Սահմանք իմաստութեան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահմանք իմաստութեան

«Սահմանք իմաստութեան» («Փիլիսոփայության սահմանումներ»), «Գիրք սահմանաց, Դավիթ Անհաղթի գլխավոր փիլիսոփայական երկը, գրվել է VI դ․ 1-ին կեսին։ Հին շրջանի հայ փիլիսոփայական մտքի կարևորագույն հուշարձան է։ Նպաստել է աշխարհիկ ուղղության ձևավորմանը և անտիկ փիլիսոփայության ավանդների տարածմանը միջնադարյան Հայաստանում։ Բաղկացած է 21 պրակից։ Ընդգրկում է հեղինակի հայացքների ողջ համակարգը, նրա գոյաբանական, իմացաբանական, տրամաբանական, հոգեբանական, բարոյագիտական, գեղագիտական, հասարակագիտական ուսմունքները։ Հեղինակը պաշտպանում է աշխարհի ճանաչելիության սկզբունքը և հիմնավորում փիլիսոփայության, որպես գիտության, իրավունքները, տալիս է այդ գիտության սահմանումները՝ ելնելով Արիստոտելի, Պլատոնի և Պյութագորասի ուսմունքներից։ Նա բերում և մանրամասն քննարկում է փիլիսոփայության վեց սահմանումները (այստեղից էլ՝ «Սահմանք իմաստութեան» անվանումը)։

«Սահմանք իմաստութեան» մեջ քննադատվել են ագնոստիցիզմը և սկեպտիցիզմը, հատկապես Պիհռոնի և նրա հետևորդների հայացքները։ Զգալի տեղ է գրավում գիտությունների դասակարգման խնդիրը, որի կենտրոնում փիլիսոփայությունն է։ «Սահմանք իմաստութեան» մեջ իրեն դրսևորելով որպես նեոպլատոնականության հետևորդ, Դավիթ Անհաղթը, այնուամենայնիվ, իմացաբանության և տրամաբանության խնդիրներում արտահայտում է մատերիալիստական գաղափարներ և հանդես գալիս որպես Արիստոտելի հետևորդ։ «Սահմանք իմաստութեան» օգտագործվել է միջնադարյան բարձր տիպի դպրոցներում որպես փիլիսոփայության դասագիրք։ Այն հայտնի է եղել բյուզանդացի և արաբ փիլիսոփաներին և ազդել նրանց հայացքների վրա։ «Սահմանք իմաստութեան» հայկական բնագիրը պահպանվել է մի շարք ձեռագիր օրինակներով, որոնցից հնագույններն ու լավագույնները պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ «Սահմանք իմաստութեան» առաջին անգամ հրատարակվել է 1731 թվականին, Կ․ Պոլսում, այնուհետև՝ 1797 թվականին, Մադրասում, 1833 թվականին, Վենետիկում։ Քննական բնագիրը ռուսականին զուգահեռ թարգմանության հետ հրատարակվել է 1960 թվականին, Երևանում։ Աշխարհաբար լույս է տեսել 1980 թվականին, Երևանում։ Հունական տեքստը հրատարակվել է 1904 թվականին, Բեռլինում։ «Սահմանք իմաստութեանը» թարգմանվել է վրացերեն (XVIII դ․), լեհերեն՝ հատվածաբար (1971), ռումիներեն (1977), անգլերեն (1983

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 148