Սեմյուել Մուր Ուոլթոն
Սեմյուել Մուր Ուոլթոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 29, 1918[1][2][3] |
Ծննդավայր | Kingfisher, Օկլահոմա, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 5, 1992[1][2][3] (74 տարեկան) |
Մահվան վայր | Լիթլ Ռոք, ԱՄՆ[4] |
Գերեզման | Bentonville Cemetery[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | պրեսբիտերականներ[5] |
Կրթություն | Միսուրիի համալսարան, Դեյվիդ Հ. Հիքմանի ավագ դպրոց և Trulaske College of Business? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար և տնտեսագետ |
Ամուսին | Helen Walton?[4] |
Ծնողներ | հայր՝ Thomas Gibson Walton?[6], մայր՝ Nancy Lee Lawrence?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | S. Robson Walton?, Jim Walton?, John T. Walton? և Էլիս Ուոլթոն |
![]() |
Սեմյուել Մուր Ուոլթոն կամ «Սեմ» Ուոլթոն (անգլ.՝ Samuel Moore Walton, "Sam" Walton, մարտի 29, 1918[1][2][3], Kingfisher, Օկլահոմա, ԱՄՆ - ապրիլի 5, 1992[1][2][3], Լիթլ Ռոք, ԱՄՆ[4]), ամերիկացի բիզնեսմեն, Walmart և Sam's Club խանութների ցանցերի հիմնադիր։ 1985 թվականից 1988 թվականներին «Forbes» ամսագիրը Սեմ Ուոլթոնին ճանաչել է Ամերիկայի ամենահարուստ մարդը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեմ Ուոլթոնը ծնվել է 1918 թվականի մարտի 29-ին Օկլահոմա նահանգի Քինգֆիշեր քաղաքում ֆերմերներ Թոմաս Հիփսոն Ուոլթոնի և Նեն Ուոլթոնի ընտանիքում։ 1923 թվականին 5 տարեկան հասակում տեղափոխվել է Միսսուրի նահանգի Սփրինգֆիլդ քաղաք, որտեղ էլ սկսել է հաճախել դպրոց
Մեծ ճգնաժամի ժամանակ Սեմ Ուոլթոնը մասնակցել է կաթի առևտրի ընտանեկան բիզնեսին, նրա պարտականություններից էր կաթը հաճախորդին առաքելը։
![]() |
Մենք ունեցել ենք տասը կամ տասներկու հաճախորդ, որոնք վճարում էին տասական ցենտ մեկ գալոնի համար։ Ամենահաճելին այն էր, որ մայրս առանձնացնում էր կաթնասերը և դրանով պաղպաղակ էր պատրաստում։ | ![]() |
Յոթ տարեկանում Սեմ Ուոլթոնը սկսել է վաճառել ամսագրային բաժանորդագրություն, իսկ յոթերորդ դասարանից սկսած մինչև ուսման ավարտը զբաղվել է թերթերը տներ առաքելով։ Ուոլթոնը նաև ուսման ընթացքում ճագարներ և աղավնիներ է աճեցրել դրանք վաճառելու համար։
Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Միսսուրի նահանգի ոչ մեծ Մարշալ քաղաք, որտեղ Սեմը մի քանի տարի շարունակ ընտրվել է դասարանի ավագ։ Մարշալում հետախույզների շարքերը համալրելուց հետո Սեմը գրազ է եկել այլ տղաների հետ, թե ով նրանցից առաջինը կստանա «Արծվի» աստիճան։ Տասներեք տարեկանում Սեմ Ուոլթոնը դարձել է Միսսուրիում սկաուտական շարժման պատմության ամենաերիտասարդ «Արծիվը»։
Հետագայում Ուոլթոնները ապրել են Միսսուրի նահանգի Սելբին քաղաքում, որտեղ Սեմն ընդունվել է միջնակարգ դպրոց, իսկ ավելի ուշ՝ Կոլումբիայում։ Այնտեղ Ուոլթոնն ավարտել է Հիկմեն հիմնական դպրոցը։ Դպրոցն ավարտելուց Սեմը հայտնվել է լավագույն աշակերտնորի ցանկում։ Դարձել է ինքնավարության աշակերտական խորհրդի նախագահ և ակտիվորեն մասնակցել հետաքրքրությունների բազմաթիվ ակումբների աշխատանքին, մասնավորապես՝ հռետորական արվեստի ակումբում։
Սեմն ընդունվել է Միսսուրիի համալսարան, որտեղ նրան ընդունում են որպես ամենալավագույն ուսանողական միության՝ «Բետա Թետա Պի (Beta Theta Pi)»-ի, անդամ։ Միությունը երկար տարիներ գլխավորում էր համալսարանական Ատլետիկ լիգան[7][8]։ «Բետա Թետա Պի»-ի անդամները երկրորդ կուրսում Սեմ Ուոլթոնին ընտրել են նոր աշխատակազմ հավաքագրելու գործով գլխավոր ղեկավար։ Այդ ժամանակ էլ Սեմն իր առջև դրել է նպատակ՝ դառնալ համալսարանական ուսանողական ինքնակառավարման խորհրդի նախագահ։ Նրան ընտրել են բարձր կուրսեցիների պատվավոր խորհրդի նախագահ, ուսանողական միության վարչության անդամ և բարձր կուրսի նախագահ։ Նա եղել է ԱՄՆ պահեստազորի սպաների պատրաստման ծառայության «Դանակներ և շեղբ» էլիտար զինվորական կազմակերպության կապիտան և նախագահ։
Քոլեջն ավարտելուց քիչ առաջ Սեմը աշխատանքի առաջարկ է ստացել «J. C. Penney» ընկերությունից և 1940 թվականի հուլիսի 3-ին տեղափոխվել է Այովա նահանգի Դե Մոյն քաղաքը, և սկսել աշխատել որպես մենեջեր-պրակտիկանտ մանրածախ խանութում՝ ամսական 75 դոլար աշխատավարձով։
1942 թվականի սկզբին Սեմը հեռացել է «J. C. Penney»-ից և գնացել Տուլսի արվարձան, դեպի հարավ, որտեղ էլ ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Հելեն Ռոբսոնի հետ։
Ծանոթությունից կարճ ժամանակ անց, 1942 թվականին, Սեմը զինակոչվել է ԱՄՆ բանակ, սակայն սրտի հետ կապված խնդիրների պատճառով նրան թույլ չեն տվել մասնակցել մարտական գործողություններին, և լեյտենանտ, հետագայում՝ կապիտան Սեմն ինքնաթիռաշինական գործարանի անվտանգության պահպանման և Կալիֆորնիայում ու ամբողջ երկրում ռազմագերիների ճամբարներում անվտանգության պահպանման վերահսկիչի աշխատանք է կատարել։
1943 թվականի փետրվարի 14-ին՝ զինակոչից մոտ մեկ տարի անց, Սեմ Ուոլթոնն ու Հելեն Ռոբսոնը ամուսնացել են, դա տեղի է ունեցել Օկլահոմա նահանգի Քլերմոր քաղաքում։
Առաջին խանութներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատերազմի ավարտից հետո Ուոլթոնները որոշել են զբաղվել մանրածախ առևտրով։ Սեմը 25 000 դոլար կապիտալով խանութ է վարձակալել Նյուպորտ քաղաքում (Արկանզաս նահանգ)։ Քաղաքի բնակչությունն այդ ժամանակ կազմում էր 7000 մարդ։ Հելենի հայրը ամուսինների համար խանութ գնելու համար 20 000 դոլար պարտքով փող է տվել[9]։ Խանութն աշխատել է Butler Brothers կազմակերպության «Բեն Ֆրանկլին» ֆրանշիզով։ Այն սկսել է գործել 1945 թվականի սեպտեմբերի 1-ից։ Նախկին սեփականատիրոջ ժամանակ խանութը տարեկան 72 հազար դոլար եկամուտ է բերել։ Առաջին տարում Ուոլթոնը խանութից ստացել է 105 000 դոլար եկամուտ, երկրորդ տարում՝ 140 000 դոլար, երրորդ տարում՝ 175 000 դոլար[10]։
Նյուպորտում իր առաջին խանութում Սեմ Ուոլթոնը սկսել է մշակել տեխնոլոգիաներ, որոնք ավելի ուշ հաջողություն են բերել «Wal-Mart» խանութին։ Հաջողության գրավականներից էին՝ ապրանքների վաճառքային ցածր գները, ապրանքները ոչ թե միջնորդներից, այլ անմիջապես արտադրողից ցածր գներով գնելը, տոնական օրերին խանութի աշխատանքային ժամերի երկարացնելը և այլն։
5-րդ տարում Ուոլթոնը դարձել է 6 նահանգներում «Բեն Ֆրանկլին» ցանցի վաճառքների առաջատարը։ Խանութի հաջողությունը գրավել է շինության սեփականատիրոջ ուշադրությունը և վերջինս որոշել է չերկարաձգել վարձակալության պայմանագիրը՝ խանութի տարածքը հանձնելով իր որդուն։
1950 թվականի աշնանը Ուոլթոնների ընտանիքը տեղափոխվել է Բենտոնվիլ (Արկանզաս) քաղաք։ Այդ ժամանակ ընտանիքում կար չորս երեխա․ Բոբը, Ջոնը, Ջիմը և դուստր Էլիսը։ Բենտոնվիլի բնակչությունն այդ ժամանակ 3000 մարդ էր․ Հելեն Ուոլթոնը 10 հազար բնակչությամբ քաղաքները չափազանց մեծ է համարել։
ԲԵնտոնվիլում Ուոլթոնը բացել է իր խանութը «Walton’s Five and Dime» անվանմամբ։ Առաջին տարում խանութի եկամուտը կազմել է 32 000 դոլար։ 1952 թվականին Ուոլթոնը բացել է ևս մեկ խանութ Ֆեյետվիլ քաղաքում։ 1962 թվականին Ուոլթոնը կրտեր եղբոր՝ Բադի, հետ Արկանզաս, Միսսուրի և Կանզաս նահանգներում բացել է 16 խանութ։ Ուոլթոնը սկսել է ներգրավել այլ խանութների տնօրեններին, նրանց թույլ տալով սեփական միջոցներով ներդրումներ կատարել խանութներում։ Ուոլթոնը խանութից խանութ տեղափոխվել է ինքնաթիռով, որը վարել է հենց ինքը։
Առաջին Wal-Mart[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին «Wal-Mart» խանութը բացվել է 1962 թվականի հուլիսի 2-ին Արկանզաս նահանգի Ռոջերս քաղաքում[11]։ Սեմ Ուոլթոնն այդ ժամանակ 44 տարեկան էր։ «Wal-Mart» անվանումն ընտրվել է փոքր քանակությամբ տառերի համար՝ այսպես ավելի էժան էին ցուցանակները։
