Jump to content

Սեմեոն Հպարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմեոն Հպարտ
Ծնվել է՝սեպտեմբերի 7, 1316
ԾննդավայրՄոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն
Մահացել է՝ապրիլի 27, 1353 (36 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՄոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն
ԵրկիրՌուսական իշխանություններ
ՏոհմՌյուրիկովիչներ
ՀայրԻվան I Դանիլովիչ Կալիտա
ՄայրHelena of Smolensk, Grand Princess of Moscow?
ԵրեխաներVasilisa Simeonovna?
ՀավատքԱրևելյան ուղղափառ եկեղեցի

Սիմեոն Իվանովիչ (ռուս.՝ Симеон Иванович; սեպտեմբերի 7, 1316, Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն - ապրիլի 27, 1353, Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն), հայտնի է նաև որպես Սեմյոն Իվանովիչ (ռուս.՝ Семён Иванович), կամ Հպարտ մականունով (ռուս.՝ Гордый), 1340-1353 թվականներին եղել է Մոսկվայի և Վլադիմիրի մեծ իշխան։

Իվան Առաջինի որդին՝ Սիմեոնը, շարունակեց իր հոր քաղաքականությունը՝ մեծացնելու իր պետության ուժն ու հեղինակությունը։ Սիմեոնի կառավարումը բնութագրվում էր Նովգորոդի Հանրապետության և Լիտվայի Մեծ Դքսության դեմ կանոնավոր ռազմական և քաղաքական հակամարտություններով։ Նրա հարաբերությունները հարևան ռուսական իշխանությունների հետ մնացին խաղաղ, եթե ոչ պասիվ․ Սիմեոնը մնաց հեռու ենթակա իշխանների միջև ծագած հակամարտություններից[1]։ Նա դիմում էր պատերազմի միայն այն ժամանակ, երբ պատերազմն անխուսափելի էր[2]։ Նրա գահակալությունը նշանավորվեց Մոսկվայի համար համեմատաբար հանգիստ ժամանակաշրջանով, որն ավարտվեց Սև մահով, որը 1353 թվականին խլեց Սիմեոնի և նրա որդիների կյանքը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1340 թվականին Սիմեոնը՝ Իվան Կալիտայի ավագ որդին, տեղակայված էր Նիժնի Նովգորոդում։ Հոր մահվան լուրը ստանալուց հետո, Սիմեոնը և իր եղբայրներ Անդրեյն ու Իվանը մեկնեցին Ոսկե Հորդա՝ Ուզբեկ խանից խնդրելու արտոնագիր (յառլիկ)՝ Մեծ իշխանի տիտղոսը ստանձնելու համար։ Մրցակիցներ Տվերի Կոնստանտինը և Սուզդալի Կոնստանտինը նույնպես իրենց հարգանքի տուրքը մատուցեցին խանին՝ պնդելով Մոսկվայի իշխանների նկատմամբ իրենց ավագության իրավունքը[3]։ Սիմեոնը արտոնագիրը ստացավ խանի շքախմբին կաշառելու միջոցով[4]․ Տվերի և Սուզդալի իշխանները պետք է համաձայնեին նրա ավագությանը; Ուզբեկը նաև իր բարեհաճությունը տարածեց Սիմեոնի հետնորդների վրա[3]։ Նրան նաև շնորհվել էր արարողակարգային տիտղոս՝ epi trapezes offikios Բյուզանդական կայսրության կողմից[5], որը մոտավորապես կարելի է թարգմանել որպես սենեշալ կամ ստոլնիկ

1340 թվականին Սիմեոնը մասնակցել է իր առաջին ռազմական հակամարտությանը Մեծ Նովգորոդի հետ։ Սիմեոնը պահանջում էր հարկեր հավաքելու իր իրավունքը Նովգորոդյան Տորժոկ քաղաքում։ Տորժոկի բոյարները բանտարկեցին Սիմեոնի հարկահավաքներին և օգնություն խնդրեցին Նովգորոդից։ Սիմեոնը և մետրոպոլիտ Թեոգնոստը շտապ կազմավորեցին իշխանների դաշինք ընդդեմ Նովգորոդի՝ պնդելով, որ «Նրանք (նովգորոդցիները) պատերազմում և հաշտություն են կնքում ում հետ ցանկանում են՝ ոչ ոքի հետ չխորհրդակցելով։ Նովգորոդը հաշվի չի առնում ողջ Ռուսիան և չի ենթարկվում իր Մեծ Իշխանին»՝ նկատի ունենալով Նովգորոդի ներխուժումները Ուստյուժնա և Բելոյե Օզերո[6]։ Երբ դաշնակից ուժերը մոտեցան Նովգորոդյան հողերին, Տորժոկի ժողովուրդը ապստամբեց բոյարների դեմ և անցավ մոսկովյան զորքերի կողմը։ Նովգորոդի Հանրապետությունը ընդունեց այդ փաստը և Սիմեոնին զիջեց Տորժոկի տարածքից գանձվող բոլոր հարկերը, որոնք տարեկան կազմում էին 1,000 արծաթե ռուբլի, իսկ Սիմեոնը համաձայնեց պահպանել գործող քաղաքացիական կանոնադրությունը[4]։

