Սանկտ Պետերբուրգի կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սանկտ Պետերբուրգի կլիման չափավոր և խոնավ է, անցումային՝ ցամաքայինից ծովայինի: Տվյալ տեղամասի համար բնորոշ է օդային զանգվածների հաճախակի փոփոխությունները, որը մեծապես պայմանավորված է ցիկլոնային գործունեությամբ: Ամռանը տիրապետում են արևմտյան և հյուսիսարևմտյան քամիները, իսկ ձմռանը՝ արևմտյան և հարավարևմտյան[1]:

Պետերբուրգյան օդերևութաբանական կայանները 1722 թվականից ունեն տվյալներ: Սանկտ Պետերբուրգում ամենաբարձր ջերմաստիճանը, ողջ դիտարկումների արդյունքում գրանցվել է +37,1 °C[2], իսկ ամենացածրը՝ -35,9 °C:

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետերբուրգի կլիման չափավոր է, այն անցումային է չափավոր ցամաքայինից չափավոր ծովայինի: Նմանատիպ կլիման բացատրվում է Պետերբուրգի աշխարհագրական դիրքով և Լենինգրադի մարզին բնորոշ մթնոլորտային շրջանառությամբ: Այն պայմանավորվում է երկրի մակերևույթ և մթնոլորտ համեմատաբար քիչ արևային ջերմության ներթափանցմամբ[1]:

Արևային ջերմության քիչ լինելու պատճառով, խոնավությունը դանդաղ է անհետանում: Արեգակնային ճառագայթման ներհոսքի գումարային արժեքը 1,5 անգամ փոքր է, քան Ուկրաինայի հարավում, և 2 անգամ փոքր՝ քան Կենտրոնական Ասիայում է: Սանկտ Պետերբուրգում միջինը լինում է տարեկան 72 արևափայլի օր: Դրա համար տարվա մեծ մասում գերակշռում են ամպամած, մառախլապատ եղանակով և ցրված լուսավորությամբ օրերը[1]: Սանկտ պետերբուրգում օրվա (ցերեկվա) տևողությունը տատանվում է 5 ժամ 51 րոպեից՝ ձմեռային արևակայության ժամանակ, մինչև 18 ժամ 50 րոպե՝ ամառային արևակայության ժամանակ: Քաղաքում՝ մայիսի 25-26-ին սկսվում են, այսպես կոչված, «սպիտակ գիշերները», երբ արևը իջնում է հորիզոնի նկատմամբ ավելի քան 9° և երեկոյան մթնշաղը ձուլվում է առավոտվա հետ: «Սպիտակ գիշերները» վերջանում են հուլիսի 16-17-ին: Ընդհանուր առմամբ «սպիտակ գիշերները» տևում են 50 օր[3]: Հորիզոնական մակերևույթի վրա ուղիղ ճառագայթման տարեկան գումարային արժեքը, պարզկա օրերին, դեկտեմբերի դեպքում կազմում է 25 ՄՋ/մ² (մեգաջոուլ/մետր²), իսկ հունիսին՝ 686 ՄՋ/մ²: Ընդհանուր արևային գումարային ճառագայթման քանակը՝ տարվա ընթացքում, ամպամածությունը նվազեցնում է 21 %-ով, իսկ ուղիղ ճառագայթման քանակը՝ 60 %-ով: Արևային ճառագայթման միջին տարեկան գումարային արժեքը 3156 ՄՋ/մ² է[4]: Արևափայլի ժամերի քանակը տարվա ընթացքում կազմում է 1628 ժամ:

Մթնոլորտի շրջանառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմուտքից և հարավ-արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսի կողմից, որտեղ ընդգրկված են Ազորյան անտիցիկլոնը և Իսլանդական նվազագույն ճնշումները, տարածաշրջանի տարածք է ներթափանցում ծովային խոնավ օդը, որը կլիմայի վրա թողնում է մեղմացուցիչ ազդեցություն: Քաղաքին հատուկ են տաք, անձրևային ամառները և համեմատաբար մեղմ ձմեռները: Հյուսիսից և հյուսիս-արևմուտքից, բարձր ճնշման դաշտից, տարածաշրջան են ներթափանցում ցուրտ և չոր արկտիկական օդային զանգվածներ, որոնք ձևավորվում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցների վրա: Սանկտ Պետերբուրգի կլիմայի վրա ազդեցություն է թողնում նաև Կենտրոնական Ասիայի բարձր ճնշման մարզը: Այս շրջաններից՝ արևելքից և հարավ-արևելքից Սանկտ Պետերբուրգի տարածք է ներթափանցում ցամաքային օդը, որը իր հետ բերում է չորային և պարզ եղանակ[1]:

