Սելևկյան գերիշխանության հաստատումը Մեծ Հայքում և Ծոփքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սելևկյան գերիշխանության հաստատումը Մեծ Հայքում և Ծոփքում, Սելևկյան պետությունը Անտիոքոս III-ի գահակալության ժամանակ իր գերիշխանությանն է ենթարկում Ծոփքը և Մեծ Հայքը։ Ծոփքի Աբդիսարես թագավորը օգտվելով Սելևկյանների թուլացումից, հրաժարվում է ճանաչել Անտիոքոս III-ի գերիշխանությունը, սակայն Անտիոքոս III-ը, իր ուժերը վերականգնելուց հետո, որոշում է կրկին Ծոփքը ենթարկել իրեն։

Ծոփքը և Սելևկյանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիոքոս III-ը Ծոփքը իրեն ենթարկելու նպատակով 212 թվականին զգալի ուժերով ներխուժում է Ծոփք և բանակ դնում Արշամաշատ մայրաքաղաքի մոտ։ Ծոփքի Քսերքսես թագավորը, նկատի ունենալով թշնամու ուժերի գերազանցությունը, դեսպաններ է ուղարկում Անտիոքոսի մոտ և հայտնում, որ ցանկանում է բանակցության մեջ մտնել նրա հետ։ Անտիոքոսը իր մոտ է կանչում Քսերքսեսին, հաշտվում նրա հետ և նույնիսկ նրան է զիջում հարկի մեծագույն մասը, որ մերժել էր իրեն վճարել Քսերքսեսի հայրը։ Այնուհետև Անտիոքոսը վերցնում է Քսերքսեսից 300 տաղանդ, 100 ձի և նույնքան ջորի՝ իրենց լծասարքերով, վերադարձնում է նրան ամբողջ իշխանությունը և ամուսնացնում նրան իր քրոջ հետ։ Սակայն Անտիոքոսը 201 թվականին սպանել է տալիս Քսերքսեսին և Ծոփքում զորավար կառավարիչ է նշանակում Զարեհին, որը, ըստ երևույթին, Ծոփքի թագավորական նույն տոհմից էր։

Անտիոքոս և Երվանդ IV[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ընդդիմադիր հոսանքի ղեկավար Արտաշեսը Անտիոքոս III-ի օգնությամբ պայքար է սկսում Մեծ Հայքի թագավոր Երվանդ Դ-ի դեմ։ Արտաշեսը, ինչպես հաղորդում է Խորենացին, զգալի ուժերով հարձակվում է Երվանդի վրա, հաղթում նրան, պաշարում և գրավում է Երվանդաշատը։ Մայրաքաղաքի գրավման խառնաշփոթության ժամանակ զինվորներից մեկը սպանում է Երվանդին։ Դրանից հետո Արտաշեսը գրավում է նաև Բագարանը, սպանում է քրմապետ Երվազին՝ Երվանդի եղբորը, վերացնում է Երվանդունիների դինաստիան։ Անտիոքոս III-ը Արտաշեսին Մեծ Հայքում նշանակում է ստրատեգ։ Դրանից հետո մոտ տասը տարի Մեծ Հայքը և Ծոփքը, իբրև Սելևկյան տիրապետության տակ գտնվող երկրներ, կառավարվում են Արտաշեսի և Զարեհի կողմից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայ ժողովրդի պատմություն, Հ. Ժամկոչյան, Երևան, 1975