1341 թվականին, Մոսկովյան կոալիցիոն բանակի արձակումից կարճ ժամանակ անց, Օլգերդը (այդ ժամանակ Վիտեբսկի իշխան, դաշնակից Սմոլենսկի իշխանի հետ) պաշարեց Մոժայսկը։ Գեդիմինասի մահվան լուրը ստիպեց Օլգերդին դադարեցնել արշավանքը նախքան Սիմեոնը կկարողանար կազմակերպել ռազմական արձագանք[7]։ Ուզբեկ խանը՝ Սիմեոնի տիրակալը, շուտով մահացավ. նրա իրավահաջորդ Ջանի Բեկը, իր եղբայրներին սպանելով, ամրապնդեց իր իշխանությունը Հորդայում։ Սիմեոնն ու Թեոգնոստը ստիպված էին կրկին մեկնել Հորդա։ Ջանի Բեկը վերահաստատեց Սիմեոնի իրավունքները և ազատ արձակեց նրան, սակայն Թեոգնոստին պատանդ պահեց՝ եկեղեցուց գումար կորզելու համար. ի վերջո, Թեոգնոստն ազատ արձակվեց 600 ռուբլու դիմաց[8]։

1333 թվականին Սիմեոնն ամուսնացավ Այգուստայի (Անաստասիայի)՝ Օլգերդի քրոջ հետ[9]։ 1345 թվականին նրա մահից հետո Սիմեոնն ամուսնացավ Սմոլենսկի Եվպրաքսիայի հետ, սակայն շուտով նրան հետ ուղարկեց ընտանիք՝ պնդելով, որ Եվպրաքսիան անիծված է եղել հարսանիքից ի վեր և «ամեն գիշեր մեռած է թվում»։ Եվպրաքսիան կրկին ամուսնացավ Ֆոմինսկի իշխանի հետ, իսկ Սիմեոնն ամուսնացավ Տվերի Մարիայի հետ. նրանց չորս որդիները մահացան մանկահասակ[1]։

1340-ականներին լիտվական և շվեդական ռազմական արշավանքները և ներքին քաղաքական խառնաշփոթը նվազեցրին Նովգորոդի Հանրապետության ազդեցությունը։ Սիմեոնը, որի Մեծ Իշխանի տիտղոսը պարտավորեցնում էր պաշտպանել Նովգորոդը, դժկամությամբ էր անում դա, կարծես սպասելով, որ թուլացած հանրապետությունը կփլուզվի իր օգտին։ 1347 թվականին, երբ նովգորոդցիները օգնություն խնդրեցին շվեդների դեմ, Սիմեոնն ուղարկեց իր եղբայր Իվանին և Կոստանդին Ռոստովացուն. պատվիրակները հրաժարվեցին կռվել նովգորոդցիների համար[10]։ Սիմեոնն ինքը զբաղված էր Հորդայում լիտվացիների ազդեցությունը չեզոքացնելով, միաժամանակ ապաստան տալով երկու ապստամբ լիտվացի իշխանների՝ որպես Լիտվայի գահի հավանական հավակնորդներ[11]։ Նա մանիպուլյացրեց Ջանի Բեկին՝ համոզելով, որ լիտվական աճող ազդեցությունը դարձել է Հորդայի համար ամենակարևոր սպառնալիքը[2]։ Ջանի Բեկը ի վերջո համաձայնեց Սիմեոնի դեսպանների (մոնղոլական ազգության) հետ և լիտվական դեսպաններին արտահանձնեց Սիմեոնի ողորմածությանը։ Սիմեոնը նախընտրեց զինադադար կնքել Օլգերդի հետ՝ ազատ արձակելով գերիներին և ապահովելով լիտվական իշխանների և ռուս հարսնացուների միջև ամուսնությունները։ Հեթանոս Օլգերդի ամուսնությունը ուղղափառ Տվերցի Ուլիանայի հետ, որը եկեղեցու տեսանկյունից անօրինական էր, այնուամենայնիվ հաստատվեց Թեոգնոստոսի կողմից. այն ծնունդ տվեց Յագայլոյին[12]։

1351-1352 թվականներին Սիմեոնը զենք բարձրացրեց Օլգերդի դեմ՝ Սմոլենսկի շրջանի փոքր քաղաքների վերահսկողության համար։ Այս հակամարտությունը կրկին չվերածվեց բաց պատերազմի, քանի որ Օլգերդը նախընտրում էր բանակցությունները կռվելուց։ Չնայած բանակցությունների առաջին փուլը խափանվեց լիտվացիների կողմից, Սիմեոնը կարողացավ վիճելի քաղաքները պահպանել Մոսկվայի համար։ Այս արշավանքը Սիմեոնի կյանքի վերջին գործողությունն էր[13]։

Սև մահը գրանցվել է ներկայիս հարավային Ռուսաստանում և Ուկրաինայում դեռևս 1346 թվականին։ Այն հասավ Սկանդինավիա 1349 թվականին, Պսկով՝ 1352 թվականի սկզբին և Նովգորոդ՝ 1352 թվականի օգոստոսին. տարեվերջին հաղորդվում էր, որ Պսկովի բնակչության երկու երրորդը մահացել է։ Նույն օրինաչափությունը կրկնվեց Լիտվայում և հյուսիս-արևելյան Ռուսաստանում[14]։ 1353 թվականին ժանտախտը հասավ Մոսկվա՝ սպանելով Թեոգնոստոսին, Սիմեոնին, նրա երկու որդիներին՝ Սիմեոն Սիմեոնովիչին, Իվան Սիմեոնովիչին և նրա եղբայր Անդրեյին, ով Սիմեոնից հետո ապրեց ևս վեց շաբաթ[1]։ 1353 թվականին մահանալուց առաջ Սիմեոնը կրոնավորական ուխտ է տվել և ստացել Սոզոնտ անունը[փա՞ստ]։ Նա Ալեքսիսին նշանակեց Մոսկվայի Մետրոպոլիտ՝ որպես հանգուցյալ Թեոգնոստուսի հաջորդ և Մարիայի համար ապահովեց շահավետ կալվածք[1]։ Սիմեոնի կտակը համարվում է Ռուսաստանում թղթի առաջին օգտագործումը, քանի որ նախկինում օգտագործվում էր մագաղաթը։

Սիմեոնը թաղված է Մոսկվայի Կրեմլի Արքահրեշտակաց տաճարում։

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգուստա Լիտվացու հետ[9]

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վասիլի Սիմեոնովիչ (12 ապրիլ 1337 - 1338)
  • Վասիլիսա Սիմեոնովա (մահացել է 20 ապրիլ 1369), ամուսնացած է եղել Կաշինի իշխան Միխայիլ Վասիլևիչի հետ
  • Կոնստանտին Սիմեոնովիչ (ծնվել և մահացել է 1341թ.)
  • Դուստր, ով ամուսնացել է Լիտվայի Ալեքսանդրի՝ Լեհաստանի Կարիյոտասի որդու հետ

Մարիա Տվերացու հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դանիիլ Սիմեոնովիչ (15 դեկտեմբեր 1347 - մահացել է երիտասարդ հասակում)
  • Միխայիլ Սիմեոնովիչ (1348 - մահացել է երիտասարդ հասակում)
  • Իվան Սիմեոնովիչ (1351 - մարտ 1353), մահացել է հոր հետ միաժամանակ ժանտախտից
  • Սիմեոն Սիմեոնովիչ (1352 - մարտ 1353), մահացել է հոր հետ միաժամանակ ժանտախտից

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Karamzin, 1353
  2. 1 2 Curtin, p. 339
  3. 1 2 Curtin, p. 336
  4. 1 2 Karamzin, 1340
  5. ↑ Anton Kartashev. History of the Russian church
  6. ↑ Curtin, p. 337
  7. ↑ Karamzin, 1341
  8. ↑ Karamzin, 1342
  9. 1 2 Basil Dmytryshyn, Medieval Russia:A source book, 850-1700, (Academic International Press, 2000), 193.
  10. ↑ Karamzin, 1347
  11. ↑ Curtin, p. 338
  12. ↑ Karamzin, 1349
  13. ↑ Curtin, p. 340
  14. ↑ Karamzin, 1352

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Curtin, Jeremiah (2002). The Mongols in Russia. Adamant Media Corporation. ISBN 9781402100307.
  • Karamzin, N. M. (1815). Istoria gosudarstva rossiyskogo (История государства российского), volume 4 chapter 10.
  • Mouravieff, A. N. (2004). A History of the Church of Russia. Kessinger Publishing. ISBN 9781417912506.
Թագավորական կոչումներ
Նախորդող՝
Իվան I
Վլադիմիրի Մեծ իշխան
Մոսկվայի իշխան

1340–1353
Հաջորդող՝
Իվան II
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմեոն Հպարտ» հոդվածին։