Ռուստամ Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուստամ Սահակյան
Ծնվել էօգոստոսի 1, 1965(1965-08-01) (58 տարեկան)
Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն, ռուսերեն և անգլերեն

Ռուստամ Ռաֆիկի Սահակյան (օգոստոսի 1, 1965(1965-08-01), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տեխնիկական գիտությունների դոկտոր Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր (2020 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուստամ Սահակյանը ծնվել է 1965 թվականին օգոստոսի 1-ին Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ 1982 թվականին գերազանցությամբ ավարտել է Կիրովականի Գ. Սունդուկյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը։ 1983-1985 թվականներին ծառայել է բանակում։ 1989 թվականին, ավարտելով բուհը, ստանացել է ինժեներ-էլեկտրիկի որակավորում։ 1989 թվականին սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին աշխատել է ԵրՊԻ Կիրովականի մասնաճյուղի «Էլեկտրոնիկա և ավտոմատիկա» ամբիոնում լաբորանտ։ 1990 թվականին հունվարին ուղեգրվել է Լենինգրադի Ս.Մ. Կիրովի անվան տեքստիլ և թեթև արդյունաբերության ինստիտուտին կից նպատակային ասպիրանտուրա, որն ավարտել ՝ 1994 թվականին, պաշտպանել թեկնածուական թեզ «Սինթետիկ թելերի հատկությունների որոշման ուլտրաձայնային մեթոդների մեթոդոլոգիական ապահովման հիմունքների զարգացումը» թեմայով[1]։

1994 թվականին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1996-1999 թվականներին աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի կրթահամալիրի «Կառավարման համակարգեր» սեկտորում՝ որպես ավագ դասախոս։ 1997 թվականի հունվարին Վանաձորում հիմնադրել և ղեկավարել է «Կոմպյուտեր Սերվիս» ՍՊԸ-ն և դրան կից «Բիզնես դպրոցը»։ 1999 թվականի օգոստոսին հրավիրվել է ՌԴ Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքի Ամուրի պետական համալսարան (ԱմՊՀ), որտեղ ընդունվել է ԱմՊՀ-ի առկա դոկտորանտուրան։ Այն ավարտել է 2002 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում պաշտպանելով դոկտորական թեզ «Բարդ ձևակերպելի անընդհատ տեխնոլոգիական խնդիրների համակարգային վերլուծություն» թեմայով։

2003 թվականի մայիսին Ռուստամ Սահակյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2002 թվականին ՌԴ ԲՈԿ-ը շնորհել է դոցենտի գիտական կոչում, իսկ 2006 թվականին՝ մաթեմատիկական անալիզի և մոդելավորման ամբիոնի պրոֆեսորի գիտական կոչում։

1999-2006 թվականներին աշխատել է ԱմՊՀ-ի «Մաթեմատիկական անալիզ և մոդելավորում» ամբիոնում դոցենտի, այնուհետև` պրոֆեսորի պաշտոններում։ Հանդիսացել է ԱմՊՀ-ի Գիտական խորհրդի անդամ, ինչպես նաև ԱմՊՀ-ի Գիտատեխնիկական խորհրդի անդամ։ 2002-2006 թվականներին զբաղեցրել է ԱմՊՀ-ի Գիտահետազոտական աշխատանքների և նորարարությունների վարչության պետի պաշտոնը։ 2004-2006 թվականներին ընտրվել է ՌԴ Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ։ 2006 թվականի օգոստոսին հրավիրվել է Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի (ՌՊՍՀ) Անապայի մասնաճյուղ` որտեղ 2006-2013 թվականներին աշխատել է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, տնտեսագիտության և իրավունքի» ֆակուլտետի դեկանի պաշտոնում, իսկ 2006-2016 թվականներին՝ նույն համալսարանի ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր։ 2007 թվականին հիմնադրել և ղեկավարել է «Միջազգային բիզնես դպրոց» ՍՊ ընկերությունը։

2008 թվականին ընտրվել է ՌԴ Ա.Մ. Պրոխորովի անվան Ինժեներական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (ակադեմիկոս)։ 2008-2016 թվականներին հանդիսացել է ՌԴ Անապայի քաղաքապետին կից Կրթական խորհրդի անդամ։

Փետրվարի 21-ին տեղի ունեցած Վանաձորի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում պաշտոնապես գրանցվել է որպես ՎՊՀ ռեկտորի պաշտոնի թեկնածու[2]։ 2020 թվականի մարտի մեկի նիստում ընտրվել է ՎՊՀ ռեկտոր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվական՝ Կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի անվան արծաթե մեդալ` «Սոցիալական ծառայությունների համար», Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի կողմից։
  • 2015 թվական՝ «Ինժեներական գիտությունների զարգացման գործում ներդրման համար» մեդալ` ՌԴ Ա. Պրոխորովի անվան ինժեներական գիտությունների ակադեմիայի կողմից։
  • 2015 թվական՝ Պետրոս Մեծի անվան «Սոցիալական կրթության ոլորտում նվաճումների համար» արծաթե պատվո նշան` Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի կողմից։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Կինը` Իրինա Ալեքսանդրի Շպեխտը, տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ Ունեն երկու զավակ՝ որդի և դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՎՊՀ ռեկտորի թեկնածուի ինքնակենսագրությունը
  2. «Պաշտոնապես գրանցվել են ՎՊՀ ռեկտորի պաշտոնի 5 թեկնածուներ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.