Սեմնան (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բորազջան
պարս.՝ برازجان
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՍեմնան
ՇահրեստանՍեմնան
ԲԾՄ1148 մետր
Բնակչություն185 129 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0231
Պաշտոնական կայքsemnan.ir(պարս.)
Սեմնան (քաղաք) (Իրան)##
Սեմնան (քաղաք) (Իրան)

Սեմնան (‎պարս.՝ سمنان), քաղաք Իրանի հյուսիսում, Սեմնան օսթանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 185 129 մարդ (2016)[1]։ Գտնվում է ծովի մակարդակից 1148 մ բարձրության վրա` Էլբուրսի լեռների հարավային ստորոտին։

Տեքստիլի և գորգերի արտադրությունը քաղաքի պատմության մեջ եղել են ամենակարևոր ոլորտները։ Սեմնանում բավականին զարգացած է ավտոմոբիլային արդյունաբերությունը (ավտոմեքենաներ և հեծանիվներ)։ Սեմնանն ավանդաբար կարևոր դերակատարություն է ունեցել Թեհրանի և Մաշհադի միջև առևտրային երթուղիների ճանապարհին, որովհետև հանդիսացել է կայանատեղի երկու քաղաքների միջև։ Այսօր Սեմնանն այս երկու քաղաքների հետ կապված է ավտոմայրուղով և երկաթուղով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմնանը համանուն օսթանի բնակչությամբ ամենախոշոր քաղաքն է։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1996 2006 2011 2016
Բնակիչ 29 036[2] 31 058[3] 91 045[4] 124 999[5] 153 680[6] 185 129[7]

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմնանի և մերձակա շրջանների լեզուն տարբերվում է պարսկերենից, որը տարածված է երկրի բոլոր շրջաններում։ Սեմնանի լեզուն կամ "սեմանի"-ն, որևէ կապ չունի պարսկերենի հետ։ Այն պատկանում է պահլավերենին, կամ միջին պարսկերենին (այսինքն` սեմանին մեծ մասամբ պահպանել է միջին պարսկերենի լեքսիկոնը և քերականությունը)։ Սեմանին ունի սեփական քերականությունը, որի համար կազմվել են բառարաններ։ Տեղացիները քաղաքն անվանում են Սեման, իսկ դրա բնակիչներին ու լեզուն` սեմանի։

Հին Սեմնանը բաղկացած էր հետևյալ շրջաններից` Շաջի, Նազար, Լաթիբար և Էսֆանջան։ Յուրաքանչյուր շրջանն իր հերթին ուներ սեփական բարբառը, որը տարբերվում էր մյուսներից։ Սաջին սեմնանի շրջանի փոքրիկ մասն է, որը տեղակայված է քաղաքից դեպի արևելք։ Տեղացիներին անվանում են շաջիջներ։ Ժամանակակից քաղաքի արևմուտքում գտնվում է "Մեյլխ" թաղամասը, որը սովորաբար ինքբնակառավարվում էր, իրեն չհամարելով քաղաքի մի մասը։ Տեղի բարբառով բնակիչներին անվանում են "մեյլժ": Թաղամասը կազմված է երեք մասից` Քուերի, Քուշմաքան, Զավաքան։ Ներկայումս թաղամասը մտնում է Սեմնան քաղաքի մեջ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներից զբոսաշրջիկներին գրավում էին Սեմնանի գեղեցիկ կանաչ այգիները, որոնք դարերի ընթացքում իրենցից ներկայացրել են դեկորատիվ արվեստի լավագույն օրինակ։ VII դարի հայտնի ճանապարհորդը Սեմնանի մասին իր ճանապարհորդական օրագրում գրել է. «Ես չեմ դադարում հիանալ քաղաքով։ Այստեղ կան սաղարթախիտ ծառեր, տներն ունեն ոռոգման համակարգ և ստորգետնյա ջրամբարներ»։ Սեմնանից դեպի հյուսիս-արևմուտք, 10 կիլոմետր հեռավորության վրա, Սարու լեռնային շրջանում կան երկու ամրոցների ավերակներ։ Սեմնան քաղաքի մյուս արժեքավոր պատմական հուշարձանը մզկիթն է որը քաղաքի հնագույն իսլամական հուշարձաններից է։ Ըստ պեղումների արդյունքում ստացված տեղեկությունների, մզկիթը կառուցվել է յոթերորդ դարում, զրադաշտական տաճարի ավերակների վրա։ Ժամանակի ընթացքում այն կրել է որոշակի փոփոխություններ։ Ներկայումս այս հուշարձանի վրա երևում է մոնղոլների և թիմուրականների ժամանակաշրջանների ազդեցությունը։ Մզկիթի 32 մետր բարձրությամբ մինարեթը վկայում է, թե որքան հին է այն։

Մինարեթը կառուցվել է 1026-1073 թթ., մզկիթի հյուսիս- արևմտյան անկյունում։ Մինարեթի պատերին կա արձանագրություն քուֆի գրով, որը զարդարված է գեղեցիկ աղյուսներով։ Սեմնանի մզկիթի մինարեթը հայտնի է որպես «սելջուկյան մինարեթ»։ Այն համարվում է սելջուկների ժամանակաշրջանի ամենագեղեցիկ պատմական մինարեթներից և գրանցված է Իրանի ազգային ժառանգության ցուցակում։ Սեմնանի պատմական մզկիթների ցուցակում կարելի է առանձնացնել Իմամի կամ Սուլթանի մզկիթը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում։ Այն գրանցված է Իրանի ազգային հուշարձանների ցանկում։ Մզկիթի գեղեցիկ սալիկային զարդանախշերը համարվում են իրանցի արվեստագետների ամենագեղեցիկ աշխատանքների նմուշներից։ Սեմնան նահանգի մյուս կարևոր պատմական հուշարձանը "Արգ" դարպասներն են։ Այս հուշարձանը պատկանում է ղաջարների ժամանակաշրջանին։ Այս դարպասները համարվում էին միջնաբերդի մուտքը։ Ներկայումս, միջնաբերդից մնացել են միայն ավերակները։ "Արգ" դարպասներն[8] ունեն երկու ճակատ` հարավային և հյուսիսային։

Հարավային ճակատը բաղկացած է կենտրոնական դարպասի մոտ տեղակաված սյունասրահից, և երկու վերանդաների երկու կողմերում գտնվող փոքրիկ միջանցքներից։ Վերանդաների և միջանցքների զարդարման համար օգտագործվել են եռանկյունաձև, քառակուսի և բրգաձև, դեղին, սեւ, փիրուզագույն սալիկների կտորներ։ Դարպասի հիմնական շենքը կառուցված է 5 մ-ից ավելի բարձրությամբ աղյուսով, իսկ դարպասի և միջանցքի սյունասրահները զարդարված են գեղեցիկ սալիկներով։ Դարպասի հյուսիսային ճակատը, այսինքն` շենքի հիմնական մասը, զարդարված է յուրահատուկ ու ֆանտաստիկ սալիկներով և մինարեթի ձև ունեցող վեց գեղեցիկ կլոր սյուներով։ Այս պատմական շենքի ամենագեղեցիկ մասը գտնվում է սյունասրահներից մեկում, որտեղ պատկերված է Սպիտակ դևի հետ Ռոստամ Զալի պատմական պայքարի տեսարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  3. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  4. «IRAN: Semnan» (անգլերեն). City Populations.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  8. https://archnet.org/sites/5503/media_contents/42655

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]