Ռուսաստանը և Ղարաբաղյան ազատագրական պատերազմը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուսաստանը և Ղարաբաղյան ազատագրական պաքարը, ԽՍՀՄ փլուզումից (1991 թվականի դեկտեմբեր) հետո ռուսաստանյան քաղաքականությունը հետխորհրդային հակամարտությունների նկատմամբ զգալի փոփոխություններ է կրել և հայեցակարգային, և գործնական առումներով։ Անկախության առաջին շրջանում ՌԴ քաղաքական ղեկավարությունը ձգտում էր ժամանակավորապես մեկուսանալ անկայուն հետխորհրդային տարածքի հիմնահարցերից։ Իսկ ժողովրդավարների կարծիքով՝ նոր պայմաններում մեծ հնարավորություններ էին ստեղծվում քաղաքական միջոցներով հակամարտությունների կարգավորման համար։ Ավելին, 1992 թվականի մարտին ՌԴ արտաքին գործերի նախարար Անդրեյ Կոզիրևը չի բացառել նույնիսկ ՆԱՏՕ-ի խաղաղարար մեխանիզմների օգտագործումը Ղարաբաղյան հակամարտության գոտում՝ իրադրության կայունացման նպատակով։ Այդ դիրքորոշումը նա արտահայտել է նաև 1992 թվականի ապրիլին՝ Հարավային Կովկաս կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ։

Սկզբնական շրջանում ռուսաստանյան դիվանագիտությունն առանձնապես չէր շեշտում իր հնարավոր ինքնուրույն դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում՝ ձգտելով այդ գործընթացը իրականացնել ԵԱՀԽ-ի (1994 թվականից՝ ԵԱՀԿ) շրջանակներում։ Ռուսաստանի նախաձեռնությամբ 1992 թվականի փետրվար-մայիսին Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ներգրավվել է ԵԱՀԽ, ստեղծվել է Մինսկի խումբը, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ-ին կից միջնորդական առաքելության խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հարցերով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վ. Կազիմիրովի գլխավորությամբ։

1992 թվականի գարնան սկգբին Ռուսաստանը Ստեփանակերտից դուրս է բերել 366-րդ մոտոհրաձգային գունդը։ Սակայն, 1992 թվականի մայիսին Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միացյալ Զինված Ուժերից անկախ՝ ՌԴ պաշտպանական գերատեսչության ստեղծումը լուրջ հակակշիռ է ստեղծել հետխորհրդային հակամարտությունների նկատմամբ ՌԴ ԱԳՆ-ի ազատական, բայց և անհստակ մոտեցումներին. խաղաղարար ջանքերը կենտրոնացվել են ՊՆ ձեռքում։

1992 թվականի մայիս-հունիսին ԼՂՀ-ում և նրա շուրջ նոր զարգացումները ստիպել են Ռուսաստանին էապես վերանայել տարածաշրջանային քաղաքականության գերակայությունները՝ ձեռնարկվել է ռազմական ներկայությամբ «խաղաղություն պարտադրելու» մոդելը։ Իսկ թուրքական սպառնալիքների առնչությամբ ՌԴ-ի հաստատակամ արձագանքը զսպող ազդեցություն է գործել Թուրքիայի վրա։ Մասնավորապես, 1992 թվականի մայիսի 20-ին Ե. Շապոշնիկովը նախազգուշացրել է Թուրքիային, որ միջամտությունը Ղարաբաղյան հակամարտությանը կարող է դառնալ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։ Մայիսի 21-ին Երևան ժամանած ռուսաստանյան պատվիրակությունը՝ ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովի և ՌԴ Պետական դումայի պատգամավոր Գ. Բուրբոլիսի գլխավորությամբ, հաստատել է, որ Ռուսաստանը չի հանդուրժի օտար ուժերի ներգրավումը տարածաշրջան։

