Ռուզվելտի կղզին գտնվում է Իստ Ռիվերի կենտրոնում, հենց Մանհեթենի և Քուինզի մեջտեղում։ Բնիկ հնդկացիները այս վայրը անվանել են Միննահանոկ, սակայն տարիների հետ այն բազմաթիվ անուններ է փոխել։
Կղզին նախևառաջ հայտնի է իր բազմաթիվ բանտերով և ապաստարաններով։ Կղզու բանտերում եղել են բազմաթիվ հայտնի դժբախտ դեմքեր, ինչպիսին օրինակ դերասանուհի Մեյ Վեսթը, ով 1927 թվականին ձերբակալվել է անպարկեշտ պահվածքի համար, ավազակ Դատչ Շուլցը և բլյուզ երգիչ Բիլլի Հոլիդեյը, ինչպես նաև բազմաթիվ այլ քիչ հայտնի դեմքեր։
Ապաստարանները և հիվանդանոցները հայտնի էին սարսափելի պայմաններով և հիվանդների հետ դաժան վերաբերմունքով։ Գրող Չարլզ Դիքենսը դրա մասին գրել է դեռևս 1800-ականներին, իսկ լրագրող Նելլի Բլայը ծպտված գտնվում էր կանանց հոգեբուժարանում, որտեղից դուրս գալուց հետո պատմել է այստեղ կատարվող սարսափների մասին։
Ռուզվելտի կղզու կերպարանափոխությունը բանտերից և հոգեբուժարաններից բնակելի թաղամասի, սկսվել է 1973 թվականից՝ Նորթթաուն թաղամասի զարգացումով։ Այնուհետև միացավ Սաութթաուն թաղամասը՝ էլիտար առանձնատներով և ռեստորաններով։ Կղզին դարձավ հարմարավետ կյանքի վայր, իսկ այսօր այստեղ ապրում են բազմաթիվ հայտնի դեմքեր և անգամ օտարերկրյա դիվանագետներ։
Ռուզվելտի կղզուց առաջին տպավորությունը կարող է դրականից հեռու լինել։ Շատերին այն կարող է ձանձրալի և անհետաքրքիր թվալ, բայց իրականում այստեղ կան շատ տեսարժան վայրեր և այգիներ։ Դրանցից շատերը հասանելի են կղզու շուրջ զբոսանքի ընթացքում։ Այստեղից հրաշալի տեսարաներ են բացվում դեպի Մանհեթեն, Իսթ-Րիվեռ և Քուինզ։
Կղզու որոշ հին հուշարձաններ մանրամասն վերականգնվել են, ներառյալ 1939 թվականի հանրահայտ ‹‹Ութանկյունը››: Բլեքվելի փարոսը կղզու ևս մեկ պատմական արժեք է։ Գոթական ոճով, ութանկյան կառուցվածքով փարոսը կառուցվել է 1872 թվականին Ջեյմս Ռենվիկ Կրտսերի կողմից։ 15 մետրանոց փարոսը գործել է մինչև 1940 թվականը։
Կղզու հարավում ստեղծվել է Սաութփոյնթ այգին։ Այգին բաժանված է թեմատիկ կանաչ սենյակների։ Սաութփոյնթը զբաղեցնում է ծաղկախտով հիվանդների նախկին ապաստարանի՝ Ռենվիկի ավերակները։ Շինությունը նախագծվել է Ջեյմս Ռենվիկ Կրտսերի կողմից։ Հիվանդանոցը բացվել է 1859 թվականին և կառուցվել է հանցագործների հայթայթած քարերով։ Այգու ևս մի հետաքրքիր վայրերից մեկը Ստրեկերի լաբորատորիան է, որը կառուցվել է 1909 թվականին, երկրում որպես պաթոլոգիայի ուսումնասիրման առաջին կենտրոն։