Jump to content

Սաֆիա Հուսաինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաֆիա Հուսաինի
Ծնվել է1967(1967)
Մահացել էՄահ 2024 թվականին՝ կուրությունից տառապելուց և երկարատև հիվանդությունից
Քաղաքացիություն Նիգերիա
Ազգություննիգերացի
Մասնագիտությունհեղինակ

Սաֆիա Հուսաինի Տունգար Տուդու (անգլ.՝ Safiya Hussaini Tungar Tudu՝ Hussaini Tungar Tudu) նիգերիացի կին, ով 2002 թվականին մեղադրվել էր իր համայնքում ընդունված օրենքների խախտման մեջ։ Նա Սոկոտո նահանգում՝ Նիգերիայում, շարիաթի օրենքի ներքո, երեխա էր ունեցել՝ ամուսնացած չլինելով։ Նրան դատապարտել էին քարկոծման միջոցով մահվան, սակայն 2002 թվականի մարտին վերաքննությունից հետո նա լիովին արդարացվեց։

Սաֆիա Հուսաինին 2001 թվականի հոկտեմբերին դատապարտվել էր քարկոծման միջոցով մահվան՝ մեղադրվելով այն բանում, որ ամուսնալուծությունից հետո երեխա է ունեցել՝ ենթադրյալ ամուսնացած հարևանի կողմից։ Սաֆիան պնդում էր, որ իրեն բազմիցս բռնաբարել է այդ մարդը։ Սակայն Շարիաթի դատարանը նրան անմեղ էր ճանաչել՝ ապացույցների բացակայության պատճառով։ Դատավարության ընթացքում Սաֆիան չուներ իրավաբանական պաշտպանություն, և նրան չէին տեղեկացրել իր իրավունքների մասին[1]։ Սոկոտոյի դատարանը մերժեց նրա վկայությունը և 2001 թվականի հոկտեմբերի 12-ին մեղավոր ճանաչեց։

Դատավճիռը լայնորեն դատապարտվեց՝ ինչպես Նիգերիայում, այնպես էլ միջազգային հանրության կողմից։ Սկսվեցին բողոքի ակցիաներ ու խնդրագրեր՝ նրան ազատելու պահանջով։ «Օգնիր Վերացնել Մենակությունն ու Աղքատությունը» (անգլ.՝ Help Eliminate Loneliness and Poverty) կազմակերպության տնօրեն Հալիմա Աբդուլահին այդ վճիռը անվանեց «խորը ամոթ» նիգերիացի մուսուլմանների մեծամասնության համար։ Կազմակերպությունն ընդգծեց, որ Սաֆիային սխալ մեղադրանք էր առաջադրվել. որպես ամուսնալուծված կին՝ նրան պետք է մեղադրեին ամուսնությունից դուրս կապի համար։ Բացի այդ, իսլամական օրենքով անհրաժեշտ էր չորս վկա, որոնք դատարանում չկային։ Հալիման նաև նշել էր, որ Սաֆիայի դեմ վճիռը կայացվել էր այն պատճառով, որ նա սոցիալապես անապահով խմբից էր։ Հռոմի կաթոլիկ արքեպիսկոպոս Էնթոնի Օլուբունմի Օկոջիեն նույնիսկ առաջարկել էր իր կյանքը զոհել՝ Սաֆիայի փոխարեն[2] Խմբավորումը դատավճիռը նկարագրեց որպես «սեռական խտրականության ամենածանր դրսևորում» և կոչ արեց նահանգապետ Աթահիրու Բաֆարավային միջամտել՝ Սաֆիա Հուսեյնիի կյանքը փրկելու համար[3]։

Սաֆիան բողոքարկեց վճիռը։ Իրավաբանները պնդում էին, որ նրա մեկ տարեկան դստեր՝ Ադամայի հայրը իրականում Սաֆիայի նախկին ամուսինն էր, և որ գյուղացի կինը ցուցմունք էր տվել ճնշման տակ[4]։ Նրանք նաև ընդգծեցին, որ ենթադրյալ դեպքը տեղի էր ունեցել նախքան Շարիաթի օրենքների ուժի մեջ մտնելը Սոկոտոյի նահանգում։ Շարիաթի օրենքը ամբողջությամբ ուժի մեջ էր մտել 2000 թվականի հունիսին, այն ժամանակ, երբ Սաֆիան արդեն երեխայի էր սպասում[5][6]։ Սաֆիային պաշտպանել է նիգերիացի իրավապաշտպան փաստաբան Հաուա Իբրահիմը։

Սաֆիան հետագայում լրագրող Օկորիե Ուգուրուին ասել էր, որ հղիությունը բռնության արդյունք էր[7]։

2002 թվականի մարտի 25-ին Սաֆիան հաղթեց վերաքննիչ դատարանում, և գործը կարճվեց։ Սոկոտոյի վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ մահվան դատավճիռը, որը կայացվել էր 2001-ի հոկտեմբերին Շարիաթի դատարանի կողմից, չուներ իրավական հիմք։ Դատարանը որոշեց, որ մեղադրանքը չէր կարող օգտագործվել Սաֆիայի դեմ, քանի որ դեպքը տեղի էր ունեցել նախքան օրենքների փոփոխությունը, իսկ հղիությունը որպես ապացույց՝ բավական չէր[8][9]։

Սաֆիայի պատմությունը հետագայում ներկայացվել է «Ես, Սաֆիան» (անգլ.՝ I, Safiya) գրքում[10]։

Տասնութ տարի անց Սաֆիան հայտնել էր, որ ներել է իրեն հալածողներին[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. INSIDE AFRICA
  2. [1]
  3. Lawyers, non - governmental organisations protest sharia court death sentence on a pregnant divorcee and mother of four
  4. «Nigerian Woman Avoids Stoning Death». ABC News.
  5. Safiya: "My crime is being a woman"
  6. Nigerian Woman Wins Reprieve from Stoning
  7. 7,0 7,1 «Safiya: Pregnant woman sentenced to death for adultery 18 years ago, says: I've forgiven my tormentors». Latest Nigeria News, Nigerian Newspapers, Politics (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մարտի 28. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  8. Safiya Hussaini
  9. Safiya Hussaini acquitted by Nigerian court
  10. Thomson, Margie (2004 թ․ մայիսի 28). «Safiya Hussaini Tungar Tudu: I, Safiya». The New Zealand Herald. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]