Սադարակ (հայերեն՝ Սանդրուք[1], ադրբ.՝ Sədərək), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար ՀանրապետությանՍադարակի շրջանում։ Այն գտնվում է վարչական շրջանի ծայր հյուսիս-արևելքում, Սադարակի հարթավայրում։ Գյուղի բնակչությունը զբաղվում է հացահատիկային մշակաբույսերով, խաղողագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կա գինեգործարան, երկու միջնակարգ դպրոց, մեկ հիմնական դպրոց, մանկապարտեզ, տեխնիկական ստեղծագործական կենտրոն, մշակութային տուն, մշակույթի ակումբ, գրադարան, մանկական երաժշտական դպրոց, հիվանդանոց, սանիտարահամաճարակաբանական կայան, հեռուստատեսային հաղորդիչ և երեք մզկիթ։ Գյուղն ունի 7,260 բնակչություն[2]։
Գյուղի անվան ստուգաբանության երեք տարբեր վարկած կա։ Որոշ հետազոտողների կարծիքով, «Սադարակ» Sədərək անունը գալիս է պարսկերեն «se dərə» (երեք հովիտ), կամ «sed rəng» (հարյուրավոր գույներ) բառերից։ Ժողովրդական ստուգաբանության համաձայն, «Sederek»-ը նշանակում է «sel gerek» (ջրհեղեղի ենթարկված)։ Այլ հետազոտողներ հավատում են, որ «Səgrək» անունը, որը հիշատակվում է «Դեդե Կորկուտի գիրք» դյուցազնագրքում, վերափոխվել է «Sederek»-ի որպես տեղանուն։ Բայց, ըստ վերջին ուսումնասիրությունների, «Սադերեկ» անունը գալիս է արաբերեն «Sədər» (ճաբար) անունից՝ լրացուցիչ «ək» վերջածանցով։ Ենթադրվում է, որ գյուղը հիմնադրվել է նախկին ռազմական ճամբարի տարածքում[3]։
Գյուղը գտնվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ծայր հյուսիսում, Արաքս գետի ձախ ափին, Հայաստանի պետական սահմանից ոչ հեռու (մոտ 1500 մետր), իսկ Թուրքիայի պետական սահմանից հեռու է մոտ 10 կմ։
Գյուղում կա երեք մզկիթ, երեքն էլ գտնվում են գյուղամիջում։ Ամենավաղ կառուցված մզկիթը թվագրվում է 1843 թվականին, երկրորդը կառուցվել է 1892 թվականին, վերջին մզկիթը կառուցվել է 1909 թվականին[4]։