Սան Մարինոյի կոմունիստական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սան Մարինոյի կոմունիստական կուսակցություն
Տեսակկոմունիստական կուսակցություն
ԵրկիրՍան Մարինո
Հիմնադրված1921
Լուծարված1990
Գաղափարախոսությունկոմունիզմ

Սան Մարինոյի կոմունիստական կուսակցություն, (ՍՄԿԿ), հիմնադրվել է 1941 թ.-ի հուլիսին ընդհատակում՝ ֆաշիստական բռնապետության (1923–1944 թթ.) պայմաններում։ Դեռևս 1921 թ.-ին Սան Մարինոյում ստեղծվել էր իտալական կոմկուսի սեկցիա, որը սակայն ոստիկանական հետապնդումների պատճառով կարճ ժամանակից հետո դադարել էր գործել։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–1945 թթ.) հետո դեմոկրատական շարժումների վերելքի պայմաններում կոմկուսը ձեռք է բերել զգալի հաջողություններ։ 1945 թ.-ի պառլամենտական ընտրություններում սոցիալիստական կուսակցության հետ դաշնակցած՝ ստացել է 19 տեղ, սոցիալիստների հետ պառլամենտում կազմելով մեծամասնություն։ 1945–1957 թ.-ին գործադիր իշխանությունն իրականացնող երկու կապիտան–ռեգենտները եղել են սոցիալիստ և կոմունիստ։ Այդ տարիներին նրանց բլոկը անցկացրել է մի շարք ագրարային միջոցառումներ, ազգայնացրել մի քանի ձեռնարկություն, աշխատավորների դեմոկրատական իրավունքներն ամրապնդող որոշ փոփոխություններ մտցրել օրենսդրության մեջ։

Կուսակցության 8-րդ համագումարը (1973 թ.) մշակեց աշխատավորության և բնակչության միջին խավերի միասնության ամրապնդման գիծ։ 1974 թ.-ի պառլամենտական ընտրություններում Սան Մարինոյի կոմունիստները ստացան 15 տեղ (60-ից)։ 7–8-րդ և 9-րդ (1976 թ.) համագումարների փաստաթղթերում կոմունիստներն իրենց նպատակը հռչակեցին սոցիալիստական հասարակարգի կառուցումը՝ լայն հակամոնոպոլիստական ճակատ ստեղծելու և երկրի տնտեսական ու քաղաքական սիստեմում դեմոկրատական վերափոխումներ կատարելու ճանապարհով։

1978 թ.-ի պառլամենտական արտահերթ ընտրություններում հաղթանակ տարավ ձախ ուժերի միասնական ճակատը։ Նրանք պառլամենտում կազմեցին բացարձակ մեծամասնություն։ Նորաստեղծ կառավարության մեջ մինիստրական 10 տեղերից 4-ը ստացան կոմունիստները։

Սան Մարինոյի կոմունիստների 10-րդ համագումարը (1980 թ.) անցավ հասարակարգի բարեփոխման, դեմոկրատիայի և բազմակուսակցության ոգու, ձախ ուժերի միասնության ամրապնդման և բոլոր դեմոկրատական ուժերի համագործակցման նշանաբանով։ ՍՄԿԿ պատվիրակները մասնակցել են կոմունիստական և բանվորոկան կուսակցությունների 1957 թ.-ի, 1960 թ.-ի և 1969 թ.-ի Մոսկվայի խորհրդակցություններին և հավանություն տվել դրանց աշխատանքներին։

ՍՄԿԿ կառուցվում է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքներով։ Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, իսկ դրանց միջև ընկած ժամանակաշրջանում՝ Կենտկոմը, որ Կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի հետ համատեղ ընտրում է ղեկավարություն և քարտուղարություն։ Կուսակցության նախագահ՝ Է. Գասպերոնի, գլխավոր քարտուղար՝ Ու. Բարուլլի, կենտրոնական օրգանը «Շինտիլա» («La Scintilla») ամսաթերթն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 168