Տարածաշրջանի կլիմայի վրա ամենամեծ ազդեցությունը թողնում են Ատլանտյան օվկիանոսից եկած օդային զանգվածները: Տարվա ընթացքում արևմտյան, հյուսիսարևմտյան և հարավարևմտյան քամիները ընդհանուր, բոլոր քամիների 46 %-ն (աշնանը մետավորոպես 50 %-ը) են կազմում: Հյուսիսային և արևելյան ուղղության քամիները կազմում են բոլոր քամիների 28 %-ը, իսկ հարավային և հարավարևելյան քամիները՝ 26 %: Տարբեր ուղղություն ունեցող օդային զանգվածների հերթափոխի և փոխներգործության հետևանքով Սանկտ Պետերբուրգի տարածաշրջանին հատուկ են ամենամյա փոփոխվող եղանակը և տարվա ընթացքում եղանակի անկայունությունը[1]:

Սանկտ Պետերբուրգի (ինչպես բոլոր խոշոր քաղաքների դեպքում) կլիմայի վրա նկատելի ազդեցություն են ունենում նաև քաղաքային պայմանները, որոնք ստեղծում են հատուկ միկրոկլիմա: Փոշին, ծուխը, մուրը և օդի մեջ գտնվող այլ խառնուրդները նվազեցնում են արևի ճառագայթման քանակը երկրի մակերևույթի վրա, իսկ գիշերը հակառակն է տեղի ունենում, դրանք նվազեցնում են մակերևույթից ճառագայթարձակումը՝ դանդաղեցնելով երկրի մակերևույթի սառեցումը: Ամռանը քարե շինությունները և ճանապարհների ծածկույթը շատ են տաքանում և կուտակում են մեծ ջերմություն, իսկ գիշերը այդ ջերմությունը տալիս են մթնոլորտին: Ձմռանը օդը հավելյալ ջերմություն է ստանում նաև շինությունների ջեռուցումից: Ամռանը՝ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում, ցերեկը ջերմաստիճանը 2-3 աստիճանով ավելի բարձր է, քան արվարձաններում, իսկ հարաբերական խոնավությունը՝ 15-20 %-ով ցածր: Ձմռանը ջերմաստիճանի տարբերությունը կարող է հասնել 10-12 աստիճանի, իսկ խոնավությունը՝ մինչև 40 %: Քաղաքի ամենատաք տեղամասը Նևայի պողոտան է: Քաղաքում քամին ավելի թույլ է, քան ծայրամասերի բաց տարածքներում (միջինը 1-2 մ/վ-ով)[1]:

Օդի ջերմաստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջինջառը ծառերի վրա Ձմռանը։ Կալպինո 2010 թվականի հունվարի 15

1981-2010 թվականներին Սանկտ Պետերբուրգում կատարված, օդի ջերմաստիճանի դիտարկումների և չափումների արդյունքների համաձայն տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +5,8 °C: Քաղաքում ամենացուրտ ամիսը փետրվարն է, որի միջին ջերմաստիճանը −5,8 °C է, իսկ հունվարինը՝ −5,5 °C: Ամենատաք ամիսը հուլիսն է, որի միջին օրական ջերմաստիճանը կազմում է +18,8 °C: Փետրվար և հուլիս ամիսների օրական միջին ջերմաստիճանների համեմատաբար ոչ մեծ տարբերությունը (ամպլիտուդան)(24,6 °C) բնորոշում է Պետերբուրգյան կլիմայի չափավորությունը[1]: Օդի ջերմաստիճանի ամբողջ դիտարկումների ընթացքում Սանկտ Պետերբուրգում դիտված ամենաբարձր ջերմաստիճանը +37,1 °C-ն (2010 թվականի օգոստոսի 7) է եղել, իսկ նվազագույնը՝ −35,9 °C-ը (1883 թվականի հունվարի 11)[5]:

Սանկտ Պետերբուրգում առաջին դրական միջին ջերմաստիճանով օրը գալիս է ապրիլի սկզբին, իսկ բացասական միջին ջերմաստիճան ունեցող օրը՝ նոյեմբերի կեսերին: Միջին օրական դրական ջերմաստիճանով օրերի թիվը կազմում է 230 օր, իսկ +5 °C-ից բարձր ջերմաստիճաններով օրերը 165-ն են[1]:

Մթնոլորտային տեղումներ, օդի հարաբերական խոնավություն և ամպամածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգում տեղումների տարեկան միջին ցուցանիշը կազմում է 662 մմ: Սակայն թափվող մթնոլորտային տեղումների քանակը 200-300 միլիմետրով գերազանցում է գոլորշացող խոնավության քանակին, որը պայմանավորում է խոնավության բարձր մակարդակը: Պետերբուրգում օդի խոնավությունը միշտ բարձր է: Տարվա միջինացվածը կազմում է մոտավորապես 75 %, ամռանը այն կազմում է 60-70 %, իսկ ձմռանը՝ 83-88 %: Մթնոլորտային տեղումների մեծ մասը թափվում է ապրիլից հոկտեմբեր ամիսներին, տեղումների առավելագույն քանակը թափվում է օգոստոս ամսին, իսկ նվազագույնը՝ մարտին: Տարվա ընթացքում տեղումներ ունեցող օրերի թիվը կազմում է 200 (ապրիլին՝ 13 օր, դեկտեմբերին՝ 22 օր ): Տարվա ընթացքում տեղումների քանակը ժամերով կազմում է 1300[1] ժամ: Ամենաանձրևոտը եղել է 1928 թվականի ամառը, երբ թափվեց 451 մմ տեղումներ (նորման 256 մմ է): Ամենաչոր ամառը եղել է 1858 թվականին, երբ Սանկտ Պետերբուրգում թափվել է ընդամենը 98 մմ տեղումներ: ΧΧ-րդ դարի ամենաանձրևոտ օրերը Սանկտ Պետերբուրգում եղել են 1935 և 1947 թվականների օգոստոս ամիսներին: 1935 թվականի օգոստոսին մեկ օրվա ընթացքում քաղաքում թափվել է 65-ից 90 մմ տեղումներ: Շատ փողոցներ ծածկվել էին 30-35 սանտիմետրանոց ջրի շերտով, թափված անձրևի ընդհանուր ծավալը կազմեց 35 մլն մ³: 1947 թվականի օգոստոսի 8-ին քաղաքում թափվել է 76 մմ տեղումներ, որը գերազանցել է տեղումների օրական նորման 25-30 անգամ[6]:

Առաջին ձյունը սովորաբար գալիս է նոյեմբերի սկզբին և պահպանվում՝ մինչև ապրիլի կեսեր: Կայուն ձյան ծածկույթը պահպանվում է 110-ից 145 օր, միջինը՝ դեկտեմբերի սկզբից մինչև մարտի վերջ: Փետրվարի վերջին ձնածածկույթի հաստությունը հասնում է իր առավելագույն չափին՝ 30-32 սմ: Բարձր խոնավության պայմաններում բնորոշ է նաև զգալի ամպամածությունը: Տարվա ընթացքում, Սանկտ Պետերբուրգում, առանց ամպ օրերի թիվը միջինը կազմում է ընդամենը 30: Ամենաշատ ամպամածությունը դիտվում է ձմռանը (80 %-ից ավելի), իսկ նվազագույնը՝ ամռանը (50 %): Այստեղ դիտվում են նաև մառախուղներ՝ հատկապես աշնանը և ձմռան սկզբին: Մառախուղով օրերի թիվը միջինը տարեկան կազմում է 32[1]:

Թափված տեղումների քանակը (1836—2011), մմ
Ամիս Հունվ Փետ Մարտ Ապր Մայ Հուն Հուլ Օգոս Սեպ Հոկ Նոյ Դեկ
Նվազագույն 0 3 1 2 2 5 5 1 2 5 2 4
Միջին 30 27 27 31 43 57 68 76 60 53 43 37
Առավելագույն 87 92 90 99 127 199 166 197 190 150 117 112
Ձյան շերտի հաստությունը (1890—2011), սմ[7]
Ամիս Հունվ Փետ Մարտ Ապր Մայ Հուն Հուլ Օգոս Սեպ Հոկ Նոյ Դեկ
Միջին 24 31 30 10 0 0 0 0 0 3 11 18
Առավելագույն 63 68 73 53 1 0 0 0 0 16 38 56

Տարվա եղանակների բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգում ձմեռը գալիս է սովորաբար դեկտեմբերին: Ձմռան սկիզբը համընկնում է ձնածածկույթի հաստատման (բայց լինում են տարիներ, երբ ձնածածկույթը հաստատվում է միայն հունվարի կեսերին) և Նևայի վերին հոսանքների սառցակալման հետ: Բազմամյա միջին տվյալների համաձայն՝ այն լինում է դեկտեմբերի 5-ին: Ձմռան առաջին կեսին եղանակը, որպես կանոն անկայուն է, հաճախակի տաքացումներով: Արևն ունենում է ցածր դիրք, օրը կարճ է լինում, իսկ ձյան շերտը՝ բարակ: Արևմուտքից եկող ցիկլոնները արագ սառեցնում են օդը, որի մեջ եղած ջրային գոլորշիները կոնդենսանում (խտանում) են, ինչը բարձր ամպամածության և մառախուղների ձևավորման պատճառ է հանդիսանում: Դեկտեմբերի ընթացքում միջինը լինում է ընդամենը 2 պարզկա օր: Ձմռան երկրորդ կեսը, համամատած առաջինի, ավելի ցուրտ է: Արևմուտքից եկող օդը ավելի է սառում, բայց դառնում է համեմատաբար ավելի չոր: Այդ պատճառով ամպամածությունը փոքրանում է, մառախուղները ավելի հազվադեպ են լինում, հաճախ ներխուժում են արկտիկական ցուրտ օդային զանգվածները, որոնք նվազեցնում են ջերմաստիճանը[1]:

Սանկտ Պետերբուրգի ձմեռվա ձևավորումը պայմանավորված է Ատլանտյան օվկիանոսի անտիցիկլոնների և ցիկլոնների գործունեությամբ: Այն տարներին, երբ Ատլանտյան օվկիանոսում բարձր ճնշման մարզը ընդարձակվում է, Սանկտ Պետերբուրգում ուժեղանում է Ատլանտյան օվկիանոսից եկող օդի ներթափանցումը, որի շնորհիվ ձմեռն ավելի տաք է լինում: Բազմամյա դիտարկումների տվյալների համաձայն՝ նամանատիպ տաք ձմեռները 11 տարվա ընթացքում կրկնվում են 2 անգամ: Այսպես՝ 1924-1925 թվականների ձմռանը, երբ հունվարի օդի միջին ջերմաստիճանը եղել է −0,5 °C, 14 օրերի ընթացքում օդի օրական միջին ջերմաստիճանը 0 °C-ից բարձր է եղել, իսկ մեկ օր նույնիսկ՝ +5 °C: Այդ ձմեռ եղանակը ամպամած, մառախլապատ էր, ուժեղ քամիներով, հաճախ դիտվող ձյունով ու ձնհալներով[1]: Ամբողջ օդերևութաբանական կանխատեսումների ընթացքում Պետերբուրգում ամենատաք ձմեռներից դիտվել է XXI-րդ դարի սկզբին: 2006-2007 թվականի անոմալ եղանակային պայմանների հետևանքով դիտվեցին նոր տեղային ջերմաստիճանային ռեկորդներ: Այսպես, 2006 թվականի դեկտեմբերի 6-ին օդի ջերմաստիճանը բարձրացավ մինչև +10,9 °C, որը դարձավ ոչ միայն դեկտեմբեր ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը, այլ Պետերբուրգի օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում դիտված ձմեռների համար: Այս նույն ժամանակաշրջանում գերազանցվեց նաև հունվարին դիտված ամենատաք ջերմաստիճանի ցուցանիշը՝ 2007 թվականի հունվարի 10-ին Սանկտ Պետերբուրգում հասավ +8,7°C-ի: Կայուն ձնածածկույթն այդ տարի հաստատվեց միայն հունվարի 20-ից:

2009-2010 և 2010-2011 թվականների ձմեռները եղան անհամեմատ ցուրտ նորմայից և ձնառատ[8]: Այսպես, օրինակ՝ 2009 թվականի դեկտեմբերի 21-26-ը ձյան տեսքով թափվել է 69 սմ տեղումներ, որը կազմում է ամսական նորմայի 1,5 %-ը [9]: 2011 թվականի մարտին ձյան շերտի բարձրությունը հասավ 73 սմ-ի, գերազանցելով 1966 թվականի ռեկորդը (68 սմ) [10]: Բացի սրանից՝ 2011 թվականի փետրվարի երկրորդ կեսը՝ 10 օրերին դիտված միջին ջերմաստիճանի −19,5 °C ցուցանիշով, դարձավ ողջ դիտարկումների պատմության մեջ ամենացուրտը[11]:

Ատլանտյան օվկիանոսի ցածր ճնշման մարզի դեպի հյուսիս-արևելք ընդլայնման հետ կապված, ուժեղանում է արկտիկական ցուրտ օդի ներթափանցումը, և Սանկտ Պետերբուրգում սովորաբար դիտվում են ցուրտ ձմեռներ: Ըստ բազմամյա տվյալների՝ սա տեղի է ունենում 10 տարին մեկ անգամ:

1941-1942 թվականների ձմռանը՝ Լենինգրադի բլոկադայի ժամանակ, հունվարյան միջին ջերմաստիճանը եղել է −18,7 °C (10 °C նորմայից ցածր), իսկ առանձին օրերին ջերմաստիճանը ընկել է մինչև −30… −35 °C: Ձնհալք չի եղել, և ձյան ծածկույթը հասել է մինչև 60 սմ-ի: Նմանատիպ ցուրտ ձմեռ դիտվել է նաև 1965-1966 թվականներին[1]: Բացարձակ նվազագույնը դիտվել է 1883 թվականի հունվարի 11-ին՝ −35,9 °C[5]:

Նևա
1998 թվականի փետրվարի 5
«Պետերբուրգը ձմռանը»։
Նկարը՝ Ալեքսանդր Կարլովիչ Բեգրովի, 1898 թվական
«Նկարների Տուն» Լոմոնոսով,
2006 թվականի փետրվարի 16

Գարուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգում սովորաբար գարունը գալիս է մարտի վերջին, երբ օրական օդի ջերմաստիճանները դառնում են կայուն դրական և ձյան ծածկույթը սկսում է հալչել: Այստեղ գարունը դանդաղ է զարգանում, քան հարևան, ավելի ցամաքային շրջաններում: Սա բացատրվում է ձմռան ընթացքում սառած ջրավազանների ազդեցությամբ: 0 °C-ից բարձր օրական միջին ջերմաստիճանները հաստատվում են ապրիլի սկզբին, ձյան հալելուց անմիջապես հետո: Ջերմաստիճանը հասնում է ապրիլի վերջին մինչև 5 °C և մայիսին՝ 10 °C: Գարնանը մթնոլորտային ճնշումը բարձր է և ցիկլոնները հազվադեպ են, դրա համար եղանակը համեմատաբար կայուն է: Տեղումներով օրերն ավելի քիչ են, քան տարվա մյուս եղանակներին (մարտին՝ 13,9, ապրիլին՝ 12,7 և մայիսին՝ 12,8 ): Ձմռան համեմատ փոքր է ամպամածությունը (պարզ եղանակով օրերի թիվը՝ 8-10), փոքր է նաև օդի հարաբերական խոնավությունը (մարտին՝ 76 % և 60 % մայիսին) և քամու արագությունը: Սակայն հաճախ լինում է ցրտի վերադարձ։ Հյուսիսարևելյան քամիները արկտիկական ծովերից բերում են ցրտեցումներ, երբեմն երկարատև, գիշերային ցրտահարություններ, որոնք էլ դեպի Նևա են տանում լադոգային սառույցները[1]։ Վերջին ցրտահարությունը դիտվում է միջինը մայիսի 5-ին, բայց հնարավոր է նաև մինչև մայիսի 28-ը, իսկ հողի դեպքում մինչև հունիսի 6-ը (1962 թվական)[4]։ Ընդհանուր առմամբ Սանկտ Պետերբուրգում ամբողջ գարնանային շրջանի համար (մարտի 1-ից մայիսի 31-ը) ջերմաստիճանը կարող է տատանվել -25 °C-ից (մարտին) մինչև +30 °C (մայիսին) (եթե հաշվի առնենք բոլոր տարիների դիտարկումների արդյունքները)։ Սանկտ Պետերբուրգում օրացույցային գարնան նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1883 թվականի մարտի 22-ին՝ -29,9 °C։ Օրացույցային գարնան առավելագույն ջրմաստիճանը Սանկտ Պետերբուրգում գրանցվել է 2014 թվականի մայիսի 19-ին՝ +33 °C։ Այս ամենի հետ մեկտեղ մարտ ամսին ջերմաստիճանները կարող են գերազանցել +10 °C-ը։ Մարտ ամսվա առավելագույն ռեկորդային ջերմաստիճանը դիտվել է 2015 թվականի մարտի 17-ին՝ +15.3 °C։ Մայիսին նվազագույն ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -5 °C։ Մայիսի նվազագույն ռեկորդը գրանցվել է 1885 թվականի մայիսի 3-ին՝ - 6,6 °C։

Տեսքը Նևայի Սվերդլովյան գետափից դեպի Օխտա գետ և «Կոմարովսկիյ» կամուրջ, 2008 թվականի մարտի 23
Սանկտ Պետերբուրգ՝ Մեծ նավահանգիստ,
2010 թվականի մարտի 22
Մոսկվայի Հաղթանակի այգի
2008 թվականի մայիսի 2
Գետ Իժորա,
2009 թվականի մայիսի 28

Ամառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամռան սկզբին վերջանում են ցրտահարությունները։ Հունիսին միջին օրական ջերմաստիճանը հասնում է +14,8 °C-ի, իսկ հուլիսին՝ +17,8 °C։ Այդ ժամանակ Սանկտ Պետերբուրգը գտնվում է ցածր ճնշման մարզում, և արևմուտքից այստեղ են ներթափանցում ատլանտյան օդային հոսանքներ։ Ցիկլոններն ուժեղանում են, սրա հետ մեկտեղ ամռանը եղանակների բնույթը մեծ մասամբ կախված է ցիկլոնների շարժման ուղղություններից։ Ցիկլոնի կենտրոնական մասի անցումը տեղի է ունենում քաղաքից հարավ։ Պետերբորգը հայտնվում է ցիկլոնի թիկունքային մասում և գերակշռում են հյուսիսային քամիները, որոնք իրենց հետ բերում են ցուրտ և անձրևային եղանակներ։ Երբ ցիկլոնի կենտրոնը անցնում է Բարենցի և Սպիտակ ծովերի վրայով, Սանկտ Պետերբուրգը հայտնվում է ցիկլոնի տաք հատվածում, գերիշխում են հարավային քամիները և լինում է լավ, տաք եղանակ[1]։ +25 °C-ից բարձր ջերմաստիճան ունեցող օրերի թիվը, տարվա ընթացքում միջինը կազմում է 16[4], բացարձակ առավելագույն ջերմաստիճանը դիտվում է 2010 թվականի օգոստոսի 7-ին՝ +37,1 °C։ Ամռան բացարձակ նվազագույն ջերմաստիճանը դիտվել է 1930 թվականի հունիսին՝ 0 °C[5]։

Ամառվա երկրորդ կեսին ցիկլոնները լինում են ավելի հաճախ և ուժեղ։ Նման եղանակներ են հաստատվում ուժեղ ցիկլոններ ունեցող տարիներին։ Օգոստոսին ավելի ցուրտ է լինում, միջին օրական ջերմաստիճանը իջնում է մինչև +16 °C[1]։

Տեսքը դեպի Նևա և Գլխավոր ծովակալություն,
1890—1900 թվականներ
Սպիտակ գիշեր պալատական կամուրջը,
2003 թվականի հունիսի 13
Եկատերինայի զբոսայգի Թագավորական Գյուղում,
2009 թվականի հուլիսի 22
Պետերգոֆի Ստորին զբոսայգի,
2005 թվականի օգոստոսի 3

Աշուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգում աշունը սկսվում է օգոստոսի վերջից, երբ օդի օրական միջին ջերմաստիճանը դառնում է +15 °C-ից ցածր, և ցերեկը շոգը դառնում է խիստ հազվադեպ։ Առաջին ցրտահարությունը լինում է միջինը հոկտեմբերի 10-ին, ամանավաղը դիտվել է 1944 թվականի սեպտեմբերի 15-ին։ Հողի ցրտահարությունները վրա են հասնում ավելի վաղ, ամենավաղը 1973 թվականի օգոստոսի 29-ին է դիտվել[4]։ Սեպտեմբերի առաջին կեսի ընթացքում գերիշխում է տաք և չոր եղանակը՝ միջին օրական ջերմաստիճանը սովորաբար գերազանցում է +10 °C-ը, չնայած գիշերը ցրտահարություններ են լինում։ Հոկտեմբերի երկրորդ կեսից ցիկլոնային գործընթացներն ակտիվանում են, անընդհատ տիրում են ամպամած, մռայլ և քամոտ եղանակներ, որոնք ուղեկցվում են անձրևներով։ Մեծանում է ամպամածությունը և հարաբերական խոնավությունը (81-87 %), մեծանում է քամու արագությունը։ Ամսական միջին ջերմաստիճանը իջնում է սեպտեմբերին մինչև +10,8 °C, հոկտեմբերին մինչև՝ +4,8 °C իսկ նոյեմբերին մինչև +0,5 °C[1]։

Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին տաքության վերադարձ է լինում: Համեմատաբար կարճ ժամանակով հաստատվում են արևոտ, տաք և չոր եղանակներ։ Սա կոչում են «ուշ ամառ»։ Նոյեմբերի վերջին միջին օրական ջերմաստիճանը 0 °C-ից իջնում է։ Գալիս է աշնան վերջը[1]։

Ֆիննական ծոցը կայծակի ժամանակ՝ Կրեստովյան կղզուց,
2011 թվականի սեպտեմբերի 30
Պավլովյան զբոսայգի,
2007 թվականի սեպտեմբերի 29
Կիրովի անվան մշակույթի Կենտրոնական հանգստյան զբոսայգին,
2002 թվականի հոկտեմբերի 15
Լքված տնամերձ հողատարածք՝ «Չերնովի ամառանոց»,
2001 թվականի հոկտեմբեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Даринский А. В. География Ленинграда. — Л.: Лениздат, 1982. — С. 21—29.
  2. Погода в Санкт-Петербурге. Температура воздуха и осадки. Август 2010 г.
  3. Климат, погода в Санкт-Петербурге
  4. 4,0 4,1 4,2 4,3 Санкт-Петербург: Энциклопедия. — М.: Российская политическая энциклопедия. 2006. С. 371—372.
  5. 5,0 5,1 5,2 Погода в Санкт-Петербурге. Температура воздуха и осадки
  6. Книга рекордов Петербурга. Всё самое-самое в истории и жизни города. Редактор-составитель Дмитрий Шерих. — СПб.: Иванов и Лещинский, 1995. С. 8—9.
  7. Климатические данные с «pogoda.ru»
  8. Обзор гидрометеорологических условий зимой 2010—2011 года в Санкт-Петербурге
  9. Погода в Санкт-Петербурге. Температура воздуха и осадки. Декабрь 2009 г.
  10. В Петербурге установлен новый снежный рекорд
  11. Аномально холодная погода в Петербурге оказалась рекордной для середины февраля