Սաղմնածագում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սաղմնածագում (էմբրիոգենեզ) ( հունարեն՝ έμβρυο— սաղմ և προέλευσης — ծագում), տարբեր օրգաններից ու հյուսվածքներից կազմված բազմաբջիջ կենդանական օրգանիզմի զարգացումը համեմատաբար պարզ կազմակերպված զիգոտից կամ չբեղմնավորված ձվից (անսեռ բազմացման դեպքում)։

Վաղ սաղմնային զարգացումը

Սաղմնային զարգացում

Սաղմնային զարգացումը զիգոտի կիսումից մինչև բլաստուլ

Սաղմնային զարգացում, բազմաբջիջ կենդանիների զարգացումը ձվային կամ սաղմնային թաղանթներում։ Ընթանում է մայրական օրգանիզմում կամ օրգանիզմից դուրս։ Սաղմնային զարգացմանը նախորդում է նախասաղմնային զարգացման շրջանը, երբ աճում, ձևավորվում և հասունանում է ձուն։

Զիգոտի տրոհումը
Մարդու սաղմը

Սաղմնային զարգացման ընթացքում համեմատաբար մեկ պարզ ձվաբջջից առաջանում է բազմաբջիջ, տարբեր օրգաններից և հյուսվածքներից կազմված, ինքնուրույն գոյության ընդունակ օրգանիզմ։ Սաղմնային զարգացման հիմնական փուլերն են՝ բեղմնավորումը (կուսածնության ժամանակ՝ ձվի ակտիվացումը), տրոհման բաժանումները, գաստրուլյացիան, օրգանոգենեզը, թաղանթներից դուրս գալը կամ ծնունդը։ Բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում կամ ջրում, այնուհետև, տրոոման ընթացքում ձուն հաջորդաբար բաժանվում է սկզբում մեծ, հետո ավելի ու ավելի մանր բջիջների (բլաստոմերներ)․ առաջանում է բազմաբջիջ (սովորաբար խոռոչավոր) սաղմը՝ բլաստուլան։ Գաստրուլյացիայի ժամանակ առանձնանում են սաղմնային թերթիկները (տես էկաոդերմ, էնաոդերմ, մեզոդերմ) և սաղմի մարմնի պատերը ձեռք են բերում երկշերտ, իսկ կենդանիների մեծամասնությունը՝ նաև եռաշերտ կառուցվածք։ Սաղմնային զարգացման ընթացքը տարբեր կենդանիների համար տարբեր է, բայց արդյունքում ստեղծվում է օրգանիզմի կառուցվածքի ընդհանուր պլան, որը նման է նույնիսկ հեռավոր կարգաբանական խմբերում։ Օրգանոգենեզի ժամանակ սաղմնային թերթիկները բաժանվում են օրգանների և համակարգերի սաղմերի (նախասկիզբների)։ Օրգանոգենեզն իրականանում է գլխավորապես բջիջների տեղաշարժերի և տարբերակման շնորհիվ։ Թաղանթներից դուրս գալու կամ ծննդի ժամանակ սինթեզվում է թաղանթները լուծող ֆերմենտ, ի հայտ են գալիս կեղևը կոտրելու հարմարանքներ և այլն։ Սաղմնային զարգացման և հյուսվածքների ու օրգանների տարբերակումը պայմանավորվում է բջջի գենետիկական ապարատով։ Օրգանիզմի բոլոր բջիջները ստանում են գեների լրիվ հավաքակազմեր, բայց սաղմնային զարգացմանման ընթացքում, տարբեր հյուսվածքներում և օրգաններում, զարգացման տարբեր փուլերում գործում են տարբեր գեներ, որոնք պայմանավորում են տվյալ տարբերակման համար անհրաժեշտ սպիտակուցների սինթեզը։ Այսպիսով, սաղմնային զարգացմանման պրոցեսում տարբերակման գործոնները պայմանավորում են այն գեների գործունեությունը, որոնք իրականացնում են համապատասխան սպիտակուցների սինթեզը, իսկ սպիտակուցներն ապահովում են բջիջների տարբերակումը։

սաղմնային զարգացում

Տարբեր կենդանիների սաղմնային զարգացման զգալիորեն տարբերվում է իրարից։ Որոշ կենդանիների սաղմնային զարգացման ընթացշում զարգացման առանձին փուլեր բացակայում են։ Սաղմնային զարգացման պրոցեսն ինչ-որ չափով հիշեցնում է էվոլյուցիայի ընթացքը)։ Սակայն սաղմնային նմանությունը հարաբերական է, քանի որ զարգացման ամեն մի փուլում սաղմերը հարմարվում են գոյության համապատասխան միջավայրին։ Սաղմնային զարգացումը կյանքի կարևորագույն շրջան է և պայմանավորում է օրգանիզմի հետսաղմնային զարգացումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 151 CC-BY-SA-icon-80x15.png