Ընդհանուր վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի ամռանից Ռուսաստանն ավելի հաստատակամ և հետևողական մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան հիմնախնղրի կարգավորման գործում։ Եթե սկզբնական շրջանում Ռուսաստանը միայն պատրաստակամություն է հայտնել աջակցել և սատարել Մինսկի խմբի գործունեությանը, ապա 1992 թվականի երկրորդ կեսից կարևորել է «ԵԱՀԽ-ի և ԱՊՀ-ի համատեղ ջանքերի» գործադրման անհրաժեշտությունը։ ՌԴ միաժամանակ հանդես է եկել մի շարք միջնորդական նախաձեռնություններով։ 1992 թվականի օգոստոսի 8-ին ՌԴ ԱԳՆ-ի միջնորդությամբ հանդիպել են ՀՀ և ԱՀ նախագահները և ստորագրել Ղարաբաղյան ճակատի հարավային հատվածում զինադադարի մասին համաձայնագրի նախագիծ, սեպտեմբերի 19-ին Սոչիում Պ. Գրաչովի միջնորդությամբ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարները ստորագրել են սեպտեմբերի 25-ից ղարաբաղյան ռազմաճակատներում երկամսյա զինադադարի մասին համաձայնագիր սեպտեմբերի 25-ին ՀՀ և ԱՀ ՊՆ-ների ներկայացուցիչները Մոսկվայում ստորագրել են Սոչիի համաձայնագրի իրագործման ընթացքի վերահսկման վերաբերյալ արձանագրություն։

Ղարաբաղի քարտեզը

1992 թվականի հոկտեմբերին, ի կատարումն 1992 թվականի սեպտեմբերի արձանագրության, Հայաստան և Ադրբեջան են գործուղվել ՌԴ ռազմական ուժերի զինվորական դիտորդներ, սակայն դեկտեմբերի վերջին հետ են կանչվել՝ հակամարտության գոտում հրադադարի մասին պայմանավորվածությունների երկկողմանի խախտման պատճառով։

1993 թվականի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի սկզբից ՌԴ տարածաշրջանային քաղաքականության մեջ հատուկ շեշտադրվեցին երկրի «հատուկ շահերի» առկայությունը հետխորհրդային տարածքում և «առանձնահատուկ» ու ինքնուրույն խաղաղարար դերը Հարավային Կովկասում։ 1993 թվականի հունվար-մայիսին Ղարաբաղյան հակամարտության շուրջ եռակողմ ռուս-թուրք-ամերիկյան խաղաղարար նախաձեռնության ընթացքում, թեև Ռուսաստանը պաշտոնապես հանդես է եկել «համատեղ ջանքերի» մոտեցման շրջանակներում, սակայն, իրականում, արտաքին քաղաքական նոր մոտեցումներին համապատասխան՝ ձգտում էր իր առաջատար դերի ճանաչմանը՝ հակամարտության կարգավորման գործում։

Եռակողմ հանդիպման ընթացքում մշակվել և ՀՀ-ին ու ԱՀ-ին են ներկայացվել խաղաղություն հաստատելու առաջարկություններ՝ կողմերին պարտադրելով դրանք ընդունել ամբողջությամբ (առանց վերապահումների) կամ մերժել ընդհանրապես։ Համաձայն ընդունված փաստաթղթի՝ ղարաբաղյան ուժերը պետք է դուրս բերվեին Քելբաջարից, հաստատվեր հրադադար, երեք պետությունների միջնորդությամբ վերսկսվեին բանակցությունները և մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը ԵԱՀԽ-ի շրջանակներում մշակվեր կարգավորման համապարփակ ծրագիր։ Նախագիծը մերժվել է ՀՀ և ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխիքների անհուսալիության պատճառով։ Մայիսի 26-ին հակամարտող կողմերին ներկայացված նոր «վերամշակված» նախաձեռնությունը, որին միացել էր նաև ԵԱՀԽ. դարձյալ մերժվել է ԼՂՀ-ի կողմից։

1993 թվականի մայիսին Պ. Գրաչովն Անկարայում հայտարարել է ԼՂՀ-ին հակամարտության կողմ ճանաչելու անհրաժեշտության մասին, որն իր արտահայտությունն է գտել Ռուսաստանի միջնորդությամբ ադրբեջանա-ղարաբաղյան ուղիղ բանակցություններում և ստորագրված համաձայնագիրում։ Մասնավորապես, 1993 թվականի հունիսի 17-ին և 26-ին ԼՂՀ և ԱՀ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև ձեռք են բերվել առաջին համաձայնությունները՝ Աղդամի, Ստեփանակերտի և Մարտակերտի փոխադարձ հրթիռակոծումները դադարեցնելու մասին, 1993 թվականի օգոստոսի վերջին տարածաշրջան ժամանած Վ. Կազիմիրովի մասնակցությամբ քննարկվել և հակամարտող կողմերի միջև վերականգնվել է տասնօրյա հրադադար՝ սեպտեմբերի 1-10-ը։

Սեպտեմբերի 12-13-ին Մոսկվայում քննարկվել են Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպման կազմակերպման և հրադադարի երկարաձգման հետ կապված հարցեր։ Սեպտեմբերի 24-25-ին Մոսկվայում ԼՂՀ ՊՊԿ նախագահ Ռ. Քոչարյանի և ԱՀ նախագահ Հ. Ալիևի բանակցությունների ընթացքում քննարկվել է հակամարտության կարգավորման համաձայնագի նախագիծ։ Այդ նույն ժամանակ Ռուսաստանը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության գտում ԵԱՀԽ-ի մանդատով ԱՊՀ խաղաղապահների տեղաբաշխման առաջարկով, ինչը մերժել է Ադրբեջանը, իսկ ԵԱՀԽ հրաժարվել է ԱՊՀ խաղաղապահներին շնորհել իր մանդատը։

1994 թվականի իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի հունվարից ԼՂՀ ՊԲ-ի հաջող ռազմական գործողությունները և ադրբեջանական բանակի նոր պարտությունների սպառնալիքը ստիպել են Ադրբեջանին՝ դիմելու Ռուսաստանի միջնորդությանը։ 1994 թվականի փետրվարի 18-ին Մոսկվայում Պ. Գրաչովի միջնորդությամբ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ԼՂՀ զինվորական ներկայացուցիչ Բակո Սահակյանը և ԱՀ պաշտպանության նախարար Մ. Մահմեդովը ստորագրել են զինադադարի և ուժերի տարանջատման մասին արձանագրություն։ 1994 թվականի մարտի վերջին Վ. Կազիմիրովը հստակեցրել է կարգավորման ռուսաստանյան տարբերակի հիմնական կետերը, առաջին փուլում՝ հրադադարի հաստատում և տարանջատիչ ուժերի տեղակայում, երկրորդում՝ գրավված տարածքների հանձնում, փախստականների վերադարձ և շրջափակման վերացում, երրորդում՝ ԼՂՀ կարգավիճակի քննարկում։

Վերջնական լուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի մարտի 31-ից ապրիլի 4-ը Հարավային Կովկասում աշխատել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը (Ռուսաստան, Բելառուս և Ղրղզստան)՝ իրավիճակը պարզելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու նպատակով։ Ռուսաստանի նախաձեռնությամբ 1994 թվականի մայիսի 4-5Բիշքեկում գումարվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, որին հրավիրվել են ՀՀ, ԼՂՀ և ԱՀ խորհրդարանների նախագահները։ Մայիսի 5-ին ստորագվել է Բիշքեկյան արձանագրությանը, որով մայիսի 12-ից հաստատվել է զինադադար։

Մայիսի 16-17-ը Ռուսաստանի պաշտպանության նախարարի միջնորդությամբ Մոսկվայում հրավիրված ՀՀ, ԱՀ պաշտպանության նախարարների և ԼՂՀ ՊԲ հրամանատարի հանդիպմանը նախատեսվում էր զինադադարն ամրագրել կոնկրետ համաձայն ակտով՝ ԱՊՀ խաղաղապահ ուժերի հաջորդիվ տեղակայությամբ։ Ադրբեջանի ներկայացուցիչը «լրացուցիչ լիազորությունների բացակայության» պատրվակով հրաժարվել է ստորագել փաստաթուղթը, այնուհանդերձ՝ մայիսի 12-ից գործողության մեջ մտած հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը. որն ստորագրել են ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարները, մնացել է անփոփոխ, և զինադադարը շարունակվում է մինչև 2004 թվականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։