Jump to content

Սեմյոն Ռեզենկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմյոն Ռեզենկին
ուկրաիներեն՝ Резенкін Семен Зіновійович
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ մարտի 4, 1925(1925-03-04)
Ծննդավայր Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 11, 2009(2009-11-11) (84 տարեկան)
Մահվան վայր Խարկով, Ուկրաինա

Սեմյոն Զինովևիչ Ռեզենկին (ուկրաիներեն՝ Семен Зіновійович Резенкін, մարտի 4, 1925(1925-03-04), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 11, 2009(2009-11-11), Խարկով, Ուկրաինա), խորհրդային մրցավար, ֆուտբոլիստ և մարզիչ։ Համամիութենական կարգի մրցավար, որպես գլխավոր մրցավար անցկացրել է Բարձրագույն լիգայի 23 խաղ։ Մասնակցել է «Արսենալ (Խարկով)» ֆուտբոլային ակումբի ստեղծմանը։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից, պարգևատրվել է մարտական շքանշաններով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլ սկսել է խաղալ խարկովյան «Սպարտակում», 1930-ականների կեսերին հանդես է եկել նրա պատանեկան թիմում[1]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է Տ-34 տանկի անձնակազմի հրաձիգ-ռադիստ։ Մարտնչել է Տափաստանային և 1-ին Ուկրաինական ռազմաճակատների կազմում։ Պատերազմի ժամանակ երկու անգամ վիրավորվել է։ Ավարտել է պատերազմը Պրահայի մոտ 1945 թվականի մայիսին[2]։

Հետպատերազմյան տարիներին հանդես է եկել Ստալինսկի «Մետալուրգ Վոստոկի», Խարկովի «Լոկոմոտիվի» և «Սպարտակի» կազմում, եղել է վերջինիս ավագը[3]։

1953 թվականից սկսել է վարել ԽՍՀՄ առաջնության հանդիպումները։ 1954 թվականի սեպտեմբերի 7-ին նորամուտը նշել է որպես գլխավոր մրցավար։ 1958 թվականին ԽՍՀՄ գավաթի խաղարկության ժամանակ Պոլտավայում տեղի «Կոլխոզնիկի» և Դնեպրոպետրովսկի «Մետալուրգի» միջև տեղի ունեցավ ծեծկռտուք։ Այն բանից հետո, երբ լրացուցիչ ժամանակում մրցավար Ռեզենկինը հեռացրեց դաշտից տանտերերի խաղացող Վ. Կազանկինին, ամբոխի մեջ վրդովմունք սկսվեց։ Երկրպագուները կարծում էին, որ պետք է հեռացնել նաև «Մետալուրգի» խաղացողին։ Ամենամոլիները սկսեցին մրցավարի նկատմամբ հաշվեհարդարի կոչեր անել։ Նրանց աջակցեց ամբոխը, և մրցավարի ու դնեպրոպետրովսկցիների վրա քարեր թափվեցին, վնասվեց նաև հյուրերի ավտոբուսը։ Մրցավարի գործողությունները քննարկվել են Ուկրաինայի կոմունիստական կուսակցության Պոլտավայի մարզային կոմիտեի բյուրոյում։ Նշվել է, որ Ռեզենկինը շատ սխալներ է թույլ տվել, կոպտել, եզրային մրցավարների նկատմամբ դրսևորել հանդուգն պահվածք։ Որոշվել է այլևս Խարկովի մրցավարներին չհրավիրել Պոլտավայում կայանալիք խաղերին[4]։

1961 թվականի նոյեմբերի 18-ին Ռեզենկինը դարձել է համամիութենական կարգի մրցավար։ Ներառվել է Ուկրաինական ԽՍՀ լավագույն ֆուտբոլային մրցավարների ցուցակում 1961 թվականի արդյունքներով[5]։ 22 մրցաշրջանի ընթացքում սպասարկել է ԽՍՀՄ առաջնության և գավաթի խաղերը։ Որպես գլխավոր մրցավար անցկացրել է 51 հանդիպում, իսկ 72 խաղում եղել է եզրային մրցավար[6]։

Կարիերան որպես մրցավար ավարտելուց հետո 27 տարի եղել է Խարկով քաղաքի մրցավարների կոլեգիայի նախագահը։ Մրցավարական կարիերային զուգահեռ՝ 1954 թվականից աշխատել է որպես Խարկովի «Սպարտակի» մարզիչ[3]։

1987 թվականից աշխատել է «Սպարտակ» մարզադպրոցի տնօրենի տեղակալ, իսկ 1996 թվականից զբաղեցրել է «Սպարտակ» մարզադաշտի և «Ակվարենա» մարզահամալիրին կից ֆուտբոլի մարզադպրոցի տնօրենի պաշտոնը[3]։

Եղել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի հիմնադիրներից մեկը, որի համար «Սպարտակ» մարզադաշտը դարձել է տնային մարզադաշտ, իսկ մանկապատանեկան մարզադպրոցը՝ ֆուտբոլային ակադեմիայի հիմքը։ Դեմ է արտահայտվել թիմի նոր անվանմանը՝ համարելով, որ պետք է պահպանել ավանդականը՝ «Սպարտակը»[7]։

Խարկովում հիմնադրվել է Ռեզենկինի գավաթը, որը խաղարկվում է վետերանների միջև[8]։

Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է «Գվարդիա» կրծքանշանով, Կարմիր աստղի շքանշանով, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով և մեդալներով[9]։

1985 թվականի նոյեմբերի 6-ին պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 40-ամյակի:

2004 թվականին պարգևատրվել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվավոր նշանով՝ «Ծառայությունների համար» մեդալով[3]։

2008 թվականին պարգևատրվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատվոգրով[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Грот, 2008, էջ 104
  2. Грот, 2000, էջ 37
  3. 3,0 3,1 3,2 3,3 Борисович, 2009
  4. Баишев, 2016, էջ 171—172
  5. «Із далекого 1957-го» (ուկրաիներեն). upl.ua. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  6. «Резенкин Семён Зиновьевич, 04.03.1925, футбольный арбитр судья». footballfacts.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  7. Бадян, 2008, էջ 37
  8. «Положение Кубок Резенкина С.З». Федерація футболу міста Харкова. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  9. Грот, 2008, էջ 151
  10. «Ряд ветеранов харьковского футбола награждены Почетными грамотами Верховной Рады». Status Quo. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]