1979 թվականին «Wal-Mart» խանութների քանակը հասել է 230-ի, իսկ նրանց տարեկան եկամուտը՝ 1 միլիարդ դոլար։
Ժամանակի ընթացքում «Wal-Mart» խանութների ցանցը դարձել է ԱՄՆ-ի խոշորագույն ցանցը[12]։ Ըստ Forbes թերթի Սեմ Ուոլթոնը ճանաչվել է 1985 թվականից 1988 թվականների ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը։ Բիլ Գեյթսը 1992 թվականին՝ Սեմի մահից հետո է ճանաչվել ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը։
Սեմ և Հելեն Ուոլթոնները ֆինանսական օգնություն են ցուցաբերել կրթական, կրոնական և հասարակական կազմակերպություններին։ Ֆինանսավորել են նաև կենդանաբանական այգիների, գրադարանների, սպորտային կառույցների շինարարությունը։
ՍԵմ Ուոլթոնը մահացել է 1992 թվականի ապրիլի 5-ին բազմակի միելոմայից[13]։ Ֆորբս թերթը Ուոլթոնի կարողությունը 1992 թվականի դրությամբ գնահատել է 58,6 միլիարդ դոլար։
Սեմ Ուոլթոնն ընկերությունում իր բաժնեմասը կտակել է իր կնոջը և չորս երեխաներին (Ռոբ, Ջոն, Ջիմ և Էլիս)։ Ռոբ Ուոլթոնը դարձել է «Wal-Mart» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ։ Ջոնը մինչև կյանքի վերջը ընկերության տնօրենն էր, մահացել է 2005 թվականին, ավտովթարից։ Ջիմը հիմնել է «Arvest Bank» ֆինանսական կազմակերպությունը, որի կարողությունը կազմում է 17 միլիարդ դոլար, կազմակերպությունը մինչ օրս ղեկավարում է նա։ Ռոբը և Էլիսը մտնում են «Walton Family Foundation» ընտանեկան հիմնադրամի վարչության մեջ։ Ուոլթոնների ընտանիքը մինչև 2005 թվականը ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց տասնյակում հինգ տեղ Է զբաղեցրել։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ազատության նախագահական մեդալ, 1992 թվական
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сэм Уолтон Сделано в Америке. Как я создал Wal-Mart = Made in America: My Story. — М.: «Альпина Паблишер» հրատարակչություն]], 2011. — 224 с. — ISBN 978-5-9614-1123-2
- Sam Walton, John Huey Sam Walton: Made In America. — Bantam, 1993. — 368 с. — ISBN 978-0553562835
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Encyclopedia of Arkansas — 2006.
- ↑ https://www.dallasnews.com/news/faith/2007/04/20/presbyterian-obit-on-wal-mart-founder-s-widow/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ Walton Sam։ Sam Walton: Made in America։ Random House Publishing Group։ էջ 15։ ISBN 978-0-345-53844-4
- ↑ «Sam Walton»։ Encyclopædia Britannica (Encyclopædia Britannica Inc)։ 2012։ Արխիվացված է օրիգինալից October 21, 2013-ին։ Վերցված է March 30, 2012
- ↑ Walton & Huey, Made in America: My Story, p. 30.
- ↑ «Sam Walton»։ Butler Center for Arkansas Studies։ Արխիվացված է օրիգինալից April 18, 2012-ին։ Վերցված է March 30, 2012
- ↑ Gross Daniel, Forbes Magazine Staff (August 1997)։ Greatest Business Stories of All Time (First ed.)։ New York: John Wiley & Sons, Inc։ էջ 272։ ISBN 0-471-19653-3
- ↑ Yohannan T. Abraham, Yunus Kathawala, Jane Heron (December 26, 2006)։ «Sam Walton: Walmart Corporation»։ The Journal of Business Leadership, Volume I, Number 1, Spring 1988։ American National Business Hall of Fame։ Արխիվացված է օրիգինալից January 20, 2002-ին։ Վերցված է January 2, 2014
- ↑ Walton Sam (1993)։ Sam Walton: Made in America։ Bantam Books։ էջ 329։ ISBN 0-553-56283-5
|
- Մարտի 29 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ապրիլի 5 մահեր
- 1992 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Միսսուրիի համալսարանի շրջանավարտներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի միլիարդատերեր
- Անձինք
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Բիզնեսի կառավարիչներ
- Ամերիկացի տնտեսագետներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