Սասունցի Դավիթ (արձան, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասունցի Դավթի արձան (այլ կիրառումներ)
Սասունցի Դավիթ

«Սասունցի Դավիթ» արձան
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.5/16
Համայնք Էրեբունի
Գտնվում է Սասունցի Դավթի հրապարակ
Բարձրություն 9,3 մ
Քանդակագործ(ներ) Երվանդ Քոչար
Ճարտարապետ(ներ) Միքայել Մազմանյան
Հիմնադրում 1959
Նյութ կոփածո պղինձ, բազալտ
Շինարարության ավարտ դեկտեմբերի 3, 1959
Ներկա վիճակ կանգուն


«Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից, չափսերը՝ 6,5x2,2x9,3 մետր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրեին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբ են առել դեռ 1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերոհիշյալ նկարաշարին զուգընթաց։ Հայտարարվեց մրցույթ, սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ արձանը ստեղծելու համար հարկավոր է մեկ-երկու տարի, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված։ Միայն նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը[3], որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից հանձն առավ կարճ ժամանակահատվածում իրականացնելու այդ աշխատանքը։ Մաեստրոն աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։ Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի։ 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա...», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։ Երկու տարի, չորս ամիս բանտում անցկացնելուց հետո Քոչարին ազատ արձակեցին։

1957 թվականին Երքաղսովետը որոշեց վերականգնել արձանը, և Քոչարը ստեղծեց իր գլուխգործոցներից մեկը[4]։

Արձանի բացումը տեղի ունեցավ 1959 թվականի դեկտեմբերի 3-ին կայարանամերձ հրապարակում (այժմ՝ Սասունցի Դավթի հրապարակ)[5]։ Իշխանությունները արել էին ամեն ինչ, որպեսզի արարողությունը անցնի աննկատ, սակայն ժողովուրդը արձանի բացումը վերածեց համազգային տոնախմբության, ինչպես գրում է ականատեսը՝ կատարվածը հնարավոր չէ նկարագրել....

Հետաքրքրաշարժ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սասունցի Դավիթ» արձանը պատկերված է 1991 թվականին Խորհրդային Միության կենտրոնական բանկի թողարկած 5 ռուբլի անվանական արժեքով հոբելյանական մետաղադրամին, ինչպես նաև 1994 թվականին ՀՀ ԿԲ-ի թողարկած 25 դրամ անվանական արժեքով «Սասունցի Դավիթ» արծաթե հուշադրամին։
  • ԽՍՀՄ փոստը 1968 թվականին թողարկել է Երևանի 2750-ամյակին նվիրված փոստային նամականիշ (12 կոպեկ), որին ևս պատկերված է «Սասունցի Դավիթ» արձանը։
  • «Սասունցի Դավիթը» պատկերված է Երևանի մետրոպոլիտենի ժետոններին։
  • «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։
  • «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։
  • Արձանի փոքր պատվանդանը խորհրդանշում է Հայաստանը։
  • Ձիու ոտքերի տակի թասը խորհրդանշում է ժողովրդի համբերությունը։
  • Էպոսի հերոսները ջրածին են, այդ պատճառով արձանը տեղադրված է ջրավազանում, այսկերպ Քոչարն անդրադարձել է  էպոսի ծագումնաբանությանը[6]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՄեդիաՄաքս մեդիա ընկերություն, Երևան, XX դար, Երևան, «ՄեդիաՄաքս մեդիա ընկերություն», 2012, էջ 86 — 174 էջ, ISBN 978-99941-2-759-7։
  2. Հուշարձանների տեղեկատվական շտեմարան(չաշխատող հղում)
  3. Հենրիկ Սուրենի Իգիթյան (1972 թ). Երվանդ Քոչար-Ալբոմ. Երևան: Հայաստան հրատարակչություն. էջ 92.
  4. Ուրիշ արձաններ, Արխիվացված 2016-03-04 Wayback Machine «Երևան» ամսագիր, թիվ 9(27), 2014 թ., էջ 27
  5. Հայ ժողովրդի պատմության հուշարձանը։ Արձանի բացումը. Երևան: «Սովետական Հայաստան» ամսագիր. թիվ 12(165), Դեկտեմբեր, 1959 թ. էջեր 20–25.
  6. hushardzantest. ««Սասունցի Դավթի» արձանը». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.5/16