Սան Սերվանդոյի ամրոց
Սան Սերվանդոյի ամրոց իսպ.՝ castillo de San Servando | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Վարչական միավոր | Տոլեդո[1] |
Երկիր | Իսպանիա[1] |
Կառուցված | 7-րդ դար |
Castillo de San Servando[2] Վիքիպահեստում |
Սան Սերվանդոյի ամրոց (իսպ.՝ castillo de San Servando), միջնադարյան ամրոց Իսպանիայի Տոլեդո քաղաքում՝ Տախո գետի արևելյան ափին։ Տեղակայված է Տոլեդոյի ալկասարի դիմաց։ Հիմնադրվել է 14-րդ դարում որպես վանք, որ նախապես պատկանել է վանականներին, ապա անցել Տաճարականների միաբանության տիրապետության տակ։
1874 թվականին ամրոցը հայտարարվել է ազգային հուշարձան։ Այն պատկերված է Էլ Գրեկոյի «Տեսարան Տոլեդոյից» նկարում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցի հիմքն ուղղանկյունաձև է։ Նրա երեք անկյուններում տեղակայված են աշտարակներ, իսկ չորրորդ միջանկյալ աշտարակը գտնվում է հարավային պատի վրա և պաշտպանում է ոչ մեծ դարպասները։ Ամրոցի գլխավոր դարպասները գտնվում են քաղաքի կողմում։ Դրանց հետևում գտնվում է Երդման աշտարակը (Torre del homenaje), որ բոլոր աշտարակներից ամենամեծն է, գտնվում է արևելյան կողմում և ունի ձվաձև հիմք։ Աշտարակի վրա կան երեք շարժական հրակնատներ (դրանց նման հրակնատներ կան նաև հարավարևելյան աշտարակի վրա), իսկ վերևում կան ուղղանկյունաձև ատամներ ունեցող հրակնատներ, որ ծածկված են արճիճով։ Աշտարակների պատուհանները զարդարված են աղյուսներով ու բարձրաքանդակներով։
Ամրոցը կառուցվել է քարից, որոնց ծայրակցվածքները պատված են կրաքարային լուծույթով. դա օքսիդաթաղանթի օգտագործման ձև է, որ օգտագործվել է արաբական շինություններում։ Ամրոցը ներկայում գտնվում է բարվոք վիճակում, թեև չեն պահպանվել խրամն ու պատվարը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը գտնվում է բլրի վրա։ Իր ռազմավարական նշանակության շնորհիվ այս տարածքում պաշտպանական կառույցներ են ստեղծվել Տոլեդոյի հիմնադրումից անմիջապես հետո. դրանք թույլ են տալիս վերահսկել ճանապարհները դեպի Ալկանտարա կամուրջն, դեպի գետը և ջրանցույցը։ Ըստ հնագիտական տվյալների՝ նախապես այդտեղ եղել է հռոմեական ամրոց։ Հետագայում կառուցվել է վեստգոթական եկեղեցի, իսկ ավելի ուշ՝ արբական ամրոցը։ Մուսուլմանների կողմից կառուցված ամրոցի հիմքը (ուղղանկյունաձև աշտարակներով) ներկայում ծածկված են հողով։
1085 թվականին Տոլեդոն կրկին անցնում է Ալֆոնսո VI թագավորի տիրապետության տակ, ով իր կնոջ՝ Կոնստանցիա Բուրգունդացու հետ ձեռնամուխ է լինում վանքի վերանորոգման աշխատանքներին[3]: Ամրոցը վերածում է պաշտպանական կառույցներով ամրացված վանքի (չափերով ավելի փոքր, քան նախորդ արաբական ամրոցը) և նվիրում Սերվանդո և Գերման սրբերին ի նշան երախտագիտության նրա համար, որ փրկվել է Սագրախասի ճակատամարտում։ Ջոն Օրմսբին, ով անգլերեն է թարգմանել Միգել Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպը, գրում է, Ալֆոնսո VI-ը ամրոցը կոչել է իսպանացի նահատակ Սան Սերվանդոյի պատվին։ Հետագայում անունը ենթարկվում է փոփոխության՝ դառնալով Սան Սերվան (այդ ձևով այն հիշատակվում է «Երգ իմ Սիդի մասին» պոեմում), Սան Սերվանտես և Սան Կերվանտես (San Cervantes):
1088 թվականի մարտի 11-ին թագավորը վանքը հանձնում է Հռոմի պապի ենթակայությանը այն պայմանով, որ այն մշտապես պիտի գտնվի Սուրբ Վիկտորի աբբայության վերահսկողության տակ։ Այդ պայմանն ընդունվում է Ուրբանոս II պապի կողմից։ Վերջինս վանքի կառավարիչ է նշանակում կարդինալ Ռիչարդին, ով Սուրբ Վիկտորի աբբայությունից էր։ Դրանից հետո իսպանական վանքն անցնում է ֆրանսիացի վանականներին։
Ալֆոնսո թագավորը Սան Սերվանդոյի վանքը համարում էր տարածաշրջանում քրիստոնեության պահպանման միջոց։ 1099 թվականի փետրվարի 13-ին նա նվիրատվություն է կատարում Սանտա Մարիա դե Ալֆիսեն վանքին և նրա միությանը։ Հետագայում նա վանքին կից հիմնում է Բենեդիկտյան միանձնուհիների վանքը։ Այդ երկու վանքերին հանձնարարվում է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տարածաշրջանում ապրող աղքատներին ու ճանապարհորդներին[3]։
Վանքն ավերվել է 1110 թվականին սարակինոսների կողմից, և վանականները հեռացել են Մարսել։ Վանքն անցել է Տոլեդոյի արքեպիսկոպոսությանը։ Ալֆոնսո VIII թագավորը վանքը հանձնել է Տաճարականների միաբանությանը, որը վանքը դարձրել է ամրոց, որ Պուենտե դե Ալկանտարան կպաշտպաներ մուսուլմանների հնարավոր հարձակումներից։ Իսլամադավան ղեկավարների հարձակման սպառնալիքի վերացման ու 1312 թվականին Տաճարականների միաբանության վերացումից հետո վանքը կորցրել է իր նշանակությունն ու լքվել։
14-րդ դարում՝ Պեդրո I Դաժանի ու Էնրիկե Եղբայրասպանի հակամարտության ժամանակ, ամրոցը կրկին ունեցել է ռազմական նշանակություն, և արքեպիսկոպոս Տենորիոն հանձնարարել է վերակառուցել այն։ Վերակառուցման աշխատանքներն ավարտվել են 1386 թվականին։ Այդ ժամանակին են վերաբերում այն կառույցները, որ պահպանվում են ներկայում։
1857 թվականին ամրոցում կառուցվել է վառոդի նկուղ։ 1873 թվականին ամրոցը վաճառվել է 3000 պեսետով և հայտնվել ավերման սպառնալիքի տակ։ Այդ պատճառով էլ 1874 թվականին Հուշարձանների հանձնաժողովի կողմից ամրոցը հայտարարվել է ազգային պատմագեղարվետսական հուշարձան՝ դառնալով Իսպանիայի առաջին ամրոցը, որ ստացել է նման կարգավիճակ։
Ամրոցը վերակառուցվել է 1959 թվականին։ Վերակառուցողական աշխատանքների ընթացքում կառուցվել է ևս մեկ աշտարակ և բացվել նոր մուտք խճուղու կողմից։ Դրանից հետո ամրոցում տեղավորվել են քոլեջ, համալսարանական հանրակացարան և այլն։ Ներկայում այնտեղ գործում է հոսթել, անցկացվում են դասընթացներ ու կոնֆերանսներ։ Ամրոցում անցկացվում են նաև էքսկուրսիաներ, որոնց ընթացքում այցելուներին ներկայացվում է ասպետ Դոն Նունո Ալվեարի հորինված պատմությունը, ըստ որի՝ նա իբր մահացել է այն բանից հետո, երբ ամրոցում գիշերելու ժամանակ տեսել է իր զոհերի ուրվականներին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 https://commons.wikimedia.org/wiki/Category:Castillo_de_San_Servando
- ↑ 3,0 3,1 Fita, Fidel (1906 թ․ մայիսի 25) [July–September 1906]. «Cuaderno IV». El monasterio toledano de San Servando en la segunda mitad del siglo XI (իսպաներեն). Vol. Tomo XLIX. էջեր 280–331.
{{cite book}}
:|work=
ignored (օգնություն) - ↑ «La muerte de Don Nuño Alvear, una leyenda templaria de Toledo». LeyendasDeToledo.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Սերվանդոյի ամրոց» հոդվածին։ |