Սեբեկնեֆերու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեբեկնեֆերու
Louvre 0320O7 01.jpg
Ծնվել է՝մ.թ.ա. 19-րդ դար
Մահացել է՝մ. թ. ա. 1793
ենթդ․ Հյուսիսային Մազղունայի բուրգ
ԵրկիրՀին Եգիպտոս
ՏոհմՏասներկուերորդ արքայատոհմ
պետական գործիչ և իշխող թագուհի
ՀայրԱմենեմհետ III
ԵրեխաներSekhemre Khutawy Sobekhotep?

Սեբեկնեֆերու (անգլ.՝ Sobekneferu, երբեմն գրվում է նաև «Նեֆրուսեբեկ», մ.թ.ա. 19-րդ դար - մ. թ. ա. 1793), Հին Եգիպտոսի տասներկուերորդ արքայատոհմի վերջին փարավոն, որը գահ է բարձրացել Ամենեմհետ IV-ի մահից հետո և կառավարել Եգիպտոսը մոտավորապես չորս տարի՝ մ․թ․ա․ 1806 - 1802 թվականների ընթացքում[1]։ Անունը նշանակում է «Սեբեկի գեղեցկությունը»։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբեկնեֆերուն փարավոն Ամենեմհետ III-ի դուստրն էր։ Պատմիչ Մանեթոնի Aegyptiaca աշխատության մեջ նշված է, որ նա նաև եղել է Ամենեմհետ IV-ի քույրը, սակայն այս պնդումը հաստատված չէ․ ուսումնասիրողները դեռ պետք է ապացուցեն Մանեթոնի այս պնդումը, քանի որ Սեբեկնեֆերուի ոչ մի հիմնավորված տիտղոս այդ մասին չի վկայում։

Սեբեկնեֆերուն Նեֆերուպտահ անունով ավագ քույր է ունեցել, որը հաջորդ գահաժառանգն էր Ամենեմհետ IV-ից հետո։ Քրոջ անունն ընդգրկված է քարտուշում և նա իր սեփական բուրգն է ունեցել Հավարայում։ Սակայն Նեֆերուպտահը մահացել է վաղ տարիքում՝ որպես գահաժառանգ թողնելով Սեբեկնեֆերուին[2]։

Գահակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբեկնեֆերուն առաջին կինն է, որի մասին կա հաստատված ապացույց, որ նա իշխել է Եգիպտոսում որպես փարավոն[3]։ Հայտնի են ավելի վաղ շրջանի կանայք, որոնք նույնպես կառավարել են, ինչպես օրինակ՝ առաջին արքայատոհմից Նեյթհոտեպն ու Մեռնեյթը, սակայն ոչ մի վերջնական ապացույց չկա, որ նրանք իշխել են իրենց իրավունքով։ Մեկ այլ կին՝ Նիտոկրիսը, հնարավոր է գահակալած լինի վեցերորդ արքայատոհմում, սակայն նրա գոյությունն ապացուցված չէ․ որոշ գիտնականներ կարծում են, որ Նիտոկրիսի թագավորելը պարզապես լեգենդ է, որը ծագել է Նեչերիկարա փարավոնի անվան սխալ թարգմանությունից։

Ամենեմհետ IV-ն ամենայն հավանականությամբ մահացել է առանց արու ժառանգի, հետևաբար Ամենեմհետ III-ի դուստր Սեբեկնեֆերուն ստանձնել է իշխանությունը որպես իր հայրիկի ժառանգորդ։ Թուրինի թագավորական պապիրուսի համաձայն՝ նա կառավարել է երեք տարի, տասն ամիս ու քսանչորս օր[4] մ․թ․ա․ տասնիններորդ դարի վերջին։

Սեբեկնեֆերուն անժառանգ է մահացել ու նրա գահակալության ավարտը եզրափակել է Եգիպտոսի տասներկուերորդ դինաստիան ու Եգիպտոսի միջին թագավորության ոսկեդարը։ Նրա մահվամբ ճանապարհ է բացվել տասներեքերորդ արքայատոհմի համար։

Սեբեկնեֆերուի անունը գրանցված է բազմաթիվ թագավորական ցուցակներում, մասնավորապես Կառնակի, Սաքարայի ու Թուրինի արքայական պապիրուսներում, որոնցում ընդգրկված նա միակ կին փարավոնն է։ Հետագա շրջանի կին ղեկավարները, հատկապես Հատշեպսուտը, Նեֆերնեֆրուատոնը և Տաուսերտը մի շարք պատճառներով բաց են թողնվել պաշտոնական արքայական ցուցակներից։ Սեբեկնեֆերուն սակայն բացակայում է Աբիդոսի արքայական ցուցակում․ տասներկուերորդ արքայատոհմի միակ թագավորը, որն ընդգրկված չէ։ Պատճառն անհայտ է։

Հուշարձաններ ու դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական թանգարանում գտնվող Սեբեկնեֆերուի գլանաձև կնիքի գծագիրը, հեղինակ՝ Ֆլինդերս Պիտրի[5]։

Սեբեկնեֆերուի քիչ հուշարձաններ են հայտնաբերվել, թեև պահպանվել են նրա բազմաթիվ (անգլուխ) արձաններ, որոնց թվում՝ նրա անունը կրող արձանի մի պատվանդան, որը նույնականացվել է որպես փարավոնի արքայադստեր պատկեր։ Հայտնաբերվել է Թել-Գեզերում[6]։ Նրա գլուխը պատկերող մեկ արձան է հայտնի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կորած Բեռլինի եգիպտական թանգարանում գտնվող մի կիսանդրի (գույքացուցակի համարը՝ 14476) նույնպես համարվել է Սեբեկնեֆերուինը։ Մեր օրերում այդ արձանը հայտնի է միայն լուսանկարներով ու գիպսե կրկնօրինակներով։ Այն թանգարան էր բերվել 1899 թվականին։ Սեմնայում հայտնաբերված արքայական մի արձանի ստորին մասի գագաթին հարմարեցված է գլուխը։ Վերջինս միանշանակ կարելի է արքայական համարել, քանի որ նրա գահի մի կողմում պատկերված է «երկու երկրների միավորում» թագավորական խորհրդանիշը[7]։

Հայտնի է, որ Սեբեկնեֆերուն լրացումներ է արել Հավարայում գտնվող Ամենեմհետ III-ի հուղարկավորման համալիրում (որը Հերոդոտոսը «լաբիրինթոս» է անվանել) և որ Հերակլոպոլիսում նույնպես կառույցներ է ստեղծել։

Բրիտանական թանգարանում գտնվում է նրա անունը և արքայական տիտղոսները կրող գեղեցիկ գլանաձև կնիք[8]։ Նուբիական Կումա ամրոցի պատերին հայտնաբերված մի փորագրություն վկայում է, որ Սեբեկնեֆերուի կառավարման երրորդ տարում Նեղոսի հեղեղի բարձրությունը հասել է 1.83 մետրի[9]։ Արևելյան անապատում հայտնաբերված մեկ այլ արձանագրություն վկայում է «տարի 4, Աճման եղանակի երկրորդ ամիս»[10]։

Սեբեկնեֆերուի մոնումենտալ աշխատանքները նրան հետևողականորեն կապում են Ամենեմհետ III-ի, այլ ոչ թե Ամենեմհետ IV-ի հետ, պաշտպանելով այն տեսակետը, որ նա եղել է Ամենեմհետ III-ի արքայադուստրը և հավանաբար Ամենեմհետ IV-ի խորթ քույրը․ վերջինիս մայրն արքայական ծագում չի ունեցել[6]։ Դանիացի եգիպտագետ Քիմ Ռիհոլտը նշել է, որ Սեբեկնեֆերուի գահակալությանը ժամանակակից աղբյուրները ցույց են տվել, որ նա այդպես էլ չի ընդունել «Թագավորի քույր» տիտղոսը, միայն ունեցել է «Թագավորի դուստր» կոչումը, որն էլ ավելի է սատարում այս վարկածին[6]։

Սեբեկնեֆերուի դամբարանը չի հայտնաբերվել, թեև հանրավոր է, որ նա հուղարկավորված լիներ Հյուսիսային Մազղունայի բուրգում, որի վրա արձանագրություններ չկան։ Այն գտնվում է Ամենեմհետ IV-ին վերագրվող նմանատիպ համալիրից դեպի անմիջապես հյուսիս։ Հարագեհում հայտնաբերված մի պապիրուսում նշված է Սեխեմնեֆերու անվամբ մի վայրի մասին, որը հավանաբար Սեբեկնեֆերուի բուրգի անունն է եղել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ryholt, Kim S. B., The Political Situation in Egypt during the Second Intermediate Period, c.1800-1550 BCE, Museum Tusculanum Press, Carsten Niebuhr Institute Publications 20, Museum Tusculanum Press (1997), p. 185, 87-7289-421-0.
  2. Dodson, Hilton, The Complete Royal Families of Egypt, 2004, p. 98.
  3. Wilkinson Toby (2010)։ The Rise and Fall of Ancient Egypt։ London: Bloomsbury։ էջեր 181, 230։ ISBN 978-1-4088-1002-6 
  4. Ryholt, The Political Situation in Egypt during the Second Intermediate Period (1997), p. 15.
  5. Petrie, Flinders: Scarabs and cylinders with names (1927), available copyright-free here, pl. XIV.
  6. 6,0 6,1 6,2 Ryholt, p. 213.
  7. Fay, B., R. E. Freed, T. Schelper, F. Seyfried: "Neferusobek Project: Part I", in: G. Miniaci, W. Grajetzki: The World of Middle Kingdom Egypt (2000-1550 BC), Vol. I, London, 2015, 978-1906137434, pp. 89–91
  8. Callender, Gae, "The Middle Kingdom Renaissance", in Ian Shaw, The Oxford History of Ancient Egypt (Oxford University Press: 2003), paperback, p. 159.
  9. Callender (203), p. 159.
  10. Almásy, A., Catalogue of Inscriptions, in U. Luft (ed.), Bi'r Minayh, Report on the Survey 1998-2004, Budapest, 2011, 978-9639911116, pp. 174–175.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dodson, Aidan, and Dyan Hilton. 2004. The Complete Royal Families of Ancient Egypt, London: Thames & Hudson
  • W. Grajetzki, The Middle Kingdom of Ancient Egypt: History, Archaeology and Society, London: Duckworth, 2006 0-7156-3435-6, 61-63
  • Shaw, Ian, and Paul Nicholson. 1995. The Dictionary of Ancient Egypt. Harry N. Abrams, Inc., Publishers.
  • Shaw, Ian, ed. 2000. The Oxford History of Ancient Egypt, Oxford University Press. Graffito ref. p. 170.