1837-59 թվականներին միսիոների առաքելությամբ եղել է Թուրքիայում, հիմնադրել, իսկ 1860-1876 թվականներին տնօրինել (ռեկտոր) Կոստանդնուպոլսի Ռոբերտ քոլեջը։ 1877 թվականին, վերադառնալով ԱՄՆ, մեծ եռանդով պաշտպանել է հայ ժողովրդի իրավունքները, կոչ արել ամերիկյան կառավարությանը վճռաբար ներազդել սուլթանական կառավարության վրա՝ վերջ տալու հայկական հալածանքներին ու կոտորածներին։
Կազմակերպել է բազմաթիվ հանրահավաքներ՝ Բարձր դռան հակահայկական քաղաքականությունը դատապարտելու համար։ Հեմլինի առաջարկությամբ 1895 թվականին Բոստոնում (Մասաչուսեթս նահանգ) տեղի ունեցած հանրահավաքում ընդունվում է բանաձև, որով ամերիկյան հասարակայնությունը ԱՄՆ-ի կառավարությունից պահանջում է նյութական օժանդակություն ցույց տալ 1894-1896 թվականների կոտորածներից տուժած հայերին։
«Հայկական ջարդեր» (1895), «Հայաստանի նահատակությունը» (1896), «Հայ հպատակների ջարդերի թուրքական քաղաքականության ծագումն ու զարգացումը» (1899) աշխատություններում Հեմլինը գրել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն ու ժողովուրդը չպետք է «ընդօրինակեն Եվրոպայի մեծ տերությունների սառը հակամարդասիրական քաղաքականությունը», պահանջել «վանել մարդասպանին զոհից» և «ազատություն ու բարգավաճում ընձեռել այն հողին, որն այնքան տևականորեն հոշոտել է սուլթանը»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։