Սան Մարտինի հրապարակ (Բուենոս Այրես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Մարտինի հրապարակ
Երկիր Արգենտինա
ՏեղագրությունԲուենոս Այրես
ՎայրՌետիրո
Անվանվել էԽոսե Սան Մարտին
Ժառանգության կարգավիճակPlace or National Historic Site?
Քարտեզ
Քարտեզ

Գեներալ Սան Մարտինի և ազատամարտի զոհերի հուշարձանը

Սան Մարտինի հրապարակ (իսպ.՝ Plaza San Martín), Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Ռետիրո շրջանի գլխավոր հրապարակն ու հիմնական կանաչ գոտին։ 1942 թվականին ստացել է ազգային պատմական հուշարձանի կարգավիճակ։ Գտնվում է Սանտա-Ֆե, Էսմերալդա, Արսենալես, Մայպո, Լիբերտադոր և Ֆլորիդա փողոցների միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1801 թվականի հոկտեմբերի 14-ին Սան Մարտինի հրապարակի ներկայիս տեղում բացվեց ցլամարտի մրցասպարեզ, որը նախատեսված էր տասը հազար հանդիսականի համար և գործեց մինչև 1819 թվականը։

1806-1807 թվականներին անգլիացիների՝ Բուենոս Այրես ներխուժելու ժամանակաշրջանում հրապարակը դարձավ կատաղի մարտերի թատերաբեմ, իսկ կռիվների հաղթական ավարտից հետո ստացավ Փառքի հրապարակ անվանումը։

1812 թվականից այստեղ էին ազատագրական մարտերի նշանավոր հրամանատարներից մեկի՝ գեներալ Խոսե դե Սան-Մարտինի գրենադերների զորանոցները, որի պատճառով էլ հրապարակն ստացավ Մարսյան դաշտ անվանումը[1]։ 1878 թվականին՝ Սան Մարտինի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ հրապարակին շնորհվեց հերոս զորահրամանատարի անունը[2]։

1860 թվականին հայտարարվեց հրապարակի լավագույն նախագծման մրցույթ, որտեղ հաղթանակ տարավ ինժեներ Խոսե Կանալեն։ Ըստ վերջինիս ծրագրածի՝ հրապարակում բազմաթիվ ծառեր տնկեցին՝ ստեղծելով մի գեղեցիկ պուրակ, իսկ 1862 թվականին տեղադրվեց Սան Մարտինի ձիավոր արձանը։

1874 թվականին հրապարակը վերակառուցվեց Էժեն Կուրտուայի հողինակած և իշխանությունների հավանությանն արժանացած նախագծի համաձայն։ Իսկ իր ներկա տեսքի համար հրապարակը պարտական է Կառլոս Լեոնին, որի կազմած պլանի հիման վրա 1936 թվականին լիովին վերակառուցվել է, նորացվել, շրջակա մի շարք շենքերի հաշվին բավականին ընդարձակվել (ի դեպ, այդ քանդված հին կառույցների թվում էր նաև գեղարվեստի թանգարանի տաղավարը)։

2009 թվականին Սան Մարտինի հրապարակում կազմակերպվել է քանդակի՝ United Buddy Bears խորագրով, հսկայական ընդգրկում ունեցող, վեհաշուք ցուցահանդես, որին իրենց ուշագրավ աշխատանքներով մասնակցել են 140 երկրների քանդակագործներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]