Jump to content

Սահմանային շերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սահմանային շերտ, մածուցիկ հեղուկով (գազով) շրջհոսվող պինդ մարմնի մակերևույթի մոտ կամ տարբեր արագություններ, ջերմաստիճաններ, քիմիական բաղադրություն ունեցող երկու հեղուկների հոսքերի բաժանման սահմանում առաջացող հոսանքի նեղ տիրույթ։ Բնութագրվում է լայնական ուղղությամբ արագության (դինամիկական սահմանային շերտ), ջերմաստիճանի (ջերմային կամ ջերմաստիճանային սահմանային շերտ) կամ առանձին քիմիական բաղադրիչների (դիֆուզիայի սահմանային շերտ) կտրուկ փոփոխությամբ։ Դինամիկական սահմանային շերտի ներսում տեղի է ունենում արագության սահուն փոփոխություն արտաքին շերտում ունեցած արժեքից մինչև զրոյական արժեքը։ Նույն ձևով սահմանային շերտի ներսում սահուն կերպով փոփոխվում են ջերմաստիճանը և խտությունը։ Սահմանային շերտի առաջանալը պայմանավորված է մածուցիկ հեղուկի (գազի)՝ շրջհոսվող մարմնի մակերևույթին կամ շրջհոսվող պատերին կպչելու հատկությամբ։ Կախված արտաքին հոսանքի ռեժիմից, մակերևույթի խորդուբորդությունից և շերտի հաստությունից՝ սահմանային շերտի ռեժիմը կարող է լինել լամինար կամ տուրբուլենտ։ Այդ երկու ռեժիմների դեպքում սահմանային շերտի հաստությունը հակադարձ համեմատական է Ռեյնոլդսի թվին (Re)։ Re-ի շատ մեծ արժեքների դեպքում սահմանային շերտի հաստությունը շատ փոքր է մարմնի բնութագրական չափերի համեմատությամբ։ Այդ իսկ պատճառով հոսանքի գրեթե ամբողջ տիրույթում (բացառությամբ բարակ սահմանային շերտի) մածուցիկության ուժերի ազդեցությունը էական չէ իներցիոն ուժերի համեմատությամբ, և հեղուկը այդ տիրույթում կարելի է համարել իդեալական։

Սահմանային շերտի տեսությունը կարևոր կիրառություն ունի ինքնաթիռաշինության, նավաշինության, հրթիռաշինության, էներգամեքենաշինության և այլ բնագավառներում։ Այն հնարավորություն է տալիս տեսականորեն հաշվարկելու շրջհոսվող մարմինների շփման դիմադրությունը, ուսումնասիրելու շրջհոսման աերոդինամիկական հետքերը, շիթերը ևն։ Սահմանային շերտի տեսության հիմնական գաղափարները 1904-ին ձևակերպել է Լ․ Պրանդտլը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահմանային շերտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 145