Սափոր ծիսական՝ գունազարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սափոր ծիսական՝ գունազարդ
նյութկավ
բարձրություն16,5 սմ
լայնություն22 սմ

Սափոր ծիսական՝ գունազարդ, կավե սափոր, հնագիտական օբյեկտ, որը պահվում է Երևանում գտնվող Հայաստանի պատմության թանգարանում և գրանցված է 2867-31 համարի տակ։

Այս արձանիկը համարվում է մ.թ.ա. 15-14-րդ դարերի հնություն։ Հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի տարածքում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական օբյեկտ հանդիսացող այս սափորն իրենից ներկայացնում է ուռուցիկ իրանով կարճ պարանոցով լայնաբերան անոթ։ Նստուկը տափակ է, իսկ շուրթը՝ կլոր՝ դեպի դուրս ծալված։ Մակերեսն անգոբապատ է և կարմրափայլ։ Իրանի վերին հատվածի կեսը բոլորված է սպիտակ նկարազարդ գոտիով։ Պատկերված է կենդանիների երթ և կանգնած ու սավառնող թռչունների շարք։ Կենդանիների և թռչունների շարքը վարից եզերված է մեանդրաձև գոտիով։

Կենդանիների երթը գլխավորում է կեռ և երկարաեղջյուր ցուլը, որի ետևից շարք կազմած ընթանում են արու և էգ քարայծների զույգը, ապա մի եղջերու՝ գլուխը պսակված, բազմաճյուղ շքեզ եղջյուրներով և երկու շուն։ Հնարավոր է, որ դրանք ոչ թե շներ են, այլև գայլեր։ Վերջին կենդանու գավակից վեր պատկերված է արև խորհրդանշող սկավառակաձև նշան։ Թռչունները շարված են երկու խմբով։ Յուրաքանչյուր մում դեմ հանդիման կանգնած են չորսական թռչուններ։ Շարքը՝ աջից և ձախից, ներփակում են լայն բացած թևերով երկու թռչյուն։ Թռչյունների թռիչքի պատկերումն աջից ձախ, կամ հակառակը, հնում առնչվում էր որոշակի դիցաբանական պատկերացումների հետ և բարի կամ չար գուշակների հիմք էր հանդիսանում։

Անկասկած՝ անոթի նկարազարդման սյուժեն հնագույն մի առասպելի կամ նրա տարբերակների առանձին հատվածները կազմող տեսարանների պատկերումն է։ Սյուժեի բարդությունը ինչպես նաև պատկերների և խորհրդանշանների ներկայացման եղանակը ենթադրել է տալիս նրանց ավելի վաղ ժամանակաշրջանի մշակութային նախատիպերից սերված լինելը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM