Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրո
Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության կենտկոմի կովկասյան բյուրո, Կովկասի կոմունիստական բյուրո, ՌԿ(բ) կ Անդրկովկասյան երկրային կոմիտեին հաջորդած կուսակցական մարզային ղեկավար կենտրոն։ Ստեղծվել է ՌԿ(բ) կ համառուսաստանյան 8-րդ կոնֆերանսում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործել է 1920 թվականի մայիսի 25-ից մինչև Անդրկովկասյան կուսակցական կազմակերպությունների I համագումարի հրավիրումը (1922 թվականի փետրվարի 21)։ Բյուրոյի սկզբնական կազմում նշանակվել են Կիրովը և Օրջոնիկիձեն։ Կովբյուրոյի ղեկավարությանը ենթակա էին Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները։ 1920 թվականի օգոստոսի 3-ին Կովբյուրոյի պլենումն ընտրել է նախագահության հետևյալ կազմը՝ Օրջոնիկիձե, Ստասովա, Բելոբոադով, Նազարեթյան (քարտուղար), Մդիվանի։
Ադրբեջանում (1920 թվականի ապրիլ) և Հայաստանի մի մասում (1920 թվականի նոյեմբեր) խորհրդային իշխանության հաստատումից հետո Կոմկուսի կենտրոնական անդրկովկասյան մարմիններում Արցախ-Ղարաբաղի վարչատարածքային ենթակայության հարցը դարձել է երկարատև քննարկման առարկա և սկսվել «վիճելի տարածք» ու արհեստականորեն ստեղծված «հիմնահարցի» քաշքշուկը։
Ադրբեջանի հեղկոմի 1920 թվականի նոյեմբերի 30-ի հռչակագրի և ՌԿ(բ) կ կենտկոմի Կովբյուրոյի 1921 թվականի հունիսի 3-ի պլենումի նիստի որոշման հիման վրա՝ 1921 թվականի հունիսի 12-ին հռչակվել է Հայաստանի ժողկոմխորհի հայտարարագիրը, ըստ որի՝ «Լեռնային Ղարաբաղը կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մասը», իսկ ՀԽՍՀ կոմկուսի կենտկոմի 1921 թվականի հունիսի 15-ի նիստում որոշվել է հրապարակել Խորհրդային Հայաստանին Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին հռչակագիր։ Մռավյանը նշանակվել է Ղարաբաղում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ։
Սակայն շուտով Խորհրդային Ադրբեջանը արմատապես փոխել է իր դիրքորոշումը և պահանջել, որ Լեռնային Ղարաբաղը ներառվի Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ։ Կովբյուրոյի նախագահության 1921 թվականի հունիսի 27-ի նիստում որոշվել է գումարել Անդրկովկասի հանրապետությունների սահմանների հարցի վերաբերյալ ՌԿ(բ) կ կենտկոմի Կովբյուրոյի արտակարգ պլենում, և Ալեքսանդր Մյաանիկյանին ու Նափմանովին անհապաղ կանչել են Թիֆլիս։ 1921 թվականի հուլիսի 4-ին ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի նիստում բաց քվեարկությամբ, որոշվել է Ղարաբաղի լեռնային մասը թողնել ՀԽՍՀ-ի կազմում և Լեռնային Ղարաբաղում անցկացնել հանրաքվե։ Այդ որոշմանը կողմ են քվեարկել Օրջոնիկիձեն, Ալեքսանդր Մյասնիկյանը, Ֆիգատները և Կիավը։
Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելուն կողմ են քվեարկել Նափմանովը, Ֆ․ Մախարաձեն և Նազարեթյանը։ Նարիմանովը բողոքել է Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի կազմում թողնելու Կովբյուրոյի որոշման դեմ և հայտարարել, թե «նկատի ունենալով այն կարևորությունը, որ Ղարաբաղի հարցն ունի Ադրբեջանի համար, անհրաժեշտ եմ համարում, որ այն հետաձգվի՝ ՌԿ(բ)Կ կենտկոմում վերջնականապես լուծելու համար»։ Սակայն, հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, Մոսկվայից տրված ցուցումներով, Իոսիֆ Ստալինի պահանջով, նորից հրավիրվում է Կովկասյան բյուրոյի պլենումի նիստ և առանց քվեարկության որոշվում է Լեռնային Ղարաբաղը մտցնել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ՝ նրան տալով «լայն մարզային ինքնավարություն»։ ՀԽՍՀ ԿԿ կենտկոմը 1921 թվականի հուլիսի 16-ի նիստում անհամաձայնություն է հայտնել ՌԿ(բ) կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի հուլիսի 5-ի որոշմանը և պահանջել Ղարաբաղի հարցը նորից քննարկել Կովկասյան բյուրոյում, ինչը, սակայն, մնացել է անպատասխան։
Հայաստանի կամ Ադրբեջանի օգտին Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Կովկասյան բյուրոյի ցանկացած որոշում չէր կարող ունենալ իրավական ուժ, քանի որ կուսակցական այդ մարմնի իրավասությունից դուրս էին պետականության ձևի որոշման և տարածքային սահմանազատման հարցերը։ Սակայն, ՌԿ(բ) կ կենտկոմի Կովբյուրոյի որոշումը հիմք է դարձել բուն հայկական հողերը՝ 94 % հայ բնակչությամբ և նրա կամքին հակառակ, բռնակցելու Ադրբեջանին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |