանը մասնակցելու համար։ 1854 թվականի նոյեմբերի 19-ին Հյուսթոնը մկրտվեց Բեյլորի համալսարանի նախագահ՝ հարգարժան Ռուֆուս Կ. Բերլեսոնի կողմից՝ Լիթլ Ռոքի Կրիկում, որը գտնվում էր Ինդեպենդենսից[118][119] երկու մղոն դեպի հարավ-արևելք։

Մարգարետ Լիա Հյուսթոն

Կապը ստրկության հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսթոնը ստրկատեր էր, որի վերաբերմունքը ստրկության նկատմամբ բավականին հակասական էր։ Նա եղել է անկախ Տեխասի Հանրապետության նախագահը, որը հիմնադրվել էր որպես ստրկատիրական պետություն, և հետագայում՝ Տեխասի նահանգապետն՝ այն Միացյալ Նահանգներին միանալուց հետո որպես ստրկություն օրինականացնող նահանգ։ Չնայած նա անձամբ ստրկատեր էր, իր քաղաքական կարիերայի ընթացքում նա մի քանի անգամ քվեարկել է Արևմուտքում ստրկության տարածման դեմ և հրաժարվել է երդում տալ Ամերիկայի համադաշնային նահանգներին, ինչը դարձավ նրա քաղաքական գործունեության ավարտի պատճառը։

Հյուսթոնը գտնում էր, որ Միացյալ Նահանգների միասնականությունը կարևոր էր նահանգների շահերի պաշտպանությունից առավել։ Նա ընդգծել է, որ երկիրը սկզբնապես հիմնված էր ստրկության վրա, սակայն երբ դա այլևս չէր բխում Հյուսիսային նահանգների տնտեսական շահերից, նրանք այն վերացրին։ Նա նաև պնդում էր, որ Հյուսիսը շարունակում էր օգտվել Հարավում ստրկական աշխատանքի շնորհիվ արտադրված բամբակից և շաքարից։ Չնայած Տեխասի ստրկատիրական կարգավիճակին, նա չէր համարում, որ նահանգի ապագան պետք է զոհաբերվի Միությունից դուրս գալու միջոցով։

Հյուսթոնն ու նրա կինը՝ Մարգարետ Լեան, օգնում էին ստրուկների աշխատանքին՝ տնային, գյուղատնտեսական, ատաղձագործական, դարբնության և այլ գործերում։ Էլիզան, ով Մարգարետի հետ էր եկել Հյուսթոնների ընտանիք, կարևոր դեր ուներ տնային տնտեսության կազմակերպման և երեխաների դաստիարակության հարցերում։ Նա մնաց Սեմ և Մարգարետ Հյուսթոնների դուստրերի հետ մինչև իր մահը՝ 1898 թվականին։ Բազմաթիվ հմտություններ ունեցող Ջոշուան նույնպես կարևոր էր ընտանիքի կարիքները հոգալու համար։ Հյուսթոնը հաճախ վարձով էր տալիս իր ստրուկներին, իսկ ստացած գումարից մի մասը թույլ էր տալիս պահել իրենց։ Երբ Հյուսթոնը մահացավ, Ջոշուան առաջարկեց Մարգարետին գումար տալ՝ նրա երեխաներին օգնելու համար։

Մինչև ազատագրումը Հյուսթոնի ստրուկները չէին կարող որոշել, թե որտեղ և ինչպես կաշխատեն։ Նրանց ազատ ժամանակը սահմանափակված էր, և նրանք քիչ հնարավորություն ունեին ինքնուրույն որոշումներ կայացնելու իրենց և իրենց երեխաների համար։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսթոնը՝ Տեխասում ամենամեծ քաղաքն է, որը անվանակոչվել է Սեմ Հյուսթոնի պատվին։ Հյուսթոնի անունով անվանակոչվել են նաև մի շարք այլ վայրեր և հաստատություններ, այդ թվում՝ Սեմ Հյուսթոնի պետական համալսարանը, Հյուսթոնի շրջանը Մինեսոտայում, Թենեսիում և Տեխասում։ Նրա պատվին անվանակոչել են նաև տարբեր հուշարկոթողներ, ինչպիսիք են Սեմ Հյուսթոնի ազգային պարկը, Սեմ Հյուսթոնի տարածաշրջանային գրադարանը և հետազոտական կենտրոնը, Սան Անտոնիոյում գտնվող «Fort Sam Houston» ռազմական բազան, «USS Sam Houston (SSBN-609)» սուզանավը և «Hermann Park»-ում տեղադրված նրա արձանը։ Բացի այդ, 20 մետր բարձրությամբ մի արձան, որը ստեղծել է քանդակագործ Դեյվիդ Ադիքսը-ը և կոչվում է Հարգանքի տուրք (ժողովրդական անվանումը՝ "Big Sam"), կանգնած է I-45 մայրուղու մոտ, Դալլասի և Հյուսթոնի միջև՝ Տեխաս նահանգի Հանթսվիլ քաղաքում։ Սթիվեն Ֆ. Օսթինի հետ մեկտեղ, Հյուսթոնը երկու տեխասցիներից մեկն է, որոնց արձանները տեղ են գտել Ազգային քանդակասրահում։ Նրա կյանքը մասին նկարահանել են այնպիսի ֆիլմեր և հեռուստասերիալներ, ինչպիսիք են "Man of Conquest", "Gone to Texas", "Texas Rising", "The Alamo":1960 թվականին նա ընդգրկվեց Կովբոյների և Արևմտյան ժառանգության ազգային թանգարանի «Մեծ արևմտյան մարդկանց» պանթեոնում[120]։

Հարց է ծագում, թե արդյոք Սեմ Հյուսթոնը 1835 թվականին Տեխասի կամավորական բանակին ուղղված իր ելույթի ընթացքում (Ռեֆուխիոյում) արել է նվաստացուցիչ մեկնաբանություն մեքսիկացիների մասին։ Մի երկրորդական աղբյուր այս պնդումը[121] ներկայացրել է, սակայն հետագա ուսումնասիրությունները կասկածի տակ են դնում դրա վավերականությունը և եզրակացնում, որ նման արտահայտության հավանականությունը փոքր է[122][123]։

  1. Հյուսթոնը ծագում է Ջոն Հյուսթոնի ընտանիքից, ով 1600-ականների վերջին վերակառուցել է բարոնական կալվածքը՝ Հյուսթոն Հաուսը, Ռենֆրուշիր շրջանում, որը գտնվում է Ջոնսթոնի և Ուեյրի կամուրջի մոտ Շոտլանդիայում։ Նրանից սերել են Ջոն Հյուսթոնը և Մարգարետ Մերի Հյուսթոնը (ծնվել է Կահինգհեմում), նրանք որոշ ժամանակ ապրել են Իռլանդիայում․ 1735 թվականին նրանք գաղթել են Ամերիկա և հաստատվել Timber Ridge պլանտացիայում։ [14]
  2. Հյուսթոնի հորեղբայր, փրեստբիտերական Սամուել Հյուսթոնը, Ֆրենկլանդի «կորած» պետության ընտրված անդամն էր, որն այն ժամանակ գտնվում էր Հյուսիսային Կարոլինայի արևմտյան սահմանին, նա պաշտպանել էր իչ առաջարկած «Իրավունքների հռչակագիր կամ կառավարության ձև՝ ֆրենկլադի համայքի Սահմանադրության վերաբերյալ» օրենքը, որը քննարկվել էր 1785 թվականի նոյեմբերի 14-ին Գրինվիլում, Թենեսի նահանգում։ Սակայն, երբ նրա առաջարկը մերժվեց Ֆրենկլադի պետության հանձնաժողովի կողմից, Հյուսթոնը վերադարձավ Վիրջինիա նահանգի Ռոքբրիջի շրջան։[15]
  3. Այն բանից հետո, երբ Հյուսթոնները գաղթեցին արևմուտք՝ Թենեսի նահանգ, Թիմբեր Ռիջը քանդվեց, և նրա տեղում՝ Վիրջինիա նահանգի Լեքսինգթոնում կառուցվեց Չերչ Հիլլ քաղաքը։[17]
  4. Մեկ այլ տեխասյան ուժ պարտություն էր կրել Կոլետոյի ճակատամարտում. այդ ճակատամարտում գերված տեխասցիները հետագայում կոտորվեցին Սանտա Աննայի հրամանով:[56]
  5. 1836 թվականի դեկտեմբերին Օսթինը մահացավ հիվանդության պատճառով,և Հյուսթոնը հայտարարեց մեկ ամիս սուգ։[63]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Library of Congress Library of Congress Name Authority File
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 GeneaStar
  5. 5,0 5,1 5,2 Biographical Directory of the United States CongressGPO, 1903.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Texas State Historical Association, Barkley R. R., Tyler R. C. Handbook of Texas Online // Handbook of TexasTexas State Historical Association, 1952. — ISBN 978-0-87611-151-2
  7. Find A Grave — 1996.
  8. https://archive.org/details/samhoustonwithch0000unse_y2l3/page/41/mode/1up
  9. https://gateway.okhistory.org/ark:/67531/metadc2031531/m2/1/high_res_d/metadc2031531.pdf
  10. 10,0 10,1 10,2 10,3 Geni(բազմ․) — 2006.
  11. «Sam Houston | Biography & Facts». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Williams, 1994, էջեր 13–18
  13. 13,0 13,1 Haley, 2002, էջ 5
  14. 14,0 14,1 14,2 Haley, 2002, էջեր 4–5
  15. Dr. J. G. M. Ramsey Autobiography and Letters, p. 317. Edited by William B. Hesseltine. The University of Tennessee Press.
  16. Houston, Sam (1996). The Personal Correspondence of Sam Houston: 1839-1845. University of North Texas Press. էջ 372. ISBN 978-1-57441-000-6.
  17. 17,0 17,1 Haley, 2002, էջ 7
  18. 18,0 18,1 Williams, 1994, էջեր 21–24
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 19,7 19,8 Samuel Houston from the Handbook of Texas Online
  20. Haley, 2002, էջ 6
  21. Haley, 2002, էջեր 7–11
  22. «History of Hiwassee Island» (PDF). The Center for Historic Preservation, Middle Tennessee State University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
  23. Williams, 1994, էջեր 25–26
  24. 24,0 24,1 Haley, 2002, էջ 8
  25. Haley, 2002, էջ 10
  26. Haley, 2002, էջեր 7–8
  27. 27,0 27,1 27,2 Sam Houston Papers #37, The Texas Collection, Baylor University.
  28. Haley, 2002, էջեր 11–14
  29. Haley, 2002, էջեր 15–17
  30. Haley, 2002, էջեր 19–20
  31. Haley, 2002, էջեր 24–25
  32. Haley, 2002, էջեր 26–29
  33. Haley, 2002, էջեր 31–33
  34. Haley, 2002, էջեր 34–35
  35. Haley, 2002, էջեր 38–39
  36. Haley, 2002, էջեր 40–41
  37. Haley, 2002, էջեր 45–46
  38. Haley, 2002, էջեր 47–49
  39. Haley, 2002, էջեր 49–57
  40. Haley, 2002, էջեր 60–61
  41. Haley, 2002, էջեր 64–65
  42. Haley, 2002, էջեր 68–69
  43. Haley, 2002, էջեր 71–72
  44. Haley, 2002, էջեր 73–74
  45. Haley, 2002, էջեր 80–82
  46. Alfred Mason Williams (1893). Sam Houston and the War of Independence in Texas. Houghton, Mifflin. էջ 49. ISBN 978-0-7222-9291-4.
  47. Haley, 2002, էջեր 87–88
  48. Haley, 2002, էջեր 91–92
  49. Haley, 2002, էջեր 96–97
  50. Haley, 2002, էջեր 99–100
  51. Haley, 2002, էջեր 109–113
  52. Haley, 2002, էջեր 113–118
  53. Haley, 2002, էջեր 121–124
  54. Haley, 2002, էջեր 125–128
  55. Haley, 2002, էջեր 128–129
  56. Haley, 2002, էջ 129
  57. Haley, 2002, էջեր 144–147, 158
  58. Haley, 2002, էջեր 147–151
  59. Haley, 2002, էջեր 153–154
  60. «Sam Houston | TSLAC». www.tsl.texas.gov. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  61. Haley, 2002, էջեր 163–165
  62. Haley, 2002, էջեր 166–169
  63. Haley, 2002, էջեր 175–176
  64. Haley, 2002, էջեր 171–172
  65. Haley, 2002, էջեր 175, 190
  66. Haley, 2002, էջեր 189–190
  67. Haley, 2002, էջ 186
  68. Haley, 2002, էջեր 201–202
  69. Haley, 2002, էջեր 205–206
  70. Haley, 2002, էջեր 213–215
  71. Haley, 2002, էջեր 210–211
  72. Roberts, 1993, էջեր 23–25, 38
  73. Haley, 2002, էջեր 226–227
  74. Haley, 2002, էջեր 233–236
  75. Haley, 2002, էջեր 245–246
  76. Haley, 2002, էջեր 238–242
  77. Haley, 2002, էջեր 262–263
  78. Haley, 2002, էջեր 279–281, 286
  79. Haley, 2002, էջեր 285–287
  80. «Annexation Process: 1836-1845 a Summary Timeline | TSLAC».
  81. Haley, 2002, էջեր 294–295
  82. «Mitt Romney Prepares for Unusual US Senate Bid | Smart Politics». editions.lib.umn.edu (կանադական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  83. Haley, 2002, էջ 297
  84. Haley, 2002, էջեր 297–298
  85. «Treaty of Guadalupe Hidalgo». HISTORY (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  86. Haley, 2002, էջ 301
  87. Haley, 2002, էջեր 302–304
  88. Haley, 2002, էջեր 304–308
  89. Haley, 2002, էջեր 311–313
  90. Haley, 2002, էջեր 321–326
  91. Cantrell, 1993, էջ 333
  92. Cantrell, 1993, էջեր 328–330
  93. Haley, 2002, էջեր 340–341
  94. Cantrell, 1993, էջեր 330–333
  95. Haley, 2002, էջեր 341–342
  96. Cantrell, 1993, էջեր 340–342
  97. Haley, 2002, էջեր 344, 352
  98. 98,0 98,1 Campbell, 2000
  99. Haley, 2002, էջեր 353, 360
  100. Haley, 2002, էջեր 362–365
  101. Haley, 2002, էջեր 371–372
  102. Haley, 2002, էջեր 372–374
  103. Haley, 2002, էջեր 380–382
  104. Haley, 2002, էջեր 383–384
  105. Westwood, 1984, էջեր 128–129, 133–134
  106. Haley, 2002, էջեր 390–391
  107. Haley, 2002, էջ 397
  108. Westwood, 1984, էջ 129
  109. Haley, 2002, էջեր 399–405
  110. Haley, 2002, էջեր 412–415
  111. Haley, 2002, էջ 70
  112. James, 1988, էջեր 150–152
  113. «Sam Houston and Eliza Allen: "Ten Thousand Imputed Slanders"». The Tennessee Historical Society. 2018 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  114. «History of the Quarter Horse - AQHA». www.aqha.com.
  115. «Copperbottom: A Lost Bloodline». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  116. «Copperbottom» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
  117. Haley, 2002, էջեր 104–105
  118. Augustin, Byron; Pitts, William L. «Independence, Texas». Handbook of Texas Online. Texas State Historical Association. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  119. Seale, 1992, էջեր 167–171
  120. «Hall of Great Westerners». National Cowboy & Western Heritage Museum. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
  121. De León, Arnoldo (1983 թ․ հունվարի 1). They Called Them Greasers: Anglo Attitudes toward Mexicans in Texas, 1821–1900 (1 ed.). University of Texas Press. էջ 7. ISBN 978-0292780545. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  122. Crisp, James E. (2005 թ․ փետրվարի 24). Sleuthing the Alamo: Davy Crockett's Last Stand and Other Mysteries of the Texas Revolution (New Narratives in American History) (1 ed.). Oxford University Press. ISBN 978-0195163506.
  123. «Analysis of Sleuthing the Alamo - 980 Words | Bartleby».

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Booknotes interview with Marshall DeBruhl on Sword of San Jacinto: The Life of Sam Houston, May 2, 1993, C-SPAN


Օգտագործված գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացուցիչ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմ Հյուսթոն» հոդվածին։