Սասանյան հեղաշրջում Պարսկաստանում և Մեծ Հայքի թագավորությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սասանյան հեղաշրջում Պարսկաստանում և Մեծ Հայքի թագավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սասանյան հեղաշրջում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսրով Մեծի օրոք (211-259 թթ.) 226 թվին Պարսկաստանում տեղի ունեցան կարևոր իրադարձություններ, որոնք անմիջականորեն շոշափում էին նրա հարևանների շահերը։ Պարսք աշխարհի արքայիկներից մեկը՝ Արտաշիր Սասանյանը, տապալում է Արտավան Ե-ի իշխանությունը, կործանում Պարթևական թագավորությունը և հիմնադրում Սասանյանների պարսից տերությունը։ Արտաշիրը և նրա հաջորդները ձգտում էին շուրջ 6 դար հետո վերականգնել Աքեմենյան Պարսկաստանի երբեմնի հզորությունն ու տիրույթները։

Մեծ Հայքի թագավորությունը դրանով իսկ դառնում է Սասանյան Պարսկաստանի գլխավոր թշնամիներից մեկը։ Պատճառն այն էր, որ այն նախկինում մաս էր կազմել Աքեմենյան տերության, և այնտեղ շարունակում էր իշխել Արտաշիրի կողմից տապալված Արշակունիների արքայատոհմի հայկական ճյուղը։ Իր հերթին Հայոց թագավորությունն էլ վճռական քայլեր ձեռնարկեց պարթև Արշակունիների իշխանությունը Պարսկաստանում վերականգնելու համար։ Խոսրով Մեծը ոչ միայն ապաստան տվեց պարթև վերջին թագավոր Արտավան Ե-ի փախստական որդիներին և հարազատներին, այլև մեծ թվով պարթև ազնվականների ու մեծատոհմիկների։ Սրանք, ձգտելով վերականգնել իրենց իշխանությունը և կարիք ունենալով հայկական զինված ուժերի օգնության, ճանաչեցին Խոսրովին որպես Արշակունյաց տոհմի գլխավորի։ Հայոց թագավորին, որի զորքերը պատերազմի սկզբին ազատագրեցին հյուսիսարևմտյան Պարսկաստանի մեծ մասը, օգնում էին վրացական և աղվանական զինված ուժերը։ Իր հնարավորությունների շրջանակում Հայոց թագավորությանը օգնում էր նաև թուլացած Հռոմը։

Եթե նախկինում հայոց պետականությունը վտանգվում էր ուժեղ Հռոմի կողմից, ապա այժմ նրա անկախության համար անմիջական վտանգ էր ներկայացնում Սասանյան Պարսկաստանը։ Ինչպես նախկինում պարթևները, այդպես էլ այժմ Հռոմն էր շահագրգռված, որ պահպանվի ուժեղ հայկական պետությունը՝ որպես հակակշիռ Սասանյան Պարսկաստանի։ Նախկինում պարթևների հետ դաշնակցող հայերը այժմ արդեն հակասասանյան պայքարում դաշնակցում էին Հռոմի հետ՝ փորձելով երկրի անվտանգությունն ապահովել հռոմեական զինված ուժերի աջակցությամբ։

Հայ-հռոմեական պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշիրի պայքարը հայ-հռոմեական ուժերի դեմ սկզբում ավարտվում է նրա ծանր պարտություններով։ Մեծ Հայքի թագավորությունը շուրջ երկու տասնամյակ զերծ է մնում պարսկական արշավանքներից։ Վիճակը փոխվեց, երբ իշխանության գլուխ եկավ Շապուհ Ա Սասանյանը։ Պարսից ռազմատենչ փառասեր արքային 252 թ. հաջողվում է ռազմակալել Մեծ Հայքի թագավորության մեծ մասը։ Խոսրով Ա-ն քաշվում է թագավորության արևմտյան շրջանները։

256 թվին մեծ բանակով Արևելք եկավ Վալերիանոս կայսրը, և հռոմեական օգնության շնորհիվ Խոսրով Մեծին հաջողվեց վերականգնել իր իշխանությունը թագավորության ողջ տարածքում։ Սա խիստ անհանգստացրեց Շապուհ Ա-ին, որը Խոսրով Մեծին սպանելու առաջադրանքով Հայաստան է ուղարկում պարթև իշխան Անակին և նրա եղբորը իրենց ընտանիքներով, որոնք իբր փախել էին Սասանյանների հալածանքներից։ Նրանք Հայաստանում գտնվելու երրորդ տարում՝ 259 թ., սպանեցին Խոսրով Մեծին։ Դավադիրներն սպանվեցին հոգեվարքի մեջ գտնվող հայոց թագավորի հրամանով, իսկ Անակի որդի Գրիգորին և Խոսրով Մեծի որդի Տրդատին փախցրեցին Հռոմ։ Այնուհետև Մեծ Հայքում հաջորդաբար իշխանության գլուխ բարձրացան երեք Սասանյաններ, որոնցից առաջինը Որմիզդ Արտաշիրն էր։ Սասանյանները փորձ էլ չարեցին վերացնելու Մեծ Հայքի թագավորությունը՝ վախենալով հայ ժողովրդի դիմադրությունից։ Նրանք պարթև Արշակունիների նմանությամբ Մեծ Հայքի թագավորությունը վերածեցին Սասանյանների երկրորդ թագավորության։

Մեծ Հայքի թագավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազն Տրդատը Հռոմում մեծացավ, ստացավ փայլուն կրթություն և դարձավ զինվորական։ Ցուցաբերած մեծ ծառայությունների համար կայսրությունն արդեն 274 թվին նրան թագադրեց և ուղարկեց Հայաստան, սակայն հայոց գահին հաստատվելու առաջին փորձը հաջող չեղավ։ Կայսր դարձած Դիոկղետիանոսը 288 թվին զորքեր ուղարկեց Մեծ Հայք, և Տրդատը հաստատվեց իր թագավորության տարածքի մեծ մասում։ Շապուհ Ա-ի որդի Ներսեհ Սասանյանը, որ փորձել էր հիմք դնել անկախ արքայատոհմի, ստիպված եղավ քաշվել Մեծ Հայքի արևելյան շրջանները։ 293 թ. Ներսեհ Սասանյանը բազմեց սասանյան գահին։ Նա՝ վախենալով հայերի հնարավոր գործողություններից, Տրդատ Գ-ին հանձնեց իր տիրույթները Մեծ Հայքում՝ պահելով միայն անդրտիգրիսյան երկրամասերը։ Սակայն ամրապնդվելով գահի վրա՝ Ներսեհը պատերազմ սկսեց Հռոմի դեմ՝ փորձելով տիրել Մեծ Հայքին։ Սկզբնական որոշ հաջողություններից հետո նա ջախջախիչ պարտություն կրեց Բասենի գավառի Օսխա գյուղի մոտ 297 թվին։ Գերի ընկան շատ պարսիկ մեծամեծներ և թագավորի կանանոցը։ Հայտնվելով անելանելի դրության մեջ՝ Ներսեհը Միջագետքի Մծբին քաղաքում կնքում է 40-ամյա հաշտություն, որով պարսից արքունիքը ճանաչում էր Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Շատ չանցած, Հռոմը Մծբինի պայմանագրով ստացած անդրտիգրիսյան երկրամասերը զիջում Է Հայոց թագավորությանը։ Արևելքում խաղաղություն է հաստատվում, և պատերազմներից հոգնած ժողովուրդները ազատ շունչ են քաշում։