Սեկուլյար էթիկա
Սեկուլյար էթիկա կամ աշխարհիկ բարոյագիտություն (անգլ.՝ Secular ethics), բարոյական փիլիսոփայության ճյուղ, որտեղ էթիկան հիմնված է բացառապես մարդկային այնպիսի ունակությունների վրա, ինչպիսիք են տրամաբանությունը, էմպաթիան (կարեկցանքը), բանականությունը կամ բարոյական ինտուիցիան, և չի բխում գերբնական հայտնության կամ առաջնորդության հանդեպ հավատքից, ինչը էթիկայի աղբյուր է բազմաթիվ կրոններում: Աշխարհիկ էթիկան վերաբերում է ցանկացած էթիկական համակարգի, որը չի հիմնվում գերբնականի վրա և ներառում է հումանիզմը, սեկուլյարիզմը և ազատախոհությունը: Աշխարհիկ էթիկայի գրականության դասական օրինակ է «Կուրալ» տեքստը, որի հեղինակն է անտիկ հնդիկ փիլիսոփա Վալլուվարը:
Աշխարհիկ էթիկական համակարգերը ներառում են գաղափարների լայն բազմազանություն՝ ընդգրկելով սոցիալական պայմանագրերի նորմատիվությունը, ներքին բարոյական արժեքի վերագրման որոշակի ձևեր, ինտուիցիայի վրա հիմնված դեոնտոլոգիան, մշակութային բարոյական ռելյատիվիզմը (հարաբերականություն), ինչպես նաև այն գաղափարը, որ գիտական դատողությունը կարող է բացահայտել օբյեկտիվ բարոյական ճշմարտությունը (հայտնի որպես բարոյականության գիտություն):
Աշխարհիկ էթիկայի շրջանակները միշտ չէ, որ փոխադարձաբար բացառում են աստվածաբանական արժեքները: Օրինակ՝ «Ոսկե կանոնը» կամ ոչ բռնության հանձնառությունը կարող են աջակցություն ստանալ ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ շրջանակների կողմից: Աշխարհիկ էթիկայի համակարգերը կարող են տարբերվել որոշակի ժամանակաշրջանի հասարակական և մշակութային նորմերի շրջանակներում, ինչպես նաև կարող են կիրառվել ցանկացած կրոնական համոզմունք ունեցող անձի՝ ներառյալ աթեիստների կողմից:
Աշխարհիկ էթիկայի դրույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած իրենց փիլիսոփայական հայացքների լայնությանն ու բազմազանությանը, աշխարհիկ էթիկոսները սովորաբար կիսում են մեկ կամ մի քանի սկզբունքներ.
- Մարդկային էակները, իրենց էմպաթիայի (կարեկցելու ունակության) շնորհիվ, ի վիճակի են որոշել էթիկական հիմքերը:
- Ուրիշների բարեկեցությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում էթիկական որոշումների կայացման հարցում:
- Մարդկային էակները, տրամաբանության և բանականության միջոցով, ի վիճակի են դուրս բերել վարքագծի նորմատիվ սկզբունքներ: Սա կարող է հանգեցնել այնպիսի վարքագծի, որը գերադասելի է կրոնական տեքստերի հիման վրա քարոզվող կամ արդարացվող վարքագծից: Որպես այլընտրանք, սա կարող է հանգեցնել այնպիսի բարոյական սկզբունքների համակարգի պաշտպանությանը, որի շուրջ կարող է համաձայնել մարդկանց լայն խումբ՝ ինչպես կրոնավոր, այնպես էլ ոչ կրոնավոր:
- Մարդկային էակներն ունեն բարոյական պատասխանատվություն՝ ապահովելու, որ հասարակությունները և անհատները գործեն այս էթիկական սկզբունքների հիման վրա:
- Հասարակությունները պետք է, հնարավորության դեպքում, պակաս էթիկական և արդար ձևից անցում կատարեն ավելի էթիկական և արդար ձևի:
Այս դրույթներից շատերը կիրառվում են բարոյականության գիտության մեջ, որն օգտագործում է գիտական մեթոդը՝ բարոյական հարցերին պատասխանելու համար: Տարբեր մտածողներ բարոյականությունը ձևակերպել են որպես էմպիրիկ ճշմարտության հարցեր, որոնք պետք է ուսումնասիրվեն գիտական համատեքստում: Գիտությունը կապված է էթիկական նատուրալիզմի հետ, որը էթիկական ռեալիզմի մի տեսակ է:
«Ինչպես են լավ մարդիկ բարդ ընտրություններ կատարում. Լուծելով էթիկական ապրելակերպի երկընտրանքները» գրքում Ռաշվորթ Քիդերն առանձնացնում է էթիկական կոդեքսի չորս ընդհանուր բնութագրիչ.
- Այն հակիրճ է։
- Այն սովորաբար բացատրական չէ։
- Կարող է արտահայտվել մի շարք ձևերով (օրինակ՝ դրական կամ բացասական, առանձին բառերով կամ նախադասությունների ցանկով)։
- Կենտրոնանում է բարոյական արժեքների վրա[1]
Հումանիստական էթիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հումանիստական էթիկան գտնում է, որ անհատները կարող են սահմանել իրենց սեփական էթիկան[2]: Հումանիստական էթիկայի նպատակն է վարքագծի կենսունակ անհատական, սոցիալական և քաղաքական սկզբունքների որոնումը՝ գնահատելով դրանք ըստ մարդկային անհատական պատասխանատվությունը բարձրացնելու իրենց կարողության:
Միջազգային հումանիստական և էթիկական միությունը (IHEU) համաշխարհային հովանավոր կազմակերպություն է նրանց համար, ովքեր հարում են հումանիստական դիրքորոշմանը:
Հումանիզմը դեմոկրատական (ժողովրդավարական) և էթիկական դիրքորոշում է, որը հաստատում է, որ մարդիկ իրավունք և պատասխանատվություն ունեն իմաստավորելու և ձևավորելու իրենց սեփական կյանքը: Այն պաշտպանում է ավելի մարդասիրական հասարակության կառուցումը՝ հիմնված մարդկային և բնական այլ արժեքների վրա՝ բանականության և ազատ հետազոտության ոգով՝ մարդկային կարողությունների միջոցով: Այն թեիստական չէ և չի ընդունում իրականության գերբնական հայացքները[3]:
Հայտնի է, որ հումանիզմը որդեգրում է «Ոսկե կանոնի» սկզբունքները:
Աշխարհիկ էթիկա և կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան մարդիկ, որոնք պնդում են, որ կրոնն ընդհանրապես անհրաժեշտ չէ բարոյական վարքագծի համար[4]: Դալայ Լաման ասել է, որ կարեկցանքն ու սերը մարդկային արժեքներ են՝ անկախ կրոնից. «Մեզ պետք են այս մարդկային արժեքները: Ես սրանք անվանում եմ աշխարհիկ էթիկա, աշխարհիկ համոզմունքներ: Որևէ կոնկրետ կրոնի հետ կապ չկա: Նույնիսկ առանց կրոնի, նույնիսկ որպես ոչ հավատացյալներ, մենք ունենք այս բաները խթանելու կարողություն»[5]:
Նրանք, ովքեր դժգոհ են ավանդական կրոնական էթիկայի բացասական կողմնորոշումից, կարծում են, որ արգելքները կարող են միայն սահմանել այն բացարձակ սահմանները, թե ինչ է հասարակությունը պատրաստ հանդուրժել մարդկանցից իրենց վատթարագույն դրսևորումների ժամանակ, այլ ոչ թե առաջնորդել նրանց հասնելու իրենց լավագույնին։ Այլ կերպ ասած՝ մեկը, ով հետևում է այս բոլոր արգելքներին, պարզապես հազիվ է խուսափել հանցագործ լինելուց, այլ ոչ թե հանդես է եկել որպես դրական ազդեցություն աշխարհի վրա։ Նրանք եզրակացնում են, որ ռացիոնալ էթիկան կարող է հանգեցնել լիարժեք արտահայտված էթիկական կյանքի, մինչդեռ կրոնական արգելքներն անբավարար են։
Դա չի նշանակում, որ աշխարհիկ էթիկան և կրոնը փոխադարձաբար բացառում են միմյանց: Իրականում, շատ սկզբունքներ, ինչպիսին է «Ոսկե կանոնը», առկա են երկու համակարգերում էլ, և որոշ կրոնավոր մարդիկ, ինչպես նաև որոշ դեիստներ, նախընտրում են որդեգրել ռացիոնալ մոտեցում էթիկայի նկատմամբ:
Աշխարհիկ էթիկական կոդեքսների օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հումանիստական մանիֆեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հումանիստական մանիֆեստները երեք մանիֆեստներ են (առաջինը հրապարակվել է 1933 թվականին), որոնք ուրվագծում են հումանիստների փիլիսոփայական հայացքներն ու դիրքորոշումները: Այդ մանիֆեստների անբաժանելի մասն է գերբնական առաջնորդության բացակայությունը:
Տասը պատվիրանների այլընտրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն «Տասը պատվիրանների այլընտրանքների» բազմաթիվ տարբերակներ։
Աղջիկ սկաուտների օրենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղջիկ սկաուտների օրենքը հետևյալն է.
- Ես կանեմ ամենայն հնարավորը՝ լինելու
- ազնիվ և արդար,
- ընկերասեր և օգնող,
- ուշադիր և հոգատար,
- խիզախ և ուժեղ,
- պատասխանատու իմ ասածի և արածի համար,
- հարգել ինքս ինձ և ուրիշներին,
- հարգել հեղինակությունը (իշխանությունը),
- ռեսուրսներն օգտագործել խելամտորեն,
- աշխարհը դարձնել ավելի լավը,
- լինել քույր յուրաքանչյուր աղջիկ սկաուտի համար[6]
ԱՄՆ Ռազմածովային ակադեմիայի պատվո հայեցակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինեսոտայի սկզբունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինեսոտայի սկզբունքներն առաջարկվել են «1992 թվականին Կորպորատիվ պատասխանատվության Մինեսոտայի կենտրոնի կողմից՝ որպես միջազգային բիզնես գործունեության ուղեցույց».
- Բիզնես գործունեությունը պետք է բնութագրվի արդարությամբ։ Մենք արդարությունը հասկանում ենք որպես արդարացի վերաբերմունք և հավասար հնարավորություններ շուկայի բոլոր մասնակիցների համար:
- Բիզնես գործունեությունը պետք է բնութագրվի ազնվությամբ։ Մենք ազնվությունը հասկանում ենք որպես անկեղծություն, ճշմարտախոսություն և խոստումների պահպանում։
- Բիզնես գործունեությունը պետք է բնութագրվի մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքով։ Մենք սա հասկանում ենք այնպես, որ բիզնես գործունեությունը պետք է հատուկ հոգատարություն ցուցաբերի ավելի քիչ իշխանություն ունեցողների և անբարենպաստ պայմաններում գտնվողների նկատմամբ:
- Բիզնես գործունեությունը պետք է բնութագրվի շրջակա միջավայրի հանդեպ հարգանքով: Մենք սա հասկանում ենք այնպես, որ բիզնես գործունեությունը պետք է խթանի կայուն զարգացումը և կանխի շրջակա միջավայրի դեգրադացիան ու ռեսուրսների վատնումը[7]:
Ռոտարիի Քառակի թեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քառակի թեստը «Ռոտարի Ինթերնեշնլի (Rotary International) էթիկական պրակտիկայի հիմնաքարն է»։ Այն գործում է որպես մտքերի, ինչպես նաև գործողությունների թեստ։ Այն հարցնում է. «Այն բաների վերաբերյալ, որոնք մենք մտածում, ասում կամ անում ենք»․
- Արդյո՞ք դա ճշմարտությունն է։
- Արդյո՞ք դա արդար է բոլոր շահագրգիռ կողմերի համար։
- Արդյո՞ք այն կստեղծի բարի կամք և ավելի լավ ընկերություն:
- Արդյո՞ք այն շահավետ կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար[1]:
Ռազմական կոդեքսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Միացյալ Նահանգների Սահմանադրությունն արգելում է պետական կրոնի հաստատումը, ԱՄՆ ռազմական վարքագծի կանոնները սովորաբար չեն պարունակում կրոնական երանգներ:
Վեսթ Փոյնթի պատվո կոդեքս
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեսթ Փոյնթի պատվո կոդեքսը սահմանում է, որ «կադետը չի ստի, չի խաբի, չի գողանա և չի հանդուրժի նրանց, ովքեր այդպես են վարվում»։ Չհանդուրժելու դրույթը առանցքային է այն բազմաթիվ այլ կոդեքսներից տարբերելու համար[8]:
Բնություն և էթիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյոք բնության մեջ հանդիպող կենդանիների միջև, ինչպես նաև վաղ մարդկային էվոլյուցիայի ընթացքում մարդկանց միջև հարաբերությունները կարո՞ղ են հիմք հանդիսանալ մարդկային բարոյականության համար, թե՞ ոչ, մնում է համառորեն չլուծված հարց: 1893 թվականին Թոմաս Հենրի Հեքսլին իր «Էվոլյուցիա և էթիկա» աշխատությունում գրել է, որ մարդիկ կոպիտ սխալ են թույլ տալիս՝ փորձելով բարոյական գաղափարներ ստեղծել բնության մեջ կենդանիների վարքագծից: Նա նշել է.
| Այն, ինչ բարոյական տեսանկյունից լավագույնն է (այն, ինչ մենք անվանում ենք բարություն կամ առաքինություն), պահանջում է վարքագծի ընթացք, որը բոլոր առումներով հակադրվում է նրան, ինչը հանգեցնում է հաջողության գոյության համար տիեզերական պայքարում։ Անխիղճ ինքնահաստատման փոխարեն այն պահանջում է զսպվածություն, բոլոր մրցակիցներին մի կողմ մղելու կամ ոտնատակ տալու փոխարեն այն պահանջում է, որ անհատը ոչ միայն հարգի, այլև օգնի իր նմաններին... Այն մերժում է գոյության գլադիատորական տեսությունը... Օրենքներն ու բարոյական պատվիրաններն ուղղված են տիեզերական գործընթացը զսպելուն[9]: |
Հայտնի կենսաբան և գրող Սթիվեն Ջեյ Գուլդը նշել է, որ «պատասխանները պասիվ կերպով չեն կարդացվի բնությունից», և «աշխարհի փաստացի վիճակը չի սովորեցնում մեզ, թե ինչպես մենք՝ բարու և չարի մեր զորությամբ, պետք է փոխենք կամ պահպանենք այն առավել էթիկական ճանապարհով»։ Այսպիսով, նա եզրակացրեց, որ բարոյականության մասին գաղափարները պետք է բխեն բարձրագույն մտավոր բանականության ձևից, իսկ բնությունը պետք է դիտարկվի որպես անկախ ֆենոմեն[9]:
Էվոլյուցիոն էթիկան բնությունը էթիկայի հետ կապելու միակ միջոցը չէ։ Օրինակ, գոյություն ունեն էթիկապես ռեալիստական տեսություններ, ինչպիսին է էթիկական նատուրալիզմը: Էթիկական նատուրալիզմի հետ կապված է նաև այն գաղափարը, որ էթիկան լավագույնս ուսումնասիրվում է ոչ միայն փիլիսոփայության պրիզմայով, այլև գիտության (բարոյականության գիտության մոտեցմամբ):
Առանցքային փիլիսոփաներ և փիլիսոփայական տեքստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էպիկուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էպիկուրը (մ.թ.ա. 341–270) իր էպիկուրականության փիլիսոփայության մեջ առաջ է քաշում բնության ուսումնասիրության վրա հիմնված հաճույքի էթիկան և սովորեցնում, որ մենք պետք է իրականացնենք մեր ընտրություններն ու մերժումները՝ հիմնվելով հեդոնիստական հաշվարկի վրա: Էպիկուրականությունը նաև սովորեցնում է ցանկությունների վերահսկման ծրագիր՝ հիմնված ցանկությունների հիերարխիայի վրա. բնական և անհրաժեշտ ցանկություններն ունեն առաջնահերթություն, բնական, սակայն ոչ անհրաժեշտ ցանկությունները երկրորդական են, իսկ նրանք, որոնք ո՛չ բնական են, ո՛չ անհրաժեշտ, մերժվում են: Դրա էթիկայի հիմնական տեքստերն են 40 «Գլխավոր դոկտրինները» (Kyriai Doxai) և Էպիկուրի «Նամակ Մենոյկեոսին»: Համաձայն 5-րդ Գլխավոր դոկտրինի՝ Դպրոցի էթիկական կոդեքսը խրախուսում է ապրել հաճելի, արդար, խոհեմ և ճիշտ:
Վալլուվար
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրուվալլուվարը (մինչև մ.թ. 5-րդ դար), հարավհնդկական բանաստեղծ-փիլիսոփա և «Կուրալ»-ի (ոչ դավանաբանական դասական թամիլական աշխատություն աշխարհիկ էթիկայի և բարոյականության մասին) հեղինակը, ենթադրվում է, որ ապրել է մ.թ.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 5-րդ դարն ընկած ժամանակահատվածում: Մինչ նրա ժամանակակիցներն առավելապես կենտրոնանում էին Աստծուն, մշակույթին և երկրի տիրակալին գովաբանելու վրա, Վալլուվարը կենտրոնացավ հասարակ անհատի բարոյական վարքագծի վրա[10]: Վալլուվարն իր թեիստական ուսմունքները սահմանափակում է Կուրալ տեքստի ներածական գլխով՝ «Աստծո փառաբանում»[11][12]: Դրանից հետո ամբողջ տեքստում նա կենտրոնանում է անհատի ամենօրյա բարոյական վարքագծի վրա՝ այդպիսով տեքստը դարձնելով աշխարհիկ[13]: Նույնիսկ ներածական գլխում նա զերծ է մնում որևէ կոնկրետ աստծո անուն հիշատակելուց, այլ դիմում է Աստծուն միայն ընդհանրական տերմիններով, ինչպես օրինակ՝ «Արարիչ», «Ճշմարիտ Իմաստուն», «Ութակի գերազանցության Տեր» և այլն[14]: Թարգմանված լինելով աշխարհի մոտ 40 լեզուներով՝ Կուրալ տեքստը շարունակում է մնալ աշխարհում ամենաշատ թարգմանված ոչ կրոնական ստեղծագործություններից մեկը[15]: Գովաբանվելով որպես «Համընդհանուր Վեդա»[16]՝ այն շեշտը դնում է ոչ բռնության, բարոյական բուսակերության, առանց կաստաների մարդկային եղբայրության, ցանկությունների բացակայության, արդարության և ճշմարտության ուղու և այլ բարոյական կառույցների վրա, բացի այդ, ընդգրկում է թեմաների լայն շրջանակ, ինչպիսիք են ղեկավարների բարոյական կանոնները, ընկերությունը, գյուղատնտեսությունը, գիտելիքն ու իմաստությունը, ժուժկալությունը, սերը և ընտանեկան կյանքը[14]:
Հոլիոկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Ջեյքոբ Հոլիոկի 1896 թվականի հրատարակված «Անգլիական սեկուլյարիզմ» գիրքն այսպես է սահմանում սեկուլյարիզմը.
«Սեկուլյարիզմը այս կյանքին վերաբերող պարտականությունների կոդեքս է՝ հիմնված զուտ մարդկային նկատառումների վրա և նախատեսված է հիմնականում նրանց համար, ովքեր աստվածաբանությունը համարում են անորոշ կամ ոչ համարժեք, անհուսալի կամ անհավանական: Դրա հիմնական սկզբունքները երեքն են. (1) Այս կյանքի բարելավումը նյութական միջոցներով: (2) Որ գիտությունը մարդու հասանելի Նախախնամությունն է։ (3) Որ լավ է բարիք գործելը։ Անկախ նրանից՝ կա այլ բարիք, թե ոչ, ներկա կյանքի բարիքը լավ է, և լավ է փնտրել այդ բարիքը»[17]:
Հոլիոկը գտնում էր, որ սեկուլյարիզմն ընդհանրապես չպետք է հետաքրքրություն ցուցաբերի կրոնական հարցերի նկատմամբ (քանի որ դրանք տեղին չեն), և, հետևաբար, պետք է տարբերվի արմատական ազատախոհությունից և աթեիզմից: Այս հարցում նա համաձայն չէր Չարլզ Բրեդլոյի հետ, և այս տարաձայնությունը պառակտեց սեկուլյարիստական շարժումը նրանց միջև, ովքեր պնդում էին, որ հակակրոնական շարժումներն ու ակտիվիզմն անհրաժեշտ կամ ցանկալի չեն, և նրանց միջև, ովքեր պնդում էին հակառակը:
Նիցշե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիցշեի շատ աշխատություններ խոսում են «Տիրոջ և ստրուկի բարոյականության», «Իշխանության կամքի» կամ ավելի ուժեղ մի բանի մասին, որը հաղթահարում է թույլին ու դարվինիստական հարմարվողականությանն ու ապրելու կամքին։ Նիցշեն արտահայտել է իր բարոյական փիլիսոփայությունն իր աշխատությունների ողջ ժողովածուում, որոնցից աշխարհիկ էթիկայի համար կարևորագույններն են՝ «Զվարթ գիտություն» (որտեղ առաջին անգամ օգտագործվել է «Աստված մահացել է» հայտնի արտահայտությունը), «Այսպես խոսեց Զրադաշտը», «Բարուց և չարից անդին» և «Բարոյականության ծագումնաբանության շուրջ» ստեղծագործությունները:
Ըստ Նիցշեի՝ պատճառի և հետևանքի մեր ընկալումը կարող է սահմանափակվել մեկ միասնական կամքով՝ հակումով, որը նույնական է այլ կենդանի էակների հակմանը: Այս առումով Նիցշեի տեսությունն ավելի պարզ է, քան Կանտինը, քանի որ Նիցշեին հաջողվել է պարզաբանել մեր պատճառականության զգացումը՝ դիտարկելով պարզապես իշխանության (զորության) ձգտող կամքը, մինչդեռ Կանտը պոստուլացրել է կամքի երկու տեսակ (ազատ և անազատ կամքեր): Մենք չպետք է «ընդունենք պատճառականության բազմաթիվ ձևեր, քանի դեռ մեկով բավարարվելու փորձը չի հասցվել իր ծայրահեղ սահմանին», ըստ Նիցշեի, քանի որ «մեթոդի խղճմտանքը պահանջում է» դա: Իշխանության ձգտումը գործնականում անվիճելի է թվում, ըստ Նիցշեի ձևակերպման, և քանի որ պատճառականությունը մեր վերջնական որոշակիությունն է[18]:
Կանտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էթիկայի վերաբերյալ Կանտը գրել է աշխատություններ, որոնք և՛ նկարագրում էին համընդհանուր սկզբունքների բնույթը, և՛ ձգտում էին ցուցադրել դրանց կիրառման ընթացակարգը: Կանտը պնդում էր, որ միայն «բարի կամքն» է բարոյապես գովելի, ուստի այն, ինչ էթիկական է թվում, բայց արվում է սխալ դրդապատճառներով, բարոյապես բարի արարք չէ: Կանտի շեշտադրումն անձի մտադրության կամ գործելու պատճառների վրա սովորաբար հակադրվում է ուտիլիտարիստական (օգտապաշտական) այն դրույթին, որ արարքի բարությունը պետք է գնահատվի բացառապես դրա արդյունքներով: Ուտիլիտարիզմը հիպոթետիկ իմպերատիվ (ենթադրական հրամայական) է. եթե մարդ ցանկանում է _____, նա պետք է անի _____: Հակադրեք սա կատեգորիկ իմպերատիվի (բացարձակ հրամայականի) կանտյան էթիկային, որտեղ բարոյական արարքն արվում է հանուն իրեն և ձևակերպվում է այսպես. Մարդ պետք է անի ______ կամ որպես այլընտրանք՝ մարդ չպետք է անի ______: Օրինակ, Կանտյան էթիկայի համաձայն, եթե մարդը գումար նվիրաբերի բարեգործությանը, քանի որ դա չանելը կհանգեցնի աստծո կամ Գերագույն Էակի կողմից որևէ տեսակի պատժի, ապա բարեգործական նվիրատվությունը բարոյապես լավ արարք չի համարվի: Պարտքից բխող գործողությունը պետք է կատարվի բացառապես պարտքի զգացումից ելնելով. ցանկացած այլ մոտիվացիա պղծում է արարքը և զրկում այն իր բարոյական որակից:
Ուտիլիտարիզմ (օգտապաշտություն)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուտիլիտարիզմը (լատիներեն utilis՝ օգտակար բառից) էթիկայի տեսություն է, որը նախատեսում է պոպուլյացիայի համար լավ հետևանքների քանակական մաքսիմալացում (առավելագույնի հասցնում): Այն հետևանքապաշտություն ձև է: Այս բարիքը, որը պետք է առավելագույնի հասցվի, սովորաբար երջանկությունն է, հաճույքը կամ նախասիրությունների բավարարումը: Թեև ուտիլիտարիստական որոշ տեսություններ կարող են ձգտել առավելագույնի հասցնել այլ հետևանքներ, այս հետևանքներն ընդհանուր առմամբ որևէ կապ ունեն մարդկանց (կամ մարդկանց և ոչ մարդկային կենդանիների) բարեկեցության հետ: Այս պատճառով ուտիլիտարիզմը հաճախ ասոցացվում է «բարեկեցության հետևանքապաշտություն» տերմինի հետ։
Ուտիլիտարիզմում առանցքայինը «վերջնական արդյունքն» է (ի հակադրություն վերը քննարկված կանտյան էթիկայի): Այսպիսով, օգտագործելով վերը նշված նույն սցենարը՝ էական չէր լինի, թե արդյոք բարեգործությանը գումար նվիրաբերող անձը դա անում է անձնական, թե կրոնական համոզմունքներից ելնելով. միայն այն փաստը, որ բարեգործական նվիրատվություն է կատարվում, բավարար է այն որպես բարոյապես լավ արարք դասակարգելու համար:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Kidder 2003. 82
- ↑ Fromm, Erich (1947). Man for Himself. Routledge. doi:10.4324/9781315009827. ISBN 978-1-136-32172-6.
- ↑ Humanism's Unfinished Agenda Արխիվացված 2008-11-20 Wayback Machine
- ↑ Is Atheism Consistent With Morality?, paper (2001) by Mark I. Vuletic
- ↑ Interview with the Dalai Lama, The Progressive (January 2006), scroll to Question: Apart from Buddhism, what are your sources of inspiration? The Dalai Lama: Human values.
- ↑ Girl Scouts of the USA (2010). «The Girl Scout Promise and Law». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 16-ին.
- ↑ Kidder 2003. 83–84
- ↑ «Information Paper on "Honor" – A Bedrock of Military Leadership». Վերցված է 2010 թ․ մարտի 16-ին.
- 1 2 Stephen Jay Gould. «Nonmoral Nature». [stephenjaygould.org]. Վերցված է 2009 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Vettriazhagan (2015). Pathinen Keelkanakku Noolgal (թամիլերեն). Vol. 1 (5 ed.). Chennai: Saratha Pathippagam. էջեր iv–vi.
- ↑ Pope, George Uglow (1886). The Sacred Kurral of Tiruvalluva Nayanar (PDF) (First ed.). New Delhi: Asian Educational Services. ISBN 8120600223.
- ↑ Sundaram, P. S. (1990). Tiruvalluvar Kural. Gurgaon: Penguin. էջեր 19, 157–158. ISBN 978-0-14-400009-8.
- ↑ Edward Jewitt Robinson (2001). Tamil Wisdom: Traditions Concerning Hindu Sages and Selections from Their Writings. New Delhi: Asian Educational Services. էջեր 27–28. ISBN 9788120615878.
- 1 2 Lal, Mohan (1992). Encyclopaedia of Indian Literature. Vol. V. New Delhi: Sahitya Akademi. էջեր 4333–4334. ISBN 81-260-1221-8.
- ↑ «Thirukkural translations in different languages of the world». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Kamil Zvelebil (1973). The smile of Murugan on Tamil literature of South India. BRILL. էջեր 156–. ISBN 978-90-04-03591-1. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Holyoake (1896). English Secularism; a Confession of Belief. Chicago: The Open Court Publishing Company.
- ↑ Hurtado, Emmanuel (2016). «Nietzschean Ethics: One's Duty to Overcome». CMC Senior Theses: 1342 – via CMS Senior Thesis.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kosower, M. (2018) Some Reflections on Torah, Science, Rationality, and Morality https://mkosower.academia.edu/research Արխիվացված 2021-03-08 Wayback Machine
- https://blogs.timesofisrael.com/some-reflections-on-torah-science-rationality-and-morality/
- https://www.secularethic.org/home-1 Արխիվացված 2025-03-12 Wayback Machine
- https://archive.pagecentertraining.psu.edu/public-relations-ethics/ethical-decision-making/yet-another-test-page/the-difference-between-ethics-and-religion/ Արխիվացված 2026-06-10 Wayback Machine
- Kidder, Rushworth M. Kidder (2003). How Good People Make Tough Choices: Resolving the Dilemmas of Ethical Living. New York: Harper. ISBN 0-688-17590-2.