Սան Քրիստոբալ (իսպ.՝ San Cristóbal, (Իսպաներեն արտասանություն՝ [saŋ kɾisˈtoβal]), քաղաք Վենեսուելայի արևմտյան՝ լեռնաշատ մասում՝ Անդերի լեռնահամակարգի կազմի մեջ մտնող Կորդիլիերա դե Մերիդա լեռնաշղթայի հարավային հատվածի արևելյան լանջերին, ծովի մակերևույթից 818 մետր միջին բարձրության վրա (առանձին թաղամասեր ընկած են 1500 մետրից էլ ավելի բարձրության վրա. որպես պաշտոնական ցուցանիշ՝ վերցվել է Բոլիվարի հրապարակի բարձրությունը)[1]։ Տաչիրա նահանգի վարչական կենտրոնն է։ Հիմնադրվել է 1561 թվականիմարտի 31-ին, իսպանացիկոնկիստադոր Խուան դե Մալդոնադոյի նախաձեռնությամբ։ Բերրի հողեր ունենալու և Կոլումբիայի հետ Վենեսուելայի պետական սահմանի մերձակայքում գտնվելու շնորհիվ դարձել է գյուղատնտեսության և առևտրի կարևոր կենտրոն։ Յուրաքանչյուր տարվա հունվարի վերջերին այստեղ կազմակերպվում է երկրի ամենախոշոր տոնավաճառը, որտեղ վաճառքի են հանվում գյուղատնտեսական ու արդյունաբերական ապրանքներ, անասուններ։ Պանամերիկյան ավտոմայրուղին անցնում է Սան Քրիստոբալի միջով։ Քաղաքում զարգացած են տեքստիլ և սննդի արդյունաբերությունը, կան տեղական արտադրության սուրճի, ծխախոտի, բամբակի, հացահատիկի վերամշակման ձեռնարկություններ։ Գործում է երկու համալսարան։
Քաղաքի համայնապատկերը
Քաղաքը մեծապես վնասվել է 1875 թվականի անդյան երկրաշարժի (կոչվում է նաև Կուկուտայի երկրաշարժ) հետևանքով[2]։
Բնակչության թվաքանակը 2001 թվականի տվյալներով եղել է 307 հազար, 2011 թվականի տվյալներով՝ մոտավորապես 500 հազար[